Աֆրոդիտե
Աֆրոդիտե[3] կամ Ափրոդիտե (հին հունարեն՝ Ἀφροδίτη, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός - «փրփուր» բառից), Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ Զևսի և Դիոնեի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։ Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ Աթենասի, Արտեմիսի և Հեստիայի։ Հեփեստոսի կինը և Արեսի տարփածուն էր։ Աֆրոդիեին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թվում։ Նրան նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հռչակավոր տաճարը։ Աֆրոդիտեի լավագույն արձաններից է Տավրիդյան Աֆրոդիտե արձանը (մ.թ.ա. III դ.) պահվում է Լենինգրադի Էրմիտաժում, Միլոսյան Աֆրոդիտեն (մ.թ.ա. 2-րդ դար)՝ Լուվրի թանգարանում։ Աֆրոդիտեն իր պաշտամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկ աստվածուհուն։ Հռոմեական դիցաբանության մեջ նույնացվել է Վեներային։ Աֆրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն, Ադոնիսին։
Աֆրոդիտե | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված, պտղաբերության աստված, աստվածուհի և օլիմպիական աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Վեներա և Աստարտե |
Նստավայր | Օլիմպոս |
Աշակերտ է | Օլիմպոս |
Հայր | Զևս[1] և Ուրանոս |
Մայր | Դիոնե[2] |
Ամուսին | Հեփեստոս |
Կողակից | Անքիսես, Բուտես, Ֆայետոն, Ադոնիս, Արես, Հերմես, Դիոնիսոս, Պոսեյդոն, Ֆաետոն և Զևս |
Զավակներ | Անտերոս, Դեյմոս, Էրոս, Փոբոս, Հարմոնիա, Հիմերոս, Հերմափրոդիտ, Հիմենևս, Պրիապուս, Ռոդոս, Eryx?, Տիխե, Պեիթո, Էնեաս, Polycaon?, Golgos?, Adrestia?, Քարիտներ և Lyrus? |
Ասպարեզ | սեր և գեղեցկություն |
Aphrodite Վիքիպահեստում |
Ափրոդիտեն սովորաբար պատկերվել է գեղեցիկ մերկ կնոջ տեսքով։ Բազմաթիվ նկարիչներ պատկերել են գեղեցկուհուն ծովի մեջ մի մեծ խեցու վրա կանգնած։
Ափրոդիտեի ծնունդը
խմբագրելՍիրո աստվածուհի Ափրոդիտեն ծնվում է ծովի փրփուրից։ Նա հայտնի է իր շլացուցիչ գեղեցկությամբ և կախարդական հմայքով։
Ափրոդիտեի սիրեկանները
խմբագրելՇնորհիվ իր գեղեցկության՝ Ափրոդիտեն հեշտորեն գայթակղում էր նրան, ում որ ցանկանար։ Կրծքերի մոտ նա կրում էր իր ամուսին Հեփեստոսի նվիրած գոտին, որը նույնպես գայթակղիչ ուժ ուներ։ Հեփեստոսը պատմում է, որ Տրոյայի պատերազմի ժամանակ Հերան վերցնում է այդ գոտին, որպեսզի գայթակղի Զևսին, որ վերջինս չխառնվի պատերազմի ընթացքին և հույները կարողանան հաղթանակ տանել։
Առասպելը
խմբագրելԱփրոդիտեն ամուսնացած էր Հեփեստոսի հետ, որը պաշտում էր իր գեղեցկուհի կնոջը և բազմաթիվ նվերներ անում նրան։ Սակայն Ափրոդիտեն հաճախ դավաճանում էր ամուսնուն։ Նրա բազմաթիվ սիրային կապերից ամենահայտնին պատերազմի աստված Արեսի հետ սիրավեպն էր։ Արեսն ու Ափրոդիտեն չորս երեխա են ունենում. Դեյմոսը՝ սարսափը, Ֆոբոսը՝ վախը, Հարմոնիան և Էրոսը՝ սերը։
Թակարդն ընկած սիրեկանները
խմբագրելԵրբ Հեփեստոսը իմանում է Ափրոդիտեի մասին իր եղբայր Արեսի հետ, որոշում է վրեժխնդիր լինել՝ նվաստացնելով սիրեկաններին։ Լինելով հմուտ մետաղագործ՝ նա բրոնզե շղթաներ է պատրաստում և աննկատորեն կախում սիրեկանների մահճակալից։ Երբ Ափրոդիտեն ու Արեսը պառկում են այնտեղ, կապանքները ընկնում են ցած և կապում նրանց։ Այդ ժամանակ Հեփեստոսը կանչում է աստվածներին, որպեսզի վերջիններս տեսնեն խայտառակ եղած սիրեկաններին։
Մահկանացու սիրեկանները
խմբագրելԱփրոդիտեի մեկ այլ սիրեկանից էր մահկանացու Ադոնիսը։ Պերսեփոնեն, որը դժոխքի աստված Հադեսի կինն էր, նույնպես սիրահարված էր Ադոնիսին, և երբ վերջինս նախընտրում է ոչ թե իրեն, այլ գեղեցկուհի Ափրոդիտեին, Պերսեփոնեն, խանդից դրդված, Ափրոդիտեի սիրային կապի մասին պատմում է Արեսին։ Զայրացած Արեսը մի վայրի վարազի ազատ է արձակում և ուղարկում Ադոնիսի վրա։ Կենդանին սպանում է Ադոնիսին, և վերջինս ընկնում է դժոխք, որտեղ նրան սպասում էր Պերսեփոնեն։ Ափրոդիտեն գնում է Զևսի մոտ և խնդրում ամենազորեղին հետ վերադարձնել իր սիրեկանին։ Զևսը որոշում է այսպես լուծել այդ հարցը. Ադոնիսը տարվա կեսը կանցկացնի մեռյալների աշխարհում Պերսեփոնեի հետ, մյուս կեսն էլ՝ Ափրոդիտեի հետ։
Ադոնիսի մահը ցույց տվեց, թե որքան ողբալի ավարտ կարող էր ունենալ հասարակ մաղկանացուների համար սիրո աստվածուհու հետ սիրային կապի մեջ մտնելը։ Մեկ այլ մահկանացու՝ Անքիսես անունով, որն Ադոնիսի նման գայթակղվում է Ափրոդիտեի հմայքով, նույնպես դաժան ճակատագրի է արժանանում։ Ափրոդիտեն մարդանման տեսքով է երևում նրան, սակայն շուտով Անքիսեսը գլխի է ընկնում, որ իր դիմաց սիրո աստվածուհին է։ Ափրոդիտեն Անքիսեսին խնդրում է խոստանալ, որ գաղտնի կպահի իրենց սիրային կապը, սակայն, հարբած լինելով, վերջինս բացում է այդ գաղտնիքը։ Որպես պատիժ՝ Զևսը կուրացնում է նրան։
Պիգմալիոն
խմբագրելՊիգմալիոնը տաղանդավոր քանդակագործ էր, որը քանդակները պատրաստում էր իր ամբողջ եռանդով։ Մի անգամ նա մի գեղեցիկ կնոջ արձան է պատրաստում, որն աներևակայելիորեն նման էր կենդանի մարդու։ Պիգմալիոնն անմոռաց սիրահարվում է իր իսկ քանդակած կնոջը, և աղոթում սիրո աստվածուհուն շունչ պարգևել նրան։ Խղճալով քանդակագործին՝ Ափրոդիտեն կենդանացնում է քանդակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Pseudo-Apollodorus
- ↑ Диона (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. Xа. — С. 755.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրոդիտե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 182)։ |