Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեմ (այլ կիրառումներ)
Armenian Apostolic Church logo.png

Թեմ (վիճակ, եպիսկոպոսություն, առաջնորդություն), հայ առաքելական եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր։ Գործածական է նվիրապետական երկու գերագույն աթոռների՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Էջմիածին) և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Անթիլիաս) պարագայում: Թեմ անվանումն առաջացել է 7-րդ դարում, Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների վարչական միավորների՝ թեմերի անունից։

Թեմերի ձևավորումըԽմբագրել

4-5-րդ դարերում Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին։ Թեմերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնյա համայնքների (ծխերի) հիման վրա։ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու։ Հայ եկեղեցու վարչական միավորների բոլոր տարատեսակները կոչվել են թեմեր (չնայած ունեցել են տարբեր տարածք և ազդեցություն)։ Գլխավորել են հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային, անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ։ 10-րդ դարում հայոց կաթողիկոսությանը ենթակա թեմեր գործել են նաև Հայաստանից դուրս։ Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը (973-992) եպիսկոպոսական թեմեր է հաստատել նաև Անտիոք (Սիրիա), Տարսոն (Կիլիկիա), Տրայանուպոլիս (Հունաստան) քաղաքներում։ Հայ եկեղեցու վարչական սահմաններն արդեն որոշվել են ոչ թե քաղաքական, այլ դավանական բաժանումով։ Անկախ բնակության վայրից, Հայ եկեղեցուն են ենթարկվել բոլոր հակաքաղկեդոնական հայերը։

Թեմերը եղել են ավատական կենտրոններ և սոցիակ-քաղաքական մեծ ուժ ներկայացրել։ Թեմը կրել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը։ Բացի Սյունյաց թեմից, որը ճանաչվել է որպես մետրոպոլիտություն, հայոց բոլոր թեմերը եպիսկոպոսություններ են եղել։ Զարգացած միջնադարում, պետականության տրոհման հետևանքով, առաջացել են նաև Գանձասարի կամ Աղվանից (551-1828), Աղթամարի (1113-1895), Մեծի Տանն Կիլիկիո (1446 ցայսօր) կաթողիկոսությունները:

Ուշ միջնադարում պատմաքաղաքական հանգամանքների բերումով որոշ թեմեր վերացել են, մյուսների տրոհմամբ կամ միավորմամբ ստեղծվել են նորերը։ Մեծ թեմերը տրոհվել են, աստիճանաբար նոր տարածք և ազդեցություն ձեռք բերել և վերածվել ինքնուրույն եկեղեցավարչական միավորների։ Ըստ այդմ՝ Հայ եկեղեցում առաջացել են թեմերի նոր տարատեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանական, եպիսկոպոսական թեմական տեսչություններ, եպիսկոպոսական վիճակ, վիճակ և տեսչական վիճակ, առաջնորդություն, պատվիրակ-առաջնորդություն, առաջնորդական փոխանորդություն, տեսչություն, վիճակային և վանական տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն։ 19-րդ դարի կեսին արդեն սրանց մեծ մասը ստացել է «առաջնորդություն» ընդհանուր անվանումը, որը նախկինում հատուկ էր միայն վանահայրերին՝ վանքերի առաջնորդներին։

Թեմական համակարգը 19-րդ դարումԽմբագրել

19-րդ դարի երկրորդ կեսից թեմերի այս տարատեսակներից առավել խոշորներում (թեմ, տեսչություն, վիճակ) ստեղծվել են հոգևոր և աշխարհիկ անդամներից կազմված թեմական և հոգևոր խորհուրդներ՝ առաջնորդի գլխավորությամբ։ Թեմերի կազմավորումն ընթացել է 1860-ի Ազգային սահմանադրության սկզբունքներով։ Թեմի կառավարումը կենտրոնացած է առաջնորդի ձեռքում, որին ընտրում է թեմական ներկայացուցչական ժողովը կամ նշանակում Գերագույն հոգևոր իշխանությունը։ Թեմի տարածքում առաջնորդն իրավասու է (եթե եպիսկոպոս է) քահանայական ձեռնադրություններ կատարել, տնօրինել եկեղեցու դատական հարցերը, վճռել ամուսնության և ամուսնալուծության խնդիրները, մշակութային-կրթական գործունեություն ծավալել, թեմական ժողով հրավիրել և այլն։ Թեմի կառավարումն իրականացնելու նպատակով առաջնորդը կարող էր օգնական կամ փոխանորդ նշանակել, որոնք հաճախ գավառներում, գյուղերում կատարել են նաև թեմական վերահսկիչի դեր (անցյալում կոչվել են քորեպիսկոպոսներ)։

Հայ եկեղեցու թեմական առաջնորդներ կարող են լինել ոչ միայն եպիսկոպոսները, այլև ծայրագույն վարդապետներն ու վարդապետները, որոնք լիակատար իրավասությամբ կրում են առաջնորդի պաշտոնը։ Տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են Հայ եկեղեցու թեմերի քանակը, անվանումը, առաջնորդանիստ կենտրոնը։ Թեմերն ունեցել են կառավարման անկախ կամ կիսանկախ վիճակ։

Թեմական համակարգը ներկայումսԽմբագրել

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցիԽմբագրել

Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին թեմեր ունի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև սփյուռքահայ համայնքներում։ Թեմեր ունի նաև Հայ եկեղեցու Կիլիկիո աթոռը։ 1996-ի թեմական բաժանմամբ Հայ եկեղեցում ստեղծվել է վարչատարածքային նոր դրություն։ 2012 թվականին թեմերի քանակը հասնում է 12-ի[1]՝

  1. Արարատյան հայրապետական թեմ (ներառելով Երևան մայրաքաղաքը և Արարատի մարզը[2]): Առաջնորդական փոխանորդ՝ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյան։ Առաջնորդարան՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի։
  2. Արագածոտնի թեմ։ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյան։ Առաջնորդարան՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։
  3. Արմավիրի թեմ։ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Սիոն եպս. Ադամյան, Առաջնորդարան՝ Արմավիրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։
  4. Գեղարքունիքի թեմ։ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյան։ Առաջնորդարան՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
  5. Գուգարաց թեմ։ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Չուլջյան։ Առաջնորդարան՝ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
  6. Կոտայքի թեմ։ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Առաքել եպս. Քարամյան։ Առաջնորդարան՝ Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիր (1999 թվականին առանձնացել է Արարատյան թեմից)
  7. Շիրակի թեմ (2012 թվականին առանձնացվել է Արթիկի թեմը[3])։ Առաջնորդ՝ Տ. Միքայել եպս. Աջապահյան։ Առաջնորդարան՝ Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցի,
  8. Սյունյաց թեմ: Առաջնորդ՝ Հոգեշնորհ Տ. Զավեն աբղ. Յազիչյան։
  9. Վայոց ձորի թեմ (2010 թվականին առանձնացել է Սյունյաց թեմից[4]): Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյան։ Առաջնորդարան՝ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
  10. Տավուշի թեմ (2010 թվականին առանձնացել է Գուգարաց թեմից[5]): Առաջնորդ՝ հոգեշնորհ Տ. Թորգոմ վրդ. Տոնիկյան։ Փոխառաջնորդարան՝ Իջևան։
  11. Արցախի թեմ։ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյան։ Առաջնորդարան՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի։

Հայաստանի տարածքից դուրս գործող թեմերն են՝

  • Աֆրիկա[6]
  1. Եգիպտոս
  2. Եթովպիա
  3. Սուդան
  • Ասիա և Ավստրալիա[7]
  1. Ավստրալիա
  2. Բանգլադեշ
  3. Մյանմար (Բուրմա)
  4. Հնդկաստան
  5. Սինգապուր
  • Եվրոպա[8]
  1. Ադրբեջան, թափուր
  2. Ավստրիա
  3. Բելգիա
  4. Բուլղարիա
  5. Գերմանիա
  6. Իտալիա
  7. Հարավային Ռուսաստան
  8. Հունաստան
  9. Մեծ Բրիտանիա և Իռլանդիա
  10. Նիդերլանդներ
  11. Շվեյցարիա
  12. Ռումինիա
  13. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
  14. Վրաստան
  15. Ուկրաինա
  16. Ֆրանսիա
  • Միջին Արևելք
  1. Իրաք[9]
  2. Իրան
  3. Սիրիա
  • Հյուսիսային Ամերիկա[10]
  1. Արևելյան թեմ
  2. Արևմտյան թեմ
  3. Կանադա
  • Հարավային Ամերիկա[11]
  1. Արգենտինա
  2. Բրազիլիա
  3. Ուրուգվայ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունԽմբագրել

  1. Ամերիկայի արևելյան թեմ (Լա Կրեսենտա)
  2. Ամերիկայի արևմտյան թեմ (Նյու Յորք)
  3. Կանադայի թեմ (Մոնռեալ)
  4. Լիբանանի թեմ (Բեյրութ)
  5. Բերիո թեմ (Հալեպ)
  6. Դամասկոսի թեմ
  7. Կիպրոսի թեմ (Նիկոսիա)
  8. Հունաստանի թեմ (Աթենք)
  9. Ատրպատականի հայոց թեմ (Թավրիզ)
  10. Թեհրանի թեմ
  11. Սպահանի թեմ
  12. Քուվեյթի և շրջակայից թեմ
  13. Արաբական Միացյալ Էմիրությանց և Կատարի թեմ (Շարջա)
  14. Ջեզիրեի թեմ (ալ-Կամիշլի)
  15. Վենեսուելայի թեմ (Կարակաս)

ԳրականությունԽմբագրել

  • Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Երևան.1983։
  • Ուխտանես եպիսկոպոս, Պատմութիւն Հայոց, Վաղ-պատ, 1871, էջ 71, 100։
  • Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987։
  • Ղազարյան Ա., Հայ եկեղեցու թեմական բաժանումը Ե–Է դարերում, «Էջմիածին», 1995, դ 6–7։
  • Նույնի, Հայ եկեղեցու թեմական բաժանումը IV դարում, ՊԲՀ, 1996, դ 1–2։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: