Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոր Վիրապ (այլ կիրառումներ)

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։

Խոր Վիրապ
Խոր Վիրապը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրարատի մարզ, Լուսառատ
Հասցե0,7 կմ հվ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԵկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Գևորգ, Բնակելի շինություններ, Տնտեսական շինություններ, Գերեզմանոց և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ՃարտարապետՆերսես Գ Տայեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ642 թ. (օրիգինալը), 1662 թ. Սուրբ Աստվածածին եկեղեցին
Կառուցման ավարտ17-րդ դար
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Khor Virap Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է։ Տրդատի քույրը երազ է տեսնում, որ նրան միայն Գրիգոր Լուսավոrichi կարող է բուժել։ Տրդատը հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

 
Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

1970-1980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

Արձանագրություններ

խմբագրել
# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1   Խոր Վիրապի սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան որմին՝ հարթաքանդակի մեջ
  1. ՏՐ ԴԱՒԻԹ ՇԻՆՈ/Ղ ԵՒ ՍՊԱՍԱՒ⎡ՈՐ⎤ ՍԲ/ՎԻՐԱՊԻՍ, ԱՂԱՒԹ⎣Ս⎦ՅԻ ⎡Շ⎤ ⎣ԵՑԷՔ⎦
  2. ՍԲ ԳՐԻԳ/ՈՐ ԼՈՒՍ/ԱՒՈՐԻՉ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983։
  • Կ. Մաթևոսյան, Խոր Վիրապի վանքը և նրա գրչական կենտրոնը, «Էջմիածին», 1997, 2-3։
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002։
  • Ալիշան Ղևոնդ, Այրարատ, Վնտ., 1890, էջ 435-440

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոր Վիրապ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 84