Մեսրոպ Ա Արտազեցի
Մեսրոպ Ա Արտազեցի (1359-1372), Ամենայն Հայոց կաթողիկոս 1359 թվականից։ Հաջորդել է Հակոբ Բ Անավարզեցուն։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Մահացել է 1372 թվականին Սսում, ամփոփվել է Սիս քաղաքի հայրապետական հանգստարանում։
Մեսրոպ Ա Արտազեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1372 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Մեսրոպ Արտազեցին նախապես եղել է Արտազի թեմի առաջնորդ և Սբ. Թադեի վանքի վանահայր։ Իր գործունեությամբ Հայոց հայրապետը պայքարել է լատինամոլության դեմ և պաշտպանել Հայ եկեղեցու ավանդությունը, դավանությունն ու հնավանդ ծեսը։ Այս է պատճառը, որ նրա գահակալության տարիներին ունիթորական շարժումը չկարողացավ ընդարձակվել Կիլիկիայում։
1364 թվականին Մեսրոպ Ա Արտազեցին հատուկ կոնդակով հիմնել է լեհահայոց արքեպիսկոպոսական թեմը։
Կաթողիկոսական գահին Մեսրոպ Ա Արտազեցուն հաջորդել է Կոնստանդին Ե Սսեցին։
Հակոբ Ա Անավարզեցուն հայրապետական աթոռի վրա փոխարինեց սբ Թադեոսի վանքի առաջնորդ Մեսրոպ Ա Արտազեցին։ Նրա ընտրությունն իրոք որ զարմանալի է և մտածել է տալիս, թե նա այդ ժամանակ ինչ-ինչ պատճառներով գտնվել է Սսում և ընտրվել է կաթողիկոս՝ թեկնածուների պայքարի հետևանքով։ Փորձ է արվել նրան նույնացնելու Խորձյանի եպիսկոպոսի հետ, սակայն դրա համար առանձին հիմքեր չկան։ Մեսրոպը հայոց հայրապետ ընտրվեց 1359 թվականին։ Արտազեցիները դեմ չէին ուսման և գիտության բնագավառում օգնություն ստանալ կաթողիկոսից, սակայն բոլորովին չէին ընդունում Լատին Եկեղեցու վերադասությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ։ Նրանք անհողդողդ էին Հայոց Եկեղեցու դավանաբանության պաշտպանության հարցերում։ Մեսրոպին հաջողվեց իր ճկուն քաղաքականությամբ կրքերը հանդարտեցնել, բախումների առիթ ծառայած հանգամանքները վերացնել կամ ըստ հնարավորինս նվազեցնել։
Լատինների կողմից հանդիպելով դիմադրության՝ նա վճռական միջոցներ ձեռնարկեց՝ մտքերը հանդարտեցնելու համար։ Կոստանդին թագավորի համաձայնությամբ նա Սիսում ժողով գումարեց, որը որոշում ընդունեց բաժակին ջուր խառնելը խափանել և ջրախառն բաժակի կիրառությունը Կիլիկիայում դադարեցնել։ Եթե ճիշտը խոստովանենք, մինչ այդ դա միայն կիրառվում էր, փաստորեն, Սսում և այն էլ՝ ոչ ամենուրեք։ Ժողովի մասին, դժբախտաբար, մանրամասներ չեն պահպանվել, սակայն նրա նշանակությունը վեր է ամեն կասկածից, ինչը փորձում են ժխտել լատինասերները։ Սիսի նոր՝ 1361 թ. ժողովը փաստորեն մերժեց Սիսի և Ադանայի ժողովի ընդունած որոշումները՝ կաևոր դեր խաղալով Հայոց Եկեղեցու պատմության մեջ։
Գնալով վատանում է Կիլիկիայի Հայոց թագավորության վիճակը։ Երկիրը պարզապես գնում էր դեպի անկում։ Եվ մեծ էր այդ գործընթացում լատինամոլների դերը։ Հալեպի կառավարիչ Բեկ-Թիմուրը 1360 թվականին գրավեց Տարսոնը և Ադանան, իսկ Կիպրոսի թագավորությունը՝ Կոռիկոսի անառիկ բերդը։ Բավարար ուժեր չունենալով՝ Կոստանդին արքան աշխատում էր գոնե մնացածը պահպանել։ Երկրի աղետները նրան գերեզման իջեցրին 1363 թվականին։ Նա թագավորեց 19 տարի և որքան կարողացավ, աշխատեց երկարաձգել թագավորության անկումը։ Նրա մահից հետո Կիպրոսի թագավոր Պետրոս Ա-ն կամեցավ հայոց գահ բարձրացնել Ջիվան Լուսինյանի 24 տարեկան որդուն՝ Բոհեմունդին, սակայն նա մահացավ Վենետիկում, երբ ուղեկցում էր Կիպրոսի թագավորին՝ Հռոմի պապին այցելելիս։ 1369 թ ապրիլի 11-ին վերցվեց հատուկ պապական կոնդակ՝ Բոհեմունդի եղբոր՝ Լևոնի անունով, որը, սակայն, այդպես էլ մնաց Կիպրոսի թագավորի մոտ։
Թագավորական իշխանության համար պայքար սկսվեց Լուսինյանների և մի շարք բախտախնդիրների միջև, որոնցից էին Լևոն Լուսինյանը և Նիկոլ Լուսինյանը։ Այս պայքարում ուժեղացավ Նզրեցիների կողմը, և գահ բարձրացավ Կոստանդինի հորեղբորորդի Կոստանդինը, որն արքունի Հեթում Ջամբռլայի կամ սենեկապետի որդին էր։ Նոր գահակալը թագավորեց 1363 թվականից՝ 40 տարեկան հասակում՝ իշխելով 10 տարի։ Անունների նմանությունը պատճառ է դարձել հաճախ նրանց նույնացնելուն։ Հայոց թագավորին հաջողվեց իշխաններին իր շուրջը համախմբել, լեզու գտնել Կիպրոսի թագավորի հետ և դրանով խափանել Լևոն Լուսինյանի՝ իր դեմ գործերը։ Պատահական չէ, որ Կիպրոսի Պետրոս Ա թագավորն այդպես էլ պապի կոնդակը մեջտեղ չբերեց։ Սակայն, եթե Լևոն Լուսինյանը տեղյակ էլ լիներ կոնդակից, գործնականում ոչինչ անել չէր կարող։
Կոստանդին Նզրեցին թեկուզև թագավորեց 10 տարի, սակայն իր գործունեությամբ որևէ կերպ աչքի չընկավ։ Գնալով նվազեցին թագավորության սահմանները և տարածքը, Սիսը գործնականում հայտնվեց շրջապատման մեջ։ Կոստանդինի հույսը Կիպրոսի թագավորությունն էր արտաքին քաղաքականության ասպարեզում, իսկ ներքին քաղաքականության մեջ ատելի էր դարձել՝ հարստություն ձեռք բերելով ժողովրդին կեղեքելու միջոցով։ Նա այնքան զզվեցրել էր իր հպատակներին, որ նրանք 1368 թվականին փորձեցին թագավորությունը հանձնել Պետրոս Ա-ին։ Վերջինս Կիլիկիայի թագավորությունն իր պետությանը կցելու կարիք չուներ, քանի որ այն ճանաչում էր նրա գերագույն իրավունքը։ Սակայն շատ չանցած՝ թերևս 1369 թվականին, նա էլ սպանվեց Կիպրոսի ավագանու կողմից։ Նրան գուցե և ավելի էին ատում Կիպրոսում, քան Կոստանդինին՝ Կիլիկիայում։ Նրան հաջորդեց իր 9-ամյա որդի Պետրոս Բ-ն, որի խնամակալը դարձավ Հովհաննես Լուսինյանը։ Կոստանդինին հաջողվեց լեզու գտնել նաև Հովհաննես Լուսինյանի հետ՝ ուղարկելով հարուստ ընծաներ և պարգևներ։ Ուստի Հովհաննես Լուսինյանը ևս կոնդակը թաքցրեց։
Կիլիկիայի թագավորությունը ենթարկվում էր եգիպտացիների համառ գրոհներին։ Եթե նրանց զսպում էին Կիպրոսի նավատորմի հարվածները, ապա Պետրոս Ա-ի սպանությունից հետո անսանձ դարձան։ Սակայն Լիպարիտ զորավարը կարողանում էր հաջող գրոհներով պարտության մատնել եգիպտացիներին։ Սակայն շուտով նա էլ սպանվեց, և նրա գործը շարունակեց Հեթումը՝ աչքի ընկնելով իր մեծ խիզախությամբ։ Դժբախտաբար նա էլ սպանվեց Գրիգոր անունով մի դավաճանի կողմից։ Սիսը գտնվում էր օրհասական վիճակում։
Կոստանդինը լատինասեր չէր, բայց ունիթորների ազդեցությունը երկրում և մասնավորապես Սսում մեծ էր։ Վերջիններս գտնում էին, որ պետք է օգնության համար դիմել Եվրոպային և մասնավորապես Հռոմի պապին։ Կոստանդին թագավորի այրին՝ Մարիամ թագուհին, անցել էր լատինասերների գլուխ և պատվիրակություն ուղարկել Արևմուտք՝ օգնության խնդրանքով։ Ուրբանոս Ե պապը, որ պապական աթոռը կրկին տեղափոխել էր Հռոմ, Մարիամ թագուհուն ամուսնացնելով Բրունսվիքի Օթոն իշխանի հետ, փորձեց ուժեղացնել Կիլիկիայի թագավորությունը։ Գործարքը չհաջողվեց, սակայն Լուսինյաններն ավելի համարձակ դարձան։ Մեսրոպի գործունեության մասին աղբյուրները լռում են։ Պարզ է մի բան, որ նա Լուսինյաններին չի նպաստել։ 1372 թվականին նա մահացավ։
Մեսրոպ կաթողիկոսի օրոք, ինչպես տեսանք, ուժեղացան Նախիջևանի կաթոլիկ հայերը, որոնք յոթ վանքերում հարյուրի չափ միաբաններ ունեին։ Ծանր ժամանակներ ապրեց Երուսաղեմի աթոռը։ Պետրոս Ա-ն 1365 թվականին կարողացել էր գրավել Ալեքսանդրիա քաղաքը և ջախջախել եգիպտացիներին՝ մեծ ավերածություններ գործելով և կոտորածներ կազմակերպելով։ Տեղեկություն է պահպանվել, որ իբր միայն 12 հազար կույս աղջիկ է գերի տարել։ Եգիպտացիներն իրենց վրեժը փորձեցին լուծել Պաղեստինի քրիստոնյաներից։ Սկսվեցին հալածանքներ, փակվեցին եկեղեցիներ, կրոնափոխության փորձեր արվեցին, և շատերը մահվան դատապարտվեցին։ Սբ Հարության տաճարը չորս տարի փակ մնաց, իսկ Սբ Հակոբի հայ միաբանությունը երկու անգամ տարվեց Գազա՝ դատելու համար։ Տանջանքների ենթարկվեց Մկրտիչ պատրիարքը, բրածեծ լինելով՝ նահատակվեցին Գրիգոր և Կիրակոս աբեղաները և ուրիշներ։ Միայն չորս տարի անց հալածանքները դադարեցին, և Մկրտիչ պատրիարքը վերահաստատվեց իր պաշտոնում։
Ծանր է նաև Աղթամարի աթոռի վիճակը։ Ներսես Ա Փոլատ կաթողիկոսի օրոք այն միայն 15 միաբան ուներ։ Նրան հաջորդեց Զաքարիա մարտիրոսը։ Ամենուրեք տիրում էր խեղճություն և տառապանք։ Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 1372 թվականին Սսում։ Ամփոփվել է Սիս քաղաքի հայրապետական հանգստարանում։ Մեսրոպ Արտազեցին նախապես եղել է Արտազի թեմի առաջնորդ և Ս. Թադեի վանքի վանահայր։ Կոստանդին Գ Կեսարացու (1307–1322) կաթողիկոսության առաջին տարիներից սկսած՝ 1307 թվականի Սսի և 1309 թվականի Ադանայի ժողովների լատինամոլ որոշումների հետևանքով (Հաղորդության բաժակին ջուր խառնել, Սուրբ Ծնունդը տոնել դեկտեմբեր 25–ին և այլն), հուզումներ էին առաջ եկել ժողովրդի և հոգևորականների միջև։ Իր հայրապետական գործունեությամբ Մեսրոպ Ա Արտազեցին պայքարել է լատինամոլության դեմ և պաշտպանել Հայ եկեղեցու ավանդությունը, դավանությունն ու հնավանդ ծեսը։ 1361 թվականին Կոստանդին IV թագավորի հետ համախորհուրդ նա գումարել է Սսի ժողովը՝ ժողովրդի և հոգևորականների միջև ծագած հուզումները հարթելու և կաթոլիկական ծեսերի դեմ պայքարելու համար։ Մեսրոպ Ա Արտազեցու կաթողիկոսության տարիներին ունիթորական շարժումը չկարողացավ ընդարձակվել Կիլիկիայում։ Փոխարենը կաթոլիկությունն իր դիրքերը զորացրել է Արևելյան Հայաստանի գավառներում, ուր հաստատվել էր Թովմաս և Սամվել Ջահկեցի եղբայրների ջանքերով՝ 7 վանքերում ունենալով 100–ի չափ միաբաններ։ 1364 թվականին Մեսրոպ Ա Արտազեցին հատուկ կոնդակով հիմնել է լեհահայոց արքեպիսկոպոսարան։
Գրականություն
խմբագրել- Գր. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
- Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 469)։ |
Նախորդող՝ Հակոբ Բ Անավարզեցի |
Կաթողիկոս 1359-1372 |
Հաջորդող՝ Կոնստանդին Ե Սսեցի |