Փավստոս Բուզանդ (նաև՝ Փավստոս Բյուզանդ, գրաբ.՝ Փաւստոս կամ Փօստոս Բիւզանդացի, 4-րդ դար - 5-րդ դար), հայ պատմագիր։

Փավստոս Բուզանդ
Փաւստոս Բուզանդ
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» գրքի առաջին էջը.
Ծնվել է4-րդ դար
Վախճանվել է5-րդ դար
Մասնագիտությունպատմաբան
Լեզուհայերեն և հին հունարեն
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներHistory?
Փավստոս Բուզանդ Վիքիքաղվածքում
 Faustus of Byzantium Վիքիպահեստում

Բուզանդի մասին

խմբագրել

Բուզանդի կենսագրության մասին շատ քիչ տեղեկություններ կա։ Միքայել Չամչյանը, Նորայր Բյուզանդացին, Նիկողայոս Ադոնցը, Մկրտիչ Էմինը, Սեն-Մարտենը և այլոք Բուզանդին նույնացնում են Հայոց կաթողիկոս հույն եպիոսկոպոս Փավստոսին՝ Ներսես Ա Մեծի խորհրդականին։ Կա տեսակետ, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը 4-րդ դարի վերջին գրել է հունարեն, իսկ հայերեն թարգմանվել է 5-րդ դարում։ Ըստ Քերովբե Պատկանյանի Բուզանդը ասորի է եղել և իր երկը գրել է ասորերեն։ Ղ. Ինճիճյան, Հ. Տաշյան, Ս. Մալխասյան, Մ. Աբեղյան, Հ. Գելցեր և այլոք Բուզանդին համարում են հայ։ Ղազար Փարպեցին Բուզանդին համարում է որպես Հայոց պատմության երկրորդ գրքի հեղինակի, իսկ երկում եղած թերությունները վերագրում է հետագա թերուս մարդկանց (ըստ Փարպեցու՝ Հայոց պատմության առաջին գրքի (290-330 թվականների ժամանակաշրջանի պատմության) հեղինակն է Ագաթանգեղոսը)[1]։ Պատմիչի Բուզանդ մականունը հիմնականում մեկնաբանվել է «բյուզանդացի» կամ Բյուզանդիայում կրթություն ստացած մարդու իմաստով։ Ըստ Ստեփան Մալխասյանի Բուզանդ բառը բաղկացած է «բու» և «զանդ» հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ։ Մատենագրական ոչ մի տեղեկություն նրա անձնավորության մասին չի պահպանված, բացի երեք անորոշ և մութ ակնարկներից։ Բուզանդի երկում եղած արտահայտությունից՝ «զմերոյ տոհմի ազգի իշխանն Սահառունեաց» կարելի է եզրակացնել, որ ինքը Սահառունյաց տոհմից է[2]։

Փավստոս Բուզանդ. «Պատմություն հայոց»

խմբագրել

Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը Բուզանդի «Պատմություն Հայոցը» անվստահելի աղբյուր է համարվել։ Ամեն ինչ փոխվեց, երբ ֆրանսիացի հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենը, գերմանացի գիտնական Ալֆրեդ Գուտշմիդը և ուրիշներ Բուզանդի երկը գնահատել են որպես կարևոր աղբյուր։ Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ն ընդգրկում է շուրջ կես դարվա պատմություն՝ Խոսրով Կոտակի թագավորությունից (330—338) մինչև Հայաստանի առաջին բաժանումը Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև՝ 387 թ.։ Երկը բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից (Երրորդ, Չորրորդ, Հինգերորդ, Վեցերորդ)։ Դրանք էլ իրենց հերթին բաժանվում են մանրամասն վերնագրեր ունեցող գլուխների։ Երրորդ դպրությունը ընդգրկում է Խոսրով Բ Կոտակի (330–338) ու Տիրանի (338–350) թագավորությունների ժամանակաշրջանը։ Չորրորդ դպրությունը՝ Արշակ Բ-ի (350 – մոտ 368) գահակալության շրջանը մինչև Անհուշ բերդում բանտարկվելը։ Հինգերորդ դպրությունը վերաբերում է Պապ թագավորի (370–374) և Վարազդատի (374–378), Արշակ Գ-ի (378–390) և Վաղարշակի թագավորելու ժամանակահատվածներին։ Վեցերորդ դպրությունը բաղկացած է 16 գլխից, որոնցից առաջինում Հայաստանի բաժանման պատմությունն է (Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև), իսկ հաջորդ 15-ում՝ համառոտ տեղեկություններ հայ եպիսկոպոսների մասին[3]։ Մամիկոնյան ցեղից մի քանի սպարապետների (Վասակի, Մուշեղի, Մանուելի) պատմությանը մեծ տեղ է հատկացված։ Նրանք ներկայացվում են որպես աննկուն, քաջահաղթ կռվողներ, հայրենիքի, եկեղեցու և բնիկ Արշակունի հայ թագավորների համար ապրող ու մեռնող հերոսներ։ Կարևոր տեղեկություններ է հաղորդված հայ նշանավոր հոգևորականների մասին, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ներսես Մեծը։ Խոսվում է նրանց վարքի, քարոզների, աղոթքների, կատարած բարեգործությունների ու հրաշագործությունների մասին։ Բուզանդը սկսում է Գրիգոր Ա Լուսավորչի, Արիստակես Ա Պարթևի և նրանց շիրիմների մասին պատմությամբ՝ հեղինակը տեղեկություններ է հաղորդում նաև նրանց հաջորդների վերաբերյալ։ Փավստոս Բուզանդը նկարագրել է նրանց պայքարը հեթանոսական սովորությունների դեմ, ներքին հակասությունները եկեղեցու և թագավորական իշխանության միջև, ինչպես նաև անդրադառնում է նրանց մասնակցությանը երկրի քաղաքական կյանքին[4]։ Երկը շարադրելիս, Բուզանդն օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական-վկայաբանական գրքերից, պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից։ Առանձնահատուկ կարևորություն ունի «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է։ Գիրքը կոչված էր՝ Հայաստանի ծանր կացության պայմաններում բարձր պահել ժողովրդի ազատագրական ոգին և միաժամանակ ներթափանցված է քրիստոնեական գաղափարախոսությամբ։ «Պատմություն Հայոցը» պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի 4-րդ դարի քաղաքական պատմության, ներքին կյանքի, հասարակական-քաղաքական կառուցվածքի, դասակարգային ու ներդասային պայքարի, եկեղեցակրոնական հարցերի, սովորությունների, հավատալիքների, պարսկա-բյուզանդական հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին։ Չնայած ստույգ ժամանակագրության բացակայությանը, առկա անճշտություններին և չափազանցություններին, կրոնական և քաղաքական գործիչների գեղարվեստական կերպավորմանը, ամեն դեպքում «Պատմություն Հայոցը» հայկական մատենագրության արժեքավոր երկերից է։ Առաջին անգամ 1730 թ. «Բիւզանդարան պատմութիւն» վերնագրով հրատարակվել է Կ.Պոլսում։ Ֆրանսերեն լույս է տեսել Մկրտիչ Էմինի թարգմանությամբ՝ 1867 թ., գերմաներեն՝ Մ. Լաուերի թարգմանությամբ՝ 1879 թ.։ Ստեփան Մալխասյանի աշխարհաբար թարգմանությունը հրատարակվել է 1947 թ. Երևանում։ Երևանում Փավստոս Բուզանդի անունով կա նաև փողոց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին», Ղազար Փարպեցի, աշխ. թարգմ.՝ Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 6-7.
  2. «Փավստոս Բուզանդ». www.anunner.com. Ա.Մարտիրոսյան. 10.02.2012. Վերցված է 22.03.2023-ին.
  3. «Փավստոս Բուզանդ». www.historyofarmenia.am. Մաթևոսյան Ռ.
  4. Մալխասյանց, Ստեփան (1941 թ. հունիսի 7). Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ). Թբիլիսի.

Արտաքին հղումներ

խմբագրել