Բարձր Հայք

Մեծ Հայքի նահանգ

Բարձր Հայք, Մեծ Հայքի առաջին նահանգը։

Բարձր Հայք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էգավառ
Գլխավոր քաղաքԿամախ
Այլ քաղաքներԿարին, Դերջան, Երիզա (Երզնկա)
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Բարձր Հայքը Մեծ Հայքի քարտեզի վրա
Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի քարտեզը

Անուն խմբագրել

Բարձր Հայք անունը մինչև VII դարի «Աշխարհացոյց»-ը ոչ մի հեղինակի մոտ չի հիշատակվում։ «Աշխարհացոյց»-ի հեղինակը՝ Անանիա Շիրակացին, Մեծ Հայքի այս «աշխարհը» Բարձր Հայք է կոչել պարզապես նկատի ունենալով նրա աշխարհագրական բարձր դիրքը։ Բարձր Հայքը մի մեծ ջրաբաշխ է, որտեղից սկսվելով Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր խոշոր գետերը հոսում են տարբեր ուղղություններով։ Անանիա Շիրակացիին, երկիրը Բարձր Հայք կոչելով, միաժամանակ ծանոթագրում է, որ այն հենց Կարինի երկիրն է։ Վերջին անունը ավելի գործնական է, քան Բարձր Հայքը[փա՞ստ]։

Աշխարհագրություն խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Բարձր Հայքը տարածվում էր Արևմտյան Եփրատի վերին ու միջին հոսանքների ավազանում․ նրա մեջ էր մտնում նաև Ճորոխի վերնագավառը։ Նա հյուսիսից շրջապատված էր Պոնտոսով, հյուսիս-արևելքից՝ Տայքով, արևելքից՝ Այրարատով և Տուրուբերանով, հարավից՝ Չորրորդ Հայքով, իսկ արևմուտքից՝ Փոքր Հայքով։

Ռելիեֆ խմբագրել

Այս երկիրը, բացառությամբ նրա մի քանի շրջանների, ընդհանուր առմամբ ունի հարթ ռելիեֆ։ Նրա մեջ էին մտնում Էրզրումի, Երզնկայի և Կամախի սարահարթերը, ինչպես նաև Շաղագոմքի, Աշկալայի և Դերջանի դաշտերը։ Նշված հովիտները, սարահարթերն ու դաշտերն ունեն բերրի հող, պիտանի են բազմատեսակ մշակույթների համար։ Էրզրումի սարահարթում մեծ տարածում ունեն ճահիճները։

Ջրեր խմբագրել

Երկրի միջով հոսում է Եփրատը, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Բարձր Հայքը առանձնապես նշանավոր է իր սառնորակ աղբյուրներով ու հանքային ջրերով։ Դրանց մեջ զգալի թիվ են կազմում տաք աղբյուրները՝ հատկապես Երզնկայի ու Էրզրումի շրջակայքում։

Կլիմա խմբագրել

Կլիման խիստ է։ Օդի ամռան ու ձմռան ամիսների ջերմաստիճանների տատանումը մեծ է։ Լիմում են խիստ խիստ ցրտեր, ձմռանը տեղում է առատ ձյուն՝ անանցանելի դարձնելով լեռնային մի շարք ճանապարհներ։ Լինում են բավարար քանակությամբ տեղումներ։

Բուսական և կենդանական աշխարհ, օգտակար հանածոներ խմբագրել

Բարձր Հայքի զանազան մասերում տարածված են բարեխառն գոտու անտառներ, իսկ բարձրադիր գոտում մեծ տարածում ունեն ալպյան փարփամ արոտավայրերը։ Բարձր Հայքը հայտնի է իր վայրի թռչուններով։ Այստեղ կան քարածխի, նավթի, երկաթի, պղնձի, ոսկու պաշարներ և մի քանի աղահանքեր։ Բնական հարստությունների տեսակետից առանձնապես աչքի է ընկնում Էրզրումի շրջանը, որտեղ կան նավթի, քարածխի և երկաթի հսկայական պաշարներ։ Երկրի բազմաթիվ տեղերում բխում են հանքային աղբյուրներ։

Ճանապարհներ խմբագրել

Բարձր Հայքում կային մի շարք ճանապարհներ, որոնք ունեին թե՛ ստրատեգիական և թե՛ առևտրական նշանակություն։ Այդ ճանապարհներից առանձնապես կարևոր էին․

Տրապիզոն-ԿարինԿարին-Բագառիճ-Սատաղ-Սեբաստիա և ավելի արևմուտք։ Այս գլխավոր ճանապահներից բացի Բարձր Հայքն ուներ մի շարք այլ ճանապարհներ։ Թե՛ վերը նշված տարանցիկ գլխավոր ուղիները, թե՛ տեղական նշանակություն ունեցող ճանապարհները անցնում էին գետահովիտներով ու լեռնացքներով։ Դրանց մի զգալի մասը ձմռանը անանցանելի էր։

Վարչական բաժանում խմբագրել

Բարձր Հայքը բաղկացած էր հետևյալ 9 գավառներից.

Դարանաղի- կենտրոնը՝ Կամախ, Տարածվում էր Արևմտյան Եփրատի հովտում։ Հնում մտնում էր Ստրաբոնի հիշատակած Ակիլեսենեի (հետագայում՝ Եկեղեցյաց գավառ) կազմի մեջ։

Աղիվն (Աղիւն)- կենտրոնը՝ Արմտան, Ընդգրկել է Եփրատի Աղյունաձոր վտակի հովիտը։ Կենտրոնը Նկոպոլիս-Զիմարա ճանապարհին գտնվող Անի Ադյունո (Անալյուն) ամրոցն էր, որը, ըստ Ն.Ադոնցի, հունական և հռոմեական աղբյուրներում հիշատակվող Անալիբնան է։ Ուշ միջնադարում Աղյունը կոչվել է նաև Աղնցիք։

Մզուր կոչվում էր նաև Մուզուր և Մնձուր- կենտրոնը՝ Տանձիկ,Տարածվում է Արածանի գետի աջակողմյան վտակ Քղի գետի Մնձուր օժանդակի հովտում (այժմ՝ Օվաջղի գավառակ)։ Մզուրի մեծ մասը փռված էր համանուն լեռների լանջերին։ Արևմուտքից սահմանակից էր Փոքր Հայքին, հարավից՝ Ծոփք նահանգին։ Մզուրը կազմել է Եկեղյաց գավառի մի մասը, հետագայում, վերջինիս մասնատման հետևանքով, արդեն հիշատակվել է իբրև առանձին գավառ։

 
Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի քարտեզը

Եկեղյաց (Եկեղեաց)- կենտրոնը՝ Երիզա, Փռված էր Արևմտյան Եփրատի հովտում (մոտ 40 կմ երկարությամբ և 20 կմ լայնությամբ) և իր տարածքով հիմնականում համապատասխանում է Երզնկայի սարահարթին։ Սահմանները կազմում էին հյուսիսից՝ Անտիպոնտական լեռնաշղթան, արևմուտքից՝ Գոհանամ լեռները (հնում՝ Մանեարք, Սեպուհ), հյուսիսից՝ Մնձուրի լեռնաշղթան, իսկ արևելքից՝ Անտիպոնտական լեռները Բյուրակնի հետ միացնող լեռնաճյուղը։

Մանանաղի, կենտրոնը՝ Վժան, Տարածվում էր Եփրատի Մանանաղի (այժմ՝ Թոզլու) վտակի ավազանում։ Հյուսիս-արևելքից սահմանակից էր Այրարատ, արևելքից և հարավ-արևելքից՝ Տուրուբերան, հարավից՝Չորրորդ Հայք նահանգներին, արևմուտքից՝ Բարձր Հայք, Եկեղյաց, հյուսիսից՝ Դերջան և Կարին գավառներին։ Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, հողը՝ արգավանդ։ Նշանավոր են Խաչ և Սմբատա լեռները։ Հարուստ է աղի պաշարներով։

Դերջան, կենտրոնը՝ Դերջան, Գտնվում է Եփրատի վերին հոսանքի և նրա ձախակողմայն վտակ Դերջանի հովտում։ Հյուսիսից սահմանակից էր Սպեր, արևելքից՝ Կարին, հարավից՝ Մանանաղի, արևմուտքից՝ Եկեղյաց գավառներին։ Նշանավոր գագաթներն են Մարիամը, Պախրը, Խաչը, Խալխալը։ Դերջանը հնուց ի վեր հռչակված էր արգավանդ վարելահողերով, հացահատիկի ընտիր տեսակների մշակմամբ։

Սպեր, կենտրոնը՝ Սպեր, 20-րդ դարի սկզբին Հյուսիսից սահմանակից էր Համշենի և Խոտորջրի, արևելքից՝ Թորթումի, արևմուտքից՝ Բաբերդի և հարավից՝ Էրզրումի գավառներին։ Գավառակի հյուսիսային մասը լեռնային է և անտառապատ, իսկ հարավայինը՝ զգալի հարթավայրային է։

Շաղագոմք,կենտրոնը՝ Շաղագոմ, Շաղագոմք կամ Շատագոմք գավառը գտնվել է Տայք նահանգի Ոքաղե գավառից հարավ-արևմուտք, եփրատի վտակ Սարչամայի վերին հոսանքում (այժմ՝Էրզրումի վիլայեթի Օվաջըկ վիճակ)։ Մովսես Խորենացին այն անվանում է «անապատ և հովանաւոր տեղիք»։

Կարին, կենտրոնը՝ Կարին, Գտնվում է Բարձր Հայք աշխարհում, նրա արևելյան մասում, Եփրատ գետի վերին հոսանքում։

Վարչաքաղաքական վիճակ և բնակչություն խմբագրել

Մ.թ.ա. 15-րդ դարից Բարձր Հայքը, Տայքի մի մասը Փոքր Հայքի հետ միասին կազմում էին Հայասա-Ազզի հայկական ցեղային միության տարածքը։ Մ.թ.ա. 189 թվականից Բարձր Հայքը մտել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ։ Հայտնի էր հեթանոսական հավատքի կենտրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի Երիզա ավանում էր գտնվում Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նույն գավառի Թիլ ավանում էր գտնվում պտղաբերության աստվածուհի Նանեի մեհյանը։

Գտնվելով Մեծ Հայքի արևմտյան սահմանում՝ Բարձր Հայքը հնուց ի վեր ենթարկվել է օտար տերությունների հարձակումներին։ 62–ից Բարձր Հայքը մտել է Արշակունյաց Հայոց թագավորության կազմի մեջ։ Ըստ Փավստոս Բյուզանդի, Բարձր Հայքի Անի ամրոցում են թաղվել Հայոց Արշակունի թագավորները։ 301–ից հետո Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեծ մասը դարձել է Գրիգոր Լուսավորչի տոհմի սեփականությունը։ Մեծ Հայքի 387–ի բաժանումից հետո Բարձր Հայքը կազմել է Հռոմեական Հայաստանի հիմնական մասերից մեկը, որի գերագույն կառավարիչը կայսեր կողմից նշանակվող կոմսն էր։ Նահանգը մասնատված էր մի շարք նախարարությունների։ Բարձր Հայքի վարչական վիճակը փոխվեց բյուզանդական Հյուստինիանոս I կայսեր կատարած վերափոխությունների հետևանքով։ Հայկական նախարարությունները վերացվեցին, 380-ական թվականներից սկսած Բարձր Հայքում աստիճանաբար ուժեղացել է բյուզանդական ազդեցությունը։ VII դ. առաջին կեսին Բարձր Հայքը դարձել է պարսկա–բյուզանդական պատերազմների թատերաբեմ, նույն դարի կեսերից ենթարկվել արաբական հարձակումներին։ Նահանգն այնուհետև դարձել է Բյուզանդիայի և արաբական արյունոտ բախումների թատերաբեմ։ 885 թվականից Բարձր Հայքը մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության մեջ, բացառյալ Կարինից, որը շարունակեց մնալ խալիֆության սահմաններին ռազմականը։ 1314 թվականին ամբողջ Բարձր Հայքը ենթարկվել է ծանր հարկահանության, փակվել են եկեղեցիները, բնակչության մի մասը հավատափոխ է եղել, ոմանք վաճառել են իրենց զավակներին կամ փախել այլևայլ վայրեր։ 1394–ին Բարձր Հայքը գրավել են Լենկթեմուրի հրոսակները և նահանգի բնակչությունը ենթարկվել նորանոր արհավիրքների։ 1514–ին նահանգը գրավել է օսմանյան Թուրքիան։ 1555 և 1639 թվականների թուրք-պարսկական պայմանագրով Բարձր Հայքը վերջնականապես անցել է Թուրքիային՝ ընդգրկելով Էրզրումի փաշայության մեջ։ Բարձր Հայքի բնակչության հիմնական մասը կազմում էին հայերը։ 5-6-րդ դարերից սկսած Բարձր Հայքի տարածքում, հատկապես քաղաքներում և բերդերում, որոշ թիվ էին կազմում հույները։

Գրականություն խմբագրել

  • Թ․Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 321