Բացել գլխավոր ցանկը

Եդեսիա, Էդեսսա, Ուռհա, Ուրֆա (ասորերեն՝ Օրհայ, արաբ․ Ռուհա), քաղաք Միջագետքի հյուսիս–արևմուտքում, Եփրատի վտակ Դայսան գետի վրա։

Անվան ծագումԽմբագրել

Հնագույն անունը Օրրոն էր, մ․ թ․ ա․ 303 թվականին Սելևկիոս Ա․ Նիկատորը վերաշինեց այն և անվանեց Եդեսիա՝ ի պատիվ Մակեդոնիայի նույնանուն քաղաքի։

ՊատմությունԽմբագրել

Մ․ թ․ ա․ 312–մ․ թ․ ա․ 216 թվականներին Օսրոյենեի թագավորության մայրաքաղաքն էր։ 216 թվականին Հռոմի Կարակալլա կայսրը, գահընկեց անելով Օսրոյենեի վերջին թագավոր Աբգարին, Եդեսիան դարձրեց գաղութ։ 363 թվականի հռոմեա–պարսկական հաշտության պայմանագրով Եդեսիան անցավ Սասանյան Իրանին։ Եդեսիան V–VI դդ․ եղել է կռվախնձոր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Պարսից թագավորներ Կավատն ու Խոսրով Անուշրվանը բազմիցս փորձել են գրավել այն։ 640 թվականին Եդեսիան գրավել են արաբները, որոնց տիրապետության տակ է մնացել մինչև 944 թվականը։ Այնուհետև Եդեսիային տիրել են բյուզանդացիները, ապա՝ Մրվանյան ամիրաները, իսկ 1071 թվականին՝ սելջուկ–թուրքերը։ 1098 թվականին, Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ, Բալդուինը հիմնեց Եդեսիայի կոմսությունը։ 1391 թվականին Եդեսիան ավերել են Լենկթեմուրի հրոսակները։ Այնուհետև Եդեսիային տիրել են թուրքմեն ամիրաները, 1512 թվականից՝ պարսիկները, 1637 թվականից՝ օսմանյան թուրքերը։

ՄշակույթըԽմբագրել

Այս շրջանում Եդեսիայի տնտեսության ու մշակութային խոշոր կենտրոն էր։ Մեծ հռչակ էր վայելում Եփրեմ Ասորու հիմնադրած պարսկական դպրոցը, որտեղ ուսանելու էին գնում նաև այլ երկրներից (այդ թվում նաև Հայաստանից)։ Եդեսիայում կար հարուստ մատենադարան։ Ավանդության համաձայն տակավին Քրիստոսի օրոք Եդեսիայի բնակչությունն ընդունել է քրիստոնեություն։ Հուստինիանոս I–ի տիրապետության տարիներին Եդեսիայում շինարարական մեծ աշխատանքներ են ծավալվել։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայում է ստեղծել հայոց գրերը։

Եդեսիան և ՀայաստանըԽմբագրել

Եդեսիան Հայաստանի հետ տնտեսական ու մշակութային սերտ կապեր էր պահպանում դեռևս հին շրջանում և վաղ միջնադարում։ Դրանք ավելի ծավալվեցին հայոց պետականության վերականգնումից հետո։ Քաղաքն ուներ գեղեցիկ դիրք, շրջապատված էր ավաններով։ Ներսես Շնորհալին իր «Ողբ Եդեսիո» պոեմում վառ գույներով է նկարագրել նրա ամուր, բարձր պարիսպները, շուկաները, տները։ V դարից սկսած հայերի մեջ արմատացած էր այն համոզմունքը, որ Եդեսիայի թագավորությունը հայկական էր, նրա թագավորները հայեր էին, և որ Եդեսիան հիմնադրել է հայոց Տիգրան Բ Մեծը։
XI–XII դդ․ Եդեսիայում հայ բնակչությունը ավելի ստվարացավ։ 1144 թվականին Եդեսիայում կար 47 հազար հայ բնակիչ։ Այդ են վկայում ոչ միայն հայկական, այլև արաբական սկզբնաղբյուրները։ XII դ․ արաբ պատմագիր Իբն ալ Ասիրի հավաստմամբ Եդեսիան ամբողջությամբ հայերով էին բնակեցված։ Այս պատճառով Բյուզանդիան, ապա նաև սելջուկները ստիպված էին Եդեսիայի քաղաքագլուխ (դուկ) նշանակել հայերից։