Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, Հին Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը, դասվում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել է 5-րդ դարում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների 7-րդ դարում, 12-րդ դարում, հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում։ Ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ՝ միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, քաղաքի քրիստոնեական կերպարի համար[1]։ 1933-36 թթ.-ին, հակառակ հայ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհբեկ Քալանթարի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է Մոսկվա կինոթատրոնի շենքը։

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին 20-րդ դարի սկզբներին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Երևան, Կենտրոն համայնք, ներկայիս Մոսկվա Կինոթատորնի տեղում
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված 1931 թ. սովետական իշխանությունների կողմից
ԱնվանվածFeast of Saints Peter and Paul?
Ճարտարապետական տիպՈւշ միջնադարյան անգմբեթ բազիլիկ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ5-րդ դար
Կառուցման ավարտ6-րդ դար
Փակված է1931
Քարտեզ
Քարտեզ
 Saint Peter and Paul church, Yerevan Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդման պահին, 1936 թ.

Սուրբ Պողոս-Պետրոսը քաղաքի միակ եկեղեցին չի եղել։ Այդ մասին է վկայում հետևյալ իրադարձությունը. 607 թ. նորընտիր Աբրահամ կաթողիկոսի կողմից Հայաստանի՝ Բյուզանդիային անցած վայրերի հոգևորականների մասնակցությամբ Դվինում հրավիրված ժողովին, որտեղ ժողովականները որոշում ընդունեցին հաստատուն մնալ հայկական դավանանքին, ի թիվս սակավաթիվ հոգևորականների, Երևանից մասնակցել է երկու վաներեց։ Սա նշանակում է, որ այդ ժամանակ Երևանն ունեցել է առնվազն երկու մեծ եկեղեցի, որոնցից մեկը Սբ. Պողոս-Պետրոսն է եղել, իսկ մյուսը՝ հավանաբար այժմ հետադարյան վերակառուցումներով մեզ ծանոթ եկեղեցիներից մեկը, բայց հայտնի չէ, թե որը։ 17-րդ դարում Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն իր Հին Երևանի նկարագրության մեջ նույնպես նշում է, որ Երևանում կային շատ եկեղեցիներ։ Նա, սակայն, չի հիշատակում Պողոս-Պետրոս անունով եկեղեցի։

Երևանի համար 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ մի շարք եկեղեցիների նման ավերվում է նաև Սբ. Պողոս-Պետրոսը։ Այդ երկրաշարժից հետո նրա մնացորդների վրա, որոնք պահպանվել էին արևելյան մասում, իր նախկին տեսքով կառուցվում է նույնանուն մի եկեղեցի։ Ցավոք, վերաշինության վերաբերյալ ստույգ գրավոր հիշատակություն չի պահպանվել։ Ամենայն հավանականությամբ դա կատարվել է 17-րդ դարի վերջին, քանզի եկեղեցու արևելյան և հարավային պատերի մեջ ագուցված խաչքարերից մի երկուսի վրա, Կարո Ղաֆադարյանի կատարած ուսումնասիրությունների ժամանակ, պարզ կարդացվել են 1691 և 1692 թվականները, իսկ վիմական երկու արձանագրությունները վկայել են, որ եկեղեցու վերանորոգումները կատարվել են 1778 և 1820 թթ.։ Առաջին արձանագրությունում, որը փորագրված էր հարավային մուտքի ճակատակալ քարի վրա՝ դրսից, կամարի մեջ, հիշատակված է. «Ի թվ ՌՄԻԷ (1778) Ողորմութեամբն Աստուծոյ նորոգեցավ բոլոր տանիք սրբոյ եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօքն, որք յորմանսն և ի սիւնսն էին, արդեամբք և հոգացողութեամբ տեառն Սիմէօնի գերընդիր կաթողիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի որ ի սոյնոյ քաղաքէ»։

Երկրորդ արձանագրությունը, որ փորագրված էր հարավային պատին, կամարից վերև, հետևյալ բովանդակությունն ուներ. «Շնորհիւն Աստուծոյ և հրամանաւ տեառն Եփրեմայ սրբազան կաթողիկոսին, նաև հոգեբարձութեամբ Գեղամեան Ստեփաննոս արքեպիսկոպոսին երկրիս առաջնորդին և Յօհան որդի աշխատասէր Մութավելի դաբաղ Մարտիրոսին վերանորոգեցաւ հարաւային կողմ սուրբ տաճարիս արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն։ Ի ՌՄԿԹ (1820)»։ (Արձանագրությունները տե՛ս՝ Կարո Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները, վիմական արձանագրությունները, Երևան, 1975, էջ 159-160)։ Երկրորդ արձանագրությունը հետաքրքիր է նաև նրանով, որ տեղեկություն է հայտնում այն մասին, որ եկեղեցին նորոգվել է «արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն», այսինքն՝ համայնքի հավաքած միջոցներով։ Սա ուշագրավ փաստ է, քանզի հնում եկեղեցիները կառուցվում և նորոգվում էին անհատների տրամադրած միջոցներով, իսկ ժողովրդից հավաքած միջոցներով կառուցումները և վերանորոգումները նոր երևույթ էին։

Ճարտարապետություն

խմբագրել

Այս եկեղեցին, որը սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անուններն էր կրում, իր հատակագծային ծավալատարածական հորինվածքով տիպիկ ուշ միջնադարյան էր, պատկանում էր եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, անգմբեթ էր։

Ուներ ընդարձակ աղոթասրահ, որի արևելյան կողմում տեղավորված էր ավագ խորանը՝ կողքին զույգ ավանդատներով։ Մույթերին ու արտաքին պատերին հենվող աղոթասրահի ծածկի համակարգը առնված էր երկարալանջ տանիքի տակ։

Աղոթասրահը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից։ Նրանցից հյուսիսային՝ Աբովյան փողոցի կողմի մուտքի առաջ ավելի ուշ կառուցվել է կամարակապ մի գավիթ, իսկ արևմտյան մուտքին կից՝ եռաստիճան, սյունազարդ Կաթողիկեով պսակված զանգաշտարակ, որոնք, սակայն, իրենց կառուցվածքի ոճով ամենևին չէին համապատասխանում եկեղեցու ընդհանուր ճարտարապետական ոճին, որը, ինչպես նշվեց վերևում, բազիլիկ տիպի երկարավուն կառույց էր։ Պետք է նշել, որ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային երկփեղկ դուռը, որն ամբողջապես երկաթից էր, առաջ պատկանել է Հին Բայազետի բերդին, և որը 1835 թ. այնտեղից բերել ու նվիրել են Սբ. Պողոս-Պետրոսին։ Կարևորն այն է, որ առանց փոփոխությունների այդ դուռը կարողացել են հարմարեցնել Պողոս-Պետրոսի հարավային մուտքին։ Այժմ այդ դուռը պահվում է Երևանի պատմության թանգարանում։ Ի դեպ, դուռը բերել է բայազետցի Մուխսի Սաքոն, ումից գնել է երևանցի Տեր-Վարդանը և նվիրել Պողոս-Պետրոս եկեղեցուն։

Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ։ Ուներ թիթեղյա երկթեք տանիք, որը քարե սալածածկ տանիքի վրա 19-րդ դարի կարկատան էր։ Թեև թե՛ ներսից, թե՛ դրսից պատերը շարված էին սրբատաշ քարերով, բայց ճարտարապետական որևէ գեղեցկություն չունեին։

Ներսում ավագ խորանի երկու կողմերի պատերի հարթությունը պատած էր տարբեր ժամանակների որմնանկարների վեց շերտով, որոնցից վերին երկուսը՝ պաստառի, իսկ ներքին չորսը՝ կրածեփի վրա։ Պաստառների վրայի նկարները պատկանում էին 19-րդ դարին, իսկ տակինները՝ հին ժամանակներին։ Ամենահինը, ինչպես ենթադրում են արվեստի և նկարչության մասնագետները, պատկանում էր VI դարին կամ VII-ի սկզբներին։ Մինչ այդ որմնանկարները, եկեղեցու պատերը մերկ են եղել և կրածեփ չեն ունեցել։ Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր են, իսկ մյուս շերտերի նկարները Պողոս և Պետրոս առաքյալների դիմանկարներն են։

Եկեղեցին քանդելիս այդ որմնանկարները խնամքով շերտ առ շերտ տեղից հանվել և փոխադրվել են տարբեր թանգարաններ. ստորինը պահվում է Երևանի պետական պատկերասրահում, իսկ մյուսները՝ Հայաստանի պատմության թանգարանում։

Ավերված եկեղեցիների շարքում էր նաև Սբ. Պողոս-Պետրոսը, որը 1931 թվականին քանդեցին և նրա տեղը կառուցեցին «Մոսկվա» կինոթատրոնը։ Այս եկեղեցու մասին շատ քիչ բան է հայտնի, քանի որ հնությունների պաշտպանության կոմիտեն եկեղեցին քանդելուց առաջ այն չափագրեց, որն անհրաժեշտ էր պատմության համար։ Նրա գոյությունը հաստատում է միայն Մատենադարանում պահպանվող 20 մասունք ձեռագրերը և ճարտարապետ Կարո Ղաֆադարյանի, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի, Երվանդ Շահազիզի և այլոց տարիների կատարած աշխատանքները՝ հավաքած նյութերը և կատարած ուսումնասիրությունները[2]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  2. Սուրբ Պողոս-Պերոս