Բացել գլխավոր ցանկը

Զարեհավան (Այրարատ)

(Վերահղված է Զարեհավանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարեհավան (այլ կիրառումներ)

Զարեհավան, գրաբար՝ Զարեհաւան, քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանի գետի աջ ափին, Բագավանի մոտ, Թավրիզ-Կարին-Տրապիզոն ճանապարհի մոտ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Զարեհավանը գտնվում էր Դիադինից ոչ հեռու, Արածանի գետի ակունքի շրջանում, նրա աջ ափին, Բագավանի (Ուչքիլիսե) մոտ, Թավրիզ—Կարին—Տրապիզոն քարավանային բանուկ ճանապարհի վրա; Նպատ լեռան հյուսիսային ստորոտում։ Նրա մոտակայքում էր գտնվում նաև Անգղ բերդը։ Մի այլ Զարեհավան էլ գտնվում էր նույն Այրարատյան աշխարհի Բասեն գավառում։ Այս վերջինս նույնպես հելլենիստական քաղաք էր, և անունը կապված էր Արտաշես թագավորի հոր՝ Զարեհի անվան հետ։

ՊատմությունԽմբագրել

Առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ դարում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ Զարեհավանը 4-րդ դարում եղել է նշանավոր քաղաք։ Այստեղ հայերից բացի բնակվում էին հազարավոր հրեաներ, որոնց տեղափոխել էր Տիգրան Բ Մեծը։ Սակայն նույն դարի 60-ական թվականներին պարսկական զորքերը, Մեծ Հայքի մի շարք այլ քաղաքների հետ միասին, ավերեցին Զարեհավանը։ Դրանից հետո քաղաքը վերածվել է մի սովորական գյուղի։

Զարեհավանը սերտորեն առնչվում է 450-451 թվականների Վարդանանց պատերազմի հետ։ Սասանյան լծի դեմ ելած ապստամբներն այստեղ Հովսեփ կաթողիկոսի գլխավորությամբ կոտորել են պարսիկ մոգերին, որոնք փորձում էին կանգնեցնել զրադաշտական ատրուշաններ։ Այնուհետև հիշատակվում է 650-ական թվականներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ կապված։ Այդ մասին եղած բավական ընդարձակ վկայության մեջ Սեբեոսը հաղորդում է, որ արաբները, նեղվելով բյուզանդացիների կողմից, խուսափեցին վերջիններիս հետ ճակատամարտի բռնվելուց, «ելին յանկարծակի և գնացին անցին զգետովն, և չոգան ամրացան ի Զարեհաւանի»։ Իսկ այդ հիշատակությունից ակնհայտ է դառնում, որ Զարեհավանն ամրացված բնակավայր է եղել։

Հետագա դարերում Զարեհավանը չի հիշատակվում, բայց իբրև հայաբնակ ոչ խոշոր գյուղ գոյություն ուներ մինչև 19-րդ դարը, իսկ այդ հարյուրամյակի երկրորդ կեսին այն արդեն ամայի էր, և բնակիչները գաղթել էին զանազան կողմեր։ Զարեհավանն այժմ ավերակ է։

Արտաքին հղումներԽմբագրել

akunq.net

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։