Ապարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարան (այլ կիրառումներ)
Ապարան, քաղաք Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ապարան | |||
| |||
![]() Ապարանի համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտն | ||
Համայնքապետ | Կարեն Եղիազարյան | ||
Առաջին հիշատակում | II դար | ||
Այլ անվանումներ | Բաշ Ապարան (մինչև 1935) | ||
Մակերես | 3,5 կմ² | ||
ԲԾՄ | 1 800 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 6400[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ապարանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (252)[2] | ||
Փոստային ինդեքս | 0301 | ||
Փոստային ինդեքսներ | 0301 | ||
Պաշտոնական կայք | aparan.am | ||
| |||
- Չշփոթել Իսպանիայում գտնվող Աբարան քաղաքի հետ։
ԱնվանումԽմբագրել
Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ 2-րդ դարում Casala ձևով։
Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 5-րդ դարում նրանց կառուցած Քասախի բազիլիկը կանգուն է։ 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի Ապարանից Սուրբ Խաչ վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ 18-րդ դարում Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։
ԱշխարհագրությունԽմբագրել
Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին՝ Քասաղ գետի ավազանի վերին մասում, Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում։ Ծովի մակարդակից բարձր է 1880 մ։ Հայաստանի մայրաքաղաք Երևանից հեռու է 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բնակավայրով է անցնում Մ 3 միջպետական նշանակության ավտոճանապարհը[3]։
ԿլիմաԽմբագրել
Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-18 աստիճանների, իսկ հունվարյանը՝ մինուս 6-8 աստիճանների միջև ըստ Ցելսիուսի սանղակի։
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են[4]։
ՊատմությունԽմբագրել
Մինչև 1995 թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ 18-րդ դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը։ Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։
Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։
ԲնակչությունԽմբագրել
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից և Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաև եզդիներ։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2005 թ. տվյալների՝ առկա բնակչությունը կազմում է 5711 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53% կանայք։ Համայնքն ունի 3 դպրոց, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։
2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում ապրում է 6 500 բնակիչ[5]։
Ծաղկաձորի ազգաբնակչության փոփոխությունը.
ՏնտեսությունԽմբագրել
Քաղաքի տնտեսությունը սկսել է արագ զարգանալ 1950-ական թվականներին։ Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ է գործում «Հայգորգ» ձեռնարկությունը, որը զբաղվում է գորգերի և կարպետների արտադրությամբ։ Քաղաքում գործում են կենցաղային իրերի, սարքավորումների, տեքստիլ-գալանտերեական արտադրանքի ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։
Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 %-ը։ Պահուստային նշանակության հողերից վարելահողերը զբաղեցնում են 38 հեկտար, արոտավայրերը՝ 415 հեկտար։ Համայնքում նաև զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաև բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում։
Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Սուրբ Խաչ եկեղեցի - կառուցվել է 5-րդ դարում
- Բաշ-Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթող
- Դրաստամատ Կանայանի դամբարանը
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ «Հայաստանի մարզերի կոդերը»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 17
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 13 փետրվարի 2014 թվականի N 265-Ն, ընդունված 13.02.2014 թվականին։
- ↑ Աշխարհագրության մասին aragatsotn.mtad.am կայքում։
- ↑ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 503)։ |