Միաբնակություն
Միաբնակություն (նաև՝ (մոնոֆիզիտությունը, եվտիքեսականություն (հին հունարեն՝ μόνος - միայն մեկ, միակ + հին հունարեն՝ φύσις - բնություն)՝ քրիստոսաբանական հերետիկոսություն է, որը ծագել է 5-րդ դարում։ Ըստ դրա՝ Հիսուս Քրիստոսը ունի միայն մեկ աստվածային բնություն։ Այն ժխտում է Քրիստոսի մարդկային բնության գոյությունը։
Ի տարբերություն կաթոլիկ, ուղղափառ և բողոքական եկեղեցիների քրիստոսաբանության՝ մոնոֆիզիտները (միաբնակներ) հավատում են, որ Քրիստոսը միայն Աստված է, ոչ մարդ։ Ըստ նրանց՝ Քրիստոսի մարդկային տեսքը խաբուսիկ է և թվացյալ։
Պատմություն
խմբագրելՀայտնի է նաև «Եվտիքականություն» անունով, կոչվել է Կոստանդնուպոլսի վանքերից մեկի վանական Եվտիքեսի անունով։ Եփեսոսի Գ տիեզերական ժողովում և նեստորականության դեմ պայքարում Եվտիքեսը բազմիցս հանդես էր եկել Նեստորի վարդապետության դեմ, սակայն, Նեստորին հակառակ ուսուցանելով, ընկել էր մեկ այլ ծայրահեղության մեջ։ Եվտիքեսի քարոզածը «Մի բնութիուն Աստծոյ Բանին մարմնացելոյ» ալեքսանդրյան բանաձևի «մի բնություն» դրույթի ուղղակի և տառացի ըմբռնումն էր։ Ըստ Եվտիքեսի, Քրիստոսը միայն Աստված է՝ օժտված միայն աստվածային բնությամբ։ Հիսուսի մարդկային բնությունը միավորությունից հետո խառնվել է աստվածայինի հետ ու ոչնչացել, դարձել մեկ բնություն՝ սոսկ աստվածային։ Եվտիքեսն ընդունում էր երկու բնությունների գոյությունը միայն միավորությունից առաջ։ Նա Քրիստոսի մեջ մարդկայինը ձուլում էր աստվածության մեջ այնպես, որ մարդեղությունը՝ ճշմարիտ մարդը, դառնում էր երևութական, ու իրական էր մնում լոկ ճշմարիտ Աստվածը։ Սուրբ Կույս Մարիամն Աստվածամայր է (հակառակ Նեստորի), բայց եթե Նեստորը քարոզում էր, թե Մարիամը լոկ մարդ ծնեց, ապա Եվտիքեսը պնդում էր, որ Քրիստոսը մարմնով մեզ՝ մահկանացուներիս էակից և համագոյակից չէ, այսինքն ժխտում էր Քրիստոսի մարդեղությունը և մարդկային բնության համագոյությունը։ Բանը մարմին չառավ սուրբ Կույսից, այլ նրա մարմինը երկնային է՝ «յերկնից եբեր զմարմինն, և ոչ ի սրբոյ Կուսէն»։ Եվտիքեսը տարբերակում էր «մարդու մարմինը» «մարդկային մարմնից»։ Ըստ նրա, Քրիստոսի մարմինը «մարդկային» է և մարմնավորվել է սուրբ Կույսից, բայց «մարդու մարմին» չէ։ Աստվածածնից Քրիստոսը միայն մարդու նմանություն և կերպարանք առավ, բայց ոչ երբեք՝ մարմին, և չդարձավ մարդացած Աստված։ Հայ եկեղեցին (ինչպես և Արևելյան ուղղափառ մյուս եկեղեցիները) երբեք չի հետևել Եվտիքականությանը։ Սկսած 5-րդ դարից նա դատապարտել և նզովել է Եվտիքեսին՝ նրա ուսմունքում տեսնելով ալեքսանդրյան աստվածաբան. մտքի ծայրահեղացում և Արևելքի քրիստոնեաբանական ըմբռնումների աղավաղում։ Հայ մատենագրության մեջ Եվտիքեսն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» նամակում, որտեղ նզովվում է Արիոսի, Նեստորի, Մանիի և մյուս աղանդավորների հետ միասին։ 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Հայ եկեղեցին ընդունել է Զենոն կայսրի «Հենոտիկոնը» («Միության գիր»), որտեղ նզովվում է Եվտիքեսը, և հավաստել իր տարբեր ընկալումը եվտիքական միաբնակությունից։ Հայ դավանաբանական գրվածքներում առաջին անգամ Եվտիքեսը, ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է 6-րդ դարի սկզբին, Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի «Թուղթ Հայոց ի Պարսս առ ուղղափառս» 2-րդ թղթում։ Հայ եկեղեցին ալեքսանդրյան վարդապետությունն ընկալում է կյուրեղյան-եփեսոսյան դավանության դիրքերից։ Նա, «մի բնության» ուսումը պաշտպանելով, Քրիստոսի մեջ աստվածային կողմն առհասարակ ավելի է շեշտում, սակայն «մի բնություն» ասելով՝ միայն աստվածայինը չի հասկանում և մարդկայինը անտեսում։ Հայ եկեղեցու քրիստոսաբանական այս ըմբռնումը լավագույնս ձևակերպել է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսն իր «Ընդդէմ երևութականաց» ճառում. «Քրիստոս ոչ է սոսկ մարդ, բայց և ոչ Աստուած մերկ, այլ՝ մանաւանդ Աստուած և մարդ միանգամայն»։ "Մոնոֆիզիտություն" տերմինը սկսվել է գործածվել միայն 7-րդ դարից սկսած։
Կարծիք կա, որ այս աղանդն որպես ուսմունք առաջացել է Կյուրեղ Ալեքսանդրացու խիստ մերժողական հետևորդների կողմից Երրորդ տիեզերական ժողովի ժամանակ, որտեղ քննադատվում էր նեստորականությունը։
Այդ աղանդի դեմ պայքարի ժամանակ Կյուրեղը նշեց այն քրիստոսաբանական բանաձևը, որը նա սխալմամբ վերագրում էր Աթանաս Ալեքսանդրացուն` «μία φύσις τοῦ θεοῦ λόγου σεσαρκωμένη»։ Մոնոֆիզիտները խեղաթյուրում են նրա ուսմունքը և համարում, որ նա նշել է Քրիստոսի միայն Աստվածային բնությունը։
Միաբնակության հիմնադիրն է համարվում Եվտիքեսը (մոտ 378-454)։ Նրա ստեղծած այս ուսմունքին էր վերաբերվում 448 թվականի Կոստանդնուպոլսի ժողովը, որտեղ նա ներկայացրեց իր հավատալիքների իմաստը․ ՛՛Ես հավատում եմ, որ Աստված կազմված էր երկու բնությունից մինչև միավորվելը, որից հետո հավատում եմ մեկ բնության՛՛։ Եվտիքիուսի ասածի իմաստն այն է, որ Քրիստոսը, լինելով Հայր Աստծո հետ միասնական, միասնական չէր մարդկանց հետ իր մարդկային էությամբ։ Ավելի պարզ ասած՝ Քրիստոսի մարդկային էությունը, որ Նա ժառանգել էր իր մորից, կարելի է ներկայացնել որպես մի կաթիլ մեղր մի մեծ օվկիանոսում, ուստի կորցրել է իր արդիականությունը։
Միաբնակությունը հայ մատենագրության մեջ
խմբագրելՀայ մատենագրության մեջ Եվտիքեսն առաջին անգամ հիշատակվում է V դ. պատմիչ Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» նամակում, որտեղ նզովվում է Արիոսի, Նեստորի, Մանիի և մյուս աղանդավորների հետ միասին։ V դ. Վերջին և VI դ. սկզբին Հայ եկեղեցին ընդունել է Զենոն կայսրի «Հենոտիկոնը» («Միությանգիր»), որտեղ նզովվում է Եվտիքեսը, և հավաստել իր տարբեր ընկալումը եվտիքական միաբնակությունից։ Հայ դավանական գրվածքներում առաջին անգամ Եվտիքեսը, ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է VI դ. սկզբին, Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի «Թուղթ Հայոց ի Պարսս առ ուղղափառս» 2-րդ թղթում։
Հայ եկեղեցին ալեքսանդրյան վարդապետությունն ընկալում է կյուրեղյան-եփեսոսյան դավանության դիրքերից։ Նա, «մի բնության» ուսումը պաշտպանելով, Քրիստոսի մեջ աստվածային կողմն առհասարակ ավելի է շեշտում, սակայն «մի բնություն» ասելով՝ միայն աստվածայինը չի հասկանում և մարդկայինը անտեսում։ Հայ եկեղեցու քրիստոսաբանության Այս ըմբռնումը լավագույնս ձևակերպել է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսն իր «Ընդդէմ երևութականաց» ճառում. «Քրիստոս ոչ է սոսկ մարդ, բայց և ոչ Աստուած մերկ, այլ՝ մանավանդ Աստուած և մարդ միանգամայն»[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 522)։ |