Կարմիր վանք (Քեսուն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քեսուն (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր վանք (այլ կիրառումներ)
Քեսունի Կարմիր վանք, Կիլիկիայի Սև լեռան վրա։ Եղել է հայ իշխան Գող Վասիլի` 1082-1112 թվականներին ստեղծած հայկական իշխանության հոգևոր կենտրոնը, 1105-16 թվականներին` կաթողիկոսանիստ։ Հայաստանից արտագաղթած վանականների ուժերով Քեսունի Կարմիր վանքում գործել է բարձրագույն դպրոց։ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը իշխան Գող Վասիլի և նրա կնոջ հրավերով կյանքի վերջին տարիներն անցկացրել է Քեսունի Կարմիր վանքում, որտեղ էլ 1105 թվականին վախճանվել է ու մեծ շուքով թաղվել։ Նրա հաջորդը՝ Բարսեղ Ա Անեցին, իր աթոռը հաստատել է Քեսունի Կարմիր վանքում՝ 1105 թվականին կաթողիկոսարանը Անիից այստեղ տեղափոխելով։ 1112 թվականին Քեսունի Կարմիր վանքում է թաղվել նաև իշխան Գող Վասիլը։ Բարսեղ Ա կաթողիկոսը Քեսունի Կարմիր վանքում ժողով է գումարել և Քեսունի իշխանությունը հանձնել ծագումով Կամսարական Վասիլ Տղա իշխանին։
12-րդ դարի առաջին տասնամյակներում Քեսունի Կարմիր վանքը հռչակվել է որպես կրթական բարձրագույն կենտրոն, որտեղ ուսանելու են եկել ողջ Հայաստանից։ Վանքում պատրաստվել են բազմակողմանի կրթված և կրոնական բարձր նկարագիր ունեցող վարդապետներ։ Այստեղ ուսուցանել են Սուրբ Գիրք, կրոնի և եկեղեցու պատմություն, տոմարագիտություն, երաժշտություն, գրչության արվեստ և այլն։ Րաբունապետ Ստեփանոս Մանուկ վարդապետը եղել է 12-րդ դարի Հայաստանի կրթության և եկեղեցական բարեկարգման եռանդուն ու արդյունավետ գործիչ։ Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանի ամենանշանավոր սանը եղել է Ներսես Շնորհալին։
1113 թվականին վախճանվել է Բարսեղ Ա Անեցին, և կաթողիկոս է ընտրվել Գրիգոր Գ Պահլավունին։ Այս ընտրությանը հակառակ, Աղթամարի վանքի եպիսկոպոս Դավիթ Ա Արծրունին համախոհների օգնությամբ հռչակվել է կաթողիկոս։ Նույն՝ 1113 թվականին Քեսունի Կարմիր վանքում հրավիրվել է Հայաստանի 2500 եպիսկոպոսների, վարդապետների, վանահայրերի եկեղեցական ժողով, որը բանադրել է Աղթամարի աթոռի ոտնձգությունը։ 1114 թվականին երկրաշարժից Սամոսատի և Մարաշի հետ ավերվել են նաև Սև լեռան վանքերը։
1116 թվականին Եդեսիայի կոմս Բալդուինը զավթել է Քեսունի իշխանությունը, և նույն թվականին Գրիգոր Գ Պահլավունին կաթողիկոսը աթոռը տեղափոխել է ավելի ապահով Ծովք դղյակը։
Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանը շարունակել է գործել։ Այնտեղ է աշխատել ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին, որը վանքում ավարտել է իր «Ժամանակագրությունը»։ Այստեղ է սովորել նաև առակագիր և իրավագետ Ժամանակագրությունըը։ Ըստ Մատթեոս Ուռհայեցու, 1136 թվականին Սուլթան Մահմուդը հարձակվել է Քեսունի Կարմիր վանքի վրա, հրդեհել վանքի շինությունները, ջարդել խաչերը, պատարագամատույց սեղանն ու քանդակազարդ դուռը, կողոպտել սպասքը։
Քեսունի Կարմիր վանքը անկում է ապրել 16-17-րդ դարերում, բազմիցս կողոպտվել է, իսկ 18-19-րդ դարերում բռնագրավվել են հողերը։ Հովհաննես վարդապետ Գառնեցին 1849 թվականին փորձել է վերակենդանացնել վանքը, սակայն ապարդյուն։ Քեսունի Կարմիր վանքը մնացել է որպես ուխտավայր. Հռոմկլայի սուրբ Ներսես Շնորհալի վանքն ուխտի գնացողները ավանդաբար կանգ են առել լքված Քեսունի Կարմիր վանքում և մատաղ ու Պատարագ մատուցել։
Քեսունի Կարմիր վանքի մեծաքանակ ձեռագիր մատյանները, որոնք պահվել են Քեսուն քաղաքի հայկական եկեղեցում, ոչնչացել են 1915 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |