Մարմաշենի վանք
Մարմաշենի վանք, վանական համալիր, որը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։
Մարմաշենի վանք | |
---|---|
Մարմաշենի վանքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Շիրակի մարզ, Մարմաշեն |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Գավիթ-տապանատուն, Գերեզմանոց, Գերեզմանոց, Գերեզմանոց, Խաչքար, Խաչքար, Եկեղեցի, Եկեղեցի, Եկեղեցի, Եկեղեցի, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Կաթողիկե, Խցեր բնակելի, Կառույցներ օժանդակ, Պարիսպ և Ջրմուղ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 10-րդ դար |
Հիմնադրված | 10-րդ դար |
Marmashen Monastery Վիքիպահեստում |
Անվան ծագում
խմբագրելՄարմաշեն անվան ծագման վերաբերյալ ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրում է.
«Վերջապես, տակավին պարզված չէ, թե ի՞նչ է նշանակում «մարմաշեն» բառը և ու՞մ պետք է վերագրել՝ գյուղի՞ն, թե՞ վանքին[2]։ Ոմանք կարծում են, թե այդ բառն առաջացել է աբխազների թագուհի Մարիամի անունից, մյուսները՝ ճարտարապետի[3], մեկ ուրիշը՝ սրբի[4]։ Այս ցանկը կարելի է համալրել նորանոր ենթադրություններով, սակայն, դրանք կարիք են զգում լուրջ հիմնավորման։ |
Հիշատակություններ
խմբագրելՄարմաշենն առաջին անգամ հայ պատմիչների կողմից հիշատակվում է X դարում։ Ստեփանոս Ասողիկը, խոսելով արաբ ամիրա Մամլանի դեմ դուրս եկած հայ-վրացական միացյալ բանակի մասին, հաղորդում է հետևյալը.
Հաջորդ պատմիչը, որն արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մարմաշենի մասին, 10-11-րդ դարերի հեղինակ Սամվել Անեցին է։ Պատմիչը ոչ միայն նշում է կառուցողի անունը, այլև շինության թվականը.
Մարմաշենն իրենց աշխատություններում ավելի ուշ հիշատակում են նաև Կիրակոս Գանձակեցի[5], Վարդան Արևելցի[6] և Մխիթար Այրիվանեցի պատմիչները, որոնք կառուցողի անունը հիշատակելուց բացի այլ մանրամասներ չեն հաղորդում։
Մարմաշենը, ինչպես վկայում է եկեղեցու հարավային պատի վրա Վահրամ Պահլավունու թողած արձանագրությունը, եղել է մեծ սպարապետի տոհմային հանգստարանը, որի համար էլ արժանացել է նրա ու իր սերունդների ուշադրությանը։
1064 թվականին սելջուկ-թուրքերը Ալփ-Ասլանի որդի Մելիք շահի գլխավորությամբ պաշարում և կործանում են Մարմաշենը։ Ասվածի վառ ապացույցն է արաբ հեղինակ Իբն ալ-Ասիրի հետևյալ վկայությունը.
«Մելիք շահը և Նիզամ ալ-Մուլքը շարժվեցին դեպի Մարիամ Նիշին, ուր շատ վանականներ ու քահանաներ (հոգևորականներ) կային։ Քրիստոնյա թագավորներն ու նրանց ժողովուրդը բարյացակամ էին այս քաղաքի բնակիչների նկատմամբ։ Սա մի ամրացված քաղաք էր, որի պարիսպները պատրաստված էին հսկայական պինդ քարերով, որոնք կապարի ու երկաթի միջոցով իրար էին կապված, իսկ նրա մոտ կար մի մեծ գետ։ Նիզամ ալ-Մուլքը պատրաստեց կռվի համար պետք եղած նավերը և այլ բաներ ու կռվի բռնվեց։ Կռիվը տևեց գիշեր ու ցերեկ, իսկ նա զինվորներին կռվի էր բերում հերթով։ Անհավատները հոգնեցին և հուսահատությունը պատեց նրանց։ Մուսուլմանները հասան նրա պարիսպներին և աստիճաններ դնելով` վեր բարձրացան, քանզի բրիչները բթացան քարի կարծրության պատճառով։ Երբ բնակիչները մուսուլմաններին պարսպի վրա տեսան, թուլացան ու հուսալքվեցին։ Մելիք շահը մտավ քաղաք Նիզամ ալ- Մուլքի հետ, և նրանք վառեցին ու կործանեցին եկեղեցիները, բնակիչներից շատերին կոտորեցին և շատերը իսլամ ընդունելով մահվանից փրկվեցին››: - Իբն ալ-Ասիր, Արաբական աղբյուրներ, Բ, թարգմանություն բնագրից. առաջաբան և ծանոթագրութ-յուններ Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1981, էջ 218։
|
Մարիամ Նիշին կոչվող քաղաքը, ինչպես երևում է Գրիգոր Մագիստրոսի` Սոսթենես վանահորը գրած նամակի բովանդակությունից, կոչվել է Մարմաշեն.
«Ուխտիդ սուրբ և մայրաքաղաքիդ Մարմաշինոյ››: - Գրիգոր Մագիստրոսի թղթերը, բնագիրն յառաջաբանով եւ ծանօթութիւններով առաջին անգամ ի լոյս ընծայեց Կ. Կոստանեանց, Աղէքսանդրապօլ, 1910, էջ 104։
|
Մեկ այլ նամակի մեջ, որն ուղղված էր Սանահինի վանքին, այն ներկայացվում է որպես պարսպապատ քաղաք.
Սելջուկյան ավերածություններից հետո Մարմաշենը 1225 թվականին վերանորոգվում է։ Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Խարիփ Մագիստրոսը Մարմաշենի գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի վրա թողած արձանագրության մեջ հաղորդում են, որ իրենց ջանքերով
«վերստին նորոգումն եղև հրաշափառ տաճարի››: - И . А. Орбели, Надписи Мармашена, П., 1914, стр. 2
|
Սակայն, ինչպես երևում է.
Ճարտարապետություն
խմբագրելԿաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա փորագրված արձանագրության մեջ հիշատակվում են վանքերի երկու խումբ` Վերին և Մեծ, որոնք հետագայում Գրիգոր արքեպիսկոպոսի և նրա եղբայր Խարիփ Մագիստրոսի ջանքերով միավորվում են[7]։ Վերին վանքը գտնվում է Մեծ վանքից 200 մետր դեպի հյուսիս գտնվող բլրակի վրա և իր դիրքով ավելի բարձր է նախորդից։ Ի տարբերություն Վերին վանքի` Մեծ վանքը պաշտպանված է եղել շրջապարիսպով, որը ձգվել է մինչև գետի եզերքը՝ իր մեջ ներառելով չորս եկեղեցի, գավիթ-ժամատուն, զանգակատուն և գերեզմանոց։
Մեծ վանքի տարածքում 19-րդ դարի 80-ական թվականներից մինչ օրս իրականացված հնագիտական աշխատանքների արդյունքում ուսումնասիրողները դեռևս չեն հայտնաբերել նախաքրիստոնեական կառույցների հետքեր, սակայն, պահպանված հիշատակության համաձայն, Ալեքսանդր Երիցյանը հայտնաբերել է հեթանոսական տաճարի մնացորդներ.
«որի կէսը մնում էր քրիստոնէական եկեղեցւոյ հիմանց տակ››: - Համբօ, Հինգերորդ հնագիտական ժողովը Թիֆլիսում, ‹‹Փորձ››,1881, N 1 էջ 87։
|
Կաթողիկե եկեղեցի
խմբագրելԳտնվում է հիմնական խմբի կենտրոնում։ Իր ձևերով ու հատկանիշներով կատայալ գմբեթավոր դահլիճ է (12,8 մ X 20 մ)։ Ամբողջ շենքը կառուցված է զանգվածեղ տուֆ քարերից, որոնց մեծությունը տեղ-տեղ հասնում է մինչև 2 մետրի։ Եկեղեցին կանգնած է վեց որմնասյուների վրա, որոնցից երկուսը, կամար կազմելով, միանում են բեմին` առջևից փակելով ավանդատների մուտքը։ Ավանդատները աստիճաններով միացված են բեմին։ Եկեղեցին ունի բավական բարձր և ընդարձակ բեմ, որի արևելյան պատի վրա կան յոթ կամարակապ պատուհաններ։
Դրսից շենքի բոլոր ճակատները հարդարված են զույգ որմնասյուներին հենվող որմնակամարներով։ Կենտրոնական որմնակամարները մյուսներից տարբերվում են իրենց մեծությամբ, որոնց տակ ամփոփված են պատուհաններ (հարավային ճակատում կամարաձև, մյուսներում` ուղղանկյուն)։
Եկեղեցու պատերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև արտաքուստ շքեղ տեսք տալու նպատակով շինարարները արևելյան, հարավային և հյուսիսային պատերի վրա երկուական եռանկյունաձև մեծ խորշեր են թողել։
Շենքին առանձնահատուկ շուք է տալիս 12 նիստանի թմբուկը, որն ավարտվում է հովանոցաձև վեղարով։
-
Եկեղեցին 1878 թվականին
-
Եկեղեցին 2014 թվականին
-
Կաթողիկե եկեղեցին վանական համալիրի կենտրոնում
-
Կաթողիկե եկեղեցու խորանը
Երկրորդ եկեղեցի
խմբագրելԳմբեթավոր դահլիճ է և գտնվում է գլխավոր եկեղեցուց 2,5 մետր դեպի հյուսիս, որից հիմնականում պահպանվել են հարավային և արևելյան պատերը և տանիքի որոշ հատվածներ։ Սա իր չափերով (9,5 մ X 15 մ) զիջում է գլխավոր եկեղեցուն, սակայն ճարտարապետական ձևերով և արտաքին հարդարանքներով նման է վերջինիս։ Ըստ ճարտարապետ Թ. Թորամանյանի` այս եկեղեցին.
Մեծ վանքի եկեղեցիները կառուցվել են համալիրային ամբողջականության և ներդաշնակության ակնկալումով, որտեղ անսամբլի մյուս եկեղեցիները գլխավոր եկեղեցու նկատմամբ ունեն ենթակա դեր։ Ուստի, վերոհիշյալ համաչափությունները պահպանելու համար անհրաժեշտ էր նախ կառուցել համալիրի գլխավոր կառույցը, իսկ այնուհետև նրա հետ համապատասխանեցնել մնացած (երկրորդական) շինությունները։ Հետևաբար, պետք է ենթադրել, որ Վահրամ Պահլավունին երկրորդ եկեղեցին կարող էր կառուցել միայն գլխավոր եկեղեցու ավարտից հետո, այսինքն` 994-1029 թվականներն ընկած ժամանակահատվածում։
Երրորդ եկեղեցի
խմբագրելԳտնվում է գլխավոր եկեղեցուց 11 մետր դեպի հարավ։ 7 մետր լայնություն և 9 մետր երկարություն ունեցող այդ կառույցը նույնպես անսյուն է և պատկանում է խաչաձև հատակագիծ ունեցող կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին։
Այս շինությունն իր ճարտարապետական լուծումներով ու արտաքին հարդարանքով խիստ տարբերվում է գլխավոր և երկրորդ եկեղեցիներից, այդ առանձնահատկություններն իրենց հերթին կարողանում են համալիրին ավարտուն տեսք և շքեղություն հաղորդել։ Այս եկեղեցին ևս կառուցվել է 994-1029 թվականներն ընկած ժամանակահատվածում` երկրորդ եկեղեցու հետ միաժամանակ կամ նրա ավարտից հետո։
Եկեղեցու արևմտյան և հարավային պատերին կան մեկական, իսկ արևելյան պատին` երեք փոքրիկ պատուհաններ։ Նույն չափի երեք պատուհաններ էլ կան թմբուկի արևելյան, հարավային և արևմտյան կողմում։
Եկեղեցին ունի բարձր բեմ, որի երկու կողմերում կան քառակուսի ավանդատներ։ Նույնպիսի ավանդատներ կան նաև արևմտյան դռանը հարակից երկու անկյուններում։ Գլխավոր եկեղեցու հարավային պատին` Մարիամ թագուհու թողած արձանագրության մեջ, պահպանվել է հիշատակություն այն մասին, որ Մարմաշենի տիեզերական ուխտում եղել է.
«զսեանն եկեղեցին զսուրբ Պետրոս››: - Յ. Շահխաթունեանց, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հտ. II, Էջմիածին, 1842, էջ 276։
|
Գավիթ-ժամատուն
խմբագրելԳտնվում է գլխավոր եկեղեցու արևմտյան կողմում (13,3 մ X 12,6 մ), որից այժմ պահպանվել են ավերակ վիճակում գտնվող արևմտյան և հյուսի-սային պատերը, հարավային պատի ստորին շարվածքը, չորս որմնախարիսխներն ու ութանկյուն սյուների բեկորներ։ Սրա մեջ բացվող գլխավոր եկեղեցու արևմտյան դռան երկու կողմում կան տապանաքարեր, որոնցից հյուսիսային կողմի արձանագիրը վկա յում է, որ դա Վահրամ Պահլավունու գերեզմանն է։
Ալեքսանդրապոլցիների կողմից նոր շիրմաքարը տեղադրվել է հին տապանաքարի տեղում, որովհետև Վահրամ իշխանի թոռ Գրիգոր արքեպիսկոպոսը գլխավոր եկեղեցու հյուսիսային պատին թողած ընդարձակ արձանագրության մեջ հաղորդում է, որ թշնամու դեմ մղած կռվի ժամանակ մարտիրոսացած իր սիրելի եղբայր Խարիփի մարմինը
«բերեալ թաղեցաք առ դրան սրբոյ կաթողիկէիս մերձ առ նշխարս հաւուն մերոյ Վարհամա[մ] իշխանի››: - И . А. Орбели, Надписи Мармашена, П., 1914, стр. 2-3
|
Այստեղ են գտնվում նաև Վահրամ իշխանի թոռ և Խարիփ Մագիստրոսի եղբայր Գրիգոր արքեպիսկոպոսի և նրա որդի Ապուղամրի տապանաքարերը[8]։ Այս ամենից կարելի է հետևություն անել, որ Վահրամ Պահլավունու և նրա սերունդների համար գավիթ-ժամատունը ծառայել է հիմնականում որպես տոհմային տապանատուն-հանգստարան։ Գավթի կառուցումն ազդարարող շինարարական արձանագրության բացակայությում է։
Չորրորդ եկեղեցի
խմբագրելԳտնվում է գավթի արևմտյան կողմում։ Արտաքուստ կլոր այս շինությունը ներքուստ ներգծված է չորս կիսակլոր խորաններով, որոնք ընդգծում են կառույցի խաչաձևությունը։ Խորանների միջև տեղադրված են մեկական ավանդատներ։ Ավերված եկեղեցուց պահպանվել են պատերի ստորին շարվածքը և միաստիճան բարձր ստիլոբատը (հիմնապատը)։ Մասնագիտական գրականության մեջ ուսումնասիրողների կողմից այս եկեղեցին թվագրվել է 7-րդ դարով, իսկ Ն. Մ. Տոկարսկին այն թվագրում է 11-րդ դարի 20-30-ական թվականներով՝ հաշվի առնելով սույն շինության և 1029 թվականի կառուցված Խծկոնքի կլոր հատակագծով եկեղեցու նմանությունը[9]։
Զանգակատուն
խմբագրելԳտնվում է գավթի հարավարևմտյան կողմում։ Մյուս շինությունների նման, այս քառանկյուն կառույցը նույնպես կառուցված է տուֆ քարով, որից այժմ պահպանվել են միայն ստորին 2-4 շարքերը։ Հ. Եղիազարյանի կարծիքով, այս շինությունը եղել է Պահլավունյաց տոհմի դամբարան, չնայած նրան, որ
«ներսում չեն պահպանվել գերեզմանաքարեր››: - Հ. Եղիազարյան, Մարմաշենի վանքը և նրա վիմագրությունները, ‹‹Էջմիածին››,1957, N 5,էջ 39։
|
Կիսելով այս բավական հետաքրքիր տեսակետը, հարկ ենք համարում նշել, որ գավիթի առկայության պայմաններում սույն շինության դամբարան լինելը բացառվում է։
‹‹Սրա կառուցման ժամանակը, նույնպես որոշ չէ, սակայն գետնի մակերեսի նկատմամբ նրա նստվածքից երևում է, որ պետք է կառուցված լինի ԺԱ դարում` գլխավոր եկեղեցու և գավթի կառուցումից հետո››:|Հ. Եղիազարյան, Մարմաշենի վանքը և նրա վիմագրությունները, ‹‹Էջմիածին››,1957, N 5,էջ 39։}}
Զանգակատունը զբաղեցնում է գավթի և կլոր հատակագծով եկեղեցու միջև ընկած տարածությունը։ Սակայն, կարծում ենք, որ այդ փոքրիկ շինության հիմնադրումով ոչ թե լրացվել է գավթի և կլոր եկեղեցու միջև ընկած տարածությունը, այլ հակառակը. նախապես կառուցվել է զանգակատունը, իսկ այնուհետև կլոր եկեղեցին։ Զանգակատունը ևս կառուցվել է 994-1029 թվականներն ընկած ժամանակահատվածում։
Մեծ վանքի գերեզմանոց
խմբագրելԳտնվում է վանքի արևելյան մասում։ Հին գերեզմանների տապանաքարերը գտնվում են եկեղեցիների հիմքերին հավասար բարձրության վրա[10]։ Վերոհիշյալ հարթությունից վեր գտնվող բազմաթիվ տապանաքարերի վրա պահպանված արձանագիր թվականների առկայությունը հուշում է, որ նոր գերեզմանոցը ձևավորվել է հին գերեզմանոցի վրա։ Այս գերեզմանոցի տարածքում է գտնվում իշխանաց իշխան Վահրամ Պահլավունու կողակցի՝ Սոփիա տիկնոջ արձանագիր տապանաքարը, որը Վերին վանքից
«բերին ’ի ստորին գիւղն, և եդին ’ի վերայ գերեզմանի քահանայի միոյ նոր վախճանելոյ (Տէր Պօղոս անուն)››: - Ղ. Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881, էջ 147։
|
Հավանաբար, նույն եղանակով Վերին վանքի գերեզմանոցից Մեծ վանքի գերեզմանոց է տեղափոխվել նաև Վահրամ Պահլավունու որդու՝ Ապուղամրի կնոջ տապանաքարը։ Ստորին վանքի տարածքում Պահլավունյաց տոհմի կանանց գերեզմանների բացակայության, ինչպես նաև Վերին վանքի տարածքում դրանց առկայության հանգամանքը վկայում է, որ Վերին վանքի տարածքը Վահրամ Պահլավունու և նրա սերունդների կանանց համար հանդիսացել է որպես տոհմային գերեզմանոց։ Հակառակ դեպքում Վահրամ Պահլավունու աճյունը չէր ամփոփվի Մեծ վանքի գավթում, իսկ նրա կողակցինը՝ Վերին վանքի գերեզմանոցում։
Վերին վանք
խմբագրելԳտնվում է Ստորին վանքի կամ Մեծ Մարմաշենի հյուսիսային կողմում` Ախուրյանի աջ ափին բարձրացող բլրակի վրա, որը Ստորին վանքի հետ միասին կազմել է մեկ ամբողջություն։ Այն իր կազմում ունի մեկ եկեղեցի և գերեզմանոց։ Գերեզմանոցի եկեղեցին քառաթև կենտրոնագմբեթ շինություն է, որից պահպանվել է հյուսիսային պատի մեծ մասը։ Կառույցը թվագրվում է 7-րդ դարով։ Վահրամ Պահլավունին գերեզմանոցի քառաթև եկեղեցին պետք է որ կառուցած լիներ իր վաղամեռիկ կնոջ` Սոփիայի մահից (1015 թվական) հետո և ավարտած` մինչև 1029 թվականը։
Վերին վանքի գերեզմանոց
խմբագրելՏարածվում է մատուռանման շինության շուրջը։ Այստեղ է թաղված Վահրամ Պահլավունու կին Սոփիա տիկինը.
Ներկայումս անհնար է գերեզմանոցի տարածքում գտնել այն վայրը, ուր հանգչում է աստվածապաշտ տիկնոջ աճյունը, որովհետև, ինչպես վերը նշեցինք, իրենց ազ-գի պատմությունը չիմացող մի խումբ բարբարոսներ նրա շիրմաքարը տեղափոխել էին Մեծ վանքի գերեզմանոց։ Այս գերեզմանոցում թաղված էր նաև Ապուղամր Պահլավունու կինը, որի տապանաքարը, ըստ արժանացել է Սոփիա տիկնոջ շիրմաքարի բախտին։
Գլխավոր եկեղեցու հարավային պատի միջին մասում Վահրամ Պահլավունու կողմից թողած արձանագրության մեջ հիշատակված թվականները (988-1029 թվականներ) լիովին համապատասխանում են իրականությանը, որովհետև տվյալ ժամանակահատվածում (41տարի) Վերին և Ստորին վանքերի տարածքում, գլխավոր եկեղեցուց բացի, կառուցվել են ևս չորս եկեղեցի, գավիթ-ժամատուն և զանգակատուն։ Վերոհիշյալ ժամանակահատվածում Վահրամ Պահլավունին իրոք կարող էր առաջին հայացքից անհավանական թվացող հսկայածավալ շինարարական աշխատանքներն իրենց ավարտին հասցնել, որովհետև այդ աշխատանքների ընթացքում, ինչպես ինքն է նշում, ներդրվել է ողջ տոհմի կարողությունը.
Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը՝ Մարմաշենի վանքի մոտակայքում. հնագիտական այլ արժեքներ
խմբագրելՄեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում բնակավայրեր են հիմնադրվել դեռևս հազարամյակներ առաջ։ Մարզի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր։ Որպես մարդկության հինավուրց օրրանի մեկ այլ վկայություն է Մարմաշենի մերձակայքում պահպանված սեպագիր արձանագրությունը։ Դա Ուրարտուի թագավոր Արգիշտի առաջինի արձանագրությունն է, որտեղ ասվում է, որ "Արգիշտին գրավեց Էրիախի երկիրը, Իրդանիունի բնակավայրը, հասավ մինչև Իշկիգուլու"։ Էրիախին այսօրվա Շիրակն է, Իրդանիունին՝ Գյումրին կամ նրա շրջակա տարածքը, իսկ Իշկիգուլուն Աշոցքն է[11]։ Պետք է հաշվի առնել, որ Արգիշտին գրավել էր վաղուց արդեն գոյություն ունեցող և ժամանակի չափանիշներով՝ հիշատակման արժանի խոշոր բնակավայրեր։ Արգիշտին գրավել է Էրիախի երկիրը եւ ուրարտական արշավանքները շարունակվել են դեպի այլ տարածքներ։
Մարմաշենը և սպարապետ Վահրամ Պահլավունին. 10-րդ դար
խմբագրելԵրբ 885 թվականին Բագրատունիները վերականգնեցին հայոց պետականությունը, սկզբում սպարապետությունը պաշտոնավարում էին արքայի եղբայրները։ Ավելի ուշ, պետության համախմբվածությունն ամրապնդելու նպատակով, այն հանձնվեց Պահլավունիներին։ Նախարարական տանը, մի շարք տարածքների հետ, հատկացվեց նաև Շիրակ գավառը։ Պատմահայր Մովսես Խորենացին հաղորդում է, որ Պահլավունիների տոհմը պարթևական ծագմամբ հայացած ճյուղ է։ Մեզ հասած տվյալներով՝ Մարմաշենի հոգևոր և աշխարհիկ զարթոնքը եղել է հենց 10-րդ դարում, երբ հայոց Վահրամ Պահլավունի սպարապետը շինարարական աշխույժ գործունեություն է ծավալել։ Ենթադրություն կա, որ 10-րդ դարում Պահլավունու ամրոցի դիմաց եղել է ինչ–որ պարտեզ՝ շինություններով։ Եթե այդպես է, հնարավոր է ամրոցը կառուցելիս ավերվել են ավելի վաղ շերտի կառույցները։ Համենայն դեպս, այնտեղ լուրջ պեղումներ չեն կատարվել, որ հստակ նշվի՝ տարածքում ուրարտական կառույցներ կան, թե չէ։
Մարմաշենի վանական համալիրի հոգևոր նշանակությունն անցյալում և ճարտարապետական արժեքն՝ այսօր
խմբագրելՇիրակի մարզում բավականին լավ պահպանված հուշարձաններից է Մարմաշենի վանական համալիրը։ Այս խոշոր վանական համալիրը մեծապես նպաստել է հայ հոգևոր կյանքի զարգացմանը։ Մեծ եկեղեցին կրում է Աստվածամոր անունը։ Հավանաբար այստեղից էլ գալիս է ընդհանուր համալիրի, նաև մոտակա գյուղի անվանումները։ Ըստ որոշ կարծիքների՝ “Մարմաշեն” անվանումը “Մարիամաշեն” բառի ձևափոխումն է։ Իսկ հնավայրի մյուս՝ “Վահրամաբերդ” անվանումը ենթադրել է տալիս, որ այստեղ եղել է նաև իշխանական նստավայր։ Այս կարծիքը հիմնավորում է մերձակա բլրի գերեզմանոցում թաղված Սոփիա իշխանուհու շիրիմը։
Պահպանված եկեղեցիներից բացի, եղել է նաև զվարթնոցատիպ տաճար։ Այն ավերված է եղել անհիշելի ժամանակներից։ Մինչև 1938 թվականն անգամ հայտնի չի եղել, որ համալիրում այսպիսի շինություն է եղել։ Մինչ այդ վանքի տարածքն ընդգրկվել է գյուղի մեջ, իսկ զվարթնոցատիպ տաճարի ավերակները եղել են տներից մեկի գոմի տակ։ 1950-ականներին այստեղ առաջին պեղումներն են իրականացվել, երբ գյուղն արդեն տեղափոխվել էր ավելի վեր։ Ավելի ծավալուն աշխատանքներ իրականացվել են 1970-ականների սկզբից՝ հնագետ Սերգեյ Հարությունյանի գլխավորությամբ և տևել մոտ 10 տարի։ Աստվածածին եկեղեցուն կից, նրանից մոտ երկու դար անց կառուցվել է գավիթ, որտեղ, դրված տապանաքարի արձանագրության համաձայն՝ ամփոփված են 1045 թվականին թուրքաց դեմ պատերազմելիս զոհված Վահրամ Պահլավունու նշխարները։ Գավիթն այսօր չկա, սակայն եկեղեցու պատերին նկատելի են նրա հետքերը։ Ամենայն հավանականությամբ, համալիրը պատկանում է Տրդատ ճարտարապետի թողած արժեքների շարքին։ Համեմատելով այն տաճարների հետ, որոնք պատմական տվյալներով, նրա ստեղծագործություններն են, նկատելի են նույն ձեռագրային նրբությունները։ Մարմաշենի վանական համալիրը, ինչպես և Շիրակ աշխարհի այլ հնագույն հուշարձաններ, պատկերացում է տալիս Անի -Շիրակ ճարտարապետական դպրոցի ավանդույթների և լուծումների մասին։
Համալիրի հիմնական կառույցները զարդարված են կամարային խորշերով և կեղծ կամարներով։ Ի դեպ, նմանատիպ տաճարներ կան Պիզայում՝ Կամպոսանտո անունով, Ֆրանսիայի Սուանսոն քաղաքում։ Դրանք նույնպես դրսից կեղծ կամարներ ունեն։ Այսօր դժվար է ասել, թե այդ տաճարները կառուցողներն օգտվե՞լ են արդյոք հայ ճարտարապետության առանձնահատկություններից, բայց Մարմաշենի եկեղեցին կառուցված է դրանցից մի քանի դար ավելի վաղ։
11-րդ դարից սկսվում են սելջուկյան արշավանքները, որոնց հաջորդում են այլ նվաճողների ասպատակությունները։ Այս ընթացքում Շիրակ գավառը հայաթափվում է։ Բնակիչները մեծ մասամբ գաղթում են դեպի Ղրիմ, հետագայում՝ նաև Ռոստով։ Լքվում են հոգևոր կյանքի երբեմնի խոշոր կենտրոնները, այդ թվում՝ Մարմաշենը։ 19-րդ դարասկզբին արդեն այն ամայացած էր, ինչպես Հառիճը։ Եթե միջնադարում այն եղել է հոգևոր կյանքի աշխույժ կենտրոն, ապա հետագայում վերածվել է գյուղական եկեղեցու։ Այսօր Մարմաշենը չի գործում իբրև վանական համալիր և տարածքն էլ եկեղեցապատկան չէ։ Հայ Առաքելական Եկեղեցին այստեղ իրավունք ունի ընդամենը պատարագ մատուցել, ժամերգություն, պսակադրություն և մկրտություն կատարել։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԱղբյուրներ և գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, MCMXLII, էջ 315։
- ↑ Ղ. Ալիշան, Շիրակ, 1881, էջ 147։
- ↑ Ն. Ք. Նիկողոսեան, Շիրակի գիւղական կեանքից, «Արարատ», 1904, N Է-Ը, էջ 702։
- ↑ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան,1961, էջ 88։
- ↑ Վարդան Վարդապետ, Տիեզերական Պատմություն, Երևան, 2001, էջ 103
- ↑ И . А. Орбели, Надписи Мармашена, П., 1914, стр. 2
- ↑ И . А. Орбели, Надписи Мармашена, П., 1914, стр. 2-3
- ↑ Н. М . Токарский, Архитектура Армении IV-XIVвв., Ереван, 1961, стр. 217
- ↑ Հ. Եղիազարյան, Մարմաշենի վանքը և նրա վիմագրությունները, «Էջմիածին», 1957, N 5,էջ 39։
- ↑ Կարագյոզյան Հովհաննես, Իրդանիու քաղաքը՝ 3250 տարեկան է։ - «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1985, № 1, էջեր 53-64.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարմաշենի վանք կատեգորիայում։ |