Կյուրեղ Ալեքսանդրացի (հուն․՝ Κύριλλος Α΄ Αλεξανδρείας, 376[1], ալ-Մահալլա ալ-Քուբրա, Ղարբիա, Եգիպտոս - հունիսի 27, 444, Ալեքսանդրիա, Diocese of Egypt, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն), նշանավոր եկեղեցական գործիչ, 412-444 թթ. Ալեքսանդրիայի եպիսկոպոս, աստվածաբան, հունական հայրաբանության հիմնական ներկայացուցիչներից մեկը, քրիստոնյա եկեղեցու ընդհանրական տոնելի սուրբ։ Հայտնի է նեստորականության դեմ իր անզիջում կեցվածքով։ Կյուրեղի գրվածքները դեռևս վաղ միջնադարում թարգմանվել են հայերեն։ Կյուրեղի նշանավոր բանաձևը՝«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը[3]։

Կյուրեղ Ալեքսանդրացի
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդ376[1]
Ծննդավայրալ-Մահալլա ալ-Քուբրա, Ղարբիա, Եգիպտոս
Վախճանհունիսի 27, 444
Վախճան վայրԱլեքսանդրիա, Diocese of Egypt, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն
Եկեղեցիուղղափառություն
Սրբացված կարգսրբազան
Հիշատակության օրՀունիսի 9 և Հունիսի 27[2]
ԱշխատանքԱլեքսանդրիայի ղպտիական ուղղափառ եկեղեցու պատրիարք և հոգևորական
ՊաշտոնԱլեքսանդրիայի ղպտիական ուղղափառ եկեղեցու պատրիարք և Ալեքսանդրիայի պատրիարք
ԵրկիրՀին Հռոմ
ՈւսուցիչPope Theophilus of Alexandria?

Կյուրեղ Ալեքսանդրացու երկերը և Հայոց եկեղեցին

խմբագրել

Կյուրեղ Ալեքսանդրացու երկերը հայացվել են V–VIII դդ.: Մի շարք գործեր պահպանվել են միայն հայերեն թարգմանություններով։ 714–715 թվականներին Դավիթ Հյուպատոսի և Ստեփանոս Սյունեցու ջանքերով թարգմանվել է «Գիրք պարապմանցը», որի 44 ճառերի վերաբերյալ Գրիգոր Տաթևացին գրել է «Լուծմունք ի պարապմունս սրբոյն Կիւրղի» ընդարձակ և հմտալից մեկնությունը (տպագրվել է «Գիրք պարապմանցի» հետ)։ «Գիրք պարապմանցը» և «Գիրք գանձուցը» իբրև դավանաբանական կարևորագույն ձեռնարկներ մեկնաբանվել ու դասավանդվել են հայ միջնադարյան վարդապետարաններում, բարձրագույն դպրոցներում։ Կյուրեղ Ալեքսանդրացու աշխատություններից հատվածներ կամ ամբողջական գործեր են տպագրվել «Գիրք թղթոց» և «Կնիք հավատո» ժողովածուներում։

Կյուրեղ Ալեքսանդրացին և Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը

խմբագրել

Կյուրեղ Ալեքսանդրացու աստվածաբանությունը երեք տիեզերական ժողովների դավանական որոշումների կուռ ամբողջացումն է, ուստի և Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը համերաշխ է Կյուրեղ Ալեքսանդրացու վարդապետությանը։ Հայ դավանաբանական մատենագրության մեջ լայնորեն կիրառվող «Քրիստոս յերկուց բնութեանց միացեալ» արտահայտությունը Աթանաս Ալեքսանդրացու ընդունած և Կյուրեղ Ալեքսանդրացու կանոնակարգած «Մի է բնութիւն Բանին մարմնացելոյ» կամ «Յերկուց բնութեանց մի» բանաձևի բյուրեղացումն է։ Հայ եկեղեցին, ընդունելով Կյուրեղ Ալեքսանդրացու քրիստոսաբանությունը, նրա ոգով և դավանական սկզբունքներով է պարզաբանել դավանական նոր խնդիրները, մերժել այն ամենը, ինչը շեղվել է նրանից։ Հայ դավանաբանները Կյուրեղ Ալեքսանդրացու գրվածքներն օգտագործել են իրենց հակաճառությունների մեջ՝ Հայ եկեղեցու ուղղափառությունը պաշտպանելիս։

Հայ եկեղեցին սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ. Սուրբ Ծննդյան երրորդ կամ երկրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ։

Կյուրեղ Ալեքսանդրացին և Հիպատիան

խմբագրել

Նոր շրջանի պատմագիտական և գեղարվեստական գրականության մեջ արծարծում է գտել անտիկ հույն փիլիսոփա և գիտնական Հիպատիայի սպանության մեջ Կյուրեղ Ալեքսանդրացու դերը։ Հիպատիան մասնակցում էր Ալեքսանդրիայի քաղաքականությանը, ուներ մեծ ազդեցություն քաղաքի կառավարիչ Օրեստեսի վրա։ Իր հերթին, Օրեստեսը հակամարտության մեջ էր գտնվում Կյուրեղի հետ՝ փորձելով սահմանափակել նրա իրավասությունները։ Ալեքսանդրիայում լուրեր էին շրջանառվում, որ Օրեստեսի և Կյուրեղի միջև հակամարտությունը հրահրվում էր նաև Հիպատիայի կողմից, որն Ալեքսանդրիայի կառավարչի մերձավորներից էր։

5-րդ դարի հույն պատմագիր, դեպքերին ժամանակակից Սոկրատես Սքոլաստիկոսի հաղորդմամբ Հիպատիային հարձակվել և սպանել է ոմն Պետրոսի գլխավորությամբ Կյուրեղի կողմնակիցներից բաղկացած ամբոխը։ Սոկրատես Սքոլաստիկոսը հետևյալ կերպ է նկարագրում տեղի ունեցածը[4]

  Երբ նա (Հիպատիան) ինչ-որ տեղից տուն էր վերադառնում, նրան վայր իջեցրեցին, քարշ տվեցին եկեղեցի, որը կոչվում էր Կեսարիոն, հետո, մերկացնելով, սպանեցին քարերով, մարմինը մասերի բաժանեցին, իսկ մարմինը (մարմնի մասերը) տարան մի վայր, որ կոչվում էր Կինարիոն, և այնտեղ այրեցին։  

Ըստ պատմիչի, Հիպատիայի սպանությունը Կյուրեղի կողմից արտոնված չի եղել։ Սոկրատես Սքոլաստիկոսը գրում է, որ այն մեծ վիշտ է պատճառել Կյուրեղին և Ալեքսանդրայի եկեղեցուն, քանի որ «սպանությունները, խժդժությունները և նման կարգի այլ երևույթները բոլորովին խորթ են Քրիստոսի ոգով մտածող մարդկանց համար»։

Չնայած Սոկրատեսի պնդմանը, այլ ուշ շրջանի հեղինակներ Հիպատիայի մահվան մեջ մեղավորության բաժին են տեսնում նաև Կյուրեղի մեջ։ Պ.Ֆ. Պրեոբրաժենսկին նշում է, որ. «... Քրիստոնեական եկեղեցին որոշակի անհարմարություն էր զգում Հիպատիայի դեմ արյունարբու դատաստանի պատճառով։ Այն ստիպված էր մանրակրկիտ ձևով հովանու տակ առնել Կյուրեղ Ալեքսանդրացուն... Ճակատագրի տարօրինակ զավեշտով, այդ նախանձախնդիր ու անխոնջ մարտիկը... դարձավ աղջկա զազրելի պատառոտման գաղափարական ոգեշնչողը..»[5]։

Քննադատություն

խմբագրել

Կյուրեղը նաև հայտնի է մի քանի այլ իրադարձություններում ներգրավված լինելու համար։ Ըստ եկեղեցական պատմիչ Սոկրատես Սքոլաստիկոսի, Ալեքսանդրիայում քրիստոնյա և հրեական բնակչության միջև բախումների արդյունքում Կյուրեղի միջնորդությամբ հրեաները արտաքսվել են քաղաքից։ Իր իշխանությունն օգտագործելով Կյուրեղը փակում էր նովաթականների եկեղեցիները և առգրավում նրանց ունեցվածքը։ Կյուրեղն ի վերջո Ալեքսանդրիայից արտաքսեց նաև նովաթականներին։

Հռոմի կայսր Թեոդոսիուս Երկրորդը քննադատում էր Կյուրեղին «հպարտ փարավոնի» պես իրեն պահելու համար։ Նեստորացի հոգևորականները Եփեսոսի Ժողովում նրան հայտարարեցին հերետիկոս, «հրեշ, որ ծնվել ու կրթվել է եկեղեցին կործանելու համար»[6]։

Ի. Մեյենդորֆը նշում է, որ Կյուրեղ Ալեքսանդրացին, որը ծանր վիճակում էր գտնվում 431 թ. Եփեսոսի ժողովում իր հակառակորդների դեմ ինքնակամ հաշիվներ մաքրելու համար, կարողացավ առաջարկել 2500 ֆունտ ոսկի Բյուզանդիայի մայրաքաղաքի դատարաններին կաշառելու նպատակով[7]։

Պատկերումը ժամանակակից մշակույթում

խմբագրել

Կյուրեղը ներկայացված է եգիպտացի գիտնական Յուսեֆ Զիեդանի «Ազազիլ» վեպում։ 2009 թ.-ին վեպը շահեց Արաբական արձակագրության Միջազգային մրցանակ։ Վեպը պատմում է մ.թ. հինգերորդ դարում Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև քրիստոնեության վաղ շրջանի պատմությունն է ներկայացնում։ Գիրքն առաջացրել է հակասական վերաբերմունք կրոնական մոլեռանդության և քրիստոնյա ամբոխների կողմից խմբակային բռնությունների տեսարաններ ներկայացնելու համար։ Վեպում Կյուրեղը պատկերված է որպես մոլեռանդ, ով սպանում է հրեաներին և այլոց, ովքեր չեն մերժում իրենց կրոնն ու ժխտում են քրիստոնեությունը։ Կյուրեղին նման լույսի ներքո պատկերելը շատ քրիստոնյաների է զայրացրել։

Կյուրեղ Ալեքսանդրացին նաև ներկայացված է 2009 թ.-ին նկարահանված Ագորա ֆիլմում[8]։ Այստեղ ևս նա պատկերված է որպես ծայրահեղական։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012.
  2. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 27.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  4. Սոկրատես Սքոլաստիկոս, «Եկեղեցական պատմություն», VII, 13-15.
  5. Պ.Ֆ. Պրեոբրաժենսկի.Ներածություն // Չ. Քինգսլի, Ֆ. Մաունթեր, «Իպատիա», 1994
  6. Edward Gibbon, Decline and Fall of the Roman Empire, 47
  7. Ի. Մեյենդորֆ «Կայսրության միասնությունը և քրիստոնյաների բաժանումը»
  8. http://www.imdb.com/title/tt1186830/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուրեղ Ալեքսանդրացի» հոդվածին։