Այս հոդվածը Այրարատ նահանգի գավառի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կոտայք (այլ կիրառումներ)։

Կոտայք, Խատա գավառ, Խատայի գավառ, Խատայոց գավառ, Կըրխբուլաղ, Կոդեք, Կոտա գավառ, Կոտայից գավառ, Կոտայս, Կոտաս, Կոտուաց գավառ, Կոտեաց գավառ, Կոտեից գավառ, Կոտևուց, Կույտա, Կուտայից գավառ, Կուտեից Գավառ, Կուտեուց գավառ, Ղըռխբուլաղ, Ղրխբուլախ, Ղրխբուլաղ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում։ Մոտավորապես համապատասխանում է ներկայիս Կոտայքի մարզի և Երևան քաղաքի տարածքներին։ Կոտայքում էր գտնվում Երևանը։

Կոտայքի գավառ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿարգավիճակԳավառ
Մտնում էԱյրարատ
Ներառում էՀրազդանի և Ազատի միջև ընկած տարածք
Հիմնական լեզուՀայերեն
Ազգային կազմհայեր
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 900-2,500 մ մ

Անվանում խմբագրել

Ենթադրվում է, որ Կոտայք անունը հնագույն ծագում ունի և կապված է նույնանուն ցեղանվան հետ։ Նույնացվում է ուրարտական սեպագիր արձանագրությունների Էտունի երկրի անվան հետ։ Ղևոնդ Ալիշանը հնարավոր է համարում, որ Պտղոմեոսի հիշատակած Կոտակենե գավառը նույն Կոտայքն է։ Մի այլ տեղ նա այս անունը ծագած է համարում Մազազ գավառի Կուտիս գյուղի անունից։

Ոմանք Կոտայքը առաջացած են համարում Կոտե անունով մի իշխանի անունից, ուրիշները՝ Կոտայքի Կենտրոն (այժմ՝ Գետամեջ) գյուղի անունից, կամ էլ Սյունիքի Գեղարքունիք գավառի Կոթ կամ Կոթաքար գյուղաքաղաքի անունից, իբրև Կոթա փոխադրվածների կամ Կոթայեցիքի գավառ։

Կոտայքի մասին տեղեկություններ են պահպանվել «Աշխարհացոյց»-ում և մատենագիրների երկերում։ Հայ մատենագիրներից առաջին հիշատակությունը Սեբեոսինն է (7-րդ դար)։ Արաբ պատմագիր Բալաձորին Կոտայքը հիշում է Կույտա ձևով։ Միքայել Չամչյանը, այլ տեղեկություններից օգտվելով, Կոտայքը անվանում է Խատա կամ Խատայոց գավառ։

Աշխարհագրություն խմբագրել

Արևմուտքից սահմանակից էր Արագածոտն, հյուսիս-արևմուտքից՝ Նիգ, Վարաժնունիք, հարավ-արևելքից՝ Մազազ, հարավից՝ Ոստան գավառներին։ Գավառի հարավարևմտյան կողմը, որը ոռոգվում էր Հրազդան գետով, դաշտային և արգավանդ է, իսկ հյուսիս-արևելքը՝ լեռնոտ։ Այստեղով է հոսում նաև Գետառը։

Պատմություն խմբագրել

Միջնադարյան բազմաթիվ վկայություններ կան Կոտայքի մասին։ Արշակունիների ժամանակ Կոտայքը պատկանում էր հայոց արքունիքին։ Հետագա դարերում գտնվել է հայկական տարբեր նախարարական տների և իշխանությունների իրավասության տակ։ Թուրք-պարսկական տիրապետության օրոք Կոտայքը բաժանված էր Երևանի խանության Կըրխբուլաղի և Գառնիբասարի մահալների միջև։ Ոմանք գավառի մի մասին անունով Կըրխբուլաղ (Ղրխբուլաղ) են անվանել ամբողջ Կոտայք գավառը։

Հուշարձաններ խմբագրել

Կոտայքի տարածքի կարևոր հուշարձաններից են՝ Ձագավանքը (7-րդ դար), Արամուսի Ծիրանավոր եկեղեցին (7-րդ դար), Արզնիի եկեղեցին (6-րդ դար), Ակունքի Պողոս-Պետրոս մենաստանը (8-րդ դար), Պտղնին, կիկլոպյան տիպի ամրոցներ, դամբարաններ (մ․թ․ա․ 2-րդ դար), գերեզմանոցներ, խաչքարեր և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ. // Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան / Մանուկյան Լ. Գ. // Երևան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, 1986. — Հ. 3 — 224 էջ, էջ — 992 էջ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 638