Օշական (գյուղ)

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
(Վերահղված է Օշականից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օշական (այլ կիրառումներ)

Օշական, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք։ Համայնքի մակերեսը կազմում է 16.96 կմ², իսկ բնակչությունը՝ 5962 մարդ։ Ունի հնագույն պատմություն։ Այստեղ են գտնվում Հայոց պատմության ամենահայտնի անձանցից մեկի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Բնակավայրի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար համարվում է կարևորագույն սրբավայր։ Այստեղ պահպանվել են նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակաշրջանների բազմաթիվ պատմական հուշարձաններ։

Օշական
Օշական
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի
ԳյուղԱրագածոտնի մարզ
Առաջին հիշատակումմ.թ.ա. VII դար - մ.թ.ա. V դար
Այլ անվանումներՀուշական, Ուշագան, Ուշական, Օշագան
Մակերես16.96 կմ²
ԲԾՄ1020 մ
Կլիմայի տեսակբարեխառն-ցամաքային, չոր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն5962[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր,
եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունօշականցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+(374)232
Փոստային ինդեքս0226
Պաշտոնական կայքoshakan.weebly.com
Օշական (գյուղ) (Հայաստան)##
Օշական (գյուղ) (Հայաստան)
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում գտնվող Հայոց այբուբենին նվիրված խաչքարերը
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին
Խորան լուսո, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանի որմնանկարներ, Օշական
Մանկանոց կամ Սուրբ Սիոն եկեղեցի

Պատմություն

խմբագրել

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»։ Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Վահան Ամատունի իշխանն իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական, որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին։ Երեք տարի անց՝ 442-443 թթ., գերեզմանի վրա կառուցում են եկեղեցի-դամբարանը, որը 1875-1879 թթ. վերածվում է եկեղեցու։ Գյուղի շրջակայքում է գտնվում մ.թ.ա. 7-5-րդ դարերում կառուցված Օշականի բերդ-ամրոցի ավերակները։

Արագածոտնը վաղ միջնադարում Ամատունիների նախարարական տան եպիսկոպոսների տեսչության տակ էր։ Օշականն Ամատունի նախարարների կենտրոն է դարձել Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու օրոք (330–338 թթ.)։

Օշականը՝ որպես բերդ, առաջին անգամ հիշատակվում է պատմիչ Փավստոս Բուզանդի կողմից 4-րդ դարի 1-ին կեսի անցքերի կապակցությամբ։ Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ 336 թ.-ին Մազքթաց Սանեսան թագավորի դեմ կռիվներում ցուցաբերած սխրագործությունների համար Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակն այն ընծայել է Վահան Ամատունուն։ Վկայություններ կան, որ Մեսրոպ Մաշտոցը Օշականում հիմնադրել է դպրոց։ Ամատունիների նախաձեռնությամբ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը․ 442 թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։ Իր կառույցներով և բերքառատ այգիներով Օշականը հետագայում էլ եղել է Հայաստանի նշանավոր գյուղերից մեկը։

Օշականի ճակատամարտ 336 թ.

խմբագրել
 
Թուխ Մանուկ մատուռը

Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 336 թ.-ին, Մազքթաց Արշակունիների և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության բանակների միջև։ Սասանյան Պարսկաստանի դրդմամբ Կովկասյան վաչկատուն ցեղերից (հոներ, փոխեր) կազմված բանակով մազքթաց արքա Սանեսանը, ցանկանալով նստել Հայոց գահին, 335 թ.-ին արշավում է Հայաստան և գրավում Մեծ Հայքի մայրաքաղաք Վաղարշապատը։ Ճակատամարտն ավարտվել է հայոց զորքի հաղթանակով։

Օշականի ճակատամարտ 1827 թ.

խմբագրել

Ավելի ուշ Օշականում ևս մի ճակատամարտ է տեղի ունեցել՝ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թ.-ի օգոստոսի 17-ին։ Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով։ 1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները։ Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը։ Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը։ Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին։

Պատմաճարտարապետական հուշարձաններ

խմբագրել
  • Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, գտնվում է Օշական գյուղում։ Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, ուր երեք տարի անց՝ 443 թ.-ին Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին։ 1875-1879 թթ.-ին Գևորգ Դ կաթողիկոսը հին մատուռի վայրում նոր բազիլիկ տիպի եկեղեցի է կառուցում[3][4]։
  • «Դիդի կոնդ». Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Քասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. 6-5-րդ դարերի 0,25 հա տարածքով քառանկյուն ամրոց։ 2,5-2,65 մ հաստությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիսից-հարավ անցնող միջնապատով) կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ.թ.ա. 7-րդ դարում հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։ Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։
 
Օշականի միջնադարյան կամուրջ

Այս համալիրների փլատակների վրա բացվել է մ.թ.ա. 3-րդ դարում անտիկ դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև II դար։ Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան, որոնցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր և խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր։

Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր)։ Հայտնաբերված նյութերի մի մասը ցուցադրված է ՀՀ պատմության թանգարանում։

Բլրի վրա է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը։ Այն համարելով 12-14-րդ դարերի կառույց ճարտարապետ Թորոս Թորամանյանը իր «Հայկական ճարտարապետություն» աշխատության մեջ այն անվանում է Թուխ Մանուկ։ Այն բիայնական ամրոցի ներսում է, ինչից էլ ենթադրվում է, որ նրա տեղում եղել է ավելի հին սրբատեղի, որի հիմքերի վրա էլ կառուցվել է մատուռը[5]։

Ամեն տարվա կրկնազարդի օրը՝ Հիսուս Քրիստոսի Հարության օրը՝ Զատիկին հաջորդող կիրակին, Կոնդի ուխտն է։

  • Օշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962 թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։
  • Օշականից հյուսիս-արևելք «Մանկանոց» կոչվող վայրում կանգուն է 7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցին։
  • Օշականում կանգուն է վաղ միջնադարյան ինքնատիպ կոթող (6-7-րդ դարեր), որն ավանդաբար համարվում է Մորիկ կայսեր կամ նրա մոր գերեզմանաքարը։
  • Օշականում և նրա շուրջը գտնվում են Թադևոս առաքյալ, Սուրբ Գրիգոր, Սուրբ Սարգիս, վիմափոր Սուրբ Աստվածածին, Թուխ մանուկ մատուռները (13-րդ դար)[6]։

Հնագիտական պեղումներ

խմբագրել

Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին այստեղ պեղումներ են կատարել Ա․ Ս․ Ուվարովը, Ա Ե․ Լալայանը։ Քասախ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Օշականի տարածքում պարբերաբար պեղումներ են կատարվում 1971 թ.-ից։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։

Բլրի գագաթին պեղվել է մ․ թ․ա․ 7-5-րդ դարերին, 0.25 հա տարածքով ամրոց․ 2.5 - 2.65 մ լայնությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիս-հվ․ անցնող միջնապատով) կա նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ V - VII դդ․ ամրոցի տարածքը եղել է բնակատեղի։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ․ թ․ ա․ VII դ․ հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։

Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։ Այս համալիրների փլատակների վրա բացվել է մ․թ.ա․ III դ․ անտիկ դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև II դ․: Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան, որոնցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր և խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր։ Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր)։

Աշխարհագրություն և վարչատարածքային բաժանում

խմբագրել

Օշականը գտնվում է Քասաղ գետի հովտում՝ ծովի մակարդակից 1020 մ բարձրության վրա։ Քասաղ գետն էլ գյուղը բաժանում է 2 մասի։ Համայնքային կառուցվածքով սահմանակից է Ոսկեվազ, Աշտարակ, Սասունիկ, Դաշտ համայնքների վարչական տարածքներին։ Ոչ պաշտոնապես բաժանված է հին և նոր թաղամասերից։ Հին թաղամասում են ընդգրկված Խերեսի, Մոծակի, Չոլչոլանի, Դպրոցի, Մատուռի, Ոսկեվազի, Ժամի, Քարեկալի, Արեգունիքի, Թթենուտի, Ղըռի, Մանկանոց թաղերը։ Նոր թաղամասում ընդգրկված են Մեսրոպ Մաշտոց, Վահան Ամատունի, Միսաք Հովհաննիսյան, Այգեստան, Հոկտեմբերյան, Միքայել Նալբանդյան, Դպրոցականներ փողոցներն ու Ձախ ափ կոչվող թաղը։

 
Քասախ գետը

Կլիման մերձարևադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Հուլիսին միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 °C սահմաններում, հունվարին՝ -4 °C է։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ։ Ոռոգման արդյունքում բնական լանդշաֆտները, որոնք չոր տափաստանային էին, վերափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։ Գյուղում է գտնվում Դիդի կոնդ կոչվող բլուրը, որն առաջացել է լավային գոյացումներից։

 
Դիդի կոնդի բարձունքին գտնվող գերեզմանաքարերը

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարան

խմբագրել

Կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Քեսաբցիու՝ 1996 թ.-ի մայիսի 30-ի կոնդակով։ Առաջնորդանիստը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին է, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը)։ Արագածոտնի թեմն ընդգրկում է Հայաստանի Արագածոտնի մարզը (պատմական Այրարատ նահանգի Արագածոտն ու Նիգ գավառների մեծ մասը)։ Թեմի տարածքը տարբեր ժամանակներում ենթարկվել է տարբեր եպիսկոպոսական աթոռների։

Արագածոտնի թեմի գործող վանքերն ու եկեղեցիներն են՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, Աշտարակի Սբ. Մարինե եկեղեցի, Սուրբ Սարգիս եկեղեցի, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի, Թալինի Սբ. Աստվածածինը, Կարբիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցի, Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցի, Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի ու Սաղմոսավանքը։ Օշականում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին գործում է նրա անունը կրող դպրատունը։ Թեմը հրատարակել է «Շողակն» (1998–2000), 2000 թ.-ից՝ «Արագածոտն» պարբերականները։ Գյուղում գործում է Խրիմյան կրթօջախն ի հովանավորություն Արագածոտնի թեմի և ամերիկահայ բարերարներ՝ Սիլվա և Իռմա Տեր-Ստեփանյանների։ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահն էր Վազգեն վրդ. Միրզախանյանը (1999 թ.-ից)։ Այժմ այդ պաշտոնն զբաղեցնում է Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը։

Մշակույթ

խմբագրել
  • Օշականի մշակույթի պալատի[7] Անժելա Շահնաբադյանի անվան ժողովրդական և ազգագրական պարերի համույթը գործում է շուրջ մեկ տասնամյակ։ Համույթը դարձել է Կարսի միջազգային փառատոնի դափնեկիր, Վրաստանի միջազգային փառատոնների դափնեկիր, «Մինորա» մշակութային կենտրոնի կազմակերպած մի շարք մրցույթների մրցանակակիր, Սևան 2009, 2010 թթ. մրցույթների մասնակից, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակին նվիրված միջոցառման մասնակից (Գյումրի 2011), և մի շարք այլ համերգների մասնակից և մրցանակակիր։ Համույթի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Մուշեղյանը։ 2013 թ.-ին Բաթումում կայացած միջազգային պարային մրցույթում խումբը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
  • Մշակույթի պալատի լատինամերիկյան պարերի համույթը նույնպես մի շարք մրցույթների մասնակից է և դափնեկիր։ Ղեկավարն է Դիանա Մուրադյանը։

Թատրոն

խմբագրել
  • Մշակույթի պալատի Հովակ Գալոյանի անվան պատանեկան թատերախումբն արձանագրել է մեծ հաջողություններ, մի քանի անգամ Նռան հատիկ մրցույթում արժանացել է պատվավոր 1-ին մրցանակին։ Մի շարք բեմադրություններով հանդես է եկել Հայաստանի և Արցախի շրջաններում։ Ղեկավար՝ Նազենի Դավթյան։

Կրթություն և սպորտ

խմբագրել

Դպրոցներ

խմբագրել
  1. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց

Դպրոցը գոյություն է ունեցել վաղուց, սակայն 1945 թվականին, երբ դպրոցի տնօրեն է դառնում Հարություն Ստեփանյանը, վերջինիս ջանքերով կառուցվում է դպրոցի ներկայիս շենքը. մինչ այդ դասերն անցկացվում էին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը (այն կառուցվել էր 1914 թ.)։ Հ. Ստեփանյանի ջանքերով դպրոցը կոչվում է Մեսրոպ Մաշտոցի անունով։ Այժմ դպրոցը միջնակարգ դպրոց է, որտեղ սովորում են մոտավորապես 700 աշակերտներ։ Բաղկացած է 3 մասնաշենքից։ Դպրոցի աշակերտները բազմիցս մասնակցել են տարբեր օլիմպիադաների և մրցույթների։ 2010 թ. դպրոցի թիմը մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին։

  1. Փայլակ Բաբկենյանի անվան հիմնական դպրոց
  2. Խրիմյան կրթօջախ

Խրիմյան կրթօջախը հիմնադրվել է 2007 թ. ամերիկահայ բարերարներ՝ Սիլվա և Իռմա Տեր-Ստեփանյանների կողմից Օշականում։ 2000 թ. նրանք ժամանել են Հայաստան, եկել Օշական, հետո հանդիպել Գարեգին Բ վեհափառի հետ և առաջարկել Սուրբ Մաշտոց եկեղեցու բակում ստեղծել կանաչապատ հայոց այբուբեն։ Այն դարձավ իրականություն, և դա հենց առիթ հանդիսացավ Օշականում հիմնելու այս կրթօջախը։ Նման մի կրթօջախ գործում է Նյու Ջերսիում։

Մսուր-մանկապարտեզներ

խմբագրել
  • «Գայանե»(Խատուտիկ)- հիմնադրվել է 1961 թվականին։ Առաջինը վարիչը Լաուրա Աբելյանն էր (1961-1993 թթ.), այնուհետև Գայանե Համբարձումյանը (1993-2007 թթ.), որի մահից հետո մանկապարտեզը վերանվանվեց «Գայանե»։ 2010 թվականից մանկապարտեզի տնօրենն է Աննա Մելիքյանը։
  • «Անահիտ»(N2/Չինար)- 1966 թվականին բացված մանկապարտեզը կոչվեց N2, այնուհետև «Չինար»։ 1966-1989 թթ. այստեղ վարիչ էր՝ Վարսիկ Գրիգորյանը, 1989-2011 թթ.-ին Հասմիկ Պետրոսյանը։ 2006 թվականին մանկապարտեզը վերանվանվեց «Անահիտ»։ 2011 թվականից մանկապարտեզի տնօրենն է Աստղիկ Ներսիսյանը։
  • Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում գործում է ֆուտբոլի խմբակ։ Ղեկավար՝ Խաչիկ Էլիբեկյան։
  • Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում գործում է Դուքենդո կարատեի խմբակ։ Մարզիկները արժանացել են Վրաստանում կազմակերպված միջազգային մրցույթների հաղթողի կոչման, Հայաստանի առաջնության հաղթողի կոչման, ՀՀ մի շարք մարզային մրցումների հաղթողների կոչման։ Ղեկավար՝ ՀՀ Դոքենդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, Արագածոտնի մարզի Դոքենդոյի ֆեդերացիայի նախագահ՝ Արայիկ Ավետիսյան։
  • Մշակույթի պալատում գործում է թենիսի խմբակ։ Ղեկավար՝ Սպարտակ Եղիազարյան։
  • 2012 թ. հոկտեմբեր ամսին անց են կացվում Միշա Ներսիսյանի անվան ֆուտբոլի թաղային առաջնություններ։

Ձեռարվեստ

խմբագրել
  • Օշականի մշակույթի պալատում գործում է նկարչական խմբակ (ղեկավար՝ Սուսաննա Կարապետյան)։ Խմբակի անդամները մասնակցել են մի շարք ցուցահանդեսների։
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը գործում է ձեռարվեստի խմբակ(ղեկավար՝ Արսեն Գալստյան) Խմբի աշխատանքները ներկայացվել են ցուցադրությունների և վաճառքի։
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը գործում է գոբելենագործության խմբակ (ղեկավար՝ Արմինե Գալստյան)։

Բնակչություն

խմբագրել

2012 թ.-ին կանայք կազմում էին 53%, տղամարդիկ՝ 47%: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 26%, աշխատունակները՝ 58%, հետաշխատունակները՝ 16%: Գյուղում գործում են 2 դպրոց՝ Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը (տնօրեն՝ Լ. Մելիքյան)[8][9] և Փայլակ Բաբկենյանի անվան հիմնական դպրոցը (տնօրեն՝ Ս. Հովնանյան)[10], երաժշտական դպրոց, Ժորա Աբելյանի անվան համայնքային գրադարան[11], 2 մանկապարտեզ՝ «Գայանե» (տնօրեն՝ Ռ. Մելիքյան)[12] և «Անահիտ» (տնօրեն՝ Ա. Ներսիսյան), կապի հանգույց, հիմնովին վերանորոգված բուժկետ, մշակույթի պալատ (տնօրեն՝ Ա. Ամիրբեկյան), Խրիմյան կրթօջախ[13] (տնօրեն՝ Կարինե Սարգսյան), Անժելա Շահնաբադյանի անվան ժողովրդական պարերի համույթ (ղեկավար՝ Արմեն Մուշեղյան), լատինամերիկյան պարերի համույթ (ղեկավար՝ Մագա Ոսկանյան), դուքենդոյի խմբակ (ղեկավար՝ Արայիկ Ավետիսյան), մանակական առողջարան։ Գյուղն ունի 2125 տնտեսություն։

Տարի 1831 1897 1939 1959 1979 1989 2001 2011 2012
Թվաքանակ 611 2244 3373 3934 5044 5571 5106[14] 4780[15] 5962

Տնտեսություն

խմբագրել

Համայնքի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Համախառն արտադրանքի մեծ մասը բաժին է ընկնում բուսաբուծությանը։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասը ծառայում է որպես պտղատու և խաղողի այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Գյուղացիական սեփականություններում վարելահողերն զբաղեցնում են 314 հա, պտղատու և խաղողի այգիները՝ 123 հա մակերես։ Գյուղում զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Պահուստային հողերն զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 27%, դրանցից արոտավայրերը կազմում են 152 հա, վարելահողերը՝ 69 հա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, զարգացած է կաթնամսատու ուղղությունը։ Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Այստեղ կառուցվել է գինու գործարան։ Այստեղ արտադրվում է խերես տիպի գինիներ, ընդ որում՝ նմանատիպ գինիներ արտադրվում են միայն այստեղ։ Արտադրանքն սպառվում է Հայաստանում և արտերկրում։ Գյուղում կառուցված է մսամթերքի արտադրության ձեռնարկություն։ Ունի «Օշական» կրթական բարեգործական հիմնադրամ։ Օշականում ԽՍՀՄ տարիներին գործում էր Երևանի Կ․ Ցետկինի անվան կարի ֆաբրիկայի մասնաճյուղը։

Օշականում գործում են՝

  • 22 առևտրի կենտրոն
  • 2 դեղատուն
  • «Օշական» մանկական մասնագիտացված առողջարանը (1964 թ.-ից)
  • «Թզուկ» լիմոնադի գործարանը, արտադրող՝ Գառնիկ Մելիքսեթյան
  • «Օշական» լիմոնադի գործարան
  • «Գրեյթ Վելլի» գինու գործարանը (2016 թ.-ից գործունեությունը դադարեցված է)
  • 5 հանգստի գոտիներ
  • 1979 թվականից սկսած, տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը Օշականում նշվում է թարգմանչաց տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից ու նրա աշակերտներից մինչև մեր օրերը։
  • 2011 թվականին Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակի կապակցությամբ Գյումրիում կազմակերպված ցուցահանդեսին Օշականը ճանաչվել է Հայաստանի լավագույն մշակութային համայնքներից մեկը։
  • 2014 թվականի հուլիսի 5-ին Օշականում տրվեց Իմ Հայաստան համահայկական փառատոնի մեկնարկը։ Փառատոնին մասնակցում էին 12 երկրից մոտ 36 խմբեր։ Պարախմբերը ժամանել են՝ Վրաստանից, Ռուսաստանից,Կանադայից, ԱՄՆ-ից,Քուվեյթից, Ավստրալիայից,Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լիբանանից, ինչպես նաև Արցախից և Հայաստանից[16]։
  • 2014 թվականի օգոստոսի 29-ին Օշականի մշակույթի պալատում տեղի կունենա բարեգործական մեծ համերգ, որի հասույթը կուղղվի անապահով երեխաներին։ Լինելու է գեղեցիկ շոու ծրագիր՝ Հայաստանի ձայնը և Իքս-Ֆակտոր նախագծերի մասնակիցների մասնակցությամբ։

Երիտասարդությունն Օշականում

խմբագրել
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում գործում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց Երիտասարդաց միություն,որը գրեթե մեկ տասնամյակ շարունակ փորձում է համայնքի և եկեղեցու կապն առավել ամրացնել։
  • 2014 թվականի օգոստոսի 29-ին Օշականի Մշակույթի պալատում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի հասույթն ուղվեց գյուղի անապահով ընտանքիներին։ Համերգին մասնակցում էին Իքս Ֆակտորից և Հայաստանի ձայնից հայտնի երգիչ-երգչուհիներ։ Համերգը կազմակերպվել էր օշականցի 5 երիտասարդների ջանքերով։
  • Գյուղի երիտասարդների վերջին համագործակցությունը «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնությունն է[17]։ Նախաձեռնության նպատակը գյուղի և հանրապետության ու Արցախի մյուս համայնքների երիտասարդների միջև կապերի ընդլայնումը, գյուղի երիտասարդության ժամանցի ապահովումը, անապահով ընտանքիներին աջակցելն ու Օշականը, որպես տուրիստական կենտրոն աշխարհին ներկայացնելն է։ 2017 թվականի օգոստոսի 13-ին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Խաղողօրհնեքի տոնին աննախադեպ թվով հյուրեր կային, ի շնորհիվ «Արի Օշական»-ի կամավորների։ Օգոստոսի 26-ին էլ Հրազդանում գործող «Հայ ազգայնական ճակատ» երիտասարդական նախաձեռնության հետ համատեղ Հրազդանի «Բարության պուրակում» կազմակերպվեց բարեգործական համերգ, որի հասույթը ուղղվեց հրազդանցի մի փոքրիկի բուժմանը[18]
  • 2019-ին «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության հիմքի վրա հիմնադրվել է «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը[19]։

Փաստագրական ֆիլմ

խմբագրել

Կենտրոն հեռուստաընկերության «Մեր աշխարհի մի անկյունը» հաղորդաշարը 2014 թվականի հուլիս ամսին նկարահանել է Օշականի մասին փաստագրական ֆիլմ[20]։

Հայրենական մեծ պատերազմում օշականցու դերը

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օշականից ռազմաճակատ են մեկնել 658 օշականցիներ, մարտական գործողություններին մասնակցել են 632-ը, զոհվել 273-ը։ Նրանց հիշատակը հավերժացնելու համար հայտնի լրագրող Խաչիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ճարտարապետ Տիրան Մարությանի գծագրով 1987 թ.-ին սկսվում է Հայրենական մեծ պատերազմում զոհված օշականցիներին նվիրված հուշակոթողի շինարարությունը, որը բացվում է 1998 թվականին։ Ամեն տարի մայիսի 9-ին օշականցիները իրենց հարգանքի տուրքն են մատուցում իրենց հերոս նախնիների հիշատակին։

Տեղական ինքնակառավարում

խմբագրել

Գյուղապետարան

խմբագրել

Օշական համանքի ղեկավար մարմինը գյուղապետարանն է՝ համայնքի ղեկավարով և ավագանու 11 անդամներով։ Խորհրդային շրջանում գյուղի բնակչության հարցերով զբաղվել է գյուղխորհուրդը (կազմված 41 պատգամավորներից, որոնք ընտրում էին գյուղխորհրդի նախագահին), գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունը ղեկավարել է կոլեկտիվ տնտեսության տնօրենը, 1963 թվականից՝ սովետական տնտեսության տնօրենը։

Օշականի գյուղապետները հետխորհրդային շրջանում

խմբագրել
Գյուղապետ Տարեթվեր
Գնել Հովակիմյան 1991-1993
Մեսրոպ Ավագյան 1993-1996
Գոռ Գալոյան 1996-1999
Արամ Ներսիսյան 1999-

2012-ից

  • Համայնքի ղեկավար՝ Արամ Ներսիսյան

Ավագանու անդամներ՝

  1. Հասմիկ Գյուլնազարյան
  2. Սուրեն Ներսիսյան
  3. Սոնա Բադալյան
  4. Վարդան Ամիրբեկյան
  5. Մարատ Ադամյան
  6. Աբո Աբելյան
  7. Մարատ Ավետիսյան
  8. Հայկ Աբրահամյան
  9. Ալբերտ Պողոսյան
  10. Տիգրան Ղազարյան[21]։

Օշականի նշանավոր մարդիկ

խմբագրել
  • Լևոն Ավետիսյան-(ծ.1957թ.Օշական) Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում և բազմասերիանոց հեռուստանովելներում
  • Հարություն Նիկոլի Ստեփանյան - (1912, Օշական - 2013) Տեղի յոթամյակն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օշականի գյուղատնտեսական տեխնիկումում։ Երևանում ավարտել է Այգեգործական տեխնիկումը։ Այնուհետև ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտ, սակայն հենց առաջին կուրսում համոզվել, որ դա չէ իր կոչումը։ Գրականության հանդեպ սերը նրան տանում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ուր ուսանում է հայագետներ Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Ավետ Տերտերյանին, Մկրտիչ Մկրյանին։ Համալսարանն ավարտելով՝ Հ. Ստեփանանյանը նշանակվում է Դավիթաշենի, այնուհետև Ներքին Չարբախի, ապա Նուբարաշենի դպրոցի տնօրեն։ Մանկավարժը 1945 թ.-ին արդեն հայրենի Օշականի դպրոցի տնօրենն էր։ Նա տարիներ շարունակ զբաղվել է գրական գործունեությամբ՝ հիմնականում բանաստեղծություններ գրելով։ Նրա առաջին գիրքը կոչվում է «Օշականում սերը չի ծերանում..»: 2012 թվականի հոկտեմբերի 15-ին լրացավ նրա հարյուրամյակը։ 2013 թվականի հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը նա կնքեց իր մահկանացուն[22][23]։
  Դու Օշական անուշ անուն
Դարերից ես դու մեզ նայում
Նվիրական քո սուրբ հողում
Մաշտոցին ես հավերժ պահում։

Իմ Օշական, իմ այգեստան
Ամատունյաց կանաչ ոստան,
Հինավուրց հող, կանչող փարոս
Դու հին ու նոր իմ Հայաստան։
- Հարություն Ստեփանյան
 
  • Հովհաննես Հովհաննիսյան - (1933, Բաթում - 2010, Մոսկվա) ԽՍՀՄ և ՌԴ պետական մրցանակների, ՌԴ կառավարական մրցանակների դափնեկիր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, գյուտարար, Մոսկվայի բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, միջազգային ակադեմիաների իսկական անդամ։ Ն. Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտի վնասվածքա-օրթոպեդիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ՌԴ նախագահի Գլխավոր բժշկական վարչության խորհրդական։ Նրա անունով է կոչվում Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրոցի ֆիզիկայի լաբորատորիա[24]։
  • Արթուր Օշականցի - (ծ. 1953, Օշական) 1972-1976 թթ.-ին սովորել է Երևանի մանկավարժական համալսարանի արվեստի բաժինը։ 2003 թ.-ին Մետրոպոլիտեն թանգարանի կողմից ճանաչվել է արվեստի պատմության մեջ որպես աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր։ Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ինչպես նաև ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ։ Արթուր Օշականցու աշխատանքները գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում և թանգարաններում, ինչպես նաև անհատական հավաքածուներում[25]։
  • Շմավոն Մելիքյան - (ծ. 1935, Օշական) Սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և Եղվարդի ագրոնոմ-բրիգադում։ 1961 թ. կեսերից հաստատվել է շրջանային կուսակցական ապարատում և մի կարճ ժամանակով էլ նախկին «Արագած» միջշրջանային թերթի խմբագրությունում։ Աշխատել է Օշականի նախկին խորհտնտեսությունում՝ գլխավոր գյուղատնտես, Կարբիում՝ ավագ գյուղատնտես, Բույսերի կարանտինի պետական տեսչությունում միջշրջանային տեսուչ։ Շմավոն Մելիքյան հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ, որոնց մի մասը ամփոփված է «Երեքնուկներ» (1994 թ.) և «Հրաշալի քնար» (1999 թ.)։
  • Արամ Գյուլնազարյան- ծնվել է 1993 թվականի հունվարի 7-ին Օշական գյուղում։ 2012 թվականի հունիսի 18-ին Ասկերանի մարտական դիրքերում ստանալով հրազենային վնասվածք հակառակորդի դիպուկահարի կողմից մահանում է հոսպիտալի ճանապարհին։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2012 թվականի հունիսի 20-ին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով[26][27]։
  • Ռոբերտ Պողոսյան - 1973-1983 թթ. Օշականի խորհտնտեսության տնօրեն, վաստակավոր գյուղատնտես։
  • Փայլակ Բաբկենյան - (1970 - 1994 թթ.) Արցախյան ազատամարտիկ, նրա անունով է կոչվում Օշականի հիմնական դպրոցը։
  • Արամայիս Պողոսյան - Արդարադատության երկրերդ դասի խորհրդական։
  • Կարինե Արսենյան - բանասեր, վաստակաշատ մանկավարժ, բանաստեղծ, աշխատում է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի, գրականության և եկեղեցու պատմության ուսուցչուհի։
  • Արփի Սուքիասյան - հեռուստալրագրող, աշխատում է Շանթ հեռուստաընկերությունում։
  • Գևորգ Դարբինյան - վաստակաշատ բժիշկ։ Ծնվել է Օշականում, սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, այնուհետև նրան գործուղել են Գերմանիա, որտեղից վերադարձել է 25 տարի անց և անցել աշխատանքի Երևանում[28]։
  • Գևորգ Թումանյան - երաժիշտ, միջազգային մրցույթի դափնեկիր (Լյուքսեմբուրգ, 1985), Երևանի քաղաքային ֆիլհարմոնիայի փոխտնօրեն։
  • Լևոն Մարգարյան - Օշականի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, Օշականի մանկական առողջարանի տնօրեն։
  • Հմայակ Ավետիսյան - օշականցի տաղանդավոր երաժիշտ։
  • Տ. Նարեկ (Արմեն) աբեղա Ավագյան - Խոր Վիրապի հոգևոր հովիվ։
  • Գեղամ Հարությունյան - Արագածոտնի մարզի ոստիկանապետ։
  • Պարգև Համբարձումյան - (ծ. 1962) Արագածոտնի մարզի Կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ[29]։
  • Էդվարդ Մորիկյան - (1927 - 2002 թթ.), պտղաբույծ - ընտրասերումնաբան։ Հայտնի է իր ակադեմիկական գյուտերով։
  • Այդին Մորիկյան - հայտնի լրագրող, գիտնական Էդվարդ Մորիկյանի որդին է։ Նա եղել է «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հիմնադիր խմբագիրը մինչև 1997 թ։ 1995 - 96 թթ. եղել է Տեղեկատվության նախարարի տեղակալ։ Եղել է «Հայացք Երևանից» ամսագրի խմբագիրը։ Խմբագրել է նաև «Օրրան», «Ժամանակ Երևան» թերթերը։ Կյանքի վերջին տարիներին Այդին Մորիկյանը ծանր հիվանդ էր։ Նա լրատվական դաշտում այն եզակիներից էր, որ ստացել էր բարձր ակադեմիական կրթություն Մոսկվայի պետական համալսարանում։ Այդին Մորիկյանը դաստիարակել է լրագրողների մի քանի սերունդ, հեղինակել է ուսումնական ձեռնարկներ, մասնակցել է նաև արցախյան շարժմանը, 1990-1999 թթ. եղել է Գերագույն խորհրդի և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
  • Հայկարամ Ստեփանյան - ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ։ Եղել է Ռազմական ոստիկանությունում պետի տեղակալ, հետո փոխնախարարի տեղակալ։
  • Հովակ Գալոյան ավագ - հայ դերասան, Ժողովրդական արտիստ, հայտնի է «Ձորի Միրո», «Սայաթ Նովա» և այլ ֆիլմերից։ Նրա անունով է կոչվում Օշականի Մշակույթի պալատի թատերական խմբակը։
  • Հովակ Գալոյան կրտսեր - հայ դերասան, հայտնի է «Դիմակահանդես» ( Արման), «Դժվար ապրուստ» (Ֆրունզ Սևակիչ) և այլ սերիալներից։
  • Խաժակ Գյուլնազարյան - (1918 - 1995 թթ.), հայ արձակագիր, գրականագետ։
  • Ժիրայր Նորայրի Ավետիսյան - (ծ. 1932 թ.), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ։
  • Վահան Ամատունի - (ծ. 1957 թ.), հայ լրագրող, լուսանկարիչ, ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։
  • Սահակ Ամատունի - (իսկ. Բաղդասար Բաղդասարյան, 1856 - 1917 թթ.), հայ բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ։
  • Անժելա Շահնաբաթյան - անվանի պարուհի, նրա համար է առաջին անգամ բեմադրվել հայտնի «Ուզունդարա» պարը։ Նրա անունով է կոչվում Օշականի Մշակույթի պալատի ժողովրդական պարերի համույթը, որը իր մեկ տասնամյակից ավելի պատմության ընթացքում մեծ հաջողություններ է արձանագրել։ Համույթի ղեկավարն է Արմեն Մուշեղյանը։
  • Սոֆի Ավագյան - (ծ. 1930 թ.), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Այս մարդիկ ապրել են Օշականում

խմբագրել

«Պատվավոր Օշականցիներ»

խմբագրել

Օշական համայնքի ղեկավարության կողմից «Պատվավոր Օշականցի» կոչմանն են արժանացել զինվորական բժիշկ Մաթևոս Մաթևոսյանը (1989 թ.), ճարտարապետ Տիրան Մարությանը (1991 թ.), Ալֆորվիլի քաղաքաքապետ Ռենե Ռուկեն(2011 թ.), բարերար Անահիտ Ներսիսյանը(2012 թ.)։

Արցախյան հակամարտության օշականցի հերոսները

խմբագրել

1988-1994թթ․

խմբագրել

1994 թվականի մարտի 26-ին Օմարի լեռնանցքում զոհվել է օշականցի հերոս Փայլակ Բաբկենյանը, ում անունով կոչվում է Օշականի հիմնական դպրոցը։

2012 թվականի հունիսի 18-ին Ասկերանի մարտական դիրքերում ստանալով հրազենային վնասվածք հակառակորդի դիպուկահարի կողմից Արամ Սիմոնի Գյուլնազարյանը հոսպիտալի ճանապարհին մահանում է։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2012 թվականի հունիսի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Սիմոնի Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական զորքերի սանձազերծած պատերազմը չշրջանցեց նաև Օշականը։

Հոկտեմբերի 16-ին զոհվել է օշականցի 19-ամյա Սերգեյ Վարդանի Իսկանդարյանը։

Նոյեմբերի 4-ին՝ Հարություն Վաչագանի Մելքոնյանը։

Հոկտեմբերի 26-ին՝ Գոռ Հայկի Աբգարյանը։

Հոկտեմբերի 7-ին՝ Ռազմիկ Արթուրի Գալստյանը։

Քույր քաղաքներ

խմբագրել

Օշականը մտավորականների գրքերում և արվեստում

խմբագրել
  • Միքայել Մալխասյան (2007). Օշական. Էջմիածին.[31]
  • Հարություն Ստեփանյան. Օշականում սերը չի ծերանում. Երևան.
  • Անահիտ Գևորգյան. Անիվներով դեպի Օշական. Աշտարակ.
  • Լարիսա Հովհաննիսյան (2014). Օշական. Երևան.

Մտավորականները Օշականի մասին

խմբագրել
  Հայոց աշխարհն ունի շատ վայրեր, որտեղ ապրելն ու աշխատելը մեծ պատիվ է։ Բայց, անկասկած, Հայաստանի ամենապատվաբեր վայրը Օշականն է՝ Սուրբ Մաշտոցի հանգստատեղին...  

Պատկերասրահ

խմբագրել

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տառերի պուրակը

խմբագրել

2006 թվականին եկեղեցու բակում ստեղծվեց տառերի պուրակը։ Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի տնօրինմամբ եկեղեցու բակում տեղադրվեցին Ռուբեն, Յուրի, Արմեն Նալբանդյանների կերտած 36 խաչքար-տառերը։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԱՎԾ 2012
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս. Մեսրոպ Մաշտոց Եկեղեցու մասին oshakan.weebly.com կայքում
  4. «Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մասին oshakan.schools.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  5. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռն ու Դիդի Կոնդը
  6. Պատմաճարտարապետական հուշարձանների մասին oshakan.weebly.com կայքում
  7. Օշականի մշակույթի պալատի մասին oshakan.weebly.com կայքում
  8. «Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի կայքը oshakan.schools.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  9. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի մասին oshakan.weebly.com կայքում
  10. Փայլակ Բաբկենյանի անվան հիմնական դպրոցի մասին oshakan.weebly.com կայքում
  11. Օշական գյուղի գրադարան
  12. «Գայանե» մանկապարտեզի մասին oshakan.weebly.com կայքում
  13. Խրիմյան կրթօջախի մասին mamul.am կայքում
  14. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  15. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  16. http://hayernaysor.am/%D6%85%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A5%D5%AC%D5%B8/
  17. «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության էջը Ֆեյսբուքում
  18. Համերգի մասին տեսանյութը Յութուբում
  19. Կազմակերպության էջը ֆեյսբուքում
  20. https://www.youtube.com/watch?v=tlOEPWv3n-Q
  21. Տեղական ինքնակառավարման մասին aragatsotn.mtad.am կայքում
  22. Հարություն Ստեփանյանի մասին http://oshakan.weebly.com կայքում
  23. Լուրը oshakan.weebly.com կայքից
  24. Հովհաննես Վարդանի Հովհաննիսյանի մասին oshakan.weebly.com կայքում
  25. Արթուր Օշականի մասին oshakan.weebly.com կայքում
  26. Արամի մասին razm.info կայքում
  27. Արամի մասին news.am կայքում
  28. Գևորգ Դարբինյանը med-practic.com կայքում
  29. Արագածոտնի մարզպետարանի պաշտոնակայք
  30. ««Հակոբ ինջիղուլյանի բացառիկ հարցազրույցը, որում հնչում են անգիր արված խոսքեր»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  31. «Միքայել Մալխասյանի մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշական (գյուղ)» հոդվածին։