Սարկավագ
Սարկավագ, Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության վեցերորդ աստիճանը։ Սարկավագը եկեղեցու և սուրբ Սեղանի գլխավոր սպասավորն ու ձեռնադրված պաշտոնյան է։ Նրա հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ Սարկավագի բացակայության դեպքում այդ պարտականությունները կատարում է քահանան՝ նրա հագուստներով։

Պատմություն Խմբագրել
Վաղ քրիստոնեական համայնքներում տնտեսական գործերը վարող ընտրովի անձ։ Պաշտոնական եկեղեցու կազմակերպումից և եպիսկոպոսության ստեղծումից հետո սարկավագը դարձել է եպիսկոպոսի օգնական, ապա աստիճանաբար մղվել է նվիրապետության ստորին աստիճան։ Սարկավագը հիշատակվում է Առաքելական թղթերում, իսկ Գործք առաքելոցում նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունենում սարկավագների ընտրությունը, և ինչպես են առաքյալները նրանց պաշտոն հանձնում, որպեսզի սուրբ Սեղանին սպասարկեն և հոգածու լինեն նպաստի բաշխմանը։ Նրանց պարտականությունն էր նպաստ հավաքել և կարիքավորներին բաժանել, այցելել աղքատներին, հիվանդներին, այրիներին, որբերին, հալածյալներին և նրանց կարիքները հոգալ։ Հետագայում սարկավագի պաշտոնը սահմանափակվել է եկեղեցու մեջ[1]։
Մաշտոցում սարկավագի ձեռնադրության համար գոյություն ունի հատուկ արարողություն, որը կատարվում է սուրբ Պատարագի արարողությանը զուգընթաց, բեմի վրա։ Սարկավագը եկեղեցում շապիկի վրայից իր ձախ ուսից ուրար է կախում, որը ծառայության և լուծի խորհրդանշանն է։
Սարկավագները կարող են լինել կուսակրոն և ամուսնացած։ Կուսակրոն սարկավագները վանքերում պատրաստվում են կուսակրոն քահանայության համար։ Ամուսնացած և եկեղեցում տարիներ ծառայած անձինք կարող են ձեռնադրվել սարկավագ և ծառայել եկեղեցում[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 898։
- ↑ «Սարկավագ»։ www.armin.am։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 26