Թովմա Մեծոփեցի
Թովմա Մեծոփեցի (1378, գյուղ Աղի (Արճեշի մոտ) – 1446 թ. մայիսի 15, Ակոռի (Մասյացոտն գավառ), թաղվել է Մեծոփավանքում), պատմիչ, մանկավարժ, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչ։ Ուսանել է Մեծոփավանքում՝ Հովհաննես Մեծոփեցու մոտ (1386-93), այնուհետև՝ Խառաբաստավանքի վարդապետարանում՝ աշակերտելով Սարգիս Ապրակունեցի, ապա՝ Վարդան Հոգոցվանեցի րաբունապետներին։ 1406 թվականից սովորել է Տաթևի համալսարանում՝ Գրիգոր Տաթևացու մոտ։ 1410 թվականին Թովմա Մեծոփեցին ստանձնել է Մեծոփավանքի վանահայրությունն ու վարդապետարանի րաբունապետությունը՝ պաշտոնավարելով ավելի քան 30 տարի։
Թովմա Մեծոփեցի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1378[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալի, Թուրքիա[3][4] |
Մահացել է | մայիսի 24, 1446[3][4] |
Մահվան վայր | Ակոռի, Թուրքիա[3][4] |
Գերեզման | Սուրբ Աստվածածնի վանք[3] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Տաթևի համալսարան[3] |
Մասնագիտություն | պատմաբան, ուսուցիչ, մշակութային գործիչ և հասարակական գործիչ |
![]() |
Թովմա Մեծոփեցու գործունեության ընթացքում Մեծոփա դպրոց են հրավիրվել ճանաչված մասնագետներ, ստեղծվել են դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ։ Դպրոցի մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայկական բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծոփը դարձել է գրչության կարևոր կենտրոն, որտեղ Թովմա Մեծոփեցին ուսուցանել է գրչության արվեստ, պատրաստել գրագիրներ, գրիչներ, գրչության արվեստի ուսուցիչներ։ Թովմա Մեծոփեցին մի շարք պատմական աշխատությունների հեղինակ է։ Ամենահայտնին «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» (1860, քննական բնագիրը աշխատասիրությամբ Լ. Խաչիկյանի, 1999) երկն է[5], որն ընդգրկում է 1386–1440 թվականների իրադարձությունները։ Այն XV դ. պատմ. հազվագյուտ երկերից է, կարևոր աղբյուր Լենկթեմուրի, ինչպես նաև կարակոյունլու և ակկոյունլու քոչվոր ցեղերի մղած պատերազմների շրջանի Հայաստանի ու Միջին Արևելքի պատմության ուսումնասիրման համար։ Մեծոփեցու պատմական երկերից է նաև «Յիշատակարանը» (1892), որը վերաբերում է Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայի մայրաքաղաք Սսից Վաղարշապատ տեղափոխելուն։
Մեծոփեցին նաև սրբագրել, խմբագրել ու մշակել է կրոնա-դավանաբանական, ծիսական, երաժշտական, գեղարվեստական և մեկնողական բազմաթիվ երկեր։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Faceted Application of Subject Terminology
- ↑ CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 201—202.
- ↑ 4,0 4,1 4,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1.
- ↑ Թովմա Մեծոփեցի - Պատմագրութիւն
Արտաքին հղումներ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 201)։ |