Անի-Կամախ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Անի (այլ կիրառումներ) և Կամախ (այլ կիրառումներ):
Անի- Կամախ (այժմ՝ Քեմահ), հին ամրոց և հեթանոսական սրբատեղի Բարձր Հայքի Դարանաղի գավառում, Երզնկա քաղաքից հարավ-արևմուտք[1]։ Նույնացվում է Հայասսւ-Ազգի երկրի կենտրոն Կումախայի հետ։ Մեր թվարկությունից առաջ չորսից առաջին դարերում Փոքր Հայքի կենտրոնն էր, հելլենիզմի շրջանում՝ հեթանոս հայերի գլխավոր աստված Արամազդի պաշտամունքի գլխավոր վայրը։ Անի- Կամախում կատարվել են նաև արքայական նախնիների պաշտամունքի ծեսեր։ 1- 4-րդ դարերում հայ թագավորների գերեզմանոցն էր։ Եղել է մեհենական դպրության կենտրոն։ Անի- Կամախում աշխատել է Բարդածան Եդեսացի մատենագիրը (մոտ 154- 222 թվականներ)։ Քրիստոնեության մուտքից հետո Անի- Կամախի մեհյանն ավերվել է, կալվածները տրվել են հայոց եկեղեցուն։ 369 թ.-ին պարսից Շապուհ Բ արքան գրավել և ավերել է բերդը՝ գերեզմանոցից հափշտակելով Հայոց թագավորների ոսկորները։ 4- 11-րդ դարերում եղել է բյուգանդական ամրոց։ 1515 թ.-ին գրավել են թուրքերը։ Ամրոցը պատված էր հզոր պարիսպներով, որոնց մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ուներ երեք դուռ և սանդղաձև ելք։ Ներսում մնացել են բազմաթիվ շինությունների, այդ թվում՝ նաև եկեղեցիների հետքեր։ Ամրոցի հյուսիսային կողմում, լեռան մեջ, փորված է դեպի բարձր աշտարակը տանող ճանապարհ, որն ունի ոլորապտույտ աստիճաններ, բնական և արհեստական լուսամուտներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայասայի Ազզի (Արզնկա) քաղաքի հարավ-արևմուտքում Կումախա (Կամախ) կոչվող բնակավայրի մոտ գտնվող Արեհ կամ Արեգ (հավանաբար Ահուրա աստծու հին անվանական տարբերակը, Հայ միջնադարում՝ Արամազդ) աստծուն նվիրված տաճարային համալիր, որն անվանված էր խնամքի ու հոգատարության Անի (հին արձանագրություններում հիշատակվում է Ային, Անիասա անվանաձևերով) դիցուհու անունով և պատված էր հզոր պարիսպներով։ Այն միջնադարում դարձավ Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքը, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր։ Անի կրոնական կենտրոնի անունով է կոչվել 961 թ-ին Բագրատունյաց շահնշահերի թագավորության մայրաքաղաք հռչակված Անին։ /Վարդան Բարձրբերդցի պատմիչը գրել է. <<... քաղաքն Անի, որ կոչի խնամք ... (Պատմութիւն տիեզերական, Մ.,1861, էջ 117-18)>>/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 416)։ |