Առեստի ճակատամարտ (364)

ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 364 թվականին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առեստի ճակատամարտ (այլ կիրառումներ)

Առեստի ճակատամարտ, ռազմական բախում Արշակունիների թագավորության և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 364 թվականին։ Հասկանալով, որ պարսիկները ապագայում շարունակելու են՝ Վասակ սպարապետը Գանձակի ճակատամարտում տարած հաղթանակից հետո սկսում է պատրաստվել պարսիկների հաջորդ արշավանքին։ Այն տեղի է ունենում հաջորդ տարի՝ 364 թվականին․ սկսվում է երեք ճակատով հարձակում։ Շապուհը զորքը բաժանում է երեք մասի, որից մեկի ղեկավարությունն իր վրա է վերցնում Անդիկանը և շարժվում դեպի Առեստ։ Նա այնտեղ հանդիպում է հայկական զորաջոկատի դիմադրությանը, որի ղեկավարը հայոց սպարապետի եղբայր Բագոս Մամիկոնյանն էր։ Հայերը հաղթանակ են տանում ճակատամարտում, սակայն զոհվում է հրամանատար Բագոսը[1]։

Առեստի ճակատամարտ
Հայ-պարսկական պատերազմ
Թվական 364 թվական
Վայր Առեստ
Արդյունք Հայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Բագոս Մամիկոնյան Անդիկան
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ

Նախապատմություն խմբագրել

359 թվականին սկսված հերթական հռոմեա-պարսկական պատերազմն ավարտվում է Հռոմի պարտությամբ։ Հռոմում կայսր է դառնում Հուլիանոսը, որը մոտենում է Տիզբոնին և ճակատամարտում պարսից արքա Շապուհ Երկարակյացի դեմ։ Հռոմի նորահռչակ կայսրը զոհվում է ճակատամարտում, իսկ հաջորդ կայսրը՝ Հովիանոսը, չի շարունակում պատերազմը և պայմանագիր է կնքում Պարսկաստանի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ հայոց հարավային 5 նահանգները՝ 15 բերդերով և քաղաքներով հանդերձ, անցնելու էին պարսիկների տիրապետության տակ։ Նրանց էր զիջվում նաև հռոմեական տարածք համարվող Հյուսիսային Միջագետքը՝ Մծբին կենտրոնով։ Հռոմի կնքված այս պայմանագիրը 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոսը անվանել է «ամոթալի»։ Այս պայմանագիրը թույլ է տվել պարսից արքա Շապուհ Երկարակյացին ազատորեն իրագործել իր՝ Մեծ Հայքի հետ կապված պլանները[2]։

363 թվականին սկսվում է հայ-պարսկական պատերազմը, որի առաջին բախումը տեղի է ունենում Գանձակի մոտ։ Այս բախման արդյունքում հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը կարողանում է կասեցնել հակառակորդի ներխուժումը Մեծ Հայքի թագավորություն։

Ճակատամարտ խմբագրել

364 թվականին Շապուհ Երկարակյացը հարձակում է սկսում ընդդեմ Արշակունիների թագավորության․ նա պարսկական զորքերը բաժանում է երեք մասի, որոնք տարբեր ուղղություններով ներխուժում են Հայաստան։ Հայոց զորքը սպասում էր այսպիսի ներխուժման, քանի որ Վասակ Մամիկոնյանը Գանձակի ճակատամարտից հետո հասկացել էր, որ պարսիկները շարունակելու են իրենց ծավալապաշտական քաղաքականությունը և նոր արշավանքներ են ձեռնարկելու։ Վասակը նույնպես իր զորքը բաժանում է երեք մասի, որից մեկի հրամանատարությունը ստանձնում է իր եղբայր Բագոսը (Բագասը), մյուսինը՝ հայոց արքա Արշակ Բ-ն, իսկ վերջինինը՝ ինքը՝ հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը։

Հայոց երեք զորամասերն էլ անցնում են հավասար տարածություն, այդ պատճառով բոլոր ճակատամարտերը տեղի են ունենում գրեթե նույն ժամանակ։ Պարսից զորաբանակը հասնում է Վանա լճի մոտ՝ Առբերանի գավառի Առեստ ավան, որտեղ ռազմական ճամբար է խփում ձկնորսարանի մեջ։ Իմանալով, որ հայոց բանակը շարժվում է իրենց դեմ՝ պարսից բանակը ռազմակարգ է ընդունում։ Ճակատամարտի սկզբում հայերը կարողանում են հաջողության հասնել․ նրանք գրոհում են պարսից զորաբանակի վրա, որի հրամանատարը փորձում է վերականգնել ճեղքված մարտակարգը։ Այս փորձերի ժամանակ զոհվում է պարսից զորավարը։ Սակայն քանակական առավելությունը պարսիկների կողմն էր, որի շնորհիվ նրանք կարողանում են վերադասավորել սեփական ուժերը և մարտի մեջ մտցնել մարտական փղերը։ Մեծ զոհերի գնով հայերը կարողանում են դիմագրավել այս հակագրոհին և ստիպել պարսիկներին նահանջել։ Այս հակագրոհին դիմագրավելու ժամանակ զոհվում է հայոց զորամասի հրամանատար Բագոսը։

  Ապա Բագոսը հանդիպում է փղերի գնդին. տեսնում էր, որ փղերից մեկը շատ զարդարված էր և կրում էր արքունական նշաններ։ Բագոսը կարծեց, թե այդ փղի վրա (Շապուհ) թագավորն է, ձիուց իջավ, սուրը քաշեց, փղի վրա հարձակվեց. զենքը բարձրացրեց, փղի տակը մտավ, փղին փորից զարկեց, փիղն ընկավ նրա վրա և երկուսը միասին մեռան, որովհետև (Բագոսը) ժամանակ չունեցավ փղի տակից դուրս գալու համար։
- Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Գ, գլ. ԻԲ
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 16–21.
  2. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 12–15.