Գառնու ամրոց
Գառնու ամրոց, հնավայր Հայաստանի տարածքում։ Տեղակայված է Կոտայքի մարզի համանուն գյուղի տարածքում՝ Երևանից 28 կմ արևելք։ Ամրոցը զբաղեցնում է 3, 5 հա տարածություն. նրա տարածքում են գտնվում Գառնու հեթանոսական տաճարը, արքունական բաղնիքը, 7-րդ դարում կառուցված Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները[1]։
Նկարագրություն | |
Տեսակ | կիկլոպյան ամրոց |
Վարչական միավոր | Կոտայքի մարզ, Հայաստան |
Գտնվում է ափին | Ազատ գետ |
Երկիր | Հայաստան |
Շինանյութ | որձաքար |
Բարձրություն | 12-14 մ |
Օգտագործվան մեջ | երկաթի դար, հելլենիստական դարաշրջան |
Ավերվել է | Գառնու երկրաշարժ (1679) |
Ընթացիկ վիճակ | կիսավեր |
Բաց է հանրության համար | որպես վճարովի թանգարան |
Garni Fortress Վիքիպահեստում |
Ամրոցը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում՝ ծովի մակերևույթից շուրջ 1400 մ բարձրության վրա։ Հանդիսանում է հայկական ճարտարապետության անտիկ ժամանակաշրջանի ամրաշինության կառույց[2]։ Նրա շուրջ տարածվում է Ազատ գետի 100 մետր խորություն ունեցող կիրճը[3], որտեղ գտնվում է Քարերի սիմֆոնիան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միակ բնության հուշարձանը Հայաստանում[4]։
2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին[5]։
Պատմություն
խմբագրելԳառնիի վերաբերյալ առաջին ստույգ տեղեկությունը տալիս է Վանի թագավոր Արգիշտի Ա-ի (մ.թ.ա. 786-764) արձանագրությունը «Գիառնիանի երկրի» նվաճման մասին։ Վիշապակերպ կոթողները հայտնաբերվել էին 1909 թվականի Գառնիի պեղումների ժամանակ, Նիկողայոս Մառի և Յա. Սմիռնովի կողմից։ Դրանք կապված են ջրի պաշտամունքի հետ[2]։ Հռոմեացի պատմագիր Կոռնելիոս Տակիտոսի համաձայն, մ.թ. 51 թվականին վրաց Փարասման թագավորի որդի Հռադամիզդը, Հռոմի օժանդակությամբ ցանկանալով տիրանալ հայկական գահին, հարձակվում Է Հայաստանի վրա։ Ռազմական գործողությունների մի մասը տեղի է ունենում Գառնի ամրոցում («in Costelium Gorneas»), որն «ապահով էր տեղադրության և հռոմեական կայազորի պաշտպանության հետևանքով»[2]։ 1949 թվականից ազգագրագետ և պատմաբան Բաբկեն Առաքելյանի արշավախումբը տեղի քառանկյուն հատակագծով կացարաններից հայտնաբերել է վանակատե (օբսիդիան) գործիքներ, ոսկրե բզեր, սև փայլով զարդարուն խեցեղեն, բրոնզե կացնի ձուլման կաղապար, բրոնզե մանգաղ. սա վկայում է տեղանքի բրոնզեդարյան պատկանելության մասին։ Պեղվել են նաև մ.թ.ա. 2-րդ հազարամյակով թվագրվող դամբարաններ, ուրարտական և երվանդյան շրջանի խեցեղեն, բացվել են բնակելի շենքեր, մառաններ, տարատեսակ զենքեր և կենցաղային իրեր, ինչպես նաև՝ սասանյան, բյուզանդական, վրացական, մոնղոլական և այլ երկրների դրամներ[6]։
Գառնու դերը մեծ է հատկապես հելլենիստական շրջանի (մ. թ. ա. 3-1-ին դարեր) և նրան հաջորդած դարերի հայկական մշակույթի էական գծերը վեր հանելու տեսանկյունից։ Այս շրջանի քաղաքների կառուցապատման, ճարտարապետական ու կենցաղային արժեքների մասին հիացմունքի խոսքեր են թողել Ստրաբոնը, Պլուտարքոսը, Ապպիանոսը։ Նրանց վկայություններից ակնհայտ է, որ հայերը, փոխառնելով Արևելքի և Արևմուտքի քաղաքակրթության լավագույն դրսևորումները, հատկապես քաղաքաշինական նվաճումները, իրենց երկրում ստեղծել են քաղաքների ու քաղաքային կյանքի մի նոր տիպ, որն օրինակ պետք է ծառայեր հարևանների համար։ Խոսելով հայկական մշակույթի մասին՝ Նիկողայոս Մառը գրում է, որ հայ ժողովուրդը «գեղարվեստի ազնվացնող նմուշներ է տալիս իրենց բռնակալների, ամեն ազգի մատչելի ճարտարապետական գծերի ներդաշնակ երաժշտությամբ»։
Ամրոցը վերակառուցվել է հռոմեա-պարթևական պատերազմից (54-64) հետո՝ 76 թվականին[7]։ Այդ ժամանակ Հայաստանում հաստատվել է Արշակունիների արքայատոհմը։ Միևնույն ժամանակ կառուցվել է նաև Գառնու հեթանոսական տաճարը (77)[3]։ 2-րդ դարի դարի կեսին և 3-րդ դարի սկզբին Վաղարշ Բ թագավորի (186-198) որդին՝ Մեծ Հայքի թագավորը Խոսրով Ա-ն (198-216), արամեական գրոլթյամբ Գառնիում թողել է արձանագրություն[2]։
Քրիստոնեության ընդունումից հետո ամրոցը եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ սուրբ Խոսրովիդուխտի «ամառանոցային սենյակը»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ 4-րդ դարում եպիսկոպոսանիստ բնակավայր։ Բերդի շուրջ եղել է քաղաքատիպ բնակավայր։ Գյուղի հյուսիսում գտնվող բլրաշարքի վրա գտնվում է միջնադարյան գերեզմանոցը[3]։ Հայ գրերի գյուտից հետո մատենագիրների մոտ հանդիպում են հայերեն տեղեկություններ ամրոցի մասին. Գառնին հիշատակվում է իբրև խիստ ամրացված արքունի ամրոց (Փավստոս Բուզանդ) կամ իբրև քաղաք իր անմատույց ամրոցով[8], ուր կայանք զօրացն էին (Եղիշե)։ Գառնին զորակայան է եղել նաև պարսիկների տիրապետության ժամանակ[2]։
10-13-րդ դարերում՝ Բագրատունիների թագավորության և Զաքարյան իշխանապետության գոյության տարիներին, Գառնին հաճախ անվանվում է գյուղաքաղաք, հետագայում աստիճանաբար կորցնելով իր նշանակությունը։ Գառնու երկրաշարժից հետո կործանված տաճարի մասերը, սյուների կտորները, պատերի քարերն ու խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Գառնու տաճարը վերականգնվեց 1969-75 թվականներին։
Ճարտարապետություն
խմբագրելԳառնու ամրոցի պատերի բարձրությունը հասնում էր 12-14 մետրի, սակայն Գառնու երկրաշարժից հետո այն ավերվել է, և մնացել են 2-4 մետր բարձրությամբ պատեր։ Մուտքը պաշտպանված է կիկլոպյան շարվածքի քարե պարսպով, հաստությունը 2 մետր է, իսկ պարսպապատի երկարությունը՝ 180 մետր[3]։ Կառուցված է որձաքարից, որոնք ամրացված են ոչ թե շաղախով, այլ երկաթյա գամերով։ Բերդն ունեցել է աշտարակներ։ Առավել անմատչելի վայրերում՝ անդունդի վրա, դրանք կառուցված էին 25-32 մետր հեռավորությամբ, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ 10-13, 5 մետր միջակայքով[3]։ Պարսպապատերր աշտարակների գրեթե միանման (5, 90-6, 70 մ) եզրագծերով ստեղծված ուղղանկյունի հորինվածքը իր խորության կեսի չափով (3, 00-3, 50 մ) պարսպապատի արտաքին մակերեսից դուրս է, իսկ այդ դուրս եկած հատվածի մոտավորապես կեսի չափով (1, 54-1, 78 մ)՝ դրանից ներս։ Իբրև երկարության միավոր օգտագործված է ուրարտական ճարտարապետության մեջ լայն կիրառում գտած հին Միջագետքի նիպոլրական կանգունը (51, 8 սմ)[2]։
Պարսպի մեծ մասն ավերվել է 7-րդ դարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ 10-րդ դարում բերդը վերականգնվել է՝ համաձայն մուտքի քարերին պահպանված միջնադարյան արձանագրությունների[9]։ Վերականգնել է Աշոտ Բ Երկաթը (914-928)[3]։
Գառնու ամրոցի ճարտարապետությունը համարվում է կիկլոպյան, որովհետև համարվում էր, որ միայն առասպելական Կիկլոպները կարող էին տեղաշարժել չափազանց ծանր այս քարերը։ Պարիսպն ամրացնելու նպատակով քարերը շարվում էին մեկընդմեջ երկար ու կարճ կողմերով՝ դրանց տալով ամրություն և դիմացկունություն։ 1225 թվականին այստեղ տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը՝ մի կողմից հայ-վրացական բանակի, մյուս կողմից՝ Խորեզմշահերի զորքերի միջև՝ ավարտվելով Զաքարյանների հաղթանակով[10]։ Ներկայումս պարիսպը մասամբ վերականգնված է։ Հելլենիստական դարաշրջանում Հայաստանում կառուցվել են նմանատիպ բազմաթիվ ամրություններ՝ Սևանի ավազանում, Արագած լեռան վրա, Սյունիքում և այլուր։ Առավել հայտնի էին հելլենիստական Հայաստանի մայրաքաղաքի՝ Արտաշատի պարիսպները[9]։
Ամրոցի աջ կողմում, որտեղ գտնվում է ցածրադիր բլուր, պահպանվել են 3-4-րդ դարերի արքայական կայազորի կացարանների հիմքերը։ Գլխավոր շինությունը նման է Գառնու պալատական շենքին, նրա ներքին մասում կան փայտե մույթեր և քառանկյուն հարթ որմնասյուն, որոնց վրա գլանաձև թաղն է։ Կայազորը արքունի ընտանիքի թիկնազոր գունդն էր[3]։
Պալատ և բաղնիք
խմբագրելԳառնու ամրոցում գոյություն է ունեցել պալատական համալիր, որը բաղկացած է եղել մի քանի շենքից։ Պալատական շենքերն ու բաղնիքը կառուցված են հարավային հրապարակի շուրջ[6]։ Պեղումների հետևանքով առայժմ բացվել են պալատական շենքի 40 x 15 մ տարածություն ընդգրկող նկուղային հարկի և հիմքերի մնացորդները։ Նկուղային հարկի հարավարևելյան կեսում 20 x 12, 5 մ մակերեսով կամարակապ դահլիճն է, իսկ մյուս կեսում տնտեսական նպատակների համար ծառայող բազմաթիվ սենյակներն են։ Դրանց վրա վերնահարկի սենյակներն են և արքայական ընդունելության սրահները[2]։ Այս շինությունների կառուցման նախաձեռնող Տրդատ Գ թագավորը, ինչպես Մովսես Խորենացին է տեղեկացնում, զարդարել է տվել «մահարձանոք, սքանչելի դրօշմուածովք, բարձր քանդակաւ …»։ Դահլիճի փոքր չափերը ենթադրել են տալիս, որ ներսում դրված է եղել արևի աստված Միհրի արձանը, ում նվիրված է եղել տաճարը[11]։ Ծիսակատարությունը տեղի է ունեցել դրսում։ Միհրը հաճախակի պատկերվել է ցուլի դեմ մենամարտելիս։ 659 թվականին պալատի մեծ մասը, մասնավորապես՝ դահլիճը, ավերված է եղել[12]։
Ամրոցի այդ հատվածում է գտնվում արքունական բաղնիքը՝ Գառնու տաճարից մոտ 50 մ դեպի հյուսիս-արևմուտք՝ բաղկացած միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակից։ Առաջին սենյակը (լատին․՝ apoditerium), իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման շնորհիվ (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ (լատին․՝ frigidarium) և երրորդ (լատին․՝ tepidarium) սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի (լատին․՝ caldarium) մեծ մասը, որ անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին և ունի դրանց ձևն ու չափերը, եղել է տաք ջրի լողասենյակը և ջրի տաքացման մասը։ Հռոմեական բաղնիքներին բնորոշ շոգեսենյակը (լատին․՝ sudatorium) կառուցված է որմնախորշում՝ տաք ջրի լողասենյակին կից[13]։ Բոլոր լոգարաններն իրենց գլխավոր ճակատներով ուղղված են դեպի հարավ-արևելք, իսկ տաք ջրով լողարանը, գլխավոր ճակատով ուղղված լինելով դեպի հարավ-արևելք, իր ամբողջ տարածական ծավալային հորինվածքով գտնվում է բաղնիքի ողջ կառուցվածքի հարավարևմտյան հատվածում։ Խճանկարն ամբողջապես պատրաստված է Ազատ գետից հավաքված և նրա ջրով հղկված 15 գույնի բնական քարերից[2]։
Բազմերանգ խճանկարի վրա պատկերված է ծով. ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, մեծ ու փոքր բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ՝ «Ծովի խորք» կամ «Ծովային անդորր», ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էթոս, Արգիոս, Պոթոս և այլն)[2]։ Խճանկարի կենտրոնում՝ հյուսվածապատ շրջանակի մեջ, պատկերված են տղամարդու ու կնոջ կիսանդրիներ՝ հունարենով համապատասխանաբար գրված Օվկիանոս և Թալասսա[13]։ Օվկիանոսը, ըստ դիցաբանության, համարվում է բոլոր աստվածների հայրը, իսկ ծովը դիտարկվում է իբրև գեղեցկության և սիրո աստվածուհի Ափրոդիտեի մայրը։ Շրջանակի վերևում գրված է՝ «Չստացանք անգամ սատկած (ձուկ) ոչ ծովից, ոչ օվկիանոսից» (հուն․՝ Μηδεν Λαβοντεσ Ηριασαμεθα Κανενα Νεκρο Δε Μασ Εδωσε Η Θαλασσα Ουτε Ο Ωκεανοσ) արտահայտությունը[13]։
Հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը՝ ջուր տաքացնելու համար։ Ջուրը մատակարարվել է թրծված կավե խողովակներով, իսկ բաղնիքն առհասարակ ջեռուցվել է հատակից տաքացվելու եղանակով։ Ուշագրավ է բաղնիքի լողասենյակների՝ երկրի կողմերի նկատմամբ ունեցած կողմնորոշումը։ Տաճարից ընդամենը 50 մ հեռավորության վրա կառուցված բաղնիքի շենքը, որը տաճարի հետ դառնում է դրանց միջև ստացված հրապարակը ձևավորող հիմնական շենքերից մեկը, ոչ թե ճակատներով զուգահեռ է տաճարի պատերին, այլ դրված է թեք։
Գառնու տաճարից մոտ 20 մ դեպի հյուսիս գտնվել է սպիտակ մարմարից մեծ վարպետությամբ քանդակված ցուլի կճղակ։ Հավանաբար, այն պատկանել է տաճարի ներսում դրված կուռքին, որը քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հանվել է շենքից և ոչնչացվել[14]։ Որոշակի ժամանակ արեգակի ճառագայթներն անկյան տակ տաճարի տանիքի քառակուսի անցքից ընկնում էին տաճարի մուտքի առջև տեղադրված՝ լավ հղկված քարե կամ մետաղե (բրոնզից, արծաթից) հայելու վրա, որոնք հայտնի են եղել մ. թ. ա. 3-րդ հազարամյակից։ Ապակե հայելիները՝ անագի կամ կապարի տակդիրով, երևան են եկել հռոմեացիների մոտ մ. թ. 1-ին դարում, որոնք միջին դարերի սկզբում անհետացել, ապա նորից հայտնվել են միայն 13-րդ դարում։ Ահա այդպիսի հայելի կարող էր եղած լինել նաև Տրդատին տրված բազում թանկարժեք նվերների մեջ, որը և օգտագործվել է Գառնու տաճարում[15]։
Պատկերասրահ
խմբագրել-
Խճանկար արքունի բաղնիքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ Մշակույթի Նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. Արխիվացված է 13 հոկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Սահինյան Ա. Գառնի ամրոցի պաշտպանական համակարգը // Լրաբեր հասարակական գիտությունների. — Երևան — Էջ 88-106. Արխիվացված է 11 օգոստոսի, 2014 սկզբնաղբյուրից:
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Գառնիի տաճար // Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր. Արխիվացված է 29 հունիսի, 2013 սկզբնաղբյուրից:
- ↑ Monastery of Geghard and the Upper Azat Valley // Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր. Արխիվացված է 7 հոկտեմբերի, 2009 սկզբնաղբյուրից:
- ↑ «Գառնի տաճարին շնորհվել է Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը». Panorama.am. 2011 թ․ ապրիլի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 6,0 6,1 Գառնի // Հայկական հանրագիտարան. Արխիվացված է 7 ապրիլի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ К. В. Тревер, Очерки по истории культуры Древней Армении, М.—Л, , 1953, էջ 67
- ↑ Փավստոս Բուզանդ (1987). Հայոց պատմություն. Երևան. էջ 61.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 9,0 9,1 Գառնիի ամրոցը, Պատերի կառուցումը // Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր. Արխիվացված է 14 մայիսի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Ստեփանոս Օրբելյան (1910). Պատմութիւն նահանգին Սիսական, արարէալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնյաց. Վենետիկ. էջեր 399.
- ↑ Арутюнян, С. Б. Михр, Мгер Мифологическая энциклопедия. Արխիվացված է 8 փետրվարի, 2017 սկզբնաղբյուրից:
- ↑ Ստեփան Մնացականյան Գառնիի պալատը և Մովսես Խորենացին // Լրաբեր հասարակական գիտությունների. — Երևան — Էջ 63-76. Արխիվացված է 9 փետրվարի, 2017 սկզբնաղբյուրից:
- ↑ 13,0 13,1 13,2 Գառնի. Արքունի բաղնիք // Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր. Արխիվացված է 14 մայիսի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ О. Шуази (1938). История архитектуры. Москва. էջ 338.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Թանանյան, Գրիգոր (2014). «Գառնի պատմամշակութային կոթողը (տաճարի վերականգման 40-ամյակի առթիվ) [The Historic & Cultural Monument of Garni (to the 40th anniversary of the restoration of the temple)]». Պատմաբանասիրական հանդես (2): 25–45. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |