Բջնի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բջնի (այլ կիրառումներ)
Բջնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես՝ 42.81 կմ2։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։
Գյուղ | ||
---|---|---|
Բջնի | ||
Բջնի գյուղի համայնապատկեր։ Ձախից Հրազդան գետն է | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Հրազդանի շրջան | |
Մակերես | 42.81 կմ² | |
ԲԾՄ | 1610 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2888 մարդ (2012[1]) | |
Խտություն | 70.3 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | հայեր, եզդիներ | |
Տեղաբնականուն | բջնեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +(374)226 | |
| ||
Բնակչություն
խմբագրելՆախնիների մի մասն այստեղ են հաստատվել 1915-1920 թթ.-ին հին Բայազետի Արծափ գյուղից, Վանից և Պոլսից։
Բջնիի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1873 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1056 | 2074 | 1589 | 1918 | 1738 | 2393 | 2882 | 2547[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և թռչնաբուծությամբ։ 1967 թվականին գյուղում հայտնաբերվել է՝ ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատքլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր, որը կապված էր տեկտոնական խախտումների հետ։ ԽՍՀՄ տարիներին գործել է Բջնիի հանքային ջրերի գործարանը, ներկա պահին այն չի գործում։
Վերջին շրջանում մեծ թափով գյուղում զարգանում է զբոսաշրջությունը՝ ՄԱԿ-ի և համայնքի ջանքերով կառուցվել է թանգարան(Բջնիի ամրոցի հավաքածու), իսկ արևային մարտկոցների շնորհիվ տեղադրվել է լուսավորություն ամրոցի պարիսպների մոտ,որը գիշերային ժամերին մեծ շուք է հաղորդում նրան։ Գործում են հյուրատներ և հանգստյան գոտիներ։ 2016թ-ին գյուղի տուրիզմը զարգացնելու նպատակով նորոգվել է ճանապարհները։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԸնդհանուր առմամբ գյուղի տարածքում 1929 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերվել է բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, դամբարաններ, տապանաքարեր, գետնուղի-գաղտնուղիներ, մի քանի ավերված եկեղեցիների հիմքեր ու փլատակներ։ 1929 թվականին հետախուզական պեղումներ է կատարել Հայաստանի հուշարձանների պահպանման կոմիտեի արշավախումբը։ Բջնիի կենտրոնում են գտնվում Սուրբ Գևորգ (8-րդ դար) և Սբ. Աստվածածին (1031 թվական) եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար)։
Սուրբ Սարգիս եկեղեցի
խմբագրելԲջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին, սրբատաշ տուֆից 7-րդ դարում կառուցվել է Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Կառույցը իր արտակարգ փոքր չափերի (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) պատճառով խիստ պարզեցված է։
Բջնիի ամրոց
խմբագրելՄիջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ։
Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի)։ Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ։ Մուտքը հյուսիսային կողմից է։ Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով։ Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել։ Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր։ Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը։ Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին։ Բերդը ավերվել և ամայացել է 16-17-րդ դարերում։
1977-1978 թվականներին, Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են 9-ից 10-րդ դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին։
2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները։
Պատմական ակնարկ
խմբագրելԲջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Առաջին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին։ Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր։
11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան։
1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում։ 13-րդ դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։
1387-1388 թվականներին գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին։ 1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։
Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Մեզ են հասել 12-17-րդ դարերի այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր։ Ըստ տեղեկությունների՝ Բջնի բերդը կառուցել են Պահլավունիները՝ 11-րդ դարում։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։ Մեզ են հասել XII-XVII դդ. այնտեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր։ Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի պատվերով՝ 1031 թվականին։ Բջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին, սրբատաշ տուֆից 7-րդ դարում կառուցվել է Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Եկեղեցու պատերին կան վիմափոր արձանագրություններ, ժայռապատկերների ոճով երկու կենդանապատկեր։ Վերանորոգվել է 1947 թվականին։
Հուշարձաններ
խմբագրելՏես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 49» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Բջնի գյուղ և նրա տեսարժան վայրերը». ONE WAY TOUR. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.