Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ)

հայկական վանք Իրանում
(Վերահղված է Մաղարդավանքից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս վանք (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս վանքը (նաև՝ Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Իրանի հյուսիսում, 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ բնակավայրից (այժմ՝ լքված) մոտ 1 կմ արևելք։

Սուրբ Ստեփանոս վանք
Aras - Jolfa - St. Stepanos Monastery - panoramio.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՆոր Ջուղա
Մասն էԻրանի հայկական վանական համալիրներ
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
Մակերես84,06 հեկտար, 629,58 հեկտար
Կոորդինատներ: 38°58′44.6520001″ հս․ լ. 45°28′24.03840009999″ ավ. ե. / 38.979070000028° հս․. լ. 45.4733440000277724° ավ. ե. / 38.979070000028; 45.4733440000277724

Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ 2008 թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ Սուրբ Թադևոսի վանք և Ծոր Ծոր վանքերի հետ միասին, Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։

St. Stepanos Monastery - panoramio.jpg

ՊատմությունԽմբագրել

Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը։ Գրավոր առաջին տեղեկությունը Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի 976 թ.-ի կոնդակն է, որով հաստատվել են վանքին հարկատու կալվածքների սահմանները։ Նույն թվականին վանքը վերահաստատել և վերաշինել է Բաբկեն եպիսկոպոսը։ Սբ. Ստեփանոս եկեղեցու օծմանը ներկա են եղել Խաչիկ Ա Արշարունին և Հայոց Աշոտ Ողորմած թագավորը, որոնք վանքին ընդարձակ տիրույթներ են նվիրել։ Աշոտի դուստր Հռիփսիմեն 981 թ.-ին վանքին կտակել է Աստապատի իր դաստակերտը, այգիներ, արտեր։ Կտակում նշվում է, որ վանքապատկան երեք եկեղեցիները՝ Սբ. Ստեփանոսը, Սբ. Աստվածածինը և Սբ. Գևորգը, խարխուլ էին, և գլխավոր եկեղեցին (Սբ. Ստեփանոսը) նորոգել է իր հայրը։ Վանքը հիշատակվում է 1173 թ.-ին նկարազարդ ձեռագրի ընծայման կապակցությամբ։ 1270 թ.-ին նկարագրել է Վարդան Բաձրբերդցին։ 1330 թ.-ին մոնղոլ Աբու Սայիդ իշխանը հաստատել է վանքի կալվածքները։ XIII– XIV դդ. վանքը հայտնի մշակութային կենտրոն էր, 1332 թ.-ին այնտեղ տասից ավելի վանականներ ձեռագրեր են ընդօրինակել, գործել է դպրոց։ 1331 թ.-ին գրված «Նարեկի» հիշատակարանում վանքն անվանվում է «մեծ ու հռչակավոր»։ Դեռ 1427 թ.-ին հիշատակվում են նրա երեք եկեղեցիները, սակայն 1541 թ.-ին Հայոց կաթողիկոս Գրիգոր ԺԱ Բյուզանդացու կոնդակում նշվում է միայն Սբ. Ստեփանոսը։ XVI դ. վանքը խարխուլ էր, 1589 թ.-ին Մարտիրոս վարդապետը նորոգման աշխատանքներ է կատարել։ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը 1631 թ.-ին վանքին դրամահավաքի իրավունք է տվել և հորդորել ժողովրդին՝ օժանդակել այս կարևոր հոգևոր կենտրոնի պահպանմանը։ Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, 1633 թ.-ին վանահայր դարձած Հակոբ Ջուղայեցին (ապագա կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցի) մինչև հիմքերը քանդել է վանքի եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նոր եկեղեցի, պարիսպներ և նրանց կից բնակելի ու օժանդակ շենքեր։ Ըստ Սբ. Ստեփանոս եկեղեցու գմբեթի թմբուկի արձանագրության, դա կատարվել է 1643–1655 թթ.-ին, սակայն շինարարությունը շարունակվել է մինչև 1662 թ.-ը։ Հակոբ Դ Ջուղայեցու Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց (1655) հետո վանքի շինարարությունը շարունակել են Հովհաննես, Պետրոս և Հակոբ Շամբեցի վանահայրերը. կառուցել են արևմտյան պարիսպը, սեղանատունը, խցերը և զանգակատունը։ 1759 թ.-ին վանքի շենքերը վնասվել են երկրաշարժից։ Սբ. Ստեփանոս եկեղեցին հետագայում նորոգվել է 1704, 1826 և 1865 թթ.-ին, հյուսիսային բակի սենյակները նորոգվել են 1832 թ.-ին, իսկ 1840 թ.-ին երկրաշարժից վնասված զանգակատունը՝ 1879 թ.-ին։ 1828 թ.-ի Թուրքմենչայի պայմանագրով Արաքս գետը դարձել է ռուս-պարսկական սահման, և վանքը կորցրել է Նախիջևանի ու Գողթնի իր թեմերը, իսկ Ատրպատականից հայերի արտագաղթից հետո՝ զրկվել եկամուտներից։ Փակվել է դպրոցը, գրադարանի ձեռագրերը փոխադրվել են Էջմիածնի մատենադարան։ Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքի և Արտազի Սբ. Թադե վանքի թեմերի միավորումով կազմվել է Ատրպատականի առաջնորդություն՝ Թավրիզ կենտրոնով։ 1917–1921 թթ.-ին թուրքերը չորս անգամ թալանել են վանքը և հրկիզել գրադարանը։ 1973 թ.-ին մինչև վանքը կառուցվել է ավտոխճուղի։ 1983 թ.-ին, իրանահայ համայնքի և «Երկիր և մշակույթ» (Փարիզ) կազմակերպության նյութական օժանդակությամբ Իրանի պետական «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունը թիթեղապատել է տանիքները, հենակներով ամրացրել զանգակատան խարխլված կամարները, վերակառուցել արևելյան բակի քանդված խցերը, վերանորոգել խոհանոցն ու սեղանատունը։

ՃարտարապետությունԽմբագրել

 
Վանքի պարիսպները
 
Թմբուկից մի հատված

Կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպներով շրջապատված ուղղանկյուն համալիրի շենքերը խմբավորված են երկու բակերում, որոնցից հյուսիսում են գտնվում Սբ. Ստեփանոս եկեղեցին՝ հարավից կից երկհարկ եռաստիճան զանգակատնով, և Սբ. Պողոս-Պետրոս միանավ թաղածածկ եկեղեցին։ Դեղնա-կարմրավուն ֆելզիտային տուֆի մաքուր տաշված քարերով կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցին ներքուստ խաչաձև է, եռախորան, արևմտյան ուղղանկյուն թևով, արտաքուստ՝ ուղղանկյուն։ Պատերը ներսից աղյուսապատ են և սվաղված։ Խորանները յոթանիստ են, անկյունային սենյակները՝ երկհարկ։ Վերնահարկ ունի նաև արևմտյան խաչաթևը։ Զարդարված է XVII դ. և 1826 թ.-ի որմնանկարներով։ Կամարաշարով ու պատկերաքանդակներով հարդարված 16-նիստանի թմբուկով գմբեթը պսակվում է հովանոցաձև վեղարով։ Ուշ միջնադարի հայ ճարտարապետության մեջ Սբ. Ստեփանոս եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ հարդարանքով։ Այստեղ ճակատների հետ ներդաշնակ ամբողջություն են կազմում ավետարանական թեմաներով բազմաթիվ պատկերաքանդակները և զարդաքանդակները (որոնցով հագեցած են բոլոր պատերը և գմբեթը), իսկ ներսի հետ՝ զարդանկարները և որմնանկարները։ Գմբեթի թմբուկի նիստերին 12 առաքյալների լուսապսակով դիմաքանդակներն են, իսկ աշխարհի չորս կողմերին նայող նիստերին՝ «Քրիստոսը գահի վրա», ներքևում՝ չորս ավետարանիչների խորհրդանիշներով (արևմ.), ինչպես նաև Աստվածածնի (հս.), Հովհաննես Մկրտչի (արլ.) և Գրիգոր Լուսավորչի (հվ.) պատկերաքանդակներն են։ Ճակտոնների հարթության մեջ, արևելյան ճակատին քանդակված է Սբ. Ստեփանոս Նախավկայի քարկոծումը, արևմուտքին՝ «Խաչելությունը», հարավին՝ «Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին», հյուսիսին՝ «Համբարձումը»։ Իսկ զանգակատան հարավային պատին, որը միաժամանակ եկեղեցու հյուսիսային ճակատն է, առաջին հարկում պատկերված է «Աստվածածինը գահի վրա», երկու կողքերին՝ հրեշտակներ, իսկ երկրորդ հարկում՝ «Աստվածածնի Ավետումը»։ Ամբողջությամբ վերցված, վանքի պատկերաքանդակները միասնական շղթա են կազմում՝ ներկայացնելով Տերունական պատկերաշարը («Ավետում», «Հիսուսի Ծնունդը», «Խաչելությունը», «Համբարձումը», «Հիսուսը գահի վրա», «Աստվածածինը գահի վրա»), որը լրացված է առաքյալների միջոցով քրիստոնեության տարածման, Ստեփանոս Նախավկայի քարկոծման ու հայ ժողովրդի՝ քրիստոնեության ընդունման թեմաներով։ Ընդ որում, համատեղվել են տարբեր սյուժեներ (օր., Սբ. Ստեփանոսի քարկոծումը զուգակցված է Սուրբ Երրորդության հետ)։ Ավետարանիչների խորհրդանիշները՝ արծիվը և հրեշտակը, ներկայացված են թռիչքի պահին։ Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքի բազմաթիվ և բազմազան պատկերաքանդակներն իրենց գեղարվեստական բարձր արժանիքների ու ինքնատիպ առանձնահատկությունների շնորհիվ դասվում են ուշ միջնադարի հայկական արվեստի գլուխգործոցների շարքին։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990։
  • Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893։
  • Մինասյան Լ., Իրանի հայկական վանքերը, Թեհրան, 1971։
  • Hofrichter H., Das Kloster Sdepannos Nachawega, “Revue des études arméniennes”, t. 9, P., 1972;
  • Hofrichter H., Uluhogian G., S. Stepannos, Milano, 1980 (Documenti di architettura armena, 10).

Արտաքին հղումներԽմբագրել

  1. Monuments database — 2017.