Գարեգին Ա Հովսեփյան

հայ քահանա, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Հովսեփյան (այլ կիրառումներ)

Գարեգին Ա Հովսեփյանց (դեկտեմբերի 17, 1867(1867-12-17)[1], Մաղավուզ, Ջևանշիրի գավառ[1] - հունիսի 21, 1952(1952-06-21)[1], Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան[1]), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, արվեստաբան, Գերմանիայի Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, ծնվել է Պատմական Արցախի Շամքորի շրջանի Չարդախլու գյուղում, 1867 թվականի դեկտեմբերի 17-ին[2][3]։

Կիլիկիո Հայոց Կաթողիկոս
Գարեգին Ա Հովսեփյան

Գարեգին Ա Հովսեփյանց
Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Գարեգին Ա Հովսեփյանց
Տիտղոս Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք–Կաթողիկոս
Գահակալություն 1943 - 1952
Իրավանախորդ ազատ (1940-1943),
Պետրոս Ա Սարաճյան (1940)
Իրավահաջորդ Զարեհ Ա Փայասլյան (1956-1963)
Կիլիկիո Կաթողիկոսներ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա Շուշիի հայոց թեմական հոգևոր դպրոցում։

1882 թվականին ընդունվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարան։

1889 թվականին ձեռնադրվել է սարկավագ։

1890 թվականին ավարտել է Ճեմարանը և երկու տարի անց մի քանի այլ սարկավագների հետ (որոնց թվում էր նաև Գևորգ սարկավագը, հետագայում Գևորգ Զ կաթողիկոս) մեկնել է Գերմանիա և Լայպցիգի, Բեռլինի և Հալլեի համալսարաններում խորացրել իր աստվածաբանական և փիլիսոփայական գիտելիքները։ 1897 թվականին Լայպցիգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ ներկայացնելով «Միակամության ծագումը» թեզը։

1897 թվականին վերադարձել է Էջմիածին, ձեռնադրվել է աբեղա։ Նշանակվել է Ճեմարանում Հայ մատենագրություն և Աստվածաբանություն առարկաների դասախոս։

1898 թվականին ստացել է վարդապետական աստիճան։

1899 թվականին տպագրել է Մխիթար Սասնեցուն և Խոսրովիկ Թարգմանչին նվիրված արժեքավոր աշխատությունը։

Շուտով նշանակվել է Վիրահայոց առաջնորդական փոխանորդ, ապա Երևանի թեմական դպրոցների տեսուչ։

1902 թվականին հրատարակել է «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ ժողովրդական վեպի երկու տարբերակները» ու «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» գրքերը, ավելի ուշ «Ռոստամ Զալ։ Ժողովրդական վեպ» հետազոտությունը։

1902 թվականին ընտրվել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի իսկական անդամ, իսկ 1912 թվականին՝ Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության անդամ։

1905-1906 թվականներին նշանակվել է Ճեմարանի տեսուչ, իսկ 1907-1908 թվականներին դարձել է «Արարատ» ամսագրի խմբագիր, Հռիփսիմե վանքի վանահայր։

1909-1910 թվականներին մասնակցել է Ն. Մառի ղեկավարած Գառնիի պեղումներին։ Քասախ գետի ակունքների մոտ նրա հայտնաբերած Տրդատ Ա թագավորի հունարեն արձանագրությունը դառնում է դարասկզբի նշանավոր գտածոներից մեկը։

Նա հայ արվեստին նվիրված մի շարք դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում, Թիֆլիսում, Մոսկվայում և այլուր։

1913 թվականին հրատարակել է «Գրչության արվեստը հին հայոց մեջ» աշխատությունը։

1914 թվականին լույս է տեսնում Թովմա Մեծոփեցուն նվիրված ուսումնասիրությունը։

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով Գ. Հովսեփյանը չի կարողանում տպագրել իր «Հայ մանրանկարչության քարտեզ» ծավալուն երկասիրությունը։

1915-1917 թվականներին կրկին նշանակվել է Ճեմարանի տեսուչ, զբաղվել է նաև Էջմիածին եկած հայ գաղթականների խնամքով։

Արևմտյան Հայաստանից բերված ձեռագրերում նա հայտնաբերել է միջնադարյան հեղինակների՝ մինչ այդ կորած համարվող երկերի բնագրեր։

1918 թվականի գարնանը Կարսում հայտնված Գարեգին Հովսեփյանը կարողանում է կանխել քաղաքի հայ բնակչության կոտորումը թուրքական զորքի կողմից։

Ավելի ուշ հոգևոր գործիչ և հայ մշակույթի նվիրյալ գիտնականը սուրը ձեռքին միանում է Սարդարապատի հերոսամարտի զինվորներին, կոչ անում ամենքին զինվել և պաշտպանել հայրենիքը։

1920 թվականի հոկտեմբերի 30-ին ներկա է եղել Կարսի գրավմանը թուրք-հայկական պատերազմի ընթացքում։

1921 թվականին հրատարակում է «Բանբեր» ժողովածուն։

1925 թվականին նա ստանում է արքության պատիվ, երկու տարի անց ընտրվում է Ռուսաստանի, Ղրիմի, Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ։

1938-1943 թվականներին նշանակվում է Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ։

1943 թվականին ընտրվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։ Նա մեծ աջակցություն է ունենում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման գործում, նաև 1946 թ հայրենադարձության կազմակերպման աշխատանքներում։

Գործունեություն խմբագրել

1890 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սկսել է զբաղվել բանասիրական աշխատանքով։ Աստվածաբանություն և հնագիտություն ուսանել է Բեռլինի համալսարանում, 1892-1896 թվականներին սովորել է Լայպցիգի և Հալլեի համալսարաններում։ 1897 թվականից դասախոսել է Գևորգյան ճեմարանում, 1898 թվականից՝ մատենադարանապետ։ 1900-1901 թվականներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ, 1901-1904 թվականներին՝ Երևանի թեմական տեսուչ, 1905-1906 և 1915-1917 թվականներին՝ Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1907-1908 և 1918-1919 թվականներին՝ Ս. Էջմիածնի «Արարատ» պաշտոնական ամսագրի խմբագիր։ Եղել է Սարդարապատի հերոսամարտի (1918 թվականի մայիսի 21-29) ոգեշնչողներից ու կազմակերպիչներից։ 1919 թվականից ԵՊՀ-ում դասավանդել է հայ արվեստի պատմություն և հնագիտություն, մասնակցել (Ա. Թամանյանի հետ) Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը։ 1927-1933 թվականներին՝ Ղրիմի և Նոր Նախիջևանի, 1938-1942 թվականներին՝ ԱՄՆ-ի հայոց Արևելյան թեմի առաջնորդ։ 1917 թվականից՝ հայրապետական լիազոր պատվիրակ Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի հայկական կենտրոններում, 1934-1938 թվականներին՝ սփյուռքում։ Հայ ժողովրդի և եկեղեցու պատմության տարբեր խնդիրների լուսաբանմանն են նվիրված «Ձագաւանից ժողովը» (1913), «Տարսայիճ Օրբելեանի և Մինա Խաթունի սերունդը» (ռուսերեն, 1913, հայերեն, 1948), «ԺԳ դարի քաղաքական և հոգևոր վերելքը Արևելեան Հայաստանում» և այլ երկեր։ Հայագիտության մեջ մեծ ներդրում է Հովսեփյանի «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ» եռահատոր աշխատությունը (1928-1943, 2-րդ հրատարակություն, 1969, Երուսաղեմի «Թարգմանչաց-Դուրյան» մրց.), որտեղ լրացվել է գրեթե չուսումնասիրված 13-15-րդ դարերի հայոց պատմությունը։ Նրա արվեստաբանական աշխատություններից են՝ Հավուց թառի Ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արվեստի մեջ։ Երուսաղեմ, 1937 թվականին, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության։ Պրակ Ա-Ե, Տիրացու Հովհաննես, Նկարիչ ԺԸ դարում («Գեղարվեստ» 1917 № 6) և այլն[4]։ Հովսեփյանը հայագետ Նիկողայոս Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումների (Գառնի, Արագած, Անի), նշանակալի գործ կատարել պատմահնագիտական և ճարտարագիտական հուշարձանների ուսումնասիրման բնագավառում։ Հովսեփյանիմատենագիտական բնույթի գործերը նվիրված են Մխիթար Սասնեցուն (1899), Խոսրովիկ թարգմանչին (1899), Թովմա Մեծոփեցուն (1914), Մխիթար Այրիվանեցուն (1930) և այլոց։ Հավաքել և գրի է առել բանահյուսության զանազան նմուշներ («Փշրանքներ ժողովրդական բանահիւսութիւնից, 1892), այդ թվում և «Սասնա ծռեր» դյուցազնավեպի նոր տարբերակներ (1892)։ Արևմտահայ գաղթականության տարազի, նիստուկացի, սովորույթների հիման վրա կազմել է ազգագրական նյութերի ժողովածու (1917)։ Հետազոտել է հայ հնագիտությունն ու գրչության արվեստը («Գրչութեան արուեստը հին հայոց մէջ», 1913), տվել գրչության կենտրոնների համառոտ պատմությունը, քննել հայ գրի ընդհանուր զարգացումը 5-15-րդ դարեր։ Կազմել է մինչև 1250 թվականը գրված հայկական ձեռագրերի 459 հիշատակարանի հավաքածու («Յիշատակարանք ձեռագրաց», 1951)։ Առանձնակի արժեք ունեն հայ մանրանկարչության ակունքներին, առանձին ծաղկողներին նվիրված աշխատությունները («Մանրանկարչութեան արուեստը հայոց մէջ», 1902, «Հեթում Ա-ի նկարազարդ Ավետարանի մնացորդները» և այլն)։ Երկար տարիների նրա աշխատանքն ամփոփվել է «Քարտեզ հայ մանրանկարչության» աշխատությունում (անտիպ)։

Հովսեփյանի աշխատությունները լույս են տեսել ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն և այլ լեզուներով[5][6]։

Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մահացել է 1952 թվականի հունիսի 21-ին Անթիլիասում։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի գիտությունների ինստիտուտի (Վաղարշապատ) գիտնական անդամ (1921)։
  • Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության Կովկասյան բաժանմունքի իսկական անդամ (1902)։
  • Ս. Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության իսկական անդամ (1902)։

Երկեր խմբագրել

  • Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից, աշխատություն, Թիֆլիս, 1892։
  • Համառօտ գիտելիք հնագրական ալբոմի գործածութեան համար։ Հովսեփյան Գարեգին Կարապետի, Վաղարշապատ, տպ. Ս. Էջմիածնի, 1902։
  • Խոսրովիկ թարգմանիչ և երկասիրությունք նորին, աշխատություն, Թիֆլիս, 1903։
  • Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան և կաթողիկոսական ընտրություն, աշխատություն, Թիֆլիս, 1911։
  • Գրչության արվեստը հին հայոց մեջ, աշխատություն, Վաղարշապատ, 1913։
  • Թովմա ՄեծոՓեցու կյանքը, Վաղարշապատ, 1914։
  • Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ. պատմագիտական ուսումնասիրություն,աշխատություն, 1928-1944։
  • Սասմա ծռեր, աշխատություն, Երևան, 1932։
  • Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, աշխատություն, 1935-1951։
  • Հավուց թառի ԱմենաՓրկիչը և նույնանուն հուշարձաններ հայ արվեստի պատմության մեջ, Երուսաղեմ, 1937։
  • Նիւթեր և ուսումնասիրութիւններ հայ արուեստի և մշակոյթի պատմութեան։ Հովսեփյան Գարեգին Կարապետի, Նիւ Եորք, Ա. հ., 1944:
  • Դեպի լույս և կյանք. քարոզներ, գրականգեղարվեստական և իմաստասիրական հոդվածներ, աշխատություն, Անթիլիաս, 1947։
  • Հիշատակարանք ձեռագրաց, աշխատություն, Անթիլիաս, 1951։
  • Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ. 1-2, Երևան, 1983-1987։

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Նշանավոր Ճեմարանականներ», Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2005, էջ 136
  3. Գարեգին Հովսեփյան կաթողիկոս
  4. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  6. «ԳԱՐԵԳԻՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Օշական Հ., Արևելահայ բանասիրությունը և էջմիածին. Գարեգին կաթողիկոս Հովսեփյան, Անթիլիաս, 1948։
  • Աճառյան Հ., Գարեգին կաթողիկոս Հովսեփյանն իբրև հայ հնագրության մեծ վարպետ, «էջմիածին», 1952, № 7:
  • Քոլանջյան Ս., Հայ ձեռագրագիտության մեծանուն վաստակավորը, «Էջմիածին», 1962, № 6-8:
  • Հարությունյան Ս. Բ., Գարեգին Հովսեփյանը որպես բանագետ, ՊԲՀ, 1968, № 1:
  • Ղազարյան Մ., Հայ արվեստի երախտավոր Գարեգին արք. Հովսեփյան, «Էջմիածին», 1979, № 5:
  • Ոգուն չապավինելու արդյունքը (Կարսի անկումը 1920 թվականի հոկտեմբերի 30-ին, Գարեգին Արք. Յովսէփեանցի յուշագրութիւնը և փաստաթղթեր), կազմեց Գ. Եազըճեան,Երևան, 2002։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 580  

Աղբյուրներ խմբագրել

  • «Նշանավոր Ճեմարանականներ», Պրակ Ա, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2005