Գեղարդի վանք

միջնադարյան վանական համալիր Հայաստանում
(Վերահղված է Այրիվանքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդավանք (այլ կիրառումներ)

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Գեղարդի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ և Գեղարդ[1]
ՏարածաշրջանԵվրոպա
ՀասցեԳեղարդ գյուղից 12կմ հս-աե, Գողթ գետի աջ ափին[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Հիմնական ամսաթվերը1215
Մասն էԳեղարդի վանք և Վերին Ազատի հովիտ
Կազմված էՄիաբանության շենքը, Հուշաղբյուր տարոնցիներին, Թոնրատուն, Պարիսպ, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Եկեղեցի, Եկեղեցի, Ժամատուն-տապանատուն Պռոշյանների, Ժամատուն-դամբարան Պապաքի և Ռուզուքանի, Մատուռ Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Մատուռ և Մատուռ Սբ. Կարապետ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1215
Քարտեզ
Քարտեզ
 Geghard Վիքիպահեստում

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն[2]։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

Զարգացած միջնադարում՝ պետականության վերականգնումից հետո (Բագրատունիների թագավորություն, 885-1045), Հայաստան ներխուժած արաբական զորքերը զորավար Նասրի հրամանով կողոպտում ու թալանում են վանքը։ 920-ական թվականների ավերից հետո վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով։ Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Գեղարդի վանքը զարգացման գագաթնակետին է հասնում Վրաց թագավորության կողմից Արևելյան Հայաստանի տարածքներն ազատագրելուց հետո, երբ հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը (1200-1261)։

Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը[3]։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

Անվանում

խմբագրել

Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։ Դրանք բազմաթիվ ճգնարանների մի մասն են կազմում միայն, իսկ մեծ մասը ավերվել են երկրաշարժերի ընթացքում։ Բացի այդ՝ հիմնական Կաթողիկե եկեղեցուց զատ համալիրն ունի չորս մեծ ձեռակերտ քարայր-սրահներ, որոնք կապված են գավիթին։

 
Սուրբ գեղարդը մասնատուփի մեջ, 1617 թվական, Էջմիածնի թանգարան

Մեկ այլ՝ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդը զենքի մի տեսակ է, բաղկացած փայտե կոթից, իսկ գլխին ամրացած է տափակ եռանիստ սրածայր երկաթյա տեգ։ Այն մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր Էջմիածինում։

Մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով, թշնամուց հեռու մի վայր, որտեղ պահվեց մինչև 19-րդ դարը։ Մարդիկ Այրիվանք ուխտ գնալիս ուղղակի ասում էին. «Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի» կամ «Գնում ենք Գեղարդավանք»։ Ժամանակի ընթացքում նվիրագործվեց վերջին անունը։

Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ և կոչվում է «Գեղարդասար»։ Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց «Գեղարդաձոր»[4]։

Ավանդություններ

խմբագրել

Կառուցում

խմբագրել
 
Գեղարդի վանքը և
Վերին Ազատ հովիտը
Monastery of Geghard and the Upper Azat Valley*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

 
Երկիր   Հայաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 40°09′32″ հս․ լ. 44°47′48″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24-րդ նստաշրջան)
Համար 960
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային   ժառանգություն

Վանական համալիրի կառուցման պաշտոնական տարբերակից զատ՝ գոյություն ունի ավանդական տեսակետ, որի համաձայն, մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ տաճար կառուցել։ Նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց։ Առավոտյան արթնանալով՝ տեսնում են իրենց բրիչը՝ խրված լեռան կատարին, և քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բացում են մի տաճար, որտեղ էլ կնքում են իրենց կյանքի մահկանացուն։

Լենկթեմուր

խմբագրել
  Աշխարհակալին Լենկթեմուրայ լուեալ զանուանելի հրաշագործութեանց սրբազան վանիցս, անձամբ անձին դիմէ ի փորձ լինել պատմաբանութեանս։ Անթիւ զօրօք յարձակի ի ձորն ամայի, հրամայէ յոխորտանօք ծաղրաբանելով բերել նմա զսուրբ նշանն Գեղարդայ։ Բայց այնինչ ձեռք բարձրացուցանեն զնիզակն առ հարկանել զսուրբ նշանն, յական թօթափել գունդք բիւրաւոր զօրաց անմարմնոց, զրահաւորեալ և ի զգեստս երփներանգս, յարձակին ի վերա ամենուստեք։ Թշնամին սուրբ հաւատոյ ոչ կարացեալ տանել անգամ և զտեսիլ զայս ահաւոր, տեսանելով մանաւանդ զշփոթ և զհարուած իւրայնոցն, յորոց բազմաց դէմի թիկունս դառնայ, այլոց ձեոք գօսանան, բազմաց կուրութիւն յաւիտենական փակէ զլոյսն տունջեան, այլք իբրև արկան անկենդան անդ մնան կարկառեալ, դառնայ առ իւրսն ողբագին և գոչէ. «Ադամ, գեօր գեջ» (Տե՛ր իմ, տե՛ս, անց)։ Ապա մեծաւ հառաչանօք մաղթէ զթողութիւն, ընծայէ զպարգևս մեծամեծս և դառնայ յետս։  

14-րդ դարի վերջին Հայաստանը ենթարկվում է միջինասիական զորավար Լենկթեմուրի արշավանքներին։ Լսած լինելով Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը՝ Լենկթեմուրը (1336-1405) որոշում է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա և հոխորտանքով ու ծաղրաբանությամբ հրամայում է բերել իր մոտ Գեղարդի Սուրբ նշանը։ Հենց որ բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես բյուրավոր աներևույթ զրահավորված զինվորներ՝ գույնզգույն համազգեստներով, ամեն կողմից հարձակվում են թշնամու վրա։ Իրարանցում է ընկնում Թեմուրի զորքի մեջ. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար Լենկթեմուրը թողություն է խնդրում, Սուրբ նշանից և մեծամեծ պարգևներ խոստանալով՝ ետ է վերադառնում։

Գանձ-ադամանդ

խմբագրել

Գեղարդի համալիրի հյուսիսային պատի մեջ գտնվող քարայրային վանքում, ավանդության համաձայն, թանկարժեք գանձ է պահվել։ Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն ադամանդի տեսք։ Լենկթեմուրը, իմանալով այդ մասին, ցանկացել էր վերցնել գանձը, սակայն մոտենալով նրան՝ փակել էր լույսի ճանապարհը սեփական ստվերով, ինչի արդյունքում գանձն «անհետացել էր»։ Հեռանալով՝ նա կրկին տեսնում է գանձը, այդպես նա մոտենում է երեք անգամ։ Այնուհետև Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է։

1679 թվականի Գառնու երկրաշարժից հետո գանձ-ադամանդն անհետանում է։

Պատմություն

խմբագրել

Վաղ միջնադար

խմբագրել
 
Ժայռափոր եկեղեցի՝ հնագույն պահպանված կառույցը

Ավանդության համաձայն՝ Այրիվանքի մենաստանը հիմնադրվել է Հայոց Մեծ դարձից հետո՝ հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ։ Վանական համալիրի արևելյան կողմում՝ բազրիքավոր աստիճաններից վեր գտնվող քարայրի ճակատային մասում, փորագրված է. «Սուրբ Գրիգոր Հայոց Լուսավորիչ»։ Այստեղ ճգնավորական կյանք են վարել ու ապաստանել Ներսես Մեծը (353-373), Սահակ Պարթևը (387-439), Հովհաննես Դ Օվայեցին (833-855)։ 7-րդ դարի առաջին կեսին Գրիգոր Գուռզիկը դարձել է միաբան և ծավալել երաժշտա-ստեղծագործական բեղմնավոր աշխատանք։ Վանքը ենթարկվել է ավերածությունների արաբների (920-ական թվականներ) և սելջուկների (1060-ականներ) կողմից։

10-րդ դարի սկզբին արաբները գլխատել էին Սմբատ Ա Նահատակ (890-914) թագավորին, և երկրում սկսվել էին կենտրոնախույս ձգտումներ։ 926 թվականին արաբական մի գունդ, հետապնդելով հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցուն (898-929), հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։ Կաթողիկոսը փախչում է Սևանավանք։

Զարգացած միջնադար

խմբագրել

11-րդ դարի առաջին կեսին՝ 1045 թվականին, վերանում է Բագրատունիների թագավորությունը, որը Հայկական լեռնաշխարհի տարածքում վերջին պետականությունն էր։ Դրանից հետո պատմական Հայաստանի տարածքում գոյատևող հայկական իշխանություններն ու թագավորությունները դառնում են հարևան պետությունների՝ Բյուզանդական կայսրության ու Սելջուկյան սուլթանության վասալները։

 
Գեղարդի Կաթողիկե եկեղեցին

Որոշ ժամանակ անց զորեղանում է Վրաց թագավորությունը (1008-1490), որը ղեկավարվում էր հայկական ծագում ունեցող վրաց Բագրատունիների (Բագրատիոնիներ) կողմից։ Դավիթ Շինարար (1089-1125) թագավորի զորքերը ազատագրում են մայրաքաղաք Թբիլիսին ու վերջնականապես կործանում Տփղիսի արաբական ամիրայությունը։ Դրանից հետո վրաց պետությունը ավելի է հզորանում, իր իշխանությունը հաստատելով Կովկասյան լեռներից հյուսիս ընկած տարածքներում։

Դավիթ Շինարարը երկու անգամ արշավում է քաղաքամայր Անի՝ այն ազատագրելու սելջուկյան գերիշխանությունից, սակայն ապարդյուն։ Թագավորի կիսատ գործը շարունակում է Թամար թագուհին (1184-1213), ում հրամանով զորահրամանատար Սարգիս Զաքարյանի որդիները՝ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը , վրաց բանակի ու հայկական ջոկատների գլուխ անցած՝ ազատագրում են Արևելյան Հայաստանը։ Ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի տարածքում առաջանում են նոր իշխանություններ։ Դրանք ձեռնամուխ են լինում շինարարական լայն աշխատանքների՝ ամրոցների ու եկեղեցիների, բերդերի ու վանքերի նորոգմանն ու կառուցմանը։

Գեղարդի վանական համալիրի ամենահին պահպանված կառույցը եռահարկ, կիսավիմափոր սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Զաքարյանների նախաձեռնությամբ։ Գտնվում է վանքի կենտրոնական մուտքին չհասած՝ արևմտյան կողմում։ Այն ունի արձանագրություն՝ Աղվանից կաթողիկոս Ստեփանոսի կողմից սուրբ Անդրեասի մասունքները վանքին նվիրելու մասին։ 1190 թվականին Այրիվանքում է ընդօրինակվում «Տոնապատճառ» ժողովածուն։ Ավելի ուշ՝ 1240-ական թվականներին, Պռոշ Պռոշյան իշխանը Իվանե աթաբեկի որդի Ավագից գնում է վանական համալիրը՝ տոհմական տապանատուն դարձնելու նպատակով։ 1257-1258 թվականներին եկեղեցին նորոգվել է Պռոշյանների կողմից։ Խորանի կենտրոնում Աստվածածնի պատկերն է՝ մանուկ Հիսուսը գրկին, երկու կողքերին՝ հրեշտակներ, իսկ առաստաղին Պռոշ իշխանի և նրա ընտանիքի խմբանկարն է, որոնք, սակայն, վնասվել են մրի և խազերի պատճառով։ 1213 թվականին Տիմոթ և Մխիթար կազմողները վանքում խաչքար են կանգնեցնում։ 1215 թվականին Բարսեղ վարդապետի օրոք սկսվում է գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցու շինարարությունը, որի մասին կա արձանագրություն եկեղեցու արևմտյան դռան ճակատին.

  Ի ժամանակս Զաքարիայի և Իւանէի նորին հարազատի և որդոց նոցին Շահնշահի և Աւագին և յառաջնորդութեն  

1219 թվականին Այրիվանք է այցելում Իվանե Զաքարյանը և նրան է նվիրում Բերդաղ գյուղը։ Կաթողիկե եկեղեցուց հետո՝ 1260 թվականին, կառուցվում են եկեղեցու երկու ժայռափոր խցերը, ավելի ուշ՝ վերին և ներքին ժամատները։

Ուշ միջնադար

խմբագրել
 
Խաչքարեր՝ Գեղարդի վանական համալիրի տարածքում
 
Գեղարդի վանքի պարսպի կլոր աշտարակը

15-17-րդ դարերում Հայաստանը դառնում է Կարա-Կոյունլուների ու Ակ-Կոյունլուների, ապա՝ Օսմանյան կայսրության ու Սեֆյան Իրանի միջև մղվող պատերազմների թատերաբեմ։ Հայաստանից արտագաղթում է մեծաքանակ բնակչություն, վերանում են բոլոր իշխանությունները։ Պետականությունից զուրկ հայ ժողովրդի պայքարը գլխավորում է հայ առաքելական եկեղեցին, որը ձեռնամուխ է լինում վանական համալիրների ամրացմանն ու բարեկարգմանը՝ բնակչությանը պաշտպանելու նպատակով։ Գեղարդի վանքի շուրջ կառուցվում են պարիսպներ, որոնց ներսում կային տնտեսական ու այլ բնույթի սենյակներ։ 17-րդ դարում կառուցվում են բնակելի շինություններ։

Գեղարդի վանքը մասնակիորեն ավերվել է 1127, 1679, 1840 թվականի երկրաշարժերից, ապա վերակառուցվել ու վերականգնվել հետագա դարերի ընթացքում՝ ծառայելով որպես ամենայն հայոց կաթողիկոսների ամառային ոստան (նստավայր)։ 15-րդ դարում Գեղարդավանքում բազմաթիվ ձեռագրեր են գրվել։ 15-րդ դարում Կաթողիկեի հարավային պատի տակ զույգ խաչքարեր են կանգնեցվել։ 1603 թվականին Գեղարդիի Աստվածատուր և Հավուց թառի Մանվել եպիսկոպոսները Սպահանում բանակցել են պարսից շահ Աբասի հետ, իսկ նրա կատարած արևելահայության բռնագաղթի ժամանակ թաքնվել են Գեղարդավանքի մոտակա քարայրերից մեկում, սակայն 1605 թվականին սպանվել են Ամիրգունա խանի զինվորների ձեռքով։ Դավիթ վարդապետ Պռոշյանի օրոք (1635-1675) թիֆլիսցի Սուլե Չիթախյանը նորոգել է Կաթողիկեն և վանքին նվիրել արծաթե կանթեղ։ 1679 թվականի հունիսի 4-ի Գառնիի երկրաշարժից Գեղարդավանքն ավերվել է, ժայռերից բեկորներ են թափվել և ծածկել շենքերը։ 1684 թվականին Գեղարդավանքը մաքրել են փլվածքներից, նորոգել վնասված շենքերը, կառուցել բուրգերով պարիսպը և նրան կից բնակելի ու տնտեսական շինությունները։

1687 թվականին պատրաստվել է սուրբ Գեղարդի նոր՝ արծաթե պահարանը՝ կրկնելով հնի արձանագրությունը։ Պահարանի դռնակների վերևում «Ավետման» տեսարանն է, դիմացը՝ հրեշտակը, ներքևում՝ «Խաչելությունը», դիմացի փեղկին՝ Գրիգոր Ա Լուսավորիչը։ Ոսկերիչ-քանդակագործներ Գրիգորը և Սարգիսը կերպարներին տվել են ասկետի տեսք՝ բնական շարժումներով ու կեցվածքով։ 1698 թվականին քանաքեռցի ոսկերիչ Ավետը պատրաստել է պահարան Գեղարդում պահվող Նոյյան տապանի փայտից։ Դռնակներին Հակոբ Օձնեցու և նրա դիմաց՝ հրեշտակի քանդակներն են։ Դանիել վարդապետ Պռոշյանը 1708 թվականին կառուցել է վանքի արևմտյան կողմի կամարակապ դարպասը՝ մուտքը դեպի համալիր։ 1715 թվականին հայ վաճառականները Գեղարդավանքին են նվիրել եպիսկոպոսական մարգարտաշար թագ։ Վանահայր Պետրոս Ջահկեցին 1733-1739 թվականին նոր հողեր է ձեռք վերել վանքի համար։

Նոր ժամանակներ

խմբագրել

18-19-րդ դարերում Գեղարդավանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, ձիթհաններ, ընդարձակ կալվածքներ Նորագավիթ, Նորք, Տաճարաբակ գյուղերում, ստացել Գողթ գյուղի տարեկան բերքի կեսը։ Վանական համալիրը նորոգել է ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին։ 1840 թվականի հուլիսի 2-ին տեղի ունեցած երկրաշարժից վնասվել են Կաթողիկեն և խցերը։ Միքայել Ձամոյան վարդապետը 1868 թվականին Գողթ և շրջակա մյուս գյուղերից նոր կալվածքներ է գնել և շինել վանքի ճանապարհը։

 
Ներքին ժամատունը՝ առյուծների, եզան քանդակներով ու զինանշանով։ Ձախ մասում երևում է վերին ժամատան հետ կապող օդային անցքը

Գեղարդի վանքը ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային կենտրոն էր, որտեղ կային դպրոց, գրադարան, գրչատուն և այլն։ 1217 թվականին վանքի միաբանների ուժերով (Սարգիս նկարիչ, Աբել գրիչ և Ստեփանոս կազմող) գրվել է մանրանկարներով հարուստ և մեծադիր Ավետարան։ Այստեղ են ապրել ու ստեղծագործել պատմիչներ Մխիթար Այրիվանեցին և Սիմեոն Այրիվանեցին, ովքեր մեծ աշխատանք են ծավալել գրչության արվեստի զարգացման բնագավառում։ Մխիթար պատմիչի ու Հովհաննես Գառնեցի վարդապետի օրոք Այրիվանքի դպրոցում ծաղկել է գրչության արվեստը։ Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով վանահայր Ռաֆայել Շիրակացին 1870-ական թվականներին կառուցել է Գեղարդի դպրոցը։

1932 թվականին ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարած արշավախումբը Գեղարդի վանքի արևմտյան կողմում՝ ժայռի թեք լանջինպեղումներով բացել և ուսումնասիրել է վիմափոր խոշոր դահլիճ՝ ուղղանկյուն հատակագծով, քանդակազարդ որմնասյուներով, 5 մ բարձրությամբ և մոտ 140 մ² մակերեսով, որը Պռոշ իշխանի օրոք 13-րդ դարում կառուցել է ոմն Մկրտիչ (1967 թվականին դահլիճը փլվել է)։ Գեղարդավանքը նորոգվել և վերականգնվել է 1958-87 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ (1955-1995)[5]։

Երևանի Մատենադարանում, ինչպես և Փարիզի Ազգային գրադարանում ու Բեռլինի Արքայական գրադարանում, պահվում են ձեռագրեր, ինքնագրեր, այդ թվում՝ Ավետարաններ, Սաղմոսարաններ, Ճառընտիրներ, Մաշտոցներ, Շարակնոցներ և Հայսմավուրքներ, որոնք կազմվել, ծաղկվել, գրվել ու ընդօրինակվել են Գեղարդավանքում։ 12-րդ դարով է թվագրված Այրիվանքի Փիլիպոս քահանայի կազմած Տոնապատճառը, որի կազմը Մատենադարանում պահվող հնագույն կազմերից մեկն է։

Կառույցներ

խմբագրել

Կաթողիկե

խմբագրել
 
Կաթողիկե եկեղեցու գմբեթը։ Թմբուկին երևում է զինանշանը՝ արծիվ, որ ճանկերում գառան է բռնել

1215 թվականին կառուցվել է համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, որն իր հորինվածքով Հայաստանի խաչաձև գմբեթակիր կառույցների՝ 12-13-րդ դարերի հանրահայտ օրինակներից է։ Արևելյան և հարավային պատերը ակոսված են զույգ հայկական խորշերով, որոնք հակասեյսմիկ նշանակություն ունեն։ Կաթողիկեն հարուստ է հարդարանքով, հատկապես թմբուկն ու հարավային շքամուտքը, որի ճակատային մասում բարձրաքանդակ կա, որ պատկերում է առյուծի հարձակումը ցլի վրա։

Կաթողիկեի հատակագիծը ձգված ուղղանկյունի է՝ ներգծված խաչով, որի կենտրոնում ստեղծված քառակուսուց սկզբնավորվում է սլացիկ թմբուկի վրա խարսխված գմբեթը։ Խաչի արևելյան թևը պսակված է կիսաշրջանաձև ավագ խորանով, իսկ մյուս թևերը ընդարձակվելով ստացել են ուղղանկյան տեսք՝ ծածկված գլանաձև թաղերով։ Գմբեթակիր քառակուսուց թմբուկի կորին անցումը իրականացված է առագաստների միջոցով։

Եկեղեցու արտաքին ծավալները հստակորեն դրսևորում են նրա ներքին կառուցվածքը և միմյանց հետ կազմում օրգանական միասնություն։ Իր հատակագծային և տարածական-ծավալային հորինվածքով կաթողիկեն Հայաստանի 12-13-րդ դարերի գմբեթակիր կառուցվածքների բնորոշ օրինակներից է։

1215-1225 թվականներին Կաթողիկեի արևմտյան կողմին կից կառուցվում է կենտրոնակազմ, քառասյուն, շթաքարային մշակումով գմբեթավոր գավիթը։ Այն իր արտաքին տեսքով հարում է քաղաքացիական կառույցներին և հիշեցնում լեռնային գյուղական տները։ Հյուսիսարևելյան և հարավարևելյան անկյուններում ունի երկհարկ ավանդատներ, որոնցից ձախակողմյանը՝ երկրորդ հարկինը, նվիրված է Թադեոս առաքյալին։ Արձանագրություններից իմանում ենք ոչ միայն կառուցողների, այլև բարերարների ու շինարարությանը մասնակցած միաբանների անունները։ Եկեղեցու գմբեթակիր քառակուսու վրա փորագրված է ճարտարապետի անունը՝ Գալձագ։

Հորինվածքի կենտրոնում՝ հավասար հեռավորության վրա, ազատ կանգնած են չորս զանգվածեղ սյուներ, որոնցից մինչև դիմացի պատերի որմնասյուները տարածվող կամարները ներքին տարածությունը բաժանում են մեկ խոշոր (կենտրոնական) և ութ առավել փոքր հատվածների։ Շինության գլխավոր առանցքը կազմում է կենտրոնական հատվածը՝ ծածկված շթաքարե (ստալակտիտային) նրբաքանդակ թաղով։

Ավազան ու ժամատներ

խմբագրել

Ժայռը, որը հյուսիսային պատ է ծառայում վանական համալիրի համար, հարուստ է ներքին քանդակներով։ Նրա խցերից մեկում, որը հայտնի է որպես «ավազան», բխում է սառնորակ աղբյուր, որի արևելյան կողմում խուց է փորված, իսկ արևմտյան կողմում՝ ավազան մկրտությունների համար։ Խորանից հյուսիս-արևմուտք նայող հատվածում՝ լեռնային աղբյուրներով լեցուն ավազանին կից, դրվել է սուրբ Պատարագներին օգտագործվող սկիհը՝ այն գավաթը, որի մեջ օրհնվել են հացն ու գինին։ Դա Գեղարդավանքի գավթից մուտք ունեցող, երկու զույգ խաչվող կամարներով և շթաքարային հարդարանքով, գմբեթով ու երդիկից լուսավորվող ժայռափոր առաջին եկեղեցին էր, որ կառուցել էր Պռոշ իշխանը 1230-50-ական թվականներին (ճարտարապետ՝ Գալձագ)։ Ավազանի պատերը զարդարված են քանդակներով ու խաչերով։

 
Սուրբ Աստվածածին՝ վանական համալիրի հարավային մուտքը, որը զարդարված է նռան, խաղողի և այլ նախշերով, իսկ երկու կողմերում պատկերված են թռչուններ

Պաշտամունքային համալիրը (եռահարկ Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ միասին) ժողովրդի կողմից կոչվել է «Յոթ եկեղեցիների վանք», որը ունի նաև քառասուն մատուռ և պատարագի համար նախատեսված խորան։ Ժամատներում հիմնական ուշադրությունը դարձվում էր կառուցվածքի ներքին տարածության կազմակերպման վրա։

1283 թվականին փորվել է ժայռակոփ երկրորդ եկեղեցին և նրա գավիթը, վերջինը, հավանաբար, եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը։ Գավթի մուտքի առանցքի ուղղությամբ ստեղծված կամարների մեջ քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, նրանցից մի փոքր ներքև պատկերված է թևերը պարզած արծիվ՝ ճիրաններում գառ։ Ենթադրվում է, որ դա Պռոշյանների տոհմական զինանշանն է։ Զինանշանի հավանական բացատրությունը հետևյալն է․ «Քանի դեռ շղթայված ենք, ինչպես առյուծներ, կմնանք այնքան հզոր, որքան եզը, և կպահպնենք մարդկանց այնպես, ինչպես արծիվն է պահում գառին»։

Ժամատնից դեպի արևելք գտնվում է մեկ այլ սրահ-եկեղեցի, որը հայտնի է որպես «Աստվածածին»։ Մուտքը դեպի այդ եկեղեցի կամարակապ է, որի վերևում գտնվում են Պողոս և Պետրոս առաքյալների քանդակները։ Այդ եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին։ Պատերից դուրս ելնող կիսաշրջանաձև կամարների վրայից բարձրանում է թմբուկը՝ գմբեթի քանդակազարդ կիսագնդով պսակված։ Գմբեթակիր քառակուսուց թմբուկի կորին անցումը իրականացված է առագաստների միջոցով։ Ինչպես եկեղեցու, այնպես էլ զավթի պատերը ծածկված են քանդակներով (մարդկային պատկերաքանդակներ, թռչուններ, երկրաչափական և բուսական տարբեր բնույթի հյուսվածքներ և այլն)։

Ժայռի վերին մասում 1288 թվականին կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի ժամատուն-դամբարանը, որը չորս անջատ սյուներով կենտրոնակազմ հորինվածք է։ Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչեր և ժայռափոր խուցեր։

Խաչքարեր

խմբագրել
 
Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները

Դեպի վանական համալիր տանող ճանապարհը անցնում է պարսպին զուգահեռ կառուցված ճանապարհով։ Պատի վրա կանգնեցված են 16-17-րդ դարերին վերագրվող խաչքարերի կրկնօրինակներ։ Դրանք կանգնեցվել են 21-րդ դարում, այն բանից հետո, երբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող Ջուղա գյուղի գերեզմանադաշտը ամբողջությամբ վերացվեց Ադրբեջանի իշխանությունների հրամանով՝ տեղում ռազմաբազա սարքելու նպատակով։

10․000-ի հասնող խաչքարերի ջարդը սկսել էր դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ Երևանի նահանգում իրականացվում էր երկաթուղային շինարարություն. Երևանից երկաթուղին հասնում էր Ջուղա, այնտեղից՝ Իրան։ Երկրորդ փուլը եղել էր խորհրդային իշխանության տարիներին, իսկ երրորդ փուլում՝ 2000-ական թվականներին, դամբարանադաշտը վերջնականապես ոչնչացվել էր։

Խաչքարերը, բացի եռամաս ավանդական կառուցվածք ունենալուց, որոնք խորհրդանշում էին երկրային կյանքը, խաչ-ճանապարհը և երկնային արքայությունը, ունեն նաև հավելյալ քանդակներ՝ իշխանների ու հրեշտակների կերպարանքներով, տեքստային հատվածով ու հավելյալ նախշերով։

Կարգավիճակ

խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի կոնվենցիային կից 1999 թվականի Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում որոշում է կայացվել «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» տարածքին տալ ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (անգլ.՝ Enhanced protection)[6]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Monastery of Geghard and the Upper Azat Valley» (անգլերեն). UNESCO World Heritage Site.
  3. «Գեղարդավանք». Հայաստանի Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. Կամսար Ավետիսյան. Ինչ են պատմում հայրենի տեսարժան վայրերի անունները.
  5. «Հայկական հանրագիտարան, Գեղարդավանք». Հայկական հանրագիտարան հրատարակչություն.
  6. «Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ». Հայաստանի Արտքին գործերի նախարարություն. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.

Գրականություն

խմբագրել
  • Саинян А., Гарни и Гегард, Москва 1958
  • Ղարիբյան Ի., Հրաշագործ սուրբ Գեղարդ, Երևան 2003

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարդի վանք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 712