Սուրբ Երրորդություն

(Վերահղված է Երրորդությունից)

Սուրբ երրորդություն, Աստծու եռամիասնություն, քրիստոնեական եկեղեցու ամենահիմնական դավանանքներից, ըստ որի, միակ Աստվածը գոյություն ունի երեք անձով՝ հայր Աստված, որդի Աստված և Սուրբ հոգի Աստված, և մի բնությամբ։ Անձերը տարբերվում են ծագմամբ․ հայրը անծնունդ է, որդին ծնվում է հորից, իսկ հոգին բխում է հորից։ «Սուրբ երրորդություն» տերմինը առաջադրել են 2-րդ դարի վերջի աստվածաբանները։ Սուրբ երրորդության դավանանքը սահմանվել է Նիկիայի 1-ին (325), հաստատվել Կոստանդնուպոլսի 1-ին (381) տիեզերական ժողովներում և տեղ գտել քրիստոնեության հավատո հանգանակում։ Քրիստոնեական եկեղեցիները տարբերվում են Սուրբ հոգու մեկնաբանման հարցում։ 11-րդ դարի կաթոլիկական եկեղեցին մտցրեց Սուրբ հոգու բխումը «և որդուց» ձևակերպումը, որը արևելյան եկեղեցիները, ինչպես և հայ եկեղեցին, չընդունեցին։ Սսի 3-րդ եկեղեցական ժողովը (1251), քննելով Սուրբ հոգու վերաբերյալ Հռոմի Իննովկենտիոս 4-րդ պապի առաջադրած դավանաբանական խնդիրները, ընդունել է «հոգին հորից է բխել և որդու միջոցով երևացել» (Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, 1982, էջ 238) ձևակերպումը, որը, ըստ էության, մերժել է որդի աստծուց Սուրբ հոգու բխելը և պահպանել դավանաբանական հարցերում հայ եկեղեցու ինքնուրույնությունը։ Սուրբ երրորդության խիստ իռացիոնալ ըմբռնումը սուր վեճեր է հարուցել քրիստոնեության ներսում։ Այն ռացիոնալիստական դիրքերից ժխտել են հակատրինիտականները (լատին․՝ trinitas - «երրորդություն»), որոնց ուսմունքը Ռեֆորմացիայի շրջանում վերածնել են հակատրինիտական բողոքականները՝ ունիտականները (լատին․՝ unitas - «միասնություն»)։

Անդրեյ Ռուբլյով, Սուրբ Երրորդություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 202
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Երրորդություն» հոդվածին։