Դիարբեքիր կամ Ամիդ (քրդերեն՝ Amed (Ամեդ), քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի աջ ափին՝ Հայկական Տավրոսի հարավային ճյուղից (Կարաջադաղ) իջած հրահոսանքի ծայրին։

Քաղաք
Դիարբեքիր
Diyarbakır
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԴիարբեքիրի մարզ
Այլ անվանումներԱմիդ, Տիգրանակերտ
Մակերես685 կմ²
ԲԾՄ675±1 մետր
Խոսվող լեզուներՔրդերեն, թուրքերեն, հայերեն
Բնակչություն 845 000 մարդ (2010)
Ազգային կազմքրդեր, թուրքեր, սիրիացիներ, հայեր
Կրոնական կազմիսլամ, քրիստոնեություն
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+90 412
Փոստային ինդեքս21000
Ավտոմոբիլային կոդ21
Պաշտոնական կայքdiyarbakir-bld.gov.tr
Դիարբեքիր (Թուրքիա)##
Դիարբեքիր (Թուրքիա)

Սեպագիր արձանագրություններում քաղաքը հիշատակված է որպես Բիտ-Զամանի երկրամասի կենտրոն։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Դիարբեքիր անվանումը ի սկզբանե ունեցել է միայն երկրամասը, այնուհետև ժողովուրդը այդ անվանումը տվել է նաև նրա կենտրոնը հանդիսացող Ամիդ քաղաքին։

Դիարբեքիր անվանման ծագման հետ կա երկու վարկած[1].

  1. Այն արաբերեն բառ է և կազմված է դիար և Բաքր անվանումների միացումից։ Դիարը նշանակում է Երկիր, նահանգ, շրջան կամ բնակվելու տեղ, բաքր՝ արաբերեն նշանակում է ցեղանուն։ Բեքրը հանդիսանում է տարածքի առաջին կառավարիչներից մեկը։
  2. Օսմանյան երկիրը երկար ժամանակ չի կարողացել նվաճել Դիարբեքիրի տարածքը և աննվաճ տարածքին տվել է «Դիար բեքիր» անվանումը, որը նշանակում է «կույսի երկիր»։

Այլ անվանումներ խմբագրել

Դիարբեքիրը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ։ Դրանք են. Ամդացվոց քաղաք. Ամեդ, Ամեդա, Ամեդի, Ամեդու, Ամիդ, Ամիդա, Ամիդի, Ամիդիա, Ամիդու, Ամիթ, Ամիտ, Ամիտա, Ամմեա, Բիտ-Զամանի, Գարա-Ամիդ, Գարա-Ամիտ, Գարա-Համիդ, Դիարբագ, Դիարբակ, Դիաբակր, Դիարբաք,Դիարբաքր, Դիարբեկ, Դիարբեկր, Դիարպեկ, Դիյարբեքիր, Էմդ, Էմիդ, Կարա-Ամիդ, ԿարաճԱմիտ, Կարա-Համիդ, Կարամիտ, Կոստանդիա, Համեթ, Համիդ, Համիթ, Յամիթ, Տիարբեքիր, Տիարպեքիր, Տիգրանակերտ[1]։

Պատմություն խմբագրել

Հիմնադրման ժամանակն անորոշ է։ Աքադդական սեպաձև արձանագրություններում հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին՝ Ամեդու անունով։ Մ.թ.ա. 9-րդ դարում հիշատակվում է որպես Բիտ-Զամանի իշխանության կենտրոն։ Մ. թ. ա. 9-8-րդ դարերում Վանի թագավորության գերիշխանության ներքո մասնակցել է հակաասորեստանյան պայքարին։ Մ.թ.ա. 630-ական թվականներին Թիգլատպալասար III-ը գրավել է Դիարբեքիրը և դարձել Ասորեստանի «Տուրտանի տուն» անունով կուսակալության կենտրոն։ Ասորեստանյան տիրակալության քայքայումից հետո (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ) միացվել է Հայաստանին։

Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև Տիգրանակերտ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ Դիարբեքիրը երբեմն շփոթել են Աղձնիք նահանգում Տիգրան Բ-ի հիմնած Տիգրանակերտի հետ։

298 թվականին Դիարբեքիրը զավթել է Հռոմեական կայսրությունը։ 332 թվականին Կոստանդինոս Մեծ կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել հռոմեական ռազմակայան։ 4-17-րդ դարերում քաղաքին փոխնիփոխ տիրել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, քրդերը, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, թուրքմենները։ Սեֆյան շահ Իսմայիլի դեմ կռիվներում Սելիմ I սուլթանը գրավել է Դիարբեքիրը և 1515 թվականին ենթարկել օսմանյան թուրքերի տիրապետությանը։ Եղել է Դիարբեքիր նահանգի կենտրոնը։

1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ ոչնչացվել է 3000 հայ։ Կողոպտվել և հրկիզվել է մոտ 2 հազար տուն, 2,5 հազար խանութ և կրպակ։ Շուրջ 5 հազար հայեր բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Այժմ Դիարբեքիրը Թուրքիայի համանուն իլի կենտրոնն է։ 845.000 բնակչություն (2011 թվականի դրությամբ)։ Ունի սննդի և տեքստիլ արդյունաբերության, ավտոհավաքման գործարաններ։ Երկաթուղային կայան է, խճուղային ճանապարհների հանգույց։ Ներկայումս Դիարբեքիրում բնակվում է 16 հայկական ընտանիք հիմնականում Սուրբ Կիրակոս եկեղեցու շրջակայքում։

Բնակչություն խմբագրել

Միջին դարերում Դիարբեքիրը մարդաշատ քաղաք էր։ Բնակչության գերակշռող մասը հայեր էին։ Կային նաև արաբներ, քրդեր, թուրքական ժողովուրդներ։

XIX դարի վերջին և XX դարի սկզբին քաղաքն ուներ 40-45 000 բնակիչ, որից հայեր էին 10-15 000-ը։

Հայերը կենսուրախ էին։ Սիրում էին զբոսանքներ, խնջույքներ և ուխտագնացություններ։ Դրանք հաճախ ուղեկցվում էին երգ ու պարով[1]։

Տնտեսություն խմբագրել

Մինչև XX դարի սկիզբը Դիարբեքիրի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը զգալի դեր են խաղացել տնտեսական և մշակութային կյանքում։ Զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, ձկնորսությամբ։ Մերձավոր Արևելքի շուկաներում հռչակված էր Դիարբեքիրի ոսկերիչների, ջուլհակների, ներկարարների, կաշեգործների, դերձակների արտադրանքը։ Դիարբեքիրի մոտ գտնվող հանքերից արտահանում էին անագ, պղինձ, երկաթ։ Քաղաքի շուրջը տարածված բերրի դաշտերը հնուց ի վեր հիշատակվում են որպես ցորենի շտեմարան։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են անշաղախ ագուցված վիթխարի քարերից։ 8 կմ երկարություն, 10 մ բարձրություն և 5 մ լայնություն ունեցող, հիմնականում կանգուն պարիսպը մի կողմից հարում է հնագույն բերդին (այժմ՝ ավերակ), մյուս կողմից՝ Տիգրիսի տասնակամար կամրջին։ Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, 4 մետաղակուռ դարպաս։ 72 աշտարակները խորհրդանշել են Քրիստոսի 72 աշակերտներին, իսկ 12 առավել հաստապատ աշտարակները՝ առաքյալներին։

4 դարպասներից յուրաքանչյուրն ունեցել է իր անվանումը[1].

  • հյուսիսայինը կոչվել է Հայոց դուռ (արաբերեն Բաբ-ալ-Արմանի), իսկ հետագայում՝ Լևոնի դուռ, Կարնո կամ Էրզրումի դուռ
  • արևմտյանը կոչվել է Հոռոմաց (բյուզանդացիների) դուռ
  • հարավայինը՝ Մերդինի (Մարդինի) դուռ
  • արևելյանը՝ Նոր դուռ կամ Շաթ (գետի) դուռ

Քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ բարձրադիր ժայռին կառուցված միջնաբերդը շրջափակված էր քառադարպաս, աշտարակավոր պարսպով։ Միջնաբերդի ապարանքներից նշանավոր էին Ոսկեզուն և Արքունի պալատները, Ուլու Ջամին, որը հնում եղել է բյուզանդական Հերակլ կայսեր օրոք 629 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին, միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներ (Ս. Կաթողիկե, Ս. Գևորգ, Ս. Երրորդություն, Ս. Հովհաննես), որոնք ևս 16-17-րդ դարերում վերածվել են մզկիթների[1]։

XX դարի սկզբին Դիարբեքիրն ուներ 50-ից ավելի եկեղեցիներ ու մզկիթներ։ Դիարբեքիրի մոտ 10 հազար հայեր ունեին գործող երկու առաքելական եկեղեցի (Ս.Սարգսի հնգախորան և Ս. Կիրակոսի յոթնախորան), ինչպես նաև կաթողիկե եկեղեցի (սուրբ Հովսեփ

Կրթություն խմբագրել

Դիարբեքիրում գործում էր յոթ հայկական վարժարան (երկուսը պատկանում էր եկեղեցուն, մյուսները՝ Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին)։ Վարժարաններից մի քանիսում ուսուցանում էին նաև ճարտարապետություն, աշխարհագրություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, երկրաչափություն, երաժշտություն[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 99-102
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիարբեքիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 375