Լևոն Գ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն III (այլ կիրառումներ)
Լևոն Գ (հունվարի 24, 1236 - փետրվարի 6, 1289, Սիս), Հայոց թագավոր Կիլիկիայում 1269 թ.–ից։
Լևոն Գ | |
---|---|
Բազմակողմանի զարգացած մարզիկ | |
Իշխանություն | 1269 — 1289 |
Թագադրում | 1269 |
Լրիվ անուն | Լևոն Ռուբինյան |
Ծնվել է՝ | հունվարի 24, 1236 |
Ծննդավայր | Հայաստան |
Մահացել է՝ | փետրվարի 6, 1289 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Սիս |
Ազգություն | հայ |
Հաջորդող | Հեթում Բ |
Ուղեկից | Կեռան |
Տոհմ | Հեթումյաններ |
միապետ և գերիշխան | |
Հայր | Հեթում Ա |
Մայր | Զապել Ա Ռուբենյան |
Երեխաներ | Թորոս Գ, Սմբատ Ա Հեթումյան, Կոստանդին Բ, Հեթում Բ, Օշին Ա, Զաբել II, Ռիթա, Ֆիմի Հեթումյան և Ալինախ Հեթումյան |
Հեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը։
1256 թ.–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262 թ.–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։ Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Սև լեռների շրջանում մղած մարտում արքայազն Լևոն գերվեց և բանտարկվեց, իսկ նրա եղբայր Թորոսը սպանվեց։ Հեթում Ա որոշ զիջումներից ազատեց Լևոնին։ Տարսոն քաղաքում նա օծվեց թագավոր, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։ Լևոնի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր քաղաքական անբարենպաստ վիճակում։ Հարավ–արևելքից սպառնում էր հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թուրքերը։ Լևոնի ռազմական դաշինքը մոնղոլների հետ ձևական բնույթ ուներ, վերջիններս զբաղված էին իրենց տիրապետության հյուսիսային և արևելյան սահմանների պաշտպանությամբ։ Երկրի ներսում սրվել էին ավատատիրական պառակտությունները։ Իր գահակալման առթիվ, երբ Լևոնը բանտարկյալներին ներում շնորհեց, իսկ հպատակ իշխաններին դիմեց՝ կարոտյալներին օգնելու հորդորով, որոշ իշխանական տներ դժգոհեցին և սրեցին պայքարը կենտրոնական իշխանության դեմ։ Հանգամանքներից օգտվելով, 1275 թ.–ին Եգիպտոսի մամլուքների զորքերը ներխուժեցին Կիլիկիա։ Սիս քաղաքի մոտ Լևոնի բանակը՝ Սմբատ սպարապետի առաջնորդությամբ, ջախջախեց թշնամուն և ազատագրեց երկիրը։ Մամլուքների դեմ կռիվներում Լևոնը հաղթանակեց նաև 1276 թ.–ին։ Այնուհետև Լևոնը հաղթեց Իկոնիայի սուլթանին և թաթար–մոնղոլական օժանդակ ուժերով արշավեց Ասորիք։ Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ։ 1285 թ.–ին Եգիպտոսի սուլթանի հետ Լևոնը ստորագրեց 10–ամյա խաղաղության պայմանագիր։ Կողմերը գերիներին փոխանակեցին, և ազատ առևտրի իրավունք շնորհվեց վաճառականներին։
Ներքին քաղաքականություն
խմբագրելԼևոնի ներքին քաղաքականությունը նպաստել է երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ 1271 թ.–ին նա վերանորոգեց վենետիկցիների, իսկ 1288 թ.–ին՝ ջենովացիների հետ կնքած առևտրական պայմանագրերը։ Ջենովայի դիվանատանը ցարդ պահպանվում է 1288 թ.–ին ջենովացիներին շնորհած պարգևագիրը հաստատված Լևոնի կնիքով ու ստորագրությամբ։ Լևոնը հատել է ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ, որոնք շրջանառության մեջ են եղել նաև օտար երկրներում։ Լևոնի հովանավորությունն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին։
Ընտանիք
խմբագրելԿինը՝ Կեռան Հեթումյան երեխաներ՝
- 1. անհայտ որդի (1263/64 — † մանուկ հասակում)
- 2. Կոնստանդին (1265 — † մանուկ հասակում)
- 3. Ֆիմի (1266/67 — † մանուկ հասակում)
- 4. Հեթում Բ (1265 — † 1307)
- 5. Իզաբելլա (Զաբել) (1269/70 — † 1273-ից հետո)
- 6. Թորոս Գ (1270 — † 1298)
- կինը՝ Մարգարիտա Լուսինյան (1276 – † 1296)
- 7. Ռուբեն (1272/73 — † մանուկ հասակում)
- 8. Իզաբելլա (Զաբել) (1273/74 — † 1276-ից հետո)
- 9. Սմբատ (1277 — † 1308)
- կինը՝ մոնղոլական արքայադուստր (? – † ?)
- 10. Իզաբելլա Բ (Զաբել II) (1276/77 — † 1323)
- ամուսին՝ Ամորի Տիրիացի (1272 – † 1310)
- 11. Կոստանդին Բ (1277/78 — † 1308-ից հետո)
- 12. Ռիտա Բ (1278 — † 1333)
- ամուսին՝ Միխայիլ IX Պալեոլոգ (1277 – † 1320)
- 13. Թեոդորոս (1278/79 — † 1296)
- 14. Ներսես (1279/80 — † 1301)
- 15. Օշին (1283/84 — † 1320)
- կին՝ Իզաբելլա Կորիկոսացի (1277 – † 1320)
- կին՝ (? – † 1323)
- 16. Ալինախ (1283/84 — † 1310)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 590)։ |