Մովսես Գ Տաթևացի
Մովսես Գ Տաթևացի, (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես՝ Մովսես Գ Սյունեցի, Աճանանցի, Խոտանանցի, ծնվել է 1578, գ. Խոտանան (Սյունիք) – 1632, Երևան, ամփոփվել է Կոզեռնի գերեզմանոցում), Ամենայն հայոց կաթողիկոս 1629 թվականից։ Հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցուն։
Մովսես Գ Տաթևացի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1632[1] |
Գերեզման | Կոզեռն[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Կենսագրություն
խմբագրելԿրթություն ստանալով Տաթևի վանքում՝ 1592 թվականին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև 1606 թվականը աշակերտում Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի)։ 1610 թվականից Երուսաղեմում դարձել է Սբ. Հարություն տաճարի լուսարար։ 1613 թվականին վերադառնում է Տաթև, մտնում Սյունյաց Մեծ անապատ։ Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը։
Մոտ 1620 թվականին Երևանում քարոզում է Սուրբ Կաթողիկե եկեղեցում, վերաշինում Երևանի Սբ. Անանիա առաքյալ անապատը, կարգավորում է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացում Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները։ 1623 թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս, 1626 թվականին Սպահանում է։ Պարսից շահ Աբբաս I-ը, 1627 թվականի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Սուրբ Ծննդյան տոնի՝ նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը՝ Սբ. Էջմիածնի վանքի լուսարարի պաշտոն և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ։ 1627 թվականի հունիսից վերանորոգում է Սբ. Էջմիածնի վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները։ 1628 թվականի սկզբից հիշատակվում է որպես «ընտրեալ կաթողիկոս», պաշտոնապես օծվում է 1629 թվականի հունվարի 13-ին։
Մովսես Գ Տաթևացին շահից ստանում է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակներ։ Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերակենդանացնում է ավերված Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնում ու բարվոքում եկեղեցիներն ու վանքերը։
Կաթողիկոսական գահին Մովսես Գ Տաթևացուն հաջորդում է Փիլիպոս Ա Աղբակեցին։
Նախորդող՝ Դավիթ Դ Վաղարշապատցի |
Կաթողիկոս 1629–1632 |
Հաջորդող՝ Փիլիպոս Ա Աղբակեցի |
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ներսէս Ակինեան, Մովսէս Գ. Տաթեւացի Հայոց կաթողիկոսն եւ իր ժամանակը, Վիեննա, 1936։
- Կարապետ եպս. Ամատունի, Մովսէս Գ Տաթեացի կաթողիկոս Էջմիածնի, Վենետիկ-Ս. Ղազար, 1992 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» 39)։
Աղբյուրներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Մովսես Գ Տաթևացին «Նոյյան տապանի» հիշարժան տարեթվերում
- Մայիսի 14-ը Մովսես Տաթեւացու հիշատակության օրն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 40)։ |