Հոռոմոս, վանք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Անիից հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի սահմաններում)։ Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ քառորդում, Հայոց թագավոր Աբաս Բագրատունու (929–953) օրոք[2]։

Հոռոմոսի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԿարսի մարզ (Թուրքիա)
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը10-րդ դար[1]
Ներկա վիճակավերված
ՃարտարապետՀովհաննես
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված10-րդ դար[1]
Քարտեզ
Քարտեզ
 Horomos Monastery Վիքիպահեստում

Հոռոմոսի վանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային կենտրոններից։ Այդտեղ է կրթվել ու գրչության արվեստով զբաղվել 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի կեսի գրիչ և մանրանկարիչ Մխիթար Անեցին։ Մատենադարանում է պահվում նրա Հոռոմոսի վանքում ընդօրինակած և պատկերազարդած՝ Սամուել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» երկի ձեռագիրը (ձեռ. դ 3613)։

Անվանում

խմբագրել

Հիմնարկուները վանքի անդրանիկ վանահայր Հովհաննես վարդապետի առաջնորդությամբ Բյուզանդիայից փախած և Հայաստանում ապաստանած հայ վանականներն էին (այստեղից էլ՝ Հոռոմների վանք անվանումը)[3]։

Պատմություն

խմբագրել

969 թվականին Հոռոմոսի վանքի վանահայր Սարգիս վարդապետը մասնակցել է Վահան Ա Սյունեցու հրավիրած Անիի եկեղեցական ժողովին։ 982 թվականին, ըստ պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), Աբլհաճ ամիրան հրդեհել է Հոռոմոսի վանքը և վայր բերել եկեղեցու գմբեթի խաչը։

15–16-րդ դարերում Հոռոմոսի վանքը դադարել է գործելուց և զգալիորեն ավերվել։ 1685 թվականին վանահայր Դանիել վարդապետը համալիրը մաքրել է աղբից, նորոգել Սուրբ Հովհաննես եկեղեցին, վերստին միաբանություն հաստատել։ 1755 թվականին, լեզգիների երկրորդ արշավանքի ժամանակ, սպանվել է Հոռոմոսի վանքի վանահայր Եղիա վարդապետը։

1788 թվականին վանահայր Հովհաննես եպիսկոպոս Շամբեցին նորոգել է վանքը։ 1800 թվականին և 1807 թվականին, Էջմիածնի անապահովության պատճառով Մայր աթոռի միաբաններն ապաստանել են վանքում։ 1852 թվականին Հոռոմոսի վանքը նորոգել է Վարդան վարդապետ Օձնեցին, 1868–1871 թվականներին՝ Գրիգոր վարդապետը։

Հոռոմոսի վանքը եղել է Բագրատունիների տոհմական հանգստարանը, թագավորների և իշխանների դամբարանավայրը։ Վանքում է ամփոփվել Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսը։ 1918 թվականից Հոռոմոսի վանքը լքվել է և այժմ կիսավեր է։

Ճարտարապետություն

խմբագրել

Հոռոմոսի վանքից հարավ Անի տանող ճանապարհին, կանգուն է մի ինքնատիպ շինություն՝ գմբեթավոր զույգ աշտարակներով «հաղթական կամարը» (հավանաբար՝ 10–11-րդ դարեր)։

Վանքի համալիրը (կառուցված մինչև 13-րդ դարը) բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Ախուրյանը երիզող ձորում և բարձրադիր լեռնադաշտի վրա։ Հոռոմոսի վանքի հնագույն շինություններն են Սուրբ Մինասը (930–953, հիմնադիր՝ Հովհաննես վարդապետ) և Գագիկ Ա Բագրատունու կառուցած Սուրբ Գևորգը (1013 թվականից հետո)։ Երկուսն էլ գմբեթավոր դահլիճ են, երկու զույգ որմնամույթերով, «հայկական խորշերով» մշակված ճակատներով[4]։ Սուրբ Գևորգ եկեղեցու ներսը ծածկված է եղել որմնանկարներով (պահպանվել են հետքերը)։ Նրանից արևելյան թաղածածկ մատուռ է, կողքին՝ Աշոտ Գ Ողորմած Բագրատունու (953–977) դամբարանը.[5]։

Հոռոմոսի վանքի գավիթ

խմբագրել

1038 թվականին Հովհաննես Սմբատ Բագրատունին Ախուրյանի ձորեզրին կառուցել է Սուրբ Հովհաննես եկեղեցին և դրան արևմուտքից կից մեծ գավիթը։ Եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է՝ ճակատները «հայկական խորշերով» մշակված, որի Ավագ խորանը լուսավորվում է զույգ պատուհաններով։ Գմբեթի արտաքուստ գլանաձև թմբուկը ծածկված է կոնաձև վեղարով։ Գավիթն ունի ուղղանկյուն հատակագիծ՝ չորս կենտրոնական սյուներով, բազմանիստ և շքեղ քանդակազարդ երդիկով, որի վրա բարձրանում է ութասյուն զանգակատունը։ Առաջին անգամ Հոռոմոսի վանքի գավթում մշակված քառասյուն կենտրոնակազմ հորինվածքը դարձել է 11–13-րդ դարի հայկական գավիթների ու ժամատների հիմնական ձևը։

1198 թվականին վանահայր Մխիթարն Ականց գետից ջրատար է կառուցել Հոռոմոսի վանքի համար։ 1206 թվականին Զաքարե Բ Մեծը վերահաստատել է գետից օգտվելու վանքի իրավունքը և քանդել նրա վրա այլոց կառուցած ապօրինի ջրաղացը։ 12-րդ դարում Հոռոմոսի վանքում է ուսանել պատմիչ Մխիթար Անեցին։ 1215 թվականին, ըստ շինարարական արձանագրության, Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային պատին կից իշխանուհի Խութլուխաթունը մոր՝ Ռուզուքանի համար երկհարկ դամբարան է կառուցել, որի երկրորդ հարկը կազմված է միմյանց կից երեք մատուռներից (կենտրոնինը գմբեթավոր է)։ Դամբարանի առաջին հարկի ներսում, արևելյան պատին ագուցված են չորս շքեղ քանդակազարդ խաչքարեր։ 13-րդ դարում նմանատիպ դամբարան է կառուցվել նաև Սուրբ Հովհաննես եկեղեցու հյուսիսային պատին կից։

13-րդ դարի 2-րդ քառորդում իշխան Վահրամ Հեճուպի դուստր Խաթունը նորոգել է Հոռոմոսի վանքի եկեղեցիները և Ռուզուքանի դամբարանին հարավից կից կառուցել մատուռ։ Սուրբ Հովհաննես եկեղեցին և նրա երկու կողմերում սիմետրիկ կառուցված գմբեթավոր դամբարաններն ու թաղածածկ մատուռներն ունեն մեկ հարթության վրա մշակված արևելյան ընդհանուր ճակատ, որի տարբեր ծավալների միասնական նման լուծումը բնորոշ է քաղաքային ճարտարապետությանը։

Հոռոմոսի վանքը ծաղկում է ապրել 13-րդ դարում՝ Վաչուտյանների իշխանական տան հովանավորությամբ։ 1229 թվականին, ըստ շինարարական արձանագրության, Վաչե Վաչուտյանը Հոռոմոսի վանքի համալիրի հարավային կողմում կառուցել է քառակուսի հատակագծով նշխարատան շենքը։

1246 թվականին վանքը տուժել է թաթար-մոնղոլների արշավանքից։ 1251 թվականին ոմն Առյուծ և նրա կին Սեդան նորոգել են վանքը, վերաշինել թաթարների ավերած ջրատարը, 1277 թվականին կառուցել նշխարատան նոր շենք՝ երկու զույգ փոխհատվող կամարներով ծածկված։ Նշխարատներին արևելքից կից է քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով, ներսում՝ արևելքում պատում խորանով մի շենք (ժամատուն կամ գրապահոց-գրատուն)։ Հոռոմոսի վանքը շրջափակված է քառանկյունի պարսպով, որի հյուսիս-արևմուտքում են գտնվում մի կիսաշրջանաձև բուրգ և միակ մուտքը։

13-րդ դարում վանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, ջրաղացներ, Անիում՝ տներ և կրպակներ։ Ավիրատուների թվում են Անիի մեծահարուստներ Տիգրան Հոնենցը, Ուքանանց տոհմից Քարիմադինը և այլք։ 1336 թվականին իշխան Վահրամ Զաքարյանը վերահաստատել է Հոռոմոսի վանքի սեփականատիրական իրավունքներն իր նախնիների նվիրատվությունների նկատմամբ և ինքն էլ մեծ նվիրատվություն կատարել[6]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Pleiades
  2. Jean-Michel Thierry (1980). Le couvent armenien d'Horomos. Leuven: Peeters, p. 1.
  3. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 602 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  4. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 603 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  5. Manuk-Khaloyan, Armen, "In the Cemetery of their Ancestors: The Royal Burial Tombs of the Bagratuni Kings of Greater Armenia (890-1073/79) ," Revue des Études Arméniennes 35 (2013), pp. 164-66.
  6. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 604 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն

խմբագրել
  • Baladian, Ani and Jean Michel Thierry (eds.) with a contribution by J. P. Mahé (2002), Le couvent de Horomos d'après les archives de Toros Toramanian. Paris: Académie des inscriptions et belles-lettres.
  • Manuk-Khaloyan, Armen (2013), "In the Cemetery of their Ancestors: The Royal Burial Tombs of the Bagratuni Kings of Greater Armenia (890-1073/79)," Revue des Études Arméniennes 35, pp. 131–202.
  • Sinclair, Thomas A. (1987). Eastern Turkey: An Architectural and Archaeological Survey. London: Pindar Press, vol. 1.
  • Thierry, Jean Michel (1980). Le couvent armenien d'Horomos. Leuven: Peeters.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոռոմոս» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 547