Գործակալություն, գործ արքունիքին կից պետական կառավարչական մարմին հին և Միջնադարյան Հայաստանում։ Հայոց թագավորը երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով, որոնց կառավարիչը, վարչապետը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ Գործակալները եղել են գերազանցապես հայ ավագանու ներկայացուցիչները, որոնք ժառանգաբար վարել են արքայական հրովարտակով նշանակված գործակալությունները։ Գալով հնագույն ժամանակներից՝ գործակալությունները ավարտուն ձևավորում են ստացել առաջին Արշակունիների օրոք (արքունի գործակալությունների ստեղծումը Մովսես Խորենացին վերագրում է Վաղարշակ Ա Արշակունի թագավորին)։ Արշակունիների ժամանակ գոյություն են ունեցել համապետական, ինչպես և նեղ արքունական գործակալություններ։ Հազարապետության կամ աշխարհաշեն գործակալություն վարել է երկրի ներքին գործերը (տնտեսական շինարարական բարենորոգումներ, հարկագանձումներ)։

Մարդպետություն խմբագրել

Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։ Սույն գործակալությունը եղել է Մարդպետունի (կամ Մարդպետն) իշխանական տոհմի (Արծրունի իշխանական տան ճյուղավորումն է) «ձեռական իշխանությունը» կամ ժառանգական պատիվը։

Սպարապետություն խմբագրել

Զինված ուժերը վարել է սպարապետության գործակալություններ։ Նախնական ժամանակաշրջանում այն պատկանել է Ամատունի իշխանական տանը, սակայն հետագայում անցել է Մամիկոնյաններին։

Մեծ դատավարություն խմբագրել

Նախաքրիստոնեական Մեծ Հայքում մեծ դատավարության գործակալությունը եղել է հայոց քրմապետի՝ Սլկունի իշխանական տան ժառանգական պատիվը։ Հետագայում, Հայքի քրիստոնեացումից հետո, այն անցել է կաթողիկոսին։

Մաղխազություն խմբագրել

Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Մաղխազական գունդը Ամենայն Հայոց Արքայի թիկնապահությունն էր։ Այս գործակալությունը եղել է Խորխոռունի իշխանական տան ժառանգական պատիվը. ըստ այդմ, տոհմը նաև հաճախ հիշատակվել է Մաղխազունի ազգանունով։

Թագակապ կամ թագադիր ասպետություն խմբագրել

Թագակապ կամ թագադիր ասպետության գործակալությունը վարել է արքայի թագադրման և այլ արարողություններ։ Գործակալությունը հանդիսանում էր Բագրատունի իշխանական տան (հետագայում՝ արքայատան) ժառանգական պատիվը։

Սենեկապետություն խմբագրել

Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։

Մատենագրական աղբյուրներում, հիշատակվում ևն նաև որսապետք, դահճապետ, կարապետ, տակառապետ (մահակարար, համբարակապետ), շահախոռապետ, քարտուղար, գրչունիք, նամակունիք, շահապ, հանդերձապետ, սպանդունիք, դռան եպիսկոպոս, դռան երեց եևն։ Արշակունիների անկումից հետո գործակալությունները աստիճանաբար դադարել են գոյություն ունենալուց, իսկ արաբ, տիրապետության ժամանակ՝ իսպառ վերացել։ Բագրատունիները վերականգնել են Արշակունյաց ժամանակի որոշ գործակալություններ (սպարապետություն, մեծ դատավարություն են), ինչպես նաև ստեղծել նորերը (մարզպանության, իշխանաց իշխանի ևն)։

Մարզպանություն խմբագրել

Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։ Բագրատունիների օրոք գործակալը կոչվել է նաև ձեռնավոր։ Կիլիկյան Հայաստանի արքունիքում հիմնվել են նոր գործակալություններ։ Խնամակալության գործակալությունը եղել է թագավորի խորհրդատու մարմինը, թագաժառանգի խնամակալը, իսկ թագավորի բացակայության կամ անչափահասության դեպքում՝ երկիրը կառավարողը։ Խնամակալության գործակալը կոչվել է պայլ։ Սեղանապետության գործակալություն իր բնույթով համապատասխանել է հազարապետության գործակալությունին, գործակալը կոչվել է սենեսկալ կամ սենեսջալ, այսինքն՝ սեղանապետ, սեղանադիր։ Մաքսապետության գործակալություն վարել է ֆինանսական գործերը, հսկել մաքսերի գանձմանը, ներքին և արտաքին առևտուրը։

Մաքսապետություն խմբագրել

Մաքսապետության գործակալը կոչվել է պրոքսիմոս, իրենց են ենթարկվել մաքսատների, առևտրական ու նավահանգստային կենտրոնների վերակացուները։ Արքունի քարտուղարության գործակալը կամ ատենադպիրը (կոչվել է կանցլեր կամ ջանցլեր) վարել է արտաքին հարաբերությունները, դեսպանական հանձնարարությունները, գրագրությունը։ Սպարապետության մարզպանությունը (գործակալը կոչվել է նաև գունդստաբլ) վարել է զինված ուժերի գործը, ինդենտանտության մարզպանությունը (գործակալը կոչվել է մարաջախտ) զբաղվել է բանակի մատակարարմամբ։ Կային նաև այլ, մանր գործակալներ՝ ջամբռայլ (համապատասխանել է սենեկապետին), սուրհանդակապետ և այլն։ Կիլիկիայում մարզպանություն չի եղել որևէ տոհմի ժառանգական պատիվը։ Գործակալներին նշանակել է արքան՝ ըստ իր հայեցողության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 173