Հերակլես
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերակլես (այլ կիրառումներ)
Հերակլես[4] (հին հունարեն՝ Ἡρακλῆς, լատին․՝ Herculēs, Հերկուլես), հունական դիցարանի[5] հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին[6]։ Ի ծնե անունը եղել է Ալկիդես, որի մասին բազմիցս հիշատակվում է «Իլիականում»։
Հերակլեսի բազմաթիվ լեգենդներից առավել հայտնի են 12 սխրանքները, որոնք նա գործել է միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելիս։
Հերակլեսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն էր վայելում Հունաստանում, որտեղից հույն գաղութաբնակների միջոցով տարածում գտավ նաև Իտալիայում, որտեղ Հերակլեսին անվանում էին Հերկուլես։ Հյուսիսային կիսագնդի երկնքում կարելի է տեսնել Հերկուլես համաստեղությունը։
Լեգենդներ Հերակլեսի մասին
խմբագրելԾնունդը և մանկությունը
խմբագրելԱլկմենեյին Հերակլեսով հղիացնելու համար Զևսը ընդունել է Ալկմենեի ամուսնու կերպարանքը։ Զևսը կանգնեցրել էր արևը և նրանց գիշերը տևել էր երեք օր ու գիշեր։ Գուշակ Տիրեսիոսը Ամփիտրոնին պատմում է տեղի ունեցածի մասին։
Հերակլեսի ծննդյան գիշերը Հերան Զևսին ստիպեց երդվել, որ Պերսևսի սերնդից նա, ով կծնվի առաջին, կդառնա գերագույն թագավոր։ Հերակլեսը պատկանում էր պերսեիդների տոհմին, բայց Հերան Ալկմենեի ծննդաբերությունը ուշացրեց և արդյունքում առաջինը (վաղածին) լույս աշխարհ եկավ Հերակլեսի հորեղբոր որդին՝ Էվրիսֆեյը` Սֆենելի և Նիկիպիի որդին։
Զևսը Հերայի հետ պայման էր կնքել, որ Հերակլեսն իր ողջ կյանքի ընթացքում չէ, որ պետք է գտնվի Էվրիսֆեյի իշխանության տակ։ Էվրիֆեյի առաջադրանքով տասը սխրանք կատարելուց հետո Հերակլեսը ոչ միայն կազատվի վերջինիս իշխանությունից, այլև կդառնա անմահ։
Հերակլեսի հովանավոր Աթենասը խաբեությամբ Հերային ստիպում է կրծքով կերակրել Հերակլեսին։ Նորածինը աստվածուհուն ցավ է պատճառում և աստվածուհին երախային պոկում է իր կրծքից։ Ժայթքած կաթի շիթը վերածվում է Ծիր Կաթինի։
Նախանձ Հերան երկու օձ է ուղարկում մանուկին սպանելու համար։ Մանուկ Հերակլեսը խեղդում է նրանց։ Մանուկ Հերակլեսի լեգենդի մասին առաջինը կարելի է հանդիպել Պինդարոսի մոտ[7]։
Պատանեկությունը
խմբագրելՓոքր տարիքում եղել է դափնոֆոր և Ապոլլոնին որպես ընծա բերել է Իսմենայի եռաժանին[8]։
Ամփիտրոնը իր տղաների ուսուցման համար հրավիրում է լավագույն ուսուցիչներին` Կաստորին (թուր), Ավտոլիկոսին (ըմբշամարտ), Էվրիտոսին (աղեղ)։ Հերակլեսը պատահաբար քնարով սպանում է Լինոսին` Օրփեոսի եղբորը։ Դրա համար նա աքսորվում է անտառաշատ Կիֆերոն։
Հերակլեսին հանդիպում են երկու նիմփաներ (Արատավորություն և Առաքինություն), որոնք առաջարկում են ընտրություն կատարել վայելքներով լի հանգիստ ճանապարհի և աշխատանքի ու սխրանքների տատասկոտ ճանապարհի միջև[9]։ Առաքինությունը հետևյալ խոսքերով կարողացավ Հերակլեսին համոզել հետևել իրեն.
Այն, ինչ աշխարհի մեջ վերաբերվում է օգտակարին և փառավորին, աստվածները մարդկանց չեն տալիս առանց աշխատանքի և հոգատարության։ Եթե ուզում ես աստվածները քո նկատմամբ լինեն գթասիրտ, ապա պետք է մեծարես աստվածներին։ Ուզում ես սիրված լինել մարդկանց կողմից, պետք է բարի լինես մարդկանց հանդեպ։ Ուզում ես հարգանք վայելել մի ինչ-որ քաղաքում, պետք է քաղաքին օգուտ բերես։ Ուզում ես քո արժանապատվությամբ հիացմունք հարուցել ողջ Էլլադային, ապա պետք է ջանաս բարի գործեր անել Էլլադայում։
Երբ Հերակլեսը պատրաստվում էր որսի դուրս գալ առյուծի վրա, արքա Ֆեսպիոսը 50 օր ջերմ ընդունելություն ցույց տվեց Հերակլեսին և ամեն մի գիշեր իր աղջիկներից մեկին ուղարկում էր Հերակլեսի մոտ, որոնք հետո 50 որդիներ ծնեցին[10]։ Մի այլ վարկածի համաձայն Հերակլեսը բոլոր 50 աղջիկների հետ կենակցել է մի գիշերվա ընթացքում[11], բացի մի աղջկանից, որը չի ցանկացել Հերակլեսին։ Հերակլեսը նրան իր տաճարում որպես քրմուհի է պահել, որի հետևանքով վերջինս դատապարտված էր մինչ մահ կույս մնալ։ Մի այլ վարկածի համաձայն էլ նա կենակցել է բոլորի հետ և, ընդ որում, ամենատարեցը և ամենափոքրը երկվորյակներ են լույս աշխարհ բերել[12]։ Գրիգոր Նազիանզացին հեգնանքով ասում է, որ Հերակլեսն այդ գիշեր արել է իր «տասներեքերորդ սխրանքը»[13]։
Հերակլեսն առյուծին սպանում է Կիֆերոնի լեռներում և դրանից հետո նա միշտ կրում է առյուծի մորթին։
Պատանի հերոսը հաղթում է Էրգինի Օրխոմենոս թագավորին, որին թեբեացիները տուրք էին վճարում։ Այս մենամարտի ժամանակ մահանում է Ամփիտրոնը։ Հերակլեսը կտրում է Օրխոմենոսի բանբերների քթերը, որի պատճառով է Թեբեում կանգնեցվում է Հերակլես Ռինոկոլուստի (Քթեր կտրողի) արձանը[14]։ Օրխոմենացիներին հաղթելու կապակցությամբ Արտեմիսի տաճարում կանգնեցվում է մարմարյա առյուծի արձանը[15]։
Թեբեի արքա Կրեոնը Հերակլեսին կնության է տալիս իր աղջկան՝ Մեգերային։ Հերայի կողմից ուղարկված խելագարության մոլուցքի ժամանակ Հերակլեսը սպանում է իր և իր եղբոր՝ Իփիկլեսի երեխաներին։ Արածի հատուցման համար, դելֆիական գուշակի խոսքերով, Հերակլեսը է պետք է տաս սխրանք կատարեր Եվրիսթևսի մոտ ծառայելով։
Երբ Հերակլեսը Դելֆի եկավ, Կսենոկլեա քրմուհին Իֆիտի սպանության համար հրաժարվեց գուշակություն կատարել[16]։ Այդ ժամանակ Հերակլեսը եռոտանին դուրս բերեց տաճարից, իսկ ապա վերադարձրեց։ Կա պատմություն, որի համաձայն Հերակլեսը և Ապոլլոնը գժտվել են եռոտանու համար, իսկ երբ հաշտվել են միմյանց հետ, նրանք միասին կառուցել են Լոկոնիկում գտնվող Գիտիոն քաղաքը։ Դելֆիում նույնիսկ Հերակլեսի և Ապոլոնի պայքարին նվիրված քանդակների շարք կար։ Լետոն և Արտեմիսը հանգստացնում են Ապոլլոնին, իսկ Աթենասը սատարում է Հերակլեսին[17]։ Եռոտանու պայքարը Հերակլեսի և Ապոլլոնի միջև մոտավոր կերպով նկարագրված է Օլիմպոսի մոտ մ. թ. ա. 720 թ.-ի բարձաքանդակում[18]։ Տարբերակներից մեկում Զևն է հաշտեցրել նրանց[16]։ Շատ հազվագյուտ տարբերակների համաձայն, Հերակլեսը եռոտանին տարել է Ֆենեյ (Արկադիա)[19]։
Պիֆիան Ալկիդոսին տվել է «Հերակլես» («փառաբանված աստվածուհի Հերայով») անվանումը։ Դրանից հետո նա աշխարհին հայտնի է դառնում այդ անունով։ «Ալկիդես» նշանակում է «Ալեկեյի սերունդ» (Ալկեյը Ամփիտրոնի՝ Հերակլեսի խորթ հոր, հայրն էր)։ Ալկիդեսը մինչև իր անվանափոխությունը հայտնի էր նաև որպես Պալեմոնոս։
Հերակլեսի 12 սխրանքները
խմբագրելՊիսանդր Հռոդոսացին իր «Հերակլես» պոեմում առաջինն է ներկայացրել հերոսի սխրանքների (հին հունարեն՝ ἔργα «արարք» կամ πόνοι «աշխատանք», «չարչարանք») կանոնոկան սխեման[20]։ Սխրանքների հերթականությունը բոլոր հեղինակների մոտ չէ, որ նույնն է։ Դելֆյան պատգամախոսը Հերակլեսին հրամայել էր սխրանք կատարել, բայց սխրանքներից երկուսը Եվրսթևսը չհաշվեց։ Արդյունքում Հերակլեսը ևս 2 սխրանք կատարեց և սխրանքների քանակը դարձավ 12։ 8 տարի և մեկ ամսվա ընթացքում Հերակլեսը կատարեց իր առաջին 10 սխրանքները[21], իսկ 12 տարում բոլոր սխրանքները[22]։
Սխրանք I. Նեմեյան առյուծ
խմբագրելԷվրիսթևսի առաջին հանձնարարության համաձայն պետք է սպաներ նեմեյան առյուծին, որը հանդիսանում էր Տիփոնի և Էքիդնայի զավակը։ Առյուծն ամայացնում էր իր ողջ շրջակայքը և ոչ ոք չէր հանդգնում այդ կողմերում լինել։ Հերակլեսը որոշեց գտնել առյուծի որջը և դարանակալել նրան։
Առյուծին տեսնելուն պես Հերակլեսը երեք հատ նետ արձակեց առյուծի վրա, բայց առյուծի մաշկը պողպատի պես ամուր էր և նետերը հետ թռան։ Կատաղած առյուծը նկատեց Հերակլեսին և միանգամից հարձակվեց նրա վրա։ Հերակլեսը իր գուրզով ուժգին հարված հասցրեց առյուծին, իսկ հետո խեղդամահ արեց։
Հերոսը առյուծին շալակած վերադարձավ Նեմեա և իր հաղթանակի համար զոհ մատուցեց Զևսին, իսկ ապա հիմնեց Նեմական խաղերը։
Էվրիսթևսը Հերակլեսի հաղթանակը տեսնելով սոսկաց և անգամ արգելեց մոտ գալ Միկենեի դարպասներեին[23]։
Սխրանք II. Լերնեյան հիդրա
խմբագրելԷվրիթևսն այս անգամ Հերակլեսին ուղարկեց լերնեյան հիդրային սպանելու, որը կրկին Տիփոնի և Էքիդնայի զավակն էր։ Օձակերպ մարմին և վիշապի ինը գլուխ ունեցող հրեշը ապրում էր Լերնե քաղաքի մոտ գտնվող ճահճում։ Հրեշի 9 գլուխներից մեկն անմահ էր։
Հերակլեսը հրեշի մոտ է գնում Իփիկլեսի որդու՝ Իոլայոսի հետ, սակայն ճանճի մոտ բաժանվում է նրանից։
Հերակլեսը իր մոտ եղած նետերը այնքան շիկացրեց, մինչև որ կարմրեցին, իսկ այնուհետև դրանք բոլորն արձակեց հիդրայի վրա։ Գազազած հրեշը փորձեց հարձակվել Հերակլեսի վրա, բայց հերոսը ոտքը դրեց հիդրայի մարմնի վրա և իր գուրզով հերթով թռցնում էր հիդրայի գլուխները։ Սակայն քիչ անց հերոսը նկատեց, որ մեկ թռցրած գլխի փոխարեն Հիդրայի վրա երկու նոր գլուխ են հայտնվում։
Հիդրային քիչ անց օգնություն հասավ մի հրեշավոր խեցգետին, որը ճանկերը մտցրեց Հերակլեսի մարմնի մեջ։ Հերոսն այդ ժամանակ օգնություն կանչեց Իոլայոսին, որը սպանեց խեցգետնին և կրակի մատնեց մոտակա անտառի մի մասը։ Այնուհետև այրված ծառերի բներով Իոլայոսն այրեց կտրած գլխների բները, որից հետո նոր գլուխներ այլևս չհայտնվեցին։ Հիդրան սկսեց թուլանալ և Հերակլեսը կարողացավ բոլոր գլուխները կտրելուց հետո կտրել նաև անմահ գլուխը և հիդրային տապալել գետնին։
Անմահ գլուխը Հերակլեսը թաղեց գետնի տակ և վրան վիթխարի քարաժայռ դրեց, որպեսզի վերջինս այլևս չկենդանանա։ Դրանից հետո Հերակլեսը պատռեց հիդրայի մարմինը և իր նետերը սուզեց նրա թունոտ լեղու մեջ։ Դրանից հետո Հերակլեսի հասցրած վերքերն անբուժելի դարձան[24]։
Սխրանք III. Ստիմփալոսյան թռչուններ
խմբագրելԷվրիսթևսի հանձնարարությամբ Հերակլեսը պետք է կոտորեր Ստիմփալյան թռչուններին, որոնք գրեթե ամայացրել էին Արկադիայի Ստիմփալոս քաղաքի շրջակայքը։ Թռչունները հարձակվում էին և մարդկանց և կենդանիների վրա։ Ստիմփալյան թռչուններն ունեին պղնձե ճանկեր և կտուցներ, իսկ նրանց փետուրները բրոնզից էին։ Նրանք փետուրները նետերի պես թափում էին իրենց վրա հարձակվողների գլխներին։
Այդ դժվարին հանձնարարությունը կատարելու գործում Հերակլեսին օգնություն հասավ Աթենասը։ Նա Հերակլեսին երկու պղնձե ծնծղա տվեց և հրամայեց կանգնել բարձր լեռան վրա և հարվածել ծնծղաներին, իսկ երբ կհայտնվեն թռչունները՝ նետահարել նրանց։
Հերակլեսն այդպես էլ արեց և թռչունների փետուրների տարափը ոչ մի վնաս չկարողացավ պատճառել լեռան վրա կանգնած հերոսին։ Դյուցազն իր մահաբեր նետերով նետահարեց թռչուններին և կոտորեց նրանց։ Ողջ մնացած թռչունները հեռացան դեպի Էվքիսյան Պոնտոս և այլևս չվերադարձան[25]։
Սխրանք IV. Կերինյան եղջերու
խմբագրելԷվրիսթևսի հանձնարարությամբ Հերակլեսն ուղևորվում է Կերինյան եղջերուին բռնելու, որին այնուհետև նա պետք է հասցներ Միկենե։ Դա մի զարմանահրաշ եղջերու էր՝ ոսկե եղջյուրներով, պղնձե ոտքերով, որին Արտեմիս աստվածուհին էր ուղարկել մարդկանց պատժելու համար։ Եղջերուն կարող էր առանց հոգնածություն զգալու սուրալ հովիտներում։
Մոտ մեկ տարի տևեց եղջերուի հետապնդումը, որը կտրել անցել էր գետեր, լեռներ և հարթավայրեր։ Վերջապես Հերակլեսը կարողացավ եղջերուին հասնել ծայր հյուսիսում՝ Իստրոսի ակունքների մոտ։ Հերակլեսին քիչ էր մնացել, որ բռնի եղջերուին, սակայն եղջերուն հետ՝ դեպ հարավ սուրաց։ Հերակլեսը միայն Արկադիայում կարողացավ հասնել եղջերուին, բայց այս անգամ հերոսը իր նետերով վերավորեց եղջերուի ոտքը, որից հետո կարողացավ բռնել նրան։
Արտեմիսը զայրացավ Հերակլեսի վրա և հանդիմանեց նրան, ասելով, որ միթե վերջինս չգիտեր, թե ում եղջերուին է վիրավորել։ Իսկ Հերակլեսն էլ պատասխանեց, որ ինքը երկնաբնակներից վեր չի դասում իրեն, իսկ եղջերուի որսը Էվրիսթևսի նախաձեռնությունն է, այլ ոչ թե իր։ Արտեմիսը ներեց հերոսին և Հերակլեսը եղջերուին հասցրեց Միկենե[26]։
Սխրանք V. Էրիմանթոսյան վարազ
խմբագրելԱյս անգամ Հերակլեսը պետք է սպաներ Էրիմանթոսյան վարազին։ Այդ հերշային ուժի տեր վարազն ապրում էր Էրիմանթոս լեռան վրա և ամայացնում էր Պսոփիս քաղաքը՝ չխնայելով անգամ մարդկանց։
Հերակլեսը ճանապարհ է ընկնում դեպի Էրիմանթոս լեռը և այցելում իմաստուն կենտավրոս Փալոսին։ Փալոսը Հերակլեսին գինի է հյուրասիրում և խնջույք անում։ Գինու անուշաբույր բուրմունքը հասնում է մյուս կենտավրոսներին և վերջիններս կատաղած հարձակվում են Հերակլեսի և Փալոսի վրա։ Զայրութի պատճառն այն էր, որ գինին պատկանում էր ողջ կենտավրոսներին, այլ ոչ թե Փալոսին։ Հերակլեսը մի վայրկյան իսկ չի հապաղում, այլ մարտի է նետվում և սկսում է նետահարել կենտավրոսներին։ Վերջիններս ապաստանում են Հերակլեսի ընկերոջ՝ իմաստագույն կենտավրոս Քիրոնի մոտ։ Հերակլեսը գնում է Քիրոնի տուն և այնտեղ էլ սկսում է նետահարել նրանց, բայց պատահաբար Հերակլեսի մահացու նետը վիրավորում է Քիրոնին։ Վերջինս պետք է տանջանքներով մահանար և դրա փոխարեն անձամբ է իջնում Հադեսի խավարչտին թագավորությունը։
Վշտացած Հերակլեսը ուղևորվեց վարազին գտնելու, որին նա գոչյուններով դուրս կանչեց սաղարթախիտ անտառների միջից և քշեց դեպի խորախոր ձյունը։ Այնուհետև Հերակլեսը վարազին կապեց և կենդանի հասցրեց Միկենե[27]։
Սխրանք VI. Ավգիաս արքայի ախոռները
խմբագրելԷրիսթևսի հերթական հանձնարարության համաձայն Հերակլեսը պետք է մաքրեր Հելիոսի որդի Ավգիասի ախոռների գոմաղբը։ Ավգիասը Էլիսի արքան էր և մեծ հարստության տեր էր։ Նրա նախիրի մեջ կար 300 ձյունաճերմակ ոտքերով ցուլեր, 200 ցուլ Սիդոնի ծիրանիի գույնով և Հելիոսի կողմից նվիրաբերված 12 ցուլերը։
Հերակլեսն Ավգիասին առաջարկեց մեկ օրում մաքրել ախոռները, որի դիմաց Ավիգիասը պետք է տար իր նախիրի տասներորդ մասը։ Ավգիասը կարծելով, որ անհնար է մեկ օրում մաքրել այդքան աղբը, համաձայնվում է։ Հերակլեսը քանդում է ախոռի պատերը և Ալփեոս և Պենեոս գետերի ջրերը շուռ է տալիս ախոռի մեջ։ Գետերը մեկ օրում սրբում տանում են աղբը, որից հետո դյուցազնը վերականգնում է պատերը։ Բայց Ավգիասը հրաժարվում է ին նախիրի մեկ տասներորդը տալուց։
Էվրիսթևսի ծառայությունից մի քանի տարի անց Հերակլեսը ահավոր կերպով վրեժխնդիր է լինում Ավգիասինց։ Հերոսը զորաբանակով մտնում է Էլիս և իր մահաբեր նետով սպանում է Ավգիասին։ Այնուհետև վրեժ է լուծում Ավգիասի բոլոր դաշնակիցներից՝ հատկապես Պիլոսի արքա Նելևսից։ Նա սպանում է Պիլոսին և նրա տանսերկու որդիներից տասնմեկին՝ այդ թվում և Պերիկլիմենոսին, որը Պոսեյդոնի շհնորհիվ կարող էր ցանկացած պահի դառնալ առյուծ, օձ կամ մեղու։ Կենդանի է մնում միայն Նեստորը։
Էլիսի ամբողջ ավարը Հերակլեսը իբրև զոհ մատուցեց օլիմպացի աստվածներին և հիմնադրեց Օլիմպիական խաղերը, որոնք անց էին կացվում 4 տարին մեկ, ուր Հերակլեսը Աթենասին նվիրված ձիթենիներ էր տնկել[28]։
Սխրանք VII. Կրետական ցուլ
խմբագրելԱյս հանձնարարության համար Հերակլեսը պետք է լքեր Հունաստանը և ուղևորվեր Կրետե կղզի։ Հերակլեսը պետք է Միկենե բերեր այն ցուլը, որը Կրետե էր ուղարկել Պոսեյդոնը։ Կրետեի արքա Մինոսը այդ ցուլը պետք է զոհաբերեր Պոսեյդոնին, բայց հիանալով նրա գեղեցկությամբ, արքան ցուլին պահում է իր նախիրում, իսկ նրա փոխարեն մեկ ուրիշին է զոհաբերում։ Պոսեյդոնը կատաղեցնում է իր ուղարկած ցուլին և վերջինս սկսում է բնաջնջել իր ողջ շրջակայքը։
Հերակլեսը բռնում է ցուլին և զսպում նրան, իսկ այնուհետև ցուլի մեջքին բազմած կտրում է Կրետեից Պելեպոնես տանող ծովի ջրերը։ Էվրիսթևսը վախեցավ ցուլն իր ախոռում պահելուց և ազատ արձակեց նրան։ Կատաղի ցուլը սուրաց դեպի Ատտիկա, որտեղ նրան սպանեց աթենական մեծ հերոս Թեսևսը[29]։
Սխրանք VIII. Դիոմեդեսի նժույգները
խմբագրելԱյս անգամ Հերակլեսն ուղևորվում է Թրակիա` բրիստոնների արքա Դիոմեդեսի մոտ։ Դիոմեդեսն հրաշք գեղեցկության և ուժի տեր նժույգներ ուներ, սակայն նրանց երկաթե գամերով կապում էր մսուրներին, քանի որ ոչ մի կերպ զսպել չէր կարող։ Դիոմեդեսն իր ձիերին կերակրում էր մարդկային մսով` այն օտարականներով, որոնք պատահաբար հայտնվել էին Թրակիայում։
Հերակլեսը կարողացավ տիրանալ նժույգին և այն իր նավում պահեց՝ որպես պահապան իր սիրելի Աբդերոսին կարգելով։ Այնուհետև Հերակլեսը իր սակավաթիվ զորքով մարտնչեց Դիոմեդեսի և բիստոնացիների դեմ և հաղթանակա տարավ, իսկ Դիոմեդեսն ընկավ մարտում։ Նավ վերադառնալիս Հերակլեսը տեսավ, որ ձիերը պատառոտել են իր սիրելի զինակցին։ Հերակլեսը շատ վշտացավ և շքեղորեն թաղեց Աբդերոսին և շիրիմի մոտ մի Աբդերա անունով մի քաղաք հիմանդրեց։
Դիոմեդեսի նժույգները Հերակլեսը տվեց Էվրիսթևսին, սակայն վերջինս վախեցավ պահել նրանց և ազատ արձակեց։ Վայրի նժույգները փախան և վայրի գազանների բաժին դարձան[30]։
Հերակլեսն Ադմենտոսի մոտ
խմբագրելՍխրանքներ կատարելու ճանապարհին Հերակլեսը հյուր է գնում իր բարեկամ Ադմենտոս արքային, որը թագավորում էր Փերե քաղաքում։ Սակայն Հերակլեսը ծանր ժամանակ էր ընտրել։
Ադմենտոս արքան պետք է մահանար և Ապոլլոնի խնդրանքով ճակատագրի աստվածները որպես մահից փրկվելու միակ միջոց կլինի այն, եթե որևէ մեկը կամովին համաձայնվի Ադեմենտոսի փոխարեն Հադեսի թագավորություն իջնել։ Ոչ ոք չհամաձայնվեց այդ առաջարկին՝ անգամ Ադեմենտոսի զառամյալ ծնողները։ Միայն արքայի կինն էր՝ Ալկեստիսը, որ համաձայնվեց։ Վշտացավ Ադմենտոսը և կնոջը խնդրեց իր փոխարեն չմահանալ, բայց արդեն ուշ էր։
Հերակլեսը հյուր է գալիս այն օրը, երբ Թանատոսը պետք է տաներ Ալկեստիսի մարմինը։ Ադմենտոսը ոչ մի բան չի ասում Հերակլեսին և իր ծառաներին հրամայում է մի շքեղ սեղան գցել և սպասարկել իր հյուրին։ Սակայն Հերակլեսի աչքից չի վրիպում ծառաների տրտմությունը և, ի վերջո, հարցուփորձերի արդյունքում նա իմանում է ամեն ինչ։
Հերակլեսը գնում է Ալկեստիսի մարմնի մոտ և սպասում է Թանատոսին, իսկ այնուհետև պայքարում է նրա դեմ։ Չնայած Թանատոսի մահաշունչ ուժին, Հերակլեսը հաղթում է Թանատոսին և կապկպում, իսկ որպես ազատության փրկագին պահանջում է հետ վերադարձնել Ալկեստիսի կյանքը։ Մահվան աստվածը հետ վերադարձրեց կնոջ կյանքը և Հերակլեսը Ալկեստիսին տարավ ամուսնու ապարանքը։
Ադմենտոսը իր կնոջը կենդանի տեսնելով չհավատաց։ Նա կարծեց թե դա իր կնոջ ստվերն էր, քանի որ չէր խոսում։ Սակայն Հերակլեսը պատմեց, թե ոնց է վերջինիս կորզել Թանատոսի ճանկերից։ Իսկ Ալկեստիսը դեռ երեք օր պետք է անխոս լինի, քանի դեռ երեք օր ու գիշեր չի անցել[31]։
Սխրանք IX. Հիպոլիտեի գոտին
խմբագրելԷվրիսթևսի դուստր Ադմենտեն՝ Հերա աստվածուհու քրմուհին, ցանկանում էր կրել Հիպոլիտեի գոտին։ Այդ գոտին Արեսն էր տվել ամազոնուհիների առաջնորդուհուն՝ ի նշան բոլոր ամազոնուհիների վրա ունեցած իշխանության։
Հերակլեսն այս անգամ ուղևորվում է ամազոնուհիների երկիրը։ Հերակլեսի արշավանքին բազմաթիվ անվանի հերոսներ միացան, այդ թվում և Թեսևսը։ Հերոսները պետք է հասնեին Պոնտոսի ամենահեռավոր ափերը, որտեղ և Թեմիսկիրա մայրաքաղաքով գտնվում էր ամազոնուհիների երկիրը։
Ճանապարհին Հերակլեսն իր ուղեկիցների հետ հանդիպեցին Պարոս կղզուն, որտեղ իշխում էին Մինոսի որդիները։ Վերջիններս ճանապարհորդ հերոսներից երկուսին սպանեցին։ Հերակլեսը զայրացավ և պատերազմեց պարոսցիների հետ։ Զևսի որդին կոտորեց Պարոսի բնակիչներից շատերին, իսկ մնացածին էլ քաղաք քշեց և պաշարեց։ Պաշարվածները Հերակլեսին հաշտություն առաջարկեցին, որի դիմաց վերջինս երկու մահացած հերոսների փոխարեն կարող էր իր հետ տանել ցանկացած երկուս պարոսցու։ Հերակլեսն ընտրեց Մինոսի թոռներին՝ Ալքեոսին և Սթենալոսին։
Պարոսից հետո Հերակլեսը ժամանում է Միսիա` Լիկոս արքայի մոտ, բայց այդ պահին Լիկոսի վրա հարձակում է գործում բեբրիկների արքան։ Հերակլեսն իր մարդկանցով պարտության է մատնում թշնամուն, ավերում է նրանց մայրաքաղաքը և բոլոր հողերը տալիս է Լիկոսին։ Ի պատիվ Հերակլեսի, Լիկոսն այդ երկիրը կոչում է Հերակլիա։
Հիպոլիտեն ամազոնուհիների հետ ընդառաջ եկավ Հերակլեսին և իմանալով, թե ինչ է պետք հերոսին, որոշեց կամովին տալ, սակայն Հերան ամազոնուհու կերպարանքով հայտնվեց կանանց շարքերում և նրանց ստիպեց մարտնցել Հերակլեսի դեմ, ասելով որ Հերակլեսն իր զորքով եկել է Հիպոլիտային գերի տանելու համար։ Ամոզոնուհի Աելլեն առաջինն էր, որ հարձկվեց Հերակլեսի զորքի վրա, բայց Աելլեն չհասցրեց ժամանակին ճողոպրել և ընկավ Հերակլեսի սրից։ Ամազոնոհի Պրոտոյան կարողացավ յոթ հերոսի իր սրով խոցել, բայց Հերակլեսի մահաբեր նետից խուսափել չկարողացավ։
Հերակլեսի վրա միանգամից 7 ամազոնուհիներ հարձակվեցին։ Վերջիններս Արտեմիս աստվածուհու ուղեկիցներն էին։ Հերակլեսը իր գուրզով յոթին էլ կարողացավ իրար հետևից տապալել։
Ամազոնուհիների հետ պայքարում Հերակլեսը գերի վերցրեց Մելանիպեին և Անտիոպեին։ Ամազոնուհիները հաշտության պայմանագիր կնքեցին Զևսի որդու հետ։ Հիպոլիտեն իր գոտիով փրկագնեց Մելանիպեին, իսկ Անտիոպեին, իբրև պարգև, Հերակլեսը տվեց Թեսևսին[32]։
Հերակլեսը փրկում է Հեսիոնեին
խմբագրելԱմազոնուհիների երկրից Տիրինթոս վերադառնալու ճանապարհին Հերակլեսն իր զորքով մոտեցավ Տրոյային։ Ծովափին` առափնյա ժայռի վրա գամված էր չքնաղ Հեսիոնեն՝ Տրոյայի արքա Լաոմեդոնի դուստրը։ Վերջինս դատապարտված էր Պոսեյդոնի կողմից ուղարկված հրեշի պատառոտմանը։
Զևսի հրամանով Ապոլլոնն ու Պոսեյդոնը պետք է ծառայեին Լաոմեդոնին։ Իսկ գոռոզ արքան ոչ միայն հրաժարվել էին Ապոլոնին վճարել Տրոյայի պարիսպների կառուցման վարձը, այլև սպառնացել էր, որ կկտրի Ապոլլոնի և Պոսեյդոնի ականջները։ Զայրացած Ապոլլոնը համաճարակ ուղարկեց Տրոյայի վրա, իսկ Պոսեյդոնն էլ մի զարհուրելի հրեշ, որն անխնա ամայացնում էր Տրոյայի շրջակայքը։ Երկիրն ահավոր աղետից փրկելու համար միայն մի միջոց կա՝ զոհաբերել արքայի դստերը՝ Հեսիոնեին։
Հերակլեսը Լաոմեդոնին առաջարկեց ազատել Հեսիոնեին, որի դիմաց վերջինս պետք է տար ամպրոպային Զևսի կողմից ուղարկված նժույգները։ Արքան համաձայնվեց։ Հերակլեսը սպանեց հրեշին և ազատեց Հեսիոնեին, իսկ Լաոմեդոնը հրաժարվեց խոստման իր մասը կատարելուց։
Զևսի որդին չկարողացավ վրեծ լուծել խաբեբա թագավորից, քանի որ քիչ զորք ուներ և գտնվում էր ծառայության մեջ։ Բայց նա հետագայում որոշեց վրեժխնդիր լինել[33]։
Սխրանք X. Գերիոնի կովերը
խմբագրելԷվրիսթևսի հրամանով Հերակլեսը պետք է Միկենե բերեր հսկա Գերիոնի կովերը։ Ահագին հեռու էր ճանապարհը։ Դրա համար Հերակլեսն անգամ ստիպված եղավ անցնել Աֆրիկայով և Լիբիական լերկ անապատով։ Այս սխրագործության ժամանակ Հերակլեսը Ջիբլարտարում կանգնեցնում է Հերակլեսյան սյուները։
Օվկիանոսին հասնելով Հերակլեսն ընկավ մտքերի մեջ, թե ինչպես կարող է կտրել Օվկիանոսը։ Եվ հանկարծ հայտնվեց Հելիոսը և իր ճաճանչափայլ լույսով կուրացրեց Հերակլեսին։ Հերոսը միանգամից վեր թռավ և իր աղեղն ուղղեց Հելիոսի վրա։ Արևի աստվածը միայն ժպտաց, քանի որ դուր եկավ հերոսի խիզախությունը։ Հելիոսն ինքն առաջարկեց Հերակլեսին իր ոսկեղեն մակույկով հատել օվկիանոսը։
Շուտով Հերակլեսը հասավ Էրիթիա կղզու ափերը։ Ափ իջնելուն պես Հերակլեսի վրա հարձակվեց երկգլխանի ահեղ շուն Օրթոսը։ Գուրզի մի հարվածով հերոսը սպանեց շանը։ Այնուհետև Հերակլեսի վրա հարձակվեց Գերիոնի հսկա նախրախանը՝ Էվրիտիոնը։ Հերակլեսը նրան էլ կարողացավ սպանել։ Կովերի բառաչյունը լսելով Գերիոնը նետվեց նրանց հետևից։
Գերիոնը հրեշավոր հսկա էր՝ երեք մարմնով և երեք գլխով։ Նա կարող էր միանգամից երեկ տեգ շպրտել ախոյանի վրա։ Հերակլեսին օգնության հասավ Աթենաս աստվածուհին։ Հերոսը իր մահաբեր նետերով մեկ առ մեկ խոցեց հսկայի գլուխները և հսկան անշնչացած տապալվեց գետնին։
Մնում էր նախիրը քշել հասցնել Միկինե, բայց Իտալիայի հարավում՝ Ռեգիում քաղաքի մոտ, կովերից մեկը փախավ և հասավ Սիցիլիա։ Հերակլեսը Հեփեստոսին խնդրեց տիրություն անել նախրին, իսկ ինքը գնաց փախած կովի հետևից։ Սակայն Սիցիլիայի Էրիքիս արքան կովը պահել էր իր նախրում և Հերակլեսին մարտի հրավիրեց, այն պայմանով, որ կովը կլինի հաղթողինը։ Հերակլեսը մարտում նրան խեղադամահ արեց և կովի հետ միացավ իր նախրին։
Իոնյան ծովի ափերին Հերան կատաղեցրեց ամբողջ նախիրը։ Հերակլեսն ահագին ջանքեր գործադրեց, մինչև որ կարողացավ կովերի մեծ մասին գտնել։ Դրանից հետո նա կովերին հասցրեց Միկենե։ Էվրիսթևսը կովերին զոհ մատուցեց Հերային[34]։
Այս սխրագործության համար Հերակլեսը պետք է իջներ Հադեսի խավարչտին և սոսկումներով լեցուն թագավորությունը և գողանար ստորերկրա թագավորության պահապանին՝ դժոխքի ահավոր շուն Կերբերոսին։ Այդ հրեշավոր շունը երեք գլուխ ուներ, վզին օձեր էին պտտվում, իսկ պոչը վերջանում էր ահռելի երախ ունեցող վիշապի գլխով։
Հադեսի թագավորության դարպասների մոտ Հերակլեսը տեսավ ժայռի վրա գամված Թեսևսին և Թեսալիայի արքա Պերիփոսին։ Վերջիններս նման պատժի էին դատապարտվել, քանի որ ցանկացել էին առևանգել Պերեսեփոնեին։ Հերակլեսը ազատեց Թեսևսին, բայց երբ փորձեց օգնել Պերիփոսին, զգաց, որ աստվածները չեն ուզում վերջինս ազատվի պատժից։
Հադեսի թագավորություն մտնելուն պես ողջ հոգիները ցրիվ եկան։ Միայն Մելագրոսի ստվերն էր, որ մնաց իր տեղում։ Նա իր ընկերոջը՝ Հերակլեսին, խնդրեց պաշտպան կանգնել իր քույր Դեանիրային և կնության առնել։ Հերակլեսը խոստացավ կատարել խնդրանքը։
Շուտով Հերակլեսը հասավ Հադեսին և Պերսեփոնեին։ Հադեսն իմացավ Զևսի որդու խնդիրքը և համաձայնվեց շանը տալ, եթե Հերակլեսը անզեն վիճակով կարողանա նրան հնազանդեցնի։ Հերակլեսը երկար փնտրեց հրեշավոր շանը և վերջինիս գտնելուն պես վզից ամուր բռնեց և սկսեց սեղմել։ Ոչինչ չօգնեց շանը և վերջինս ուժասպառ ընկավ Հերակլեսի ոտքերի առջև։
Հերակլեսը Կերբերոսին բերեց Միկենե, սակայն երկչոտ Էվրիսթևսը Հերակլեսին ծնկաչոք պաղատեց շանը հետ տանել Հադեսի մոտ։ Հերակլեսը կատարեց նրա խնդրանքը[35]։
Սխրանք XII. Հեսպերիդիների խնձորները
խմբագրելԱյս անգամ Հերակլեսին ուղարկում են երկնակամարն իր ուսերին պահող տիտան Ատլասի մոտ։ Նրա այգուց, որին հսկում էին Ատլասի դուստրերը՝ Հեսպերիդները, Հերակլեսը պետք է երեք հատ ոսկե խնձոր բերեր։ Այդ խնձորները աճում էին մի ոսկե ծառի վրա, որը Գեան իբրև Հերային ընծա աճեցրել էր Հերայի և Զևսի հարսանիքի օրը։
Հերակլեսը հատեց ողջ Ասիան և Եվրոպան, և միայն կարողացավ իմանալ, որ Ատլասի գտնվելու մասին հայտնի է ծովային պատգամախոս Ներսևսին։ Նա հարձակվեց ծովային աստծու վրա և ամուր բռնեց նրան։ Հերակլեսի բազուկներից ազատվելու համար Ներսևսը ամենատարբեր կերպարանքներ էր ընդունում, բայց դա նրան չօգնեց։ ի վերջո նա ուժահատ եղավ և Զևսի որդուն հայտնեց Հեսպերիդների այգի տանող ճանապարհի գաղտնիքը։ Հերակլեսը բաց թողեց նրան։
Ճանապարհին Հերակլեսը հանդիպեց հսկա Անթեոսին, որը Պոսեյդոնի և Գեայի որդին էր։ Վերջինս ցանկացած պատահածի ստիպում էր իր հետ կռվել և հաղթելու դեպքում անգթաբար սպանում էր նրան։ Հերակլեսն էլ ստիպված նրա հետ կռվեց և մի քանի անգամ գետնով տվեց։ Սակայն դրանից հսկան էլ ավելի էր ուժեղանում։ Հերակլեսն հասկացավ Անթեսի ուժի գաղտնիքը և նրան կտրեց երկրից և խեղդամահ արեց։ Անթեոսի այրին՝ Տինգիսը Հերակլեսից որդի է ունենում և կնքում Սափակ անունով։
Եգիպտոս հասնելուն պես Հերակլեսը որոշեց քնել։ Նրան գերի վերցրեց Եգիպտոսի արքան՝ Պոսեյդոնի և Էպափոսի դուստր Լիսիանասեի որդի Բուսիրիսը։ Նա Հերակլեսին ուզում էր զոհ մատուցել Զևսին։ Ինը տարի էր, ինչ երկրում անբերրիություն էր տիրում և Կիպրոսից եկած պատգամախոս Թրասիոսը կանխագուշակել էր, որ անբերրիությունը կվերանա, երբ տարին մեկ անգամ մի օտարերկրացի զոհաբերեն Զևսին։ Զոհաբերության սեղանի մոտ Հերակլեսը ազատվում է կապանքներից ու տեղն ու տեղը սպանում է Բուսիրիսին և նրա որդուն՝ Ամփիդամասին։
Վերջապես նա հասավ Ատլասին։ Ատլասը համաձայնվեց խնձորները բերել, բայց Հերակլեսը պետք է ժամանակավոր պահեր երկնակամարը։ Հերակլեսը Աթենասի օգնությամբ կարողացավ պահել երկնակամարը, մինչև որ Ատլասը վերադարձավ։ Սակայն վերջինս փորձեց խորամանկել և Հերակլեսի վրա թողնել իր պարտականությունը։ Հերակլեսը կռահեց այդ և միանգամից չհամաձայնվեց Ատլասի Միկենե գնալու խնդրանքին։ Հերակլեսն ասաց, որ լավ կլինի ինքը նախ մի բարձ սարքի, որով կթեթևացնի իր բեռը։ Ատլասը իր վրա վերցրեց երկնակամարը, իսկ Հերակլեսն ասաց, որ ինքը չէր էլ պատրաստվում իր վրա վերցնել այդ ծանր բեռը։
Էվրիսթևսը խնձորներն ընծայեց Հերակլեսին, իսկ Հերակլեսը դրանք նվիրեց Աթենասին, որն էլ իր հերթին վերադարձրեց Հեսպերիդիների այգի։
Ահա և վերջացավ Հերակլեսի ծառայությունը։ Հերոսն իր կին Միգերային կնություն տվեց իր ընկերոջը՝ Իոլասին և ուղևորվեց Տիրինթոս[36]։
Հերակլես և Էվրիտոս
խմբագրելԵվբեա կղզու Էքալիա քաղաքի արքան՝ Էվրիտոսը ամենահմուտ նետաձիգն էր։ Նրա ուսուցիչը եղել էր նետաձիգ Ապոլլոնը, որն անգամ նետ ու աղեղ էր նրան ընծայել։ Հերակլեսն իր պատանեկության տարիներն նետաձգություն էր սովորել Էվրիտոսից։
Էվրիտոսն իր դստեր՝ Իոլեի ձեռքը խոստացել էր նրան, ով իրեն կկարողանա հաղթել նետաձգության մեջ։ Այդ իմանալով, Հերակլեսն Էվրիսթևսի մոտ ծառայությունն ավարտելուց հետո շտապ մեկնում է Էքալիա։ Նա մեծ դժվարությամբ է կարողանում հաղթել Էվրիստոսին, բայց վերջինս դրժում է իր խոստումը։ Իսկ դրանից հետո արքան իր որդիների հետ խրախճանքի ժամանակ գինովցած Հերակլեսին Էքալիայից դուրս են անում։
Այս դեպքից որոշ ժամանակ անց Հերմեսի որդին՝ խորամանկ Ավտոլիկոսը, գողանում է Էվրիտոսի նախիրը։ Արքան Հերակլեսին է մեղադրում գողության մեջ՝ արարքը բացատրելով որպես վրեժ։ Էվրիտոսի որդիներից միայն Իփիտոսն էր, որ չէր Հերակլեսի կողմնակիցն էր և չէր կարող ընդունել, որ մեծն հերոսը նման արարքների է ընդունակ։ Որոնումների արդյունքում նա հասավ Տիրինթոս և գտավ իր ընկերոջը՝ Հերակլեսին։ Սակայն Հերայի շնորհիվ Հերակլեսն ընկավ մոլագարության մեջ և հիշեց իրեն հասցրած վիրավորանքը։ Հերակլեսը չկարողացավ զսպել Iինքն իրեն և Իփիտոսին բերդի պարիսպներից ցած նետեց, և վերջինս տեղնուտեղը մահացավ։ Զևսը որպես պատիժ հիվանադացրեց իր որդուն։
Երկար ժամանակ տառապելուց հետո Հերակլեսը ճանապարհ ընկավ Դելփիք։ Սակայան Ապոլլոնի պատգամախոս պիթիան ոչ միայն նրան մերժեց պատասխան տալ, այլ անգամ դուրս վռնդեց իբրև սպանությամբ պղծված մեկի։ Հերակլեսը զայրացավ և գողացավ Ապոլլոնի եռոտանին։ Ապոլոնը պահանջեց այն հետ վերադարձնել, սակայն հերոսը մերժեց։ Երկու եղբայրները՝ մինը անմահ, մինը մահկանացու, դաժան մենամարտ սկսեցին։ Զևսը չցանկացավ, որ Հերակլեսը կործանվի և իր շողշողուն շանթը գցեց զավակների միջև։ Եղբայրները հաշտվեցին, իսկ Ապոլլոնն էլ ասաց, որ Հերակլեսը կամովի 3 տարով ստրկության պետք է վաճառվի և իր իրեն վճարած դրամը որպես Իփիտոսի մահվան հատուցում պետք է տա Էվրիտոսին։ Հերակլեսն արդյունքում ստրկության է անցնում Լիդայի թագուհու՝ Իարդանոսի դուստր Օմփալեի մոտ։ Էվրիտոսը չի վերցնում Ապոլլոնի կողմից բերված գումարը և նախկինի պես մնաց Հերակլեսի թշնամին[37]։
Այլ առասպելներ
խմբագրել- Զևսի համաձայնությամբ Հերակլեսն ազատում է Պրոմեթևսին։ Դրա փոխարեն կենտավրոս Քիրոնը հրաժարվում է իր անմահությունից։
- Հեսպերոհիների խնձորները ձեռք բերելու ճանապարհոդրության ժամանակ Հերակլեսն իր աղեղով սպառնացել է Հելիոսին և ծովը հատել անցել է Հելիոսի արկղի օգնությամբ[38]։ Դրանից հետո նա աղեղով սպառնացել է Օվկիանոսին[39], իսկ ապա վիրավորել է Հելիոսին[40]։
- Պատումներից մեկի համաձայն, երբ Հերակլեսը գնում էր Հերիոնի կովեր հետևից, Հերակլեսն ուներ երկգլխանի շուն և բրոնզե կճուճ[41]։
- Մասնակցել է Արգոնավորդների արշավին[42]։ Տարբերակներից մեկի համաձայն եղել է արգոնավորդների առաջնորդը[43]։ Ըստ Դիոնիսոս Միտելենացու և Դեմարատոսի, նա հասել է մինչև Կոլխիդա[44]։ Հեղինիկաների մեծամասնությունն այն կարծիքին է, որ Հերակլեսը մնացել է Մագնեսիայի ափերին, ուր նա գնացել էր ջուր որոնելու[45], կամ էլ ջարդել էր թիակը և անտառ էր գնացել նորի հետևից[46]։ Պելիասի հուղարկավորության խաղերի ժամանակ նա հաղթել է պանկրատիոնում[47]։
- Պայքարում է իտալական հսկա Կակուսի հետ։
- Հադեսի թագավորության արշավի ժամանակ նա այնտեղից ազատում է Թեսեյին, Պիրոֆոյին[48]
- Հրեշի ճանկերից փրկում է Հեսիոնային` Տրոյայի արքա Լաոմեդոնտի դստերը։ Պարգև չստանալու համար Հերակլեսը ավերում է տրոյան և սպանում է բոլոր թագաժառանգներին` կենդանի թողնելով միայն ամենակրտսերին՝ Պրիամոսին։
- Աստվածների հետ միասին պայքարել է գիգանտների դեմ
- Դեյանիրայի հետ պայքարելիս կոտրում է գետային աստված Աքելոսի եղջյուրը
- Օլիմպիական խաղերում հաղթել է պանկրատիոնում[49]։ Ըստ ուրիշ հեղինակների նա մարտնչել է Զևսի հետ և պայքարն ավարտվել է ոչ-ոքիով[50]։ Հաստատել է օլիմպական ասպարեզը, որը եղել է նրա 600 ոտնաչափի չափով[51]։ Այդ ամբողջ տարածքը նա վազում էր մի շնչով, որի պատճառով էլ տարածքը կոչվեց ասպարեզ[52]։
- Զևսի պատվին զոհարան է սարքել Դիդիմահոսում[53]։ Երբ Հերակլեսը պետք է զոհ մատուցեր Օլիմպոսին, նրան ճանճերը զայրացրեցին։ Արդյունքում հերոսը զոհ մատուցեց ճանճեր քշող Ապոմինեյասին և քշեց բոլոր ճանճերին[54]։
- Ներխուժել է Մեսենիա և հաղթել է Նելեոսին։
- Պիլոսի մոտ Հերակլեսը մարտնչել է Պոսեյդոնի, Ապոլլոնի և Հադեսի հետ[55]։
Տոհմաբանություն
խմբագրել
Զևս | Դանայա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պերսևս | Անդրոմեդա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Թերսևս | Ալկաեուս | Հիպոնոմե | Էլեկտրոն | Անախո | Սֆենելուս | Մենիպե | Մեստոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անախո | Ամփիտրոն | Ալկմենե | Զևս | Լիկումնիուս | Էվրսիֆեյուս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Իփիկլես | Մեգերա | Հերակլես | Դեյանիրա | Հեբե | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Իոլայուս | Երեք որդիներ | Հիլլուս | Մակարիա | Այլք | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հերակլեսն արվեստում
խմբագրելՀերակլեսը գրականությունում
խմբագրել- Նրան են նվիրված Հոմերոսի XV հիմնը և օրֆիական XII հիմնը
- Գործող անձ է
- Էսքիլեսի «Ազատագրված Պրոմեթևս» ողբերգության
- «Ավետաբերները» (Էրգինայի ավետաբերները) սատիրական դրամայի
- Սոփոկլեսի պիեսների՝ «Մանուկ Հերակլեսը», «Հերակլեսը Տենարոսում կամ Կերբերոս» և ողբերգությունների՝ «Հերակլես», «Տրաքինուհիներ», «Փիլոկտետես»
- Եվրիպիդեսի «Ագվա», «Ալկեստա», «Հերակլես» («Խելացնոր Հերակլես») ողբերգությունների
- Արիստոփանեսի «Թռչունները» և «Գորտերը» (որպես աստված) կատակերգությունների
- Էպիհարմոսի «Հերակլեսը Ֆոլայի մոտ» ողբերգության
- Տիմեսիֆեոսի, Աստիդամանտոս կրտսերի, Դիոգենեսի, Լիկոֆրոնի և անհայտ հեղինակի «Հերակլես» ողբերգության
- Սպինֆարոսի «Վառված Հերակլեսը» ողբերգության
- Անհայտ հեղինակի «Հերակլեսն Էտտեում» ստեղծագործության
- Սենեկայի «Հերակլեսը խելացնորության մեջ» և «Հերակլեսն Էտտեում» ողբերգությունների
- Հերակլեսի և կենտավրոսների մասին խոսվում էր Էպիհարմոսի, Տիմոկլեսի, Լինկեոս Սամոսսացու, Նիկոհարոսի, Օփելիոնի և Ֆեոգնետոսի կատակերգություններում
- Ժան Ռոտրու «Հերակլեսի մահը»
- Ժ. Ֆ. Մոմոնտել «Հերակլեսի մահը»
- Ֆրանկ Վեդեկինգ «Հերակլես» դրամա (1916-1917)
- Հենրի Լայդոն Օլդի. «Հերոսը պետք է միայնակ լինի», «Ոդիսևս` Լարտոսի որդին»
Հերակլեսը գեղանկարչությունում
խմբագրել- Անտոնիո դել Պոլայոլո. «Հերկուլես և Անթեյ», «Հերկուլես և Հիդրա» (1478), Ուֆիցի
- Լուկաս Կրանախ Ավագ. «Հերկուլես և Օմֆալե» (1537)
- Աննիբալե Կարաչի. «Հերակլեսի ընտրություն» (մոտ 1596)
- Պաոլո Վերոնեզե. «Հերակլեսի ընտրություն» (մոտ 1580).
- Գվիդո Ռենի. «Հերակլեսը և Լերնեյան հիդրան» (1620), Լուվր
- Տինտորետտո. «Ծիր Կաթինի ծագումը»
- Ֆրանսուա Բուշե. «Հերկուլես և Օմֆալե»
- Պոմպեո Բոտանի. «Հերակլեսը խաչմերուկում». (1765) Էրմիտաժ
- Թոմաս Հարթ Բենտոն, «Աքելոյը և Հերակլեսը» (1947), Սմիթսոնյան Ամերիկայն Արվեստի թանգարան
- Սալվադոր Դալի. «Hercules Lifts the Skin of the Sea and Stops Venus for an Instant from Waking Love» (1963)
Հերակլեսը քանդակագործությունում
խմբագրել- «Աղեղնաձիգ Հերակլես» Էգինա, Աթենասի տաճարի առաջամասում
- «Հերակլեսի 12 սխրանքները». Մետոպե, Զևսի արձանը Օլիմպիայում (մոտ մթա 470-455)
- Լիսիպոս. «Հերակլես Ֆարնեզացին». (Հին հռոմեական՝ պատճենում հունական բնօրինակից). Նեապոլիս
- «Բոարիումի ֆորումի Հերակլեսը»
- «Հերակլեսը և մանուկ Տելեփոսը». (1-2 մթ) Լուվր
- «Հերակլեսի մարտը առյուծների հետ». (2-3 մթ)
- «Հերակլեսը մարտնչում է Աքելոսի հետ». Լուվր
- Անտոնիո դել Պոլայոլո. Բրոնզ «Հերկլեսն ու Անթեոսը». (մոտ 1470)
- Բարդինելի. «Հերակլեսը և Կակուսը». (1525-1534). Piazza della Signoria, Ֆլորենցիա
- Ջովաննի Բոլովյա. «Հերակլեսը Էրիմանթոսյան վարազին տանելիս»
- Ալեսանդրո Ալգարդի. Բրոնզ «Հերկուլեսը և Հիդրան»
- Ջամբոլոնյա.
- Բրոնզ «Հերկուլեսն ու Անթեոսը», «Հերկուլեսն ու Նեսոսը», Rijksmuseum, Ամստերդամ
- Մարմար «Հերկուլեսն ու կենտավրոսը», Loggia dei Lanzi, Ֆլորենցիա (1660)
- Անտոնիո Կանովա. «Հերակլեսն ու Լիկոսը»
- Ուիլյամ Բրոդի. «Հերակլեսը և երկնակամարը» (1850)
- Էմիլ Անտուան Բուրդել. «Հերակլեսը Ստիմփալոսյան թռչուններին նետահարելիս» (1909)
- Ռուդոլֆ Տեգներ. «Հերկուլես և հիդրա», «Հերկուլես և վարազ» (1918-1919)
- Ապոլլոնիյ. «Բելվեդերյան իրան», Վատիկանի թանգարան
- «Հերակլեսի մարդը Նեմեյան առյուծի հետ». Էրմիտաժ
Հերակլեսը երաժշտությունում
խմբագրել- Յոհան Սեբաստիան Բախ. Կանտատա (դրամա երաժշտության մեջ) «Հերակլեսը ուղեբաժանի առջև». 1733
- Պ. Ֆ. Կավալլի. Օպերա «Սիրահարված Հերակլեսը»
- Ժան Բատիստ Լյուլլի. Օպերա «Ալկեստիդա կամ Ալկիդի տրիումֆը»
- Պ. Կայզեր. Օպերա «Հերակլեսի և Հեբայի հարսանիքը»
- Անտոնիո Վիվալդի. Օպերա «Հերակլեսը Տերմոդոնտում»
- Ն. Պորպորա. Օպերա «Հերակլեսի և Հեբայի հարսանիքը»
- Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ. Օպերա «Հերակլեսի և Հեբայի հարսանիքը»
- Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Հերակլես» և «Հերակլեսի ընտրություն» օրատորիաներ
- Քամիլ Սեն-Սանս. «Օմֆալոսի ճախարակը», «Հերակլեսի մանկությունը» սիմֆոնիկ պոեմներ և «Դեյանիրա» օպերա
Հերակլեսը կինոմատոգրաֆիայում
խմբագրել- Հերակլեսի սխրանքները (1957). Գլխավոր դերում՝ Սթիվ Ռիվզ
- Ազատված Հերակլեսը կամ Հերակլեսի սխրանքները. Հերակլեսը և Լիդիայի թագուհին (1960). Գլխավոր դերում՝ Սթիվ Ռիվզ
- «Հերկուլեսը Նյու Յորքում» (1970). Ֆիլմում Հերակլեսն ուղարկված է ժամանակակից աշխարհ. Գլխավոր դերում՝ Առնոլդ Շվարցենեգեր
- Հերակլես (1983). «Հերակլեսի արկածները» (1985). Գլխավոր դերում՝ Լու Ֆերինյո
- Վտանգավոր ճանապարհորդության ուրախ ժամանակագրություններ, սովետական մյուզիքլ, 1986 (Հերակլեսի դերում՝ Ռոման Ռցխիլադզե)
- Կապված սերիալներ՝ «Հերակլեսի զարմանահրաշ դեգերումները» (1995-1999) և «Զենա` ռազմիկների թագուհին» (1995-2001). Հերակլեսի դերում՝ Քևին Սորբո
- Դիսնեյան լիամետրաժ մուլտֆիլմ «Հերկուլես» 1997 և մուլտսերիալ նրա հիման վրա
- «Առասպելներ», «Հերակլեսի սխրանքները» (2000) շարքից. Ռեժիսոր՝ Սերգեյ Օվչարով
- «Հերակլես» (2005). Գլխավոր դերում՝ Պոլ Տելֆեր
- Հերակլես են կոչվում անիմեում Հունաստանի կերպարը հանդիսացող Հետալիային
- «Աստվածների պատերազմը. Անմահները» (2011) ֆիլմում Հերակլեսը հանդես է գալիս որպես օլիմպական աստված։ Նրան մարմնավորում է Սթիվ Բայերսը։
- Հերակլես. Լեգենդի սկիզբը (2014). Գլխավոր դերում՝ Կելան Լատս
- Հերակլես (2014). Գլխավոր դերում՝ Դուեյն Ջոնսոն
Հերակլեսն համակարգչային խաղերում
խմբագրել- 1997 - Herc’s Adventures
- 2009 - Rise of the Argonauts
- 2010 - God of War III
- 1997 - Hercules: The Action Game
Հերակլեսն աստղագիտությունում
խմբագրել- Հերակլեսի պատվին է կոչվում (532) Հերկուլինա աստերոիդը, որն հայտնագործվել է 1904 թ.-ին։
- Հերակլեսի պատվին է կոչվում երկնակամարի հյուսիսային կիսագնդում գտնվող Հերկուլես համաստեղությունը։
- Հերակլեսի պատվին է կոչվում Լուսնի վրա գտնվող Հերկուլես խառնարանը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Любкер Ф. Hercules (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 607—612.
- ↑ Любкер Ф. Tlepolemus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1398—1399.
- ↑ Халкиопа (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVII. — С. 22.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.277-283, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.108-114; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 2 далее
- ↑ Гесиод. Теогония 943-944
- ↑ Пиндар. Немейские песни I 34-59; Примечания М. Л. Гаспарова в кн. Пиндар. Вакхилид. Оды. Фрагменты. М., 1980. С.436 со ссылкой на вазопись
- ↑ Павсаний. Описание Эллады IX 10, 4
- ↑ (Քսենոփոնտ. Հուշեր Սոկրատեսի մասին II 1, пересказ несохранившегося сочинения Продика) - автор не скрывает, что это просто аллегория, даже не миф - по его рассказу, Геракл ушел в пустынное место и сидел в раздумьях, и ему представилось, что он видит двух женщин: Порочность и Добродетель.
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 4, 9-10.12; 7, 6.8; Диодор Сицилийский. Историческая библиотека IV 29, 3
- ↑ Կլիմենտ Ալեքսանդրեցի. Պրոտրեպտիկոս 33, 4
- ↑ Պավսանիոս. Էլլադայի նկարագրությունը IX 27, 6
- ↑ Григорий Богослов. Собрание творений. Т.1. Мн., 2000. С.114, 146 (слово 4)
- ↑ Պավսանիոս. Էլլադայի նկարագրությունը IX 25, 4
- ↑ Պավսանիոս. Էլլադայի նկարագրությունը IX 17, 2
- ↑ 16,0 16,1 Գիգին. Լեգենդներ 32
- ↑ Պավսանիոս. Էլլադայի նկարագրությունը III 21, 8; VIII 37, 1; X 13, 7-8
- ↑ Иллюстрацию см. Кулишова. Дельфийский оракул. СПб, 2001, вклейка между с.352 и 353, илл.7
- ↑ Плутарх. Почему божество медлит с воздаянием 12
- ↑ Կաղապար:Книга:Боура С.М.: Героическая поэзия. - С. 751.
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 11; Примечания В. Г. Боруховича в кн. Аполлодор. Мифологическая библиотека. Л., 1972. С.152, о сроке по Фрэзеру
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 4 ref> Лихт Г. Сексуальная жизнь в Древней Греции. М., 2003. С.372
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Նեմեյան առյուծը. էջ 201
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Լերնեյան հիդրա. էջ 203
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Ստիմփալոսյան թռչունները. էջ 204
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Կերինյան եղջերուն. էջ 205
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Էրիմանթոսյան վարազը և ճակատամարտը կենտավրոսների դեմ. էջ 206
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Ավգիաս արքայի ախոռները. էջ 208
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Կրետական ցուլը. էջ 209
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Դիոմեդեսի նժույգները. էջ 210
- ↑ Ա. Ն. Կուն. Հերակլեսն Ադմենտոսի մոտ. Էրիմանթոսյան վարազը և ճակատամարտը կենտավրոսների դեմ. էջ 211
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Հիպոլիտեի գոտին. էջ 216
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Հերակլեսը փրկում է Հեսիոնեին` Լաոմեդոն դստերը. էջ 218
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Գերիոնի կովերը. էջ 220
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Կերբեր. էջ 222
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Հեսպերիդիների խնձորները. էջ 225
- ↑ Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Հերակլես և Էվրիտոս. էջ 229
- ↑ Титаномахия, фр.7 Ивлин-Уайт
- ↑ Ферекид у Афинея XI 470 // Примечания В. Г. Боруховича в кн. Аполлодор. Мифологическая библиотека. Л., 1972. С.151
- ↑ Климент. Протрептик 36, 2, по Паниасиду
- ↑ Первый Ватиканский мифограф I 67, 4
- ↑ Аполлоний Родосский. Аргонавтика I 121-129; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 9, 16; Валерий Флакк. Аргонавтика I 354; Гигин. Мифы 14 (с.27)
- ↑ Антонин Либерал. Метаморфозы 26, 1
- ↑ Схолии к Аполлонию Родосскому. Аргонавтика I 1289 // Вестник древней истории. 1947. № 3. С.287
- ↑ Гесиод. Свадьба Кеика, фр.263 М.-У.
- ↑ Первый Ватиканский мифограф I 49, 2
- ↑ Гигин. Мифы 273
- ↑ Кун Н. А. Мифы и легенды Древней Греции.-М.:АСТ,2006.с.179
- ↑ Павсаний. Описание Эллады V 8, 4
- ↑ Ликофрон. Александра 43 и схолии Цеца; Нонн. Деяния Диониса X 375-377
- ↑ Авл Геллий. Аттические ночи I 1, 2
- ↑ Первый Ватиканский мифограф I 63, 3; II 90, 3
- ↑ Павсаний. Описание Эллады V 13, 11
- ↑ Павсаний. Описание Эллады V 14, 1
- ↑ Пиндар. Олимпийские песни IX 33
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերակլես» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 376)։ |