Սաղմոսավանք
Սաղմոսավանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում[2] Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Դրա հարավային կողմում է գնտվել «Ախտինքներ» կոչվող հանդամասը, որը հանդիսացել է վանքի սեփականությունը[3]։
Սաղմոսավանք | |
---|---|
Սաղմոսավանքը 2020 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արագածոտնի թեմ |
Հիմնական ամսաթվերը | անհայտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Աստվածածին, Գավիթ, Եկեղեցի Սբ. Սիոն, Գրապահոց, Միաբանության շենք և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետ | անհայտ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1215 թ. |
Կառուցման ավարտ | 1221 թ. |
Հիմնադրված | անհայտ |
Saghmosavank Վիքիպահեստում |
Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է։ Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի։
Պատմություն
խմբագրելԱվանդության համաձայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով այս վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի է կառուցում։ Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել։
Գրավոր աղբյուրներում Սաղմոսավանքը հիշատակվում է 12-րդ դարի 2-րդ կեսից, երբ Հովհաննես Մունջ վարդապետը վերանորոգել է այն և ստեղծել դպրոց, որը դարձել է նշանավոր գրչության կենտրոն։
13-րդ դարում Զաքարյան իշխանների կողմից Արևելյան Հայաստանը ազատագրելուց հետո այստեղ հաստատվում է Վաչուտյան իշխանական տոհմը։ Վաչուտյանները ծագում էին Լոռիից, բայց իրենց ողջ գործունեությունը կապված էր Արագածոտնի հետ, որի տերերն էին նրանք։ Վաչե Վաչուտյան իշխանը տոհմի առավել ակնառու ներկայացուցիչներից էր։ Նա աչքի է ընկել բազում հաղթական պատերազմներում և շինարարական գործունեությամբ։ Վաչե Վաչուտյանը կառուցել է Սանահինի բաց գավիթը, Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին, Մակարավանքի գավիթը, Հոռոմոսի գրատունը, իջևանատներ, աշխարհիկ և հոգևոր այլ շինություններ։
1215 թվականին Վաչե Վաչուտյանն իր կնոջ՝ Մամախաթունի հետ միասին կառուցում են Սաղմոսավանքի գլխավոր՝ Սուրբ Սիոն եկեղեցին, որն արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է, բոլոր անկյուններում ունի երկհարկ ավանդատներ։ Սուրբ Սիոն եկեղեցու ճարտարապետի անունը Մոմիկ էր։
Սաղմոսավանքի գավիթը կառուցվել է 13-րդ դարի առաջին քառորդում դարձյալ Վաչե Վաչուտյանի կողմից։ Ինքնատիպ են գավիթի հարավային ճակատի զույգ խոշոր լուսամուտները և երդիկի վրա բարձրացող վեց սյունանի ռոտոնդան։
Սուրբ Սիոն եկեղեցուց հարավ Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված Վաչե Վաչուտյան իշխանի որդու՝ Քուրդ Վաչուտյանի կողմից 1235 թվականին։ Այն ուղղանկյուն հատակագծով, արևելյան մասում խորանով թաղիքածածկ շինություն է։ Պատի վրա պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, հրեշտակը և իշխանական զինանշանը՝ գառանը ճանկած արծիվը։ Ճարտարապետը օգտագործել է նաև գունային ձևավորում։ Որոշ մասերը կարմիր և սև քարերով շարվելուց բացի, ներկվել են նաև սպիտակ, դեղին և կարմիր ներկերով, ինչը շինությանը հաղորդել է շքեղություն։
1255 թվականին Քուրդ Վաչուտյան իշխանը կառուցել է գրատուն-եկեղեցին։ Այն իր հորինվածքով պատկանում է յուրօրինակ հայկական կառույցների թվին։ Գրատունը Քուրդ իշխանը կառուցել է կնոջ՝ Խորիշահի մասնակցությամբ՝ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին։ Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում՝ երկհարկանի ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում։ Գրատնից երկու մուտք է բացվում դեպի գավիթ և 1235 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Ընդ որում այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից։ 13-րդ դարում այս գրատանը 120 ձեռագիր մատյան է պահվել։
Սաղմոսավանքի վանական համալիրը միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից է եղել։
Հնագիտական նկարագրությունը
խմբագրելՇերտագրություն. Վանքը հիշատակվում է դեռ վաղ միջնադարից, սակայն ձորապռնկին ներկայիս կանգուն շինությունները կառուցվել են XIII դ. առաջին կեսին՝ Վաչուտյան իշխանների կողմից։ Սաղմոսավանքը եղել է միջնադարյան Հայաստանի հայտնի հոգևոր և մշակութային կենտրոնը, գրչության և կրթության օջախ, որտեղ դպրոց է հիմնել պատմագիր Վարդան Արևելցին։ Քասաղի կիրճի քարայրներում ևս ճգնել են մենակյաց կրոնավորները։ Այստեղ է եղել Ս. Լուսավորչի հիմնած մենաստանը, որը XII դ. II կեսին Հովհաննես Մունջ կրոնավորը վերանորոգել և դպրոց է ստեղծել, ուր ձեռագրեր են ընդօրինակվել։ Պատերազմական և դժվարին ժամանակներում այդ քարայր-թաքստոցներում են պահվել Սաղմոսավանքի ձեռագրերը։ 1912 թ. Խաչիկ վրդ. Դադյանը քարայրներից մեկում հայտնաբերել է Սաղմոսավանքի ձեռագրերի ցուցակը՝ Վաչե Ա Վաչուտյանի մակագրությամբ, որը պարունակել է 115 ձեռագիր։ Հետագայում դրանց թիվն այնքան է ընդլայնվել, որ հարկ է եղել կառուցել հատուկ գրատուն։ Ի թիվս քրիստոնեական մի շարք մասունքների՝ Սաղմոսավանքում է պահվել Արագածի Ս. Նշանը։ Վանքի գրչության կենտրոնը գործել է մինչև XVII դ.: XVIII դ. կեսերին վանքի մասին տվյալները պակասում են, իսկ 1840-ական թթ. Սաղմոսավանք այցելած Հ. եպս. Շահխաթունյանցը այն գտնում է խիստ անշքացած։ 1890 թ. Սաղմոսավանքում նորոգություններ է իրականացրել Խրիմյան Հայրիկը։ 1998-2000 թթ. վանքը հիմնանորոգվել է Հուշարձանների պահպանության վարչության կողմից։
Ճարտարապետություն. Համալիրի կազմում են Ս. Սիոն և Ս. Աստվածածին եկեղեցիները, գավիթը, գրատունը, որմնափակ և պատվանդանավոր խաչքարերը։ Վանքը երեք կողմից շրջապատված է պարսպով, որից պահպանվել է միայն արևմտյան հատվածը։ Հյուսիսային կողմում տարածվում է ընդարձակ գերեզմանոցը, միաբանության բնակելի շենքերի ավերակները։
Ս. Սիոնը վանքի գլխավոր եկեղեցին է, որի կառուցումն ավարտվել է 1215 թ.՝ Վաչե Ա-ի կողմից։ Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով գմբեթավոր դահլիճ է։ Գլանաձև թմբուկը պսակված է սրածայր վեղարով։ Պատերն արտաքուստ աշխուժացնում են եռանկյուն խորշերը։
Գավիթն՝ ըստ գրատան հյուսիսային պատի վիմագրի, կառուցել է Վաչե Ա-ն, իսկ հետագայում նորոգել որդին՝ Քուրդ Ա-ն։ Այն արևմուտքից կից է Ս. Սիոնին։ Այն քառասյուն մեծ սրահ է։ Կենտրոնական բացվածքը պսակված է կոնաձև երդիկով, որն ավարտվում է սյունազարդ փոքրիկ գմբեթով։ Բազմանիստ կոնաձև այդ երդիկը ներքուստ հարդարված է ռելիեֆ քանդակներով, որոնք լուսաստվերի շնորհիվ ցայտուն ընդգծվում են։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավարևմտյան կողմերում, իսկ ներքին դռներով կապված է եկեղեցիների և գրատան նախասրահի հետ։ Արտաքին զուսպ հարդարանքում աչքի է ընկնում արևմտյան կամարակապ շքամուտքը, որի ճակատակալը գեղազարդված է մոզայիկ դասավորված հնգաթև աստղերով և բազմանկյուններով։ Շքամուտքն ամփոփված է ուղղանկյուն բարձր շրջանակի մեջ, որի մեջ սլաքաձև կամարով ներգծված հարթությունը լցված է շեղանկյուն զարդաքարերով ձևավորված խաչերով։
Ս. Աստվածածինը տեղադրված է Ս. Սիոնի հարավակողմում՝ նրանից մի փոքր անջատ։ Այն արևելյան կողմում կիսաշրջանաձև աբսիդով թաղակապ փոքր մատուռ է։ Մուտքը պսակված է որմնասյուների վրա հանգչող ատամնավոր վերնամասով կամարով, ճակատակալին Ս. Լուսավորչի որմնանկարն է։
Գրատունը Ս. Սիոնի և գավթի հարավակողմում է, կառուցել է 1255 թ. Քուրդ Ա-ի և կնոջ Խորիշահի պատվերով՝ վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակի համար։ Քառանկյուն անսյուն կառույց է՝ արևելյան կողմում կիսակլոր աբսիդով և կրկնահարկ ավանդատնով։ Կենտրոնական քառակուսին պսակված է բազմանիստ թմբուկի վրա նստած երդիկավոր գմբեթով, որն ավարտվում է սյունազարդ ռոտոնդայով։ Ներքուստ ձևավորված է բազմագույն քարերի համադրությամբ, ճառագայթաձև դասավորությամբ։ Բացի ներքին գունազարդումից, ներքուստ հարդարված է բազմազան զարդաքանդակներով։ Հարավային պատի մեջ մատյաններ պահելու համար բացվել են մեծ դարակ-խորշեր։ Գրատան արևմտյան ճակատն ընդգծված է մուտքից վերև տեղավորված խաչաձև լուսամուտով, ռելիեֆ խաչով։ Հարավային ճակատում տեղավորված են կամարակապ զույգ լուսամուտները՝ պսակված ընդհանուր կամարունքով, որոնց միջև լուսապսակով մարդու քանդակն է՝ Մկրտիչ վարդպետ գրությամբ, որը գրատան ճարտարապետն է կամ պատկերաքանդակների հեղինակը։
Նշանակությունը: Սաղմոսավանքի գավիթն ու գրատունը՝ իրենց ճարտարապետական և ինժեներական բարդ կառուցվածքով միջնադարյան աշխարհիկ շինությունների առավել ուշագրավ օրինակներից են։
Ավանդազրույցներ Ըստ ավանդության՝ Գրիգոր Լուսավորիչը Քասաղի ձորում հիմնում է երկու մենաստան։ Ներքևինի անունը դնում է Լուսավորչի մենաստան, իսկ վերևինի անունը՝ Սաղմոսաց մենաստան, որպեսզի մշտապես սաղմոսերգություն կատարեն։
Պատկերասրահ
խմբագրել-
Սաղմոսավանքի ընդհանուր տեսքը
-
Սաղմոսավանքի ընդհանուր տեսքը
-
Գավիթի տանիքը ներսից
-
Սաղմոսավանքի ընդհանուր տեսքը
-
Կենտրոնական ջահն ու գավիթը
Գրականություն
խմբագրել- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք-Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 5, Երևան, 2001, էջ 482-483։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, Երևան, 1984, էջ 152-153։
- Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992։
- Յակոբսոն Ա., Սաղմոսավանք, Երևան, 1984։
- Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2023:
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ http://www.findarmenia.com/arm/sights/saghmosavank/
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 124 — 992 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սաղմոսավանք կատեգորիայում։ |