Տերտուղիանոս
Քվինտոս Սեպտիմիոս Ֆլորենս Տերտուղիանոս (լատին․՝ Quintus Septimius Florens Tertullianus, մոտ 160[1], Roman Carthage, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն[2] - մոտ 240[1], Roman Carthage, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն), վաղքրիստոնեական նշանավոր աստվածաբան։ Շուրջ 40 երկերի հեղինակ, որոնցից մեզ են հասել 31-ը։ Առաջին քրիստոնյա հեղինակն է, որը մեծ թվով ստեղծագործություններ է թողել լատիներեն լեզվով։ Սկիզբ է տվել լատինական հայրաբանական դպրոցին և եկեղեցական լատիներենին, որի համար ստացել է «լատինական աստվածաբանության հայր» անունը։
Տերտուղիանոս լատին․՝ Quintus Septimius Florens Tertullianus | |
---|---|
Ծնվել է | մոտ 160[1] Roman Carthage, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն[2] |
Մահացել է | մոտ 240[1] Roman Carthage, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Դավանանք | Montanism? |
Մասնագիտություն | գրող, աստվածաբան և փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[3] |
Quintus Septimius Florens Tertullianus Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴատական հռետոր է եղել Հռոմում։ Ընդունելով քրիստոնեություն, մոտ 195 թվականին վերադարձել է Կարթագեն, հետագայում բախվել է եկեղեցու հետ։ Տերտուլիանոսի մտածողությանը բնորոշ է հակվածությունը պարադոքսներին։ Եթե իր ժամանակի քրիստոնեական մտածողները ձգտում էին մեկ համակարգի մեջ միավորել աստվածաշնչյան ուսմունքները և հունական փիլիսոփայությունը, ապա Տերտուլիանոսը ամեն կերպ ընդգծել է հավատի և բանականության խզվածությունը. «Աստծու Որդին խաչվեց. մենք չենք ամաչում, քանզի հարկ էր ամաչել։ Եվ աստծու Որդին մեռավ. դա լիովին հավաստի է, քանզի անմիտ է։ Եվ թաղվելուց հետո նա հարություն առավ. դա կասկածից վեր է, քանզի անհնար է»։ Վերացական տեսական բանականությանը Տերտուլիանոսը հակադրել է «բնական» պրակտիկ բանախոհությունը՝ հանդես գալով որպես կինիկների և առանձնապես հռոմեական ստոյիկների համախոհ։ Նա զարգացրել է կյանքում և ճանաչողության մեջ բնությանը վերադառնալու ծրագիր, կոչ արել գրքայնության շերտերը հաղթահարելով հասնել մինչև մարդկային հոգու նախասկզբնական ընդերքը։ Դրանով Տերտուլիանոսը հաստատել է էմպիրիզմն ինչպես միստիկական-հոգեբանական, այնպես էլ սենսուալիստական-ռեալիստական իմաստով։ Միաժամանակ, էմպիրիզմը նրան հանգեցրել է մատերիալիստական միտումների․ ողջ գոյը «մարմին» է, հետևաբար աստված նույնպես պետք է ըմբռնվի որպես «մարմին, որն այնուամենայնիվ, ոգի է»։ Տերտուլիանոսի հայացքներում իշխել են վախճանաբանական տրամադրությունները։ Հռոմեական պետության կարգին նա հակադրել է կինիկների ոգով ըմբռնած աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմը) և քաղաքականության բարոյական բոյկոտը։
Նրան է վերագրվում է «Հավատում եմ, քանի որ անհեթեթ է» արտահայտությունը, որն իրականում Տերտուղիանոսի «Քրիստոսի մարմնի մասին» երկից մի հատվածի հարասություն է. Եվ Աստծո Որդին մահացել է՝ դա անառարկելի է, քանի որ անհեթեթ է։ Եվ թաղվել ու հարություն է առել, դա կասկածի ենթակա չէ, քանի որ անհնարին է (Et mortuus est dei filius։ prorsus credibile est, quia ineptum est. Et sepultus resurrexit։ certum est, quia impossibile, De Carne Christi, 5.4)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերտուղիանոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 688)։ |