Գարեգին Ա Քեսաբցի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Ա (Քեսապցի, աշխարհիկ՝ Նշան Հակոբի Սարգիսյան, օգոստոսի 27, 1932[1], Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա - հունիսի 29, 1999[1], Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ հոգևոր գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու 131-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս 1995-1999 թվականներին։ Նախկինում եղել է ՀԱԵ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս որպես Գարեգին Բ 1983-1994 թվականներին։
Գարեգին Ա Քեսաբցի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Գահակալություն | 1995 – 1999 թթ. |
Իրավանախորդ | Վազգեն Ա |
Իրավահաջորդ | Գարեգին Բ |
Ծնվել է | 1932 օգոստոսի 27 |
Ծննդավայր | Քեսաբ, Սիրիական Հանրապետություն (Ֆրանսիական մանդատ) |
Մահացել է | հունիսի 29, 1999 | (տարիքը 66)
Մահվան վայր | Վաղարշապատ, Հայաստան |
Այլ բարձրաստիճան պաշտոն | |
Անուն | Գարեգին Բ Սարգսյան |
Գահակալություն | 1975 – 1995 թթ. |
Իրավանախորդ | Խորեն Ա |
Իրավահաջորդ | Արամ Ա |
Karekin I Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳարեգին Ա-ն ծնվել է Նշան Սարգիսեան անունով Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքում։
Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, ապա ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում (1946–1952)։
1949 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1952 թվականին՝ կուսակրոն քահանա, վերակոչվել Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ։
Պաշտպանելով վարդապետական ավարտաճառը «Հայաստանեայց ԵկեղեցՒոյ աստվածաբանութիւնը ըստ հայ շարականներու» թեմայով՝ 1955 թվականին ստացել է վարդապետական աստիճան։ Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956 թվականին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը։ 1957-1959 թվականներին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում՝ ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին» (հրտ. 1965, անգլ., ունեցել է մի շարք վերահրատարակություններ) խորագրով աշխատությունը, ստացել գրականության բակալավրի աստիճան։
1960 թվականին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը։
1963 թվականին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973 թվականին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս։
1971–1973 թվականներին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977 թվականներին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը։
1977 թվականի մայիսի 2-ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983 թվականին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս։
1992 թվականից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
1995 թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
Եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր։
Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը մահացել է 1999 թվականի հունիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Եկեղեցական գործունեություն
խմբագրել1960 թվականին ստանձնելով Դպրեվանքի տեսչի պաշտոնը՝ Գարեգին վարդապետը, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ, գործուն մասնակցություն է ունեցել միջեկեղեցական մի շարք համագումարների ու ժողովների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջեկեղեցական համաժողովների։
Մեծ է նրա ավանդը 1965 թվականին Ադիս Աբեբայում (Եթովպիա) Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովի կազմակերպման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդաժողովի ստեղծման գործում։ Դիտորդի կարգավիճակով մասնակցել է Վատիկանի II ժողովի երեք հաջորդական նիստերին (1963-65) և Անգլիկան եկեղեցու Լամբեթի համաժողովին (1968)։
ԵՀԽ-ում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ, 1968 թվականին ընտրվել է ԵՀԽ Կենտրոնական և Գործադիր վարչությունների անդամ, իսկ 1975 թվականի Նայրոբիի (Քենիա) համաժողովում՝ փոխատենապետ։ Այդ շրջանում աստվածաբանության, գրականության, պատմության և մշակույթի թեմաներով դասախոսել է ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանում, Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանում, Հայկազյան քոլեջում, Ամերիկյան համալսարանում։
1976-1977 թվականներին Լիբանանում բռնկած քաղաքացիական պատերազմի տարիներին մեծ դեր է խաղացել լիբանանահայությանն օժանդակելու գործում։
1983 թվականին ընտրվելով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս՝ զարկ է տվել ազգ-կրոնական, մշակութային և շինարարական աշխատանքներին։
Հաստատել է քրիստոնեական դաստիարակության բաժանմունքը, նպաստել աստվածաբանական ուսուցման բարելավմանը, ընդարձակել ու արդիականացրել է Անթիլիասի Դպրեվանքը (1977 թվականից Անթիլիասից փոխադրվել է Բիկֆայա), մեծ ուշադրություն դարձրել հրատարակչական գործին, հիմնել է «Հասկ» գիտա-աստվածաբանական տարեգիրքը, նախաձեռնել թանգարան-մատենադարանի շենքի շինարարությունը։
Կաթողիկոսության շրջանում հովվապետական այցելություններ է կատարել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ է ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ։ Բազմիցս եղել է Մայր աթոռ Սբ. Էջմիածնում։
1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո Գարեգին Բ կաթողիկոսը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի հետ իր մասնակցությունն է բերել աղետի գոտու բնակավայրերի վերականգնմանը, կազմակերպել սփյուռքից օգնություն։
1995 թվականին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ իր ջանքերն ուղղել է եկեղեցական կյանքի ներքին կարգավորմանն ու կազմակերպմանը, մասնավորապես՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանի գործունեության վերաաշխուժացմանը, Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի ստեղծմանը, քրիստոնեական քարոզչության հանրամատչելի ծրագրերի մշակմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, սոցիալական բնույթի կառույցների ստեղծմանը, աստվածաբանական, հոգևոր և հայագիտական գրքերի հրատարակմանը։
Հայ եկեղեցու աշխատանքն առավել նպատակաուղղված դարձնելու նախանձախնդրությամբ վերափոխել է Հայաստանի թեմական կառուցվածքը։
1996 թվականին հայաստանյան նախկին 4 թեմերի փոխարեն ստեղծվել են 8 թեմեր, հիմնվել են նաև Ուկրաինայի և Հարավային Ռուսաստանի թեմերը։
1997 թվականի սեպտեմբերին՝ 80-ամյա ընդմիջումից հետո, վերաբացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքը, սկսվել է ուսանողների համար նոր հանրակացարանի շինարարությունը։
Այդ շրջանում բազմապատկվել է նաև ճեմարանի սաների թիվը՝ հասնելով շուրջ 120-ի։
Կյանքի է կոչվել Վազգեն Ա-ի ծրագիրը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին, վերակառուցված շենքում հաստատվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատունը, որը դարձել է գիտական և մշակութային կարևոր կենտրոն։
Գահակալության կարճ ժամանակահատվածում Գարեգին Ա կաթողիկոսը հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր և Կ. Պոլսի հայոց պատրիարքարան, նոր թափ հաղորդել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի էկումենյան գործունեությանը, պաշտոնական հանդիպումներ է ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, Մայր աթոռում ընդունել մի շարք եկեղեցական և էկումենիկ պատվիրակությունների։
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակում, Վեհափառ Հայրապետի ձեռամբ, 1997 թվականի ապրիլի 7-ին կատարվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը։
Կաթողիկոսական գահին Գարեգին Ա Քեսաբցուն հաջորդում է Գարեգին Բ Ոսկեհատցին։
Երկերը
խմբագրելՀեղինակ է հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներով աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում ուսումնասիրությունների և հոդվածների, ինչպես օրինակ՝
- Արեւելեան ուղղափառ եկեղեցիներու վկայութիւնը, Անթիլիաս, 1968։
- Հայ եկեղեցին այժմ, Նյու-Յորք, 1970։
- Իրանը եւ հայերը, Թեհրան, 1971։
- Հայկական քրիստոնէական ավանդոյթը Իրանում, Նոր Ջուղա, 1974։
- Karekin Sarkissian։ The Council of Chalcedon and the Armenian Church. Armenian Prelacy, New York 1975.
- Անցեալը անցած չէ, Անթիլիաս, 1985։
- Հայ մարդը հայ գրքի դիմաց, Անթիլիաս, 1990։
- Հոգեւոր կեանքի փնտռտուքի մէջ, Անթիլիաս, 1991։
- Յարութիւն հայութեան, Անթիլիաս, 1993։
- Ձեռնարկ հովուական աստվածաբանության, Ս. Էջմիածին, 1995։
- Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001
- Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին, Գարեգին Ա. Կրօնական, Աստուածաբանական և Հայագիտական Մատենաշար Թիւ 12, Նոր-Եորք, Լոնտոն, 2012։
Ֆիլմեր
խմբագրել- Կիլիկիայի Հայկական Թագավորությունը (1993 Ֆրանսիա )՝ սցենարի հեղինակ Հրաչուհի Տատուրյան, ռեժիոր Լևոն Մկրտչյան։ Ֆիլմում նկարահանվել են Ֆրասիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանը, Լևոն Տեր Պետրոսյանը, Շառլ Ազնավուրը, Շահեն Խաչատրյանը, նկարիչ Գառզուն և իհարկե Վեհափառ Հայրապետ Գարեգին Առաջինը։
- https://www.youtube.com/watch?v=NsKWT0u68Gw
- https://www.youtube.com/watch?v=Mn7dzBWShtw
Արտաքին հղումներ
խմբագրելՏես նաև
խմբագրելՆախորդ | Կիլիկիո Կաթողիկոս | Հաջորդ |
Խորեն Ա Բարոյան (1963-1983) |
Գարեգին Բ Սարգսյան (1977-1995) |
Արամ Ա. Քեշիշյան (1995 թվականից) |
Նախորդ | Ամենայն Հայոց Կաթողիկոս | Հաջորդ |
Վազգեն Ա (1955-1994) |
Գարեգին Ա (1995-1999) |
Գարեգին Բ (1999 թվականից) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)