Գողթն

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ

Գողթն (նաև՝ Գաղթական, Գաղթան, Գոլթանց գավառ, Գողթնաստան, Գողթնաց գավառ, Կոլթենե'), գավառ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհում, նրա հյուսիսարևելյան կողմում, Արաքս գետից ձախ[1]։

Գողթն
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՎասպուրական
ՎարչկենտրոնՈսկիողա
Խոշորագույն քաղաքՈսկիողա
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմհեթանոսներ (մինչև՝ 301 թ․), քրիստոնյաներ (սկսած 301-ից)
Պատմական շրջան(ներ)Մեծ Հայք
Սահմանակցում էԵրնջակ (Սյունիք), Ձորք (Սյունիք), Արևիք (Սյունիք), Պարսպատունիք (Վասպուրական), Բաքրան (Վասպուրական), Ճուաշռոտ (Վասպուրական), Նախճավան (Վասպուրական)

Աշխարհագրություն

խմբագրել

Գողթնը հին ու միջին դարերում կազմում էր առանձին Գողթնեցիների նախարարությունը, որը երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի կազմի մեջ։ Տարածքով համապատասխանում է այժմյան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի, մասամբ նաև Ջուլֆայի շրջաններին։ Հարավում սահմանակից էր Արաքս գետին, արևելքում՝ Արևիք ու Ձորք, հյուսիսում՝ Ծղուկք գավառներին։ Ուներ լեռնային ռելիեֆ։

Սյունյաց լեռնաշղթայից եկող լեռնաճյուղերը գավառը մասնատում էին մոտ 10 առանձին ձորահովիտների։ Գավառի մի մասը՝ Բստաձորի մի հատվածը, անտառապատ էր, հարավը՝ չոր ու տափաստանային։

Գողթնի մեջ, հին ու միջին դարերում, երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի Երնջակ գավառը[2]։

Պատմություն

խմբագրել

Գավառը հիշատակվում է Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնի բնիկ տերերը՝ Հայկ Նահապետից սերած Գողթնեցի իշխանական տոհմն էր, որը կազմում էր առանձին նախարարություն. Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և, ըստ Զորանամակի, տվել 500 հեծյալ։ IV դ Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել Մեսրոպ Մաշտոցը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում։ Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ և շերամապահությամբ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 641-ին Գողթնը գրավել են արաբները։ VI դ Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ։

VIII դ Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ X դ Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին Ատրպատականի Սաջյան ամիրաները։ 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ։ 990-ական թթ Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա։ XI դ կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո։ XVI դ սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր Նախիջևանի խանության մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ։ Հայկական գյուղերը կառավարել են տանուտերերը, որոնց անվանել են մելիքներ։ 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։ 1752-ին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությանը։ XVIII դ 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են Դավիթ Բեկի հետ։ Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 151