Կիրակոս Երզնկացի, Կիրակոս Արևելցի, Կիրակոս Գետիկցի, հայ իմաստասեր, մատենագիր, մեկնիչ, բանաստեղծ, մանկավարժ, եկեղեցական-քաղաքական գործիչ։ Ուսանել է Երզնկայում։ 1315 թվականից՝ ռաբունապետ, Երզնկայի XIII-XIV դարերի գրական-իմաստասիրական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ է. գրել է ճառեր, քարոզներ, կանոնախրատական գործեր, մեկնություններ, շարականներ։ Զարգացրել է նախորդների, մասնավորապես Հովհաննես Երզնկացի Պլուզի փիլիսոփայական հայացքներն ու առաջադիմական տեսակետները։ Ուսումնասիրելով և համադրելով հին աշխարհի իմաստասերների գաղափարները՝ նա առաջնություն է տվել Արիստոտելի աշխարհըմբռնմանը։ Քննել է անցավորին հավիտենականի, մարմնի և հոգու, նյութի և ստեղծագործության, եզակիի և ընդհանուրի փոխհարաբերության, իմացության միջոցների ու աստիճանների, գիտությունների դասակարգման և այլ փիլիսոփայական խնդիրներ։ Մարմնի և հոգու փոխհարաբերությունը վերլուծել է որպես նյութի և մտքի, նյութի և արվեստի, ձևի և բովանդակության փոխհարաբերություն։ Իբրև նյութի հիմնական հատկանիշ առանձնացրել է մշտական շարժումը, փոփոխելիությունը և հավերժությունը։ Հոգին նույնացնելով մտքի հետ՝ հաստատել է նաև մարդու հոգևոր էության մշտապես դեպի կատարյալը վերափոխվելու հնարավորությունը։ Ըստ Կիրակոս Երզնկացու, ճանաչողության առաջին աստիճանը զգայականն է, իսկ իրի կամ երևույթի վերջնական և ամբողջական ճանաչման համար անհրաժեշտ հինգ հիմնական գործոններից (զգայություն, երևակայություն, կարծիք, տրամախոհություն, միտք) ամենակարևորը միտքն է, որի էությունը, ըստ նրա, ընդհանրացման ունակությունն է՝ կոնկրետից ընդհանուրը և հակառակն ընթացող մտավոր գործունեությունը։ Այս ամենի հիմքում, նա առանձնացրել է մարդու առաքինությունը՝ նրա բարոյական կողմնորոշվածությունը։ Նա երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել ավանդվող առարկաների և նյութի ընտրությանը, մատուցման եղանակին։ Ուսուցանելը համարել է մտավորականի սրբազան պարտականությունը, գիտելիքները չօգտագործելը, աշակերտներ չպատրաստելը՝ հանցանք։ Կազմել է ժամանակի համար բարձրագույն կրթության ձեռնարկ հանդիսացող ժողովածուներ՝ փիլիսոփայական երկերի, ճառերի, մեկնությունների, խրատների ու գիտության զանազան բնագավառներ ընդգրկող այլ նյութերի հատուկ ընտրությամբ (օրինակ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան)։ Ընդօրինակելու, նմանվելու ձգտումը համարելով երեխայի ամենաբնորոշ գիծը՝ Կիրակոս Երզնկացին կարծում է, որ իմացական ու բարոյական կրթությունը պետք է կազմակերպել նախ դրական օրինակով ու գործով, ապա միայն խոսքով, սկզբից վերացնելով արատ ծնող պատճառները՝ մանկան մեջ ուժեղացնել գիտակցական գործոնը, սխալն զգալու և ուղղելու կամքը։ Ելնելով տարիքային առանձնահատկություններից՝ նա դաստիարակությունը բաժանել է երեք շրջանի։ Ըստ նրա, առաջին շրջանում պետք է գերակշռի դաստիարակի դերն ու միջամտությունը, երկրորդում՝ դաստիարակվողի գիտակցականությունն ու իր արարքների համար պատասխանատվությունը, երրորդում՝ այդ երկու ազդակների զուգակցումը։ Կիրակոս Երզնկացու երկերում կարևոր տեղ են գրավում կանոնական խրատները, որոնք ունեն նաև օրենսդրական նշանակություն։ Հանցանքը քննելիս նա անհրաժեշտ է համարել անհատական և հոգեբանական մոտեցումը (տարիքը, սեռը, ընտանեկան, ամուսնական վիճակը, սոցիալական պայմանները, դրդապատճառները և այլն)։ Նրա աշխատություններն ունեն պատմա-ճանաչողական մեծ արժեք, բովանդակում են հայ և այլ ժողովուրդների կենցաղը, բարքերը, սովորույթները, օրենքները, զբաղմունքը, հետաքրքրությունները, հասարակական-քաղաքական կյանքն արտացոլող տեղեկություններ։ Շարունակելով իր դպրոցի ավանդները՝ նա հետևողականորեն պայքարել է հայ ժողովրդի միասնությունը պառակտող այլազգի ու դավանափոխ հայ քարոզիչների դեմ, պաշտպանել ազգերի համերաշխ ու իրավահավասար գոյակցության սկզբունքը։ Նրա չափածո գործերը քիչ են պահպանվել, սակայն իրենց բարձր արվեստի շնորհիվ հեղինակին հռչակել են միջնադարի մեծ շարականագիր։ Աշխատությունները պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրապահոցներում։

Կիրակոս Երզնկացի
Ծնվել է1270[1]
Մահացել է1356[1]
ԳերեզմանԵրզնկա
Մասնագիտությունպատմաբան և քահանա

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 450