Տիրատուր Կիլիկեցի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են, 14-րդ դարի հայ մանկավարժ, րաբունապետ, գրիչ և մանրանկարիչ։ Պատկանում է այն անձանց թվին (Մատթեոս Մլիճեցի, Պողոս Ակնեցի, Վարդան Կիլիկեցի և այլք), որոնք Կիլիկիայից անցել են Գլաձորի համալսարան կատարելագործվելու։ Տիրատուր Կիլիկեցու անունն առաջին անգամ հիշատակվում է իր իսկ ընդօրինակած (հավանաբար ուսումնառության տարիներին) 1309 թվականի ձեռագիր հիշատակարանում՝ գրված «ի մեծ դպրատանս Գալիձոր» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ № 3393), վերջին անգամ՝ 1349 թվականին Հերմոնի վանքում գրված մի ձեռագրի հիշատակարանում։ Տիրատուր Կիլիկեցին աշխատել է Եսայի Նչեցու հետ, որի մահից հետո գլխավորել է Գլաձորի համալսարանը, ապա՝ Վայոց ձորի Հերմոնի վանքի բարձրագույն դպրոցը։ ժամանակակիցները նրան կոչել են «մեծ վարժապետ», «մեծ և երիցս երանեալ հռետոր»։ 1309 թվականի ձեռագիր Ավետարանը գրված է թղթի վրա, ունի 263 էջ, գրչությունը բոլորգիր է։ Ավետարանում չկան տերունական նկարներ ու խորաններ, պահպանվել են չորս Ավետարանիչների պատկերները, շքեղազարդ չորս անվանաթերթ և բազմաթիվ լուսանցազարդեր։ Տիրատուր Կիլիկեցին հավատարիմ է մնացել Կիլիկյան մանրանկարչության դպրոցի ավանդներին, միաժամանակ Ավետարանի նկարազարդումը աղերսներ ունի Մոմիկի և Թորոս Տարոնացու ստեղծագործությունների հետ։