Նիկիական հանգանակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկիական հանգանակ կամ «Նիկիո հավատի հանգանակ», Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփում, որն ընդունվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովի ժամանակ։ Ժողովը գումարվել է 325 թվականին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին։ Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 հայրապետներ, այդ թվում Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը և եկեղեցու այլ նշանավոր եպիսկոպոսներ։ Առաջին տիեզերական ժողովի հրավիրման շարժառիթն էր Ալեքսանդրիայի քահանա Արիոսի հերետիկոսական ուսմունքի քննությունը և դատապարտումը։ Արիոսը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից առաջ, Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը։ Միակ անծնունդը, հավիտենականը և անսկիզբը Հայր Աստվածն է։ Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված։ Դա Հայր Աստվածն է։ Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն։ Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ՝ ոչնչից։ Կար ժամանակ, երբ Որդին չկար։ Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները։ Նա ժխտում էր Հիսուսի հավասարությունը Հայր Աստծո հետ և չէր ընդունում Հիսուսի Աստված լինելը։ Այլ խոսքով Որդին չի եղել, այլ առաջացել է, այսինքն արարած է։ Նրա համար Հիսուսը պարզապես գերմարդկային մի արարած էր։
Հանգանակին հաջորդում է եկեղեցական նզովք, որը դատապարտում է հերետիկոսական ուսմունքները։ Գրիգոր Լուսավորիչը Հանգանակին ավելացրել է փառաբանություն, որը հաջորդում էր նզովքին։ Փառաբանական մասը Աստծու նկատմամբ երախտագիտության կարճ արտահայտությունն է։
Հանգանակի վերջին բառը՝ «Ամեն»-ը, Հայ Եկեղեցու պատարագում ասվում է Գրիգոր Լուսավորչի փառաբանությունից հետո։
Նիկիական Հանգանակի տեքստը
խմբագրելՀաւատամք
խմբագրելԳրաբար | Աշխարհաբար |
---|---|
Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից։ և ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղև յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։ Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի և զմիտ, և զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ո՛չ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։ Հաւատամք և ի սուրբ Հոգին, յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, և բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, և ի կեանսն յաւիտենականս։ | Հավատում ենք մեկ Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին։ և մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե՝ արարած։ Նույն ինքը՝ Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա՝ երևելիներն ու անևերույթները։ Որ հանուն մեզ՝ մարդկանց ու մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս. Հոգով։ Որով՝ ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում։ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին։ Նրա թագավորությունը չունի վախճան։ Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղ և կատարյալ, որը խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով։ Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ։ Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության։ Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի։ |
Նզովք
խմբագրելԳրաբար | Աշխարհաբար |
---|---|
Իսկ որք ասեն՝ էր երբէմն յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն՝ յորժամ ո՛չ էր սուրբ Հոգին. կամ թէ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ և կամ զսուրբ Հոգին. և թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ և առաքելական սուրբ Եկեղեցի։ | Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ ոչէից եղան, կամ ասում են՝ այլ էությունից են Աստծո Որդին և կամ Սուրբ Հոգին և թե փոփոխելի են կամ այլայլելի, այնպիսիններին նզովում է Կաթողիկե և Առաքելական Սուրբ Եկեղեցին։ |
Գրիգոր Լուսավորչի փառաբանություն
խմբագրելԳրաբար | Աշխարհաբար |
---|---|
Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիր պագանելով Սրբոյ Երրորդութեանն և միոյ Աստուածութեանն՝ Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն։ | Իսկ մենք փառավորենք Նրան, Ով հավիտյաններից առաջ է, երկրպագելով Սուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։ |
Արտաքին հղումներ
խմբագրել- Ներսես Լամբրոնացի Մեկնություններ «Հավատամքի» և «Հայր մեր»-ի։ - Էջմիածին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2007.- 104 էջ։(չաշխատող հղում)
- Պատարագամատոյց Հայաստանեայց Սուրբ եկկեղեցւոյ Արխիվացված 2020-01-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիական հանգանակ» հոդվածին։ |