Մխիթար Գոշ

հայ օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մխիթար Գոշ (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոշ (այլ կիրառումներ)

Մխիթար Գոշ (1130[1], մոտ 1120[2] կամ 1120-ականներ[3], Գանձակ[3] - 1213[2][3], Գոշավանք[3]), հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։

Մխիթար Գոշ
Դիմանկար
Ծնվել է1130[1], մոտ 1120[2] կամ 1120-ականներ[3]
ԾննդավայրԳանձակ[3]
Մահացել է1213[2][3]
Մահվան վայրԳոշավանք[3]
Ազգությունհայ
Մասնագիտությունմտածող, իրավաբան, առակագիր, ուսուցիչ, հասարակական գործիչ, վանական, բանաստեղծ, մանկավարժ և գրող
 Mkhitar Gosh Վիքիպահեստում

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։

Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական Դեյվիդ Լենգը Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ Եզոպոսի և Լաֆոնտենի հետ։

Կենսագրություն

խմբագրել

Մխիթար Գոշի (Գոշ բառը նշանակում է սակավամազ) կենսագրական տվյալները հիմնականում պահպանվել են Կիրակոս Գանձակեցու մոտ։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։

Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն, հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ՝ 1213 թվականին, գիտնականները ենթադրում են, որ նա ծնվել 1120-30-ական թվականներին։ Կրթվել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը մեկնել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացել է Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են։ Այդ մասին վկայում է նաև Մխիթար Գոշը[Ն 1]։

Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ՝ Խաչեն, այստեղից էլ՝ Հին Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում, կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նոր Գետիկի վանքը գտնվում է Այրարատ նահագնից հյուսիս-արևելք, այժմ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ 1207 թվականին Զաքարե ամիրսպասալարը Անի քաղաքում Արևելյան Հայաստանի եկեղեցական ժողով է գումարում՝ հաստատելու Սիսի ժողովի կանոնները շարժական սեղանի թույլտվության մասին, որպեսզի զինվորականները ևս պատարագի հնարավորություն ունենան։ Մխիթար Գոշը չի գալիս հիվանդության պատճառով, սակայն այն հոգևորականները, ովքեր դեմ էին այս որոշմանը, դիմեցին Մխիթարին՝ նրա ներկայություն ապահովելու համար։ Վերջինս, տեղի տալով հոգևորականների խնդրանքին, ներկա գտնվեց Անիի եկեղեցական ժողովին։ Զաքարեն անձամբ է դիմավորում Գոշին՝ ասելով․ «Քանի որ դու եկար, այլևս նրանք փույթ չեն»։

Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մխիթար Գոշին մեծարել են «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաւորն և մեծ իմաստուն գիտութեամբ» պատվանուններով։ Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետիկում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում)։ Սելջուկ-թուրքերի արշավանքներից հետո հայ իշխանները, միավորելով իրենց ուժերը, կարողացել էին վերականգնել հայոց անկախ պետականությունը։ Զաքարե ամիրսպասալարը կապեր էր հաստատել Կիլիկիայի հայկական թագավորության հետ։ Վերահաստատելով հայոց անկախ պետականությունը՝ անհրաժեշտ էր օրենքների ժողովածու և այստեղ էր, որ հանդես եկավ Գոշը իր Դատաստանագրքով։ Սակայն, չվերականգնվեց հայոց անկախ թագավորությունը։ Հայոց իշխանական տները անկում ապրեցին մի կողմից սելջուկների, մյուս կողմից մոնղոլների արշավանքների ներքո։ Մովսես Խորենացու նման Մխիթար Գոշը մտահոգված էր երկրի ուժերի համախմբմամբ։ Այդ կապակցությամբ Գոշը, ներկայացնելով հյուսիսից արևելյան Հայաստանը 12-րդ դարի 60-70-ական թվականներին, միաժամանակ մեղադրում է հայ իշխաններին, որոնք չմիավորվեցին օրհասական պահերին, ինչպես նաև չվերականգնեցին հայոց անկախ թագավորությունը։ Այսպիսով, Մխիթար Գոշը հիմք դրեց մի ժառանգության, որը հետագայում տարածում էր ստանալու ամբողջ աշխարհում և հասնելու էր նրան, որ ճանաչվի և ներառվի հզոր երկրների օրենսդրական ժողովածուներում։

Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձոր քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։

Ստեղծագործական աշխատանք

խմբագրել

Մատենագրություն

խմբագրել
 
Մխիթար Գոշի արձանը Գոշավանքի մոտ

Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։

Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12 դդ պատմությունը։ Մխիթար Գոշը թողել է հսկայական ժառանգություն, «իմաստախոհ գրքեր ուսումնասերների օգտի համար»։ Միջնադարյան հայ մատենագրություններում Մխիթար Գոշի անվամբ հանդիպում են միջնադարյան հայ մատենագրության մեջ աղոթքներ, ճառեր, քարոզներ, մեկնաբանություններ, թղթեր, ժամանակագրություն և այլն։ Գոշի թողած հսկայական ժառանգության մեջ, սակայն առանձնանում են նրա «Առակների» ժողովածուն և «Դատաստանագիրքը»։

Մխիթար Գոշի գրչին պատկանող ստեղծագործությունները համեմված ժամանակի շունչով և նրա կողմից կատարված ահռելի աշխատանքի արդյունքում ծնվեց նրա հիրավի ամենից կարևոր աշխատությունը, որը հետագա սերունդների և իր ժամանակակիցների համար հիմք հանդիսացավ հայ իրավական մտքի զարգացման համար։ Մխիթար Գոշի աշխատություններում ամբողջապես արտացոլված է նրա վերաբերմունքը պետական իրավական համակարգի առկայության կարևորության մասին իր պատկերացումները։ Մխիթար Գոշը կարևորում էր հասարակական կյանքում հզոր և կենտրոնացված պետության առկայությունը։ Այս ամենին զուգահեռ Գոշը շատ լավ էր հասկանում սեփական սովորութային օրենքների և այլ օրենսդրությունների ներգրավվումը ժողովրդի հասարակական կյանքում, որի արդյունքում ձևավորվեց նրա առակների և օրենքների ժողովածուն։ Առակների միջոցով Գոշը ձգտում էր ժողովրդի մեջ տարածել բարոյականության և հասարակության մասին իր պատկերացումները, իսկ ահա նրա դատաստանագիրքը, ոչ միայն հայ, այլև աշխարհի շատ ժողովուրդների մոտ ընդունվեց որպես ժամանակի լավագույն օրենքների ժողովածու։ Գոշի դատաստանագիրքը ներառում է բազմաթիվ անխախտ օրենքների ժողովածուներ, սակայն ամենից կարևոր հանգամանքն այն է, որ Գոշի կատարած աշխատանքի արդյունքում հայոց իրավական միտքը ապրեց իր ծաղկուն ժամանակներից մեկը։ Գոշի դատաստանագիրքը գրելու ժամանակ (1184 թվականին Գոշը սկսեց դատաստանագիրքը) չկար հայոց անկախ պետականություն, անգամ իշխանությունները գտնվում էին սելջուկյան ամիրայությունների իշխանության ներքո։ Իրավագիտության պատմության մեջ սա այն եզակի դեպքերից է, երբ չունենալով պետականություն՝ որևէ հասարակության մեջ ստեղծվում է նմանատիպ օրենքների ժողովածու։

Դատաստանագիրք

խմբագրել

Հայ իրավունքի հուշարձանն է Դատաստանագիրքը։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։ Գյանջայի մուսուլման ամիրաները թույլատրում էին քրիստոնյաներին ունենալ սեփական օրենքները, սակայն նրանց օրենքները ամբողջական չէին, այսպիսով նրանք շատ հաճախ դիմում էին մուսուլմանական դատարաններ։ Այս հանգամանքը հաճախ ունենում էր վատ հետևանքներ, և Գոշն սկսեց իր հայտնի դատաստանագրքի աշխատանքները, որպեսզի կանխի մուսուլմանական դատարանների ոտնձգությունները քրիստոնյաների նկատմամբ։ 1184 թվական գրված այս աշխատությունը անվանվեց Դատաստանագիրք Մխիթար Գոշի կամ Հայկական դատաստանագիրք, այն դարձավ հայերի համար գլխավոր օրենսդրություն։ Դատաստանագրքում արտացոլված են միջնադարյան Հայաստանին համապատասխան օրենսդրություն, ժամանակի ընթացքում Դատաստանագիրքը դարձավ հայոց մեջ հիմնական օրենսդրական ակտը, որը տարծվեց նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում։ Դատաստանագիրքը կազմված է Ա, Բ, Գ խմբագրություններից։ Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից, որը կազմված է 251 հոդվածից։ Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ, սակայն համառոտ է և տարբերվում է ըստ էության։ Համաձայն Գոշի իրավագրքի՝ պետությունը և եկեղեցին հասարակության երկու կարևոր հիմնասյուներն են։ Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական (130 հոդված) և եկեղեցական մասերի (124 հոդված)։ Գրքում մեղավորությունը բաժանվում է երկու առանձին բաղադրիչների՝ եկեղեցական և աշխարհական, սրան համապատասխան Գոշը առանձնացնում է պատժի երկու ձև՝ մարմնական-նյութական և եկեղեցահոգևորականական (մահապատիժ, ձերբակալություն, նյութական, ֆինանսական տույժեր)։ Պատիժը, համաձայն նրա, չպետք է հետապնդի ֆիզիկական նպատականեր կամ վրեժի նպատակ, այլ պետք է ուղղված լինի զղջման, ուղղման և մարդու վերադաստիարակման։ Համաձայն Գոշի՝ ամեն մարդ տիրապետում է իր բնական իրավունքին, որի հիմնական պատճառ է համարում աստծո կողմից շնորհված մարդկային գիտակցությունը։ Գոշի առաջադիմական հայացքն այն է, որ նա մահապատժի փոխարեն առաջարկում է հանցագործին մարմնական պատիժների ենթարկել։ Դատաստանագրքի գրման ժամանակ Գոշը ուսումնասիրել և օգտագործել է մովսիսական օրենքները, հայոց կանոնական իրավունքը, հայ սովորութային իրավունքը։ Առաջին անգամ որպես պարտադիր օրենք այն օգտագործվել է Կիլիկյան Հայաստանում։ « Գիրք դատաստանի»-ն առաջին անգամ հայերեն հրատարակվել է Վ. Բաստամյանցը՝ 1880-ին։ Դարերի ընթացքում Գոշի այս աշխատությունը օգտագործվել է ոչ միայն Հայաստանում և Կիլիկիայի հայակական թագավորությունում, այլև հայկական գաղթօջախներում, Լեհաստանում, Հնդկաստանում, Վրաստանում։ 18-րդ դարում Վրաստանում Մխիթար Գոշի կանոնները օգտագործվել են Վախթանգի կանոնների մեջ և դրանում արտացոլվել են առանձին գլխով՝ կոչվելով հայկական օրենքներ։ Մատենադարանում պահպանվել են Գոշի Դատաստանագրքի 40-ից ավելի օրենքներ։

Դեռևս Միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով, կիրառվել է հայ գաղթօջախներում։

Պետությունը Գոշի աշխատություններում

խմբագրել

Մխիթար Գոշի կողմից առաջ քաշված գաղափարները պետականության վերստեղծման մասին խիստ կարևոր էին։ Նույն ժամանակներում Կիլիկյան Հայաստանում գործունեություն էր ծավալում Տարսոնի եպիսկոպոս Ներսես Լամբրոնացին, ով ևս աչքի էր ընկնում նմանատիպ գաղափարներով։ Լամբրոնացին ևս ձգտում էր Կիլիկիայում հայկական թագավորություն ստեղծել, այսպիսով նա սերտորեն համագործակցում է Լևոն Բ Մեծի հետ, ով հետագայում բազմեց Կիլիկիայի հայկական թագավորության գահին։ Լամբրոնացին և Գոշը լավագույնս ներկայացնում էին պետականության վերստեղծման ուղիները։ Ի տարբերություն Լամբրոնացու՝ հայ և կաթոլիկ եկեղեցիների սերտ համագործակցության գաղափարների՝ Գոշը խոսում էր եկեղեցու և օրենքների գերակայության և անկախության մասին։ Գոշի Դատաստանագիրքը վկայում է այն մասին, որ նա կողմ էր անկախ պետության, որը հնարավորություն կտար հայկական գործոնի հզորացմանը։ Այս նպատակաով նա իրականացրեց որոշակի միջոցառումներ։ Լամբրոնացին իր նպատակների իրականացման համար նախաձեռնեց հայ և կաթոլիկ եկեղեցիների միավորման գործընթացը։ Ներսեսը նախաձեռնեց օրենքների ժողովածու, որի նպատակն էր հասնել հայ և լատին եկեղեցու միարարությանը։ Լամբրոնացու աշխատությունը հիմնականում նպատակաուղղված էր կրոնական խնդիրների կարգավորմանը։ Սրան հակառակ Գոշի աշխատանքի նպատակն էր հասնել այն բանին, որ Հայաստանում ստեղծվի հայկական անկախ թագավորություն, որը կունենա սեփական օրենքների ժողովածուն և այդպիսով կախված չի լինի արտաքին միջամտության վտանգից։ Սրան զուգահեռ Մխիթարը չի անտեսում արտաքին գործոնները, բայց շեշտը դնում է ներքին ուժերի համախմբանը և հզորացմանը մեկ ճշմարիտ գաղափարի շուրջ։ Ըստ Մխիթար Գոշի՝ պետք է միավորել բոլոր ներքին ուժերը։ Ավատատերերին պետք է ստիպել հեռու վանել իրենց ավատական ընչաքաղցությունը և ձգտել հզորացնել սեփական տիրույթները։ Գոշը իր աշխատանքում խոսում է մեկ ընդհանուր պետության ստեղծման անհրաժեշտության մասին։ Այս հանգամանքները հաշվի առնելով է, որ Մխիթարի այս ձեռնարկը համարվում է պահանջների բավարարման լավագույն մեխանիզմներից մեկը։ Դատաստանագիրքը փաստացի ապահովում է և՛ ներքին, և՛ վերին խավի պահանջները, որը կարևոր նշանակություն ունի ցանակացած իրավական համակարգում։

Առակներ

խմբագրել

Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ բազմազան գծերով արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ Աստծուց։ Սակայն, հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրանց պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում ևս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագրվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։

 
Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը։

Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություններ են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտություն–հիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական–գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։

Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել։ Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում։ Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից։ Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ։

Ժամանակագրություն

խմբագրել

Համարվում է ժամանակագրության հեղինակ։ Այս հիշատակության բնօրինակ տեքստը անվերնագիր է։ Ղևոնդ Ալիշանը XIX-XX դարերում այս աշախատությունն անվանել է Աղվանից երկրի իրադարձությունները XII դարում։ 1958 թվական առաջին անգամ հայտնի հայագետ Դոուսենը այն անվանել է Աղվանական ժամանակագրություն։ Աղվանքը Միջնադարում կրել է հայկական իշխանությունների ազդեցությունը։ Դոուսետը նաև նկարագրում է այդ պատմական աշխատությունը՝ իբրև հայկական պատմագրության աղբյուրներից մեկը։

Մխիթար Գոշի տնտեսագիտական հայացքները

խմբագրել

Մխիթար Գոշը, լինելով ֆեոդալական հասարակարգի գաղափարախոս, այդ տնտեսակարգի հիմքը համարել է ֆեոդալական սեփականությունը և բնական է, որ հանդես է եկել նրա պաշտպանությամբ։ Նա հողի և ունեցվածքի ֆեոդալական սեփականության ռացիոնալ օգտագործումը համարել է այդ տնտեսակարգի ամրապնդման և զարգացման հիմք և այդ տեսանկյունից էլ քննարկել է ֆեոդալական տնտեսությունների կազմակերպման և զարգացման հետ կապված սոցիալ-տնտեսական հարաքբերությունները։ Մխիթար Գոշը ֆեոդալական աստիճանակարգված ենթակայության հիմքը համարել է սեփականատիրական հարաբերությունները։ Իշխանների տեղը հասարակական աստիճանակարգում որոշվում է ըստ նրանց ունեցվածքի և բնական ու հասարակական հարստությունների նկատմամբ ունեցած իրավունքների[փա՞ստ]։

Գոշի տնտեսագիտական ուսմունքում զգալի տեղ է հատկացված աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերին։ Հեղինական առանձնացրել է աշխատանքային հարաբերությունների երկու տեսակ՝ ճորտային և վարձու աշխատանքներ՝ տարբեր վերաբերմունք դրսևորելով դրանց նկատմամբ։ Նա գտնում էր, որ վարձու աշխատողները պետք է նյութական պատասխանատվություն կրեն արտադրության միջոցների և արտադրանքի անվնաս պահպանման ու ռացիոնալ օգտագործման, ինչպես նաև իրենց տնօրինության տակ գտնվող նյութական բարիքների ու արտադրանքի որակի համար[փա՞ստ]։

Մխիթար Գոշի աշխատություններում որոշակի գաղափարներ են արտահայտված նաև միջնադարյան Հայաստանում ձևավորվող ապրանքա-փողային հարաբերությունների վերաբերյալ։ Հատկանշական է, որ Գոշը նույնպես ընդունում է ոսկու իշխանության ուժը, սակայն այն վերապահությամբ, որ դրա առջև միշտ չէ, որ բոլորը խոնարվում են։ Նա անդրադարձել է նաև փոխատվության, փոխադարձ օգնության, գրավադրման գործառնությունների առանձնահատկություններին, որոնցից առավել ուշագրավ է փոխատվության գործառնության նրա մեկնաբանությանը։ Վաշխառությունը Գոշը համարել է ոչ հարգի գործունեություն, սակայն նկատել է, որ առանց դրան տնտեսությունը չի կարող նորմալ գոյատևել[փա՞ստ]։

Աշխատություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել
  • Առակք։ Ոտանաւորք, Վենետիկ, 1790, 216 էջ։
  • Առակք, Վենետիկ, 1842, 188 էջ։
  • Առակք, Վենետիկ, 1854, 188 էջ։
  • Դատաստանագիրք հայոց, Վաղարշապատ, 1880, 442 էջ։
  • Խրատք ոգեշահք, Վենետիկ, 1933, 84 էջ։
  • Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Առակներ, Երևան, 1951, 142 էջ։
  • Գիրք դատաստանի, Երևան, 1975, 644 էջ։
  • Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Առակներ, Երևան, 1986, 80 էջ։
  • Դատաստանագիրք, Երևան, 2001, 160 էջ։
  • Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Միջնադարյան Հայաստանի առակները, Երևան, 2007, 92 էջ։
  • Դատաստանագիրք, Երևան, 2008, 244 էջ։
  • Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Միջնադարյան Հայաստանի առակները, Երևան, 2010, 120 էջ։
  • Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Առակներ, Երևան, 2012, 92 էջ։
  • Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Միջնադարյան Հայաստանի առակները, Երևան, 2014, 96 էջ։
  • Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Հայկական առակներ, Երևան, 2015, 112 էջ։

Նշումներ

խմբագրել
  1. Եւ բազում հնչեաց ի մեր փորձութիւնք, ներքոեյ եւ արտաքոյ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթար Գոշ» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթար Գոշ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթար Գոշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 630