Շարուրի հարթավայր
Շարուրի հարթավայր (Շարուրի դաշտ), Սադարակի հարթավայր, Մերձարաքսյան հարթավայրի հյուսիս-արևմուտքում, Նախիջևանի մասը ԻՀ-ում, Արփա գետը Արաքսին միախառնվելու շրջանում։ Շարուրի հարթավայրը եռանկյունաձև է, որի հիմքը (Արաքս գետով) մոտ 38 կմ է, բարձրությունը (Արփա գետով)՝ 14 կմ։ Հյուսիսից և արևելքից սահմանափակված է Ուրծի և Վայքի լեռնաշղթաներով, արևմուտքից՝ Արաքս գետով։ Հարավ-արևելքում միանում է Նախիջևանի հարթավայրին։
Մակերևույթը հարթ է, մինչև 800 մ միջին բարձրությամբ և դեպի հարավ-արևմուտք՝ թույլ թեքությամբ։ Կլիման կիսաանապատային, չոր տափաստանային է, բնութագրվում է շոգ ու չոր ամառներով և սակավաձյուն ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -2 °C-ից մինչև -3 °C է (նվազագույնը՝ -30 °C), հուլիսինը՝ 25-27 °C (առավելագույնը՝ 43 °C), տարեկան տեղումները՝ 200-300 մմ։ Խորշակային օրերը՝ մոտ 70։
Խոշոր գետը Արփան է, որի ջրերը բազմաթիվ ջրանցքներով ամբողջությամբ վերցվում են ոռոգման համար։ Ալյուվիալ և ավազակավային հողերի վրա տարածված են օշինդրա-աղուտային կիսաանապատային բուսատեսակները։ Կենդանական աշխարհում գերակշռող են սողուններն ու միջատները, Արաքսի եղեգնուտներում հանդիպում է վայրի խոզը։ Շարուրի հարթավայրը զարգացած գյուղատնտեսական շրջան է։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ և ծխախոտի մշակությամբ։ Անասնապահության մեջ գերակշռում է ոչխարաբուծությունը։ Բնակավայրերից նշանավոր է Իլյիչովսկը (Նորաշեն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 469)։ |