Եփրեմ Ասորի (արամերեն / ասորերեն` ܐܦܪܝܡ ܣܘܪܝܝܐ, Mor/Mar Afrêm Sûryāyâ; հունարեն` Ἐφραίμ ὁ Σῦρος; լատին․՝ Ephraem Syrus, մոտ 306[1], Մծբին, Միջագետք (Հռոմեական նահանգ), Արևելքի թեմ, Արևելքի պրեֆեկտուրա, Հռոմեական կայսրություն[1] - հունիսի 9, 373, Ուռհա, Osroene, Արևելքի թեմ, Արևելքի պրեֆեկտուրա, Հռոմեական կայսրություն[1]), նշանավոր ասորի քրիստոնյա գրող, աստվածաբան, եկեղեցու հայր, ընդհանրական եկեղեցու՝ այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցու սուրբ։ Ապրել և գործունեություն է ծավալել Հայոց Միջագետքի Մծբին քաղաքում։ Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից է, Հայ Առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով։

Եփրեմ Ասորի
Դիմանկար
Ծնվել էմոտ 306[1]
ԾննդավայրՄծբին, Միջագետք (Հռոմեական նահանգ), Արևելքի թեմ, Արևելքի պրեֆեկտուրա, Հռոմեական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 9, 373
Մահվան վայրՈւռհա, Osroene, Արևելքի թեմ, Արևելքի պրեֆեկտուրա, Հռոմեական կայսրություն[1]
ԿրոնChurch in Gabowe Grądy? և Սիրիական քրիստոնեություն
Մասնագիտությունաստվածաբան, սարկավագ, բանաստեղծ, գրող և քահանա
ԱշխատավայրSchool of Nisibis?
Զբաղեցրած պաշտոններսարկավագ
Պարգևներ և
մրցանակներ
 Ephrem the Syrian Վիքիպահեստում

Սերել է ասոր. ընտանիքից։ Նախնական կրթությունն ստացել է Մծբինում, այստեղ էլ մկրտվել իր ուսուցչի՝ Հակոբ Մծբնացու ձեռքով։ Եփրեմ Ասորին համակողմանի կրթություն է ստացել քրիստոնեական մշակույթի նշանավոր կենտրոն Եդեսիայի «Պարսից» դպրոցում։ Ըստ ավանդության՝ նա Հակոբ Մծբնացուն ուղեկցել է Նիկիա և 325 թվականին նրա հետ մասնակցել առաջին տիեզերաժողովին։ Ավելի քան տասը տարի ապրել և ստեղծագործել է Եդեսիայում, այստեղ գրել է իր առաջին գործերը, կրթել բազում աշակերտներ։

Պարսից Սասանյան Շապուհ II թագավորի (311–380)՝ քրիստոնյաների նկատմամբ գործադրած հալածանքներից խուսափելու համար՝ 360-ական թվականներին իր աշակերտների և քրիստոնյա հայրենակիցների հետ տեղափոխվել է Մծբին։ Հակոբ Մծբնացին նրան նշանակել է տեղի քրիստոնեական դպրոցի տեսուչ։ Սակայն 363 թվականին, երբ պարսիկները գրավել են Մծբինը, Եփրեմ Ասորին հարկադրված վերադարձել է Եդեսիա, կարճ ժամանակ անց մեկնել Եգիպտոս, որտեղ 8 տարի ճգնել է Թեբայիդի նշանավոր մենաստաններում։ 370–371 թվականներին այցելել է Կապադովկյան Կեսարիա, հանդիպել Բարսեղ Կեսարացուն, որը, ըստ ավանդության, նրան սարկավագ է ձեռնադրել։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել
 
Եփրեմ Ասորացին 16-րդ դարի ռուսական նկարազարդում

Եփրեմ Ասորու գրչին են պատկանում կամ վերագրվում սուրբգրային բազմաթիվ մեկնություններ, այդ թվում՝ Տատիանոսի Համաբարբառի մեկնությունը, դավանական աշխատություններ, ճառեր, աղոթքներ, ներբողներ, կցուրդներ, որոնք շարադրված են արևելաքրիստոնեական մտքին հատուկ խորհրդապաշտական ոգով, հայտնութենական թափանցումներով, քնարականությամբ։

Եփրեմ Ասորու մեկնություններում Աստվածաշնչի պատմությունը, տառացի իմաստը գերիշխող է այլաբանականի նկատմամբ։ Դավանաբանական աշխատություններն ուղղված են իր ժամանակի զանազան աղանդների և հոսանքների դեմ։ Այդպիսիք են՝ «Ընդդեմ հանդուգն փորձարարների», «Ընդդեմ բարդածանական, մարկիոնական և մեսալյան աղանդի», «Յաղագս մարգարտին...», «Կամքի ազատության մասին և ընդդեմ կույր ճակատագրի պաշտպանների», «Ապաշխարության մասին՝ ընդդեմ նովացիանների» և այլ երկեր, որոնք շարադրված են ոչ թե նպատակադիր քննադատության, այլ՝ խորհրդածության, սրտաբուխ հորդորի եղանակով։ Նա գրեթե երբեք չի խորացել հերձվածների գաղափարական ակունքների բացահայտման մեջ, որովհետև դրանք ուղղված են եղել գլխավորապես ժողովրդի լայն զանգվածներին «Եփրեմ Ա Ձորագեղցի», Մ. Հովնաթանյան (1830–1840-ական թթ., ՀԱՊ, Երևան) և մասամբ էլ՝ գրվել (տաղաչափված) եկեղեցում երգելու նպատակով։

Եփրեմ Ասորին գրել է բազմաթիվ հոգևոր երգեր՝ նվիրված Ս. Ծննդյան տոնին, Մկրտությանը, Հարությանը, Համբարձմանը, պահքին և այլն։ Երգերի հորինման շարժառիթը գնոստիկյան Բարդայծան Եդեսացու (154–222) երգերի և Եփրեմ Ասորու ժամանակ Միջագետքում լայն տարածում գտած մեսալյան աղանդի աղոթամատույցների հոգևոր կիրառությունից դուրսմղումն էր և եկեղեցական արարողությունների կարգավորումը։ Ասորու գրչին են պատկանում նաև Ս. Ծննդյան, Քրիստոսի չարչարանքների և Հարության մասին, թաղման կարգի, ապաշխարության երգաշարեր։

Եփրեմ Ասորու երկերի մեծ մասը հայացվել են 5-րդ դարում, գրչագրվել և շրջանառության մեջ մտել բազմաթիվ ընդօրինակություններով։ Թարգմանվել են Հին և Նոր կտակարանների մեկնություններ, կցուրդներ, աղոթքներ, կանոններ, խրատներ, քարոզներ, ճառեր։ Միայն հայերեն թարգմանությամբ պահպանվել են հոգևոր երգերի ժողովածուն (Մադրաշա), «Նիկոմեդիական եղերերգությունները», Գործք առաքելոցի, Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունները, Տատիանոսի Համաբարբառի մեկնության զգալի մասը, Հնգամատյանի, Հեսուի, Դատավորաց, Թագավորությանց, Մնացորդաց Ա և Բ գրքերի մեկնությունների համառոտ տարբերակները։ Ասորու աշխատությունների հայերեն թարգմանություններն ունեն երկու կարևոր նշանակություն։ Նախ՝ դրանք ներկայացնում են արևմտյան ազդեցությունից զերծ մնացած բնիկ արամեախոս քրիստոնեական աստվածաբանության յուրահատուկ գծերը և երկրորդ՝ դրանք շահեկան են աստվածաշնչյան բնագրերի, հատկապես Նոր կտակարանի ուսումնասիրության համար, որովհետև ստեղծված են ավելի վաղ, քան Նոր կտակարանի՝ մեզ հասած հունարեն և ասորերեն հնագույն ընդօրինակությունները։

Եփրեմ Ասորու գործերի հայերեն թարգմանությունների զգալի մասը, հատկապես մեկնություններն ու աղոթքները, բազմիցս վերահրատարակվել են։ Հայ եկեղեցին ս. Եփրեմ Ասորու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ефрем Сирин (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 344 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եփրեմ Ասորի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 646