Սուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գայանե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գայանե վանք, միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում:
Սուրբ Գայանե եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արմավիրի թեմ և Արարատյան Հայրապետական թեմ |
Օծման թվական | V դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Էջմիածնի տաճարներ ու եկեղեցիներ և Զվարթնոցի հնագիտական վայր |
Կազմված է | Խաչքար, Բնակելի տուն, Գերեզմանոց, Գերեզմանոց, Հուշաղբյուր՝ Աննիկ Դերձակյանի, Հուշաղբյուր 1915 թ. Մեծ եղեռնի զոհ կարնոհայությանը, Միաբանության շենք, Նկուղ, Ջրհոր, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Գավիթ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 630 թվական |
Հիմնադրված | 7-րդ դար |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել:
ՃարտարապետությունԽմբագրել
Սուրբ Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը:
17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Սուրբ Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել: Փիլիպոս Ա Աղբակեցին 1652 թվականին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն:
1688 թվականին Եղիազար Ա Այնթապցին կառուցել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Ս. Գայանե եկեղեցուն արևմտյան կողմից կցել եռակամար գավիթ-սրահ, նրա հարավային և հյուսիսային ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ շինել: Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն:
1764 թվականին Սիմեոն Ա Երևանցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու գահակալության տարիներին (1866–82) եկեղեցու վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը:
1910 թվականին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել սուրբ Գայանեի գերեզմանի համար: 1959 թվականին Սուրբ Գայանե եկեղեցին նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան):
1960 թվականին վանքի տարածքում Մայր աթոռի՝ 1920 թվականից հետո թաղված միաբանների գերեզմանների վրա դրվել են մարմարե սալիկներով տապանաքարեր: 1976 թվականին Սուրբ Գայանե եկեղեցու շուրջը դարերի ընթացքում կուտակված լիցքը հեռացվել է, պատերի մեջ շաղախ է ներարկվել, և քայքայված քարերը փոխարինվել են նորերով:
1977–1980 թվականներին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ, վանքի միաբանության շենքերը նորոգվել են և օժտվել ժամանակակից հարմարություններով, քարե սալերով ծածկվել եկեղեցու տանիքը և գմբեթը: Եկեղեցու գավթում են ամփոփված Եղիազար Ա Այնթապցի, Աբրահամ Բ Խոշաբեցի, Ղազար Ա Ջահկեցի, Մինաս Ա Ակներցի, Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի, Ղուկաս Ա Կարնեցի, Դավիթ Ե Էնեգեթցի, Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսները, իսկ վանքի շուրջը՝ բազմաթիվ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, վանահայրեր, Մայր աթոռի բարերարներ, իշխաններ և նշանավոր այլ անձինք[2]:
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Monuments database — 2017.
- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 372 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
ԳրականությունԽմբագրել
- Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983:
- Սեբեոս, Պատմութիւն, Երևան, 1979:
- Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 1, Էջմիածին, 1842:
- Ալիշան Ղևոնդ, Այրարատ, Վենետիկ, 1890:
- Հարությունյան Վ., Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Էջմիածին, 1996:
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ) կատեգորիայում։ |