Խոսրով Կոտակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)
Խոսրով Գ (անհայտ[1] - մոտ 338[1]), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածքները։Նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։
Խոսրով Կոտակ | |
---|---|
Մեծ Հայքի արքա | |
Իշխանություն | 330 - 338 |
Թագադրում | 330 |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Ծննդավայր | |
Մահացել է՝ | 338 |
Վախճանի վայր | ![]() |
Երկիր | ![]() |
Ազգություն | հայ |
Հաջորդող | Տիրան Բ |
Ուղեկից | Ճախրուհի |
Տոհմ | Արշակունիներ |
քաղաքական գործիչ և գերիշխան | |
Հայր | Տրդատ Գ |
Մայր | Աշխեն |
Երեխաներ | Բամբիշ, Վարազդուխտ և Տիրան Բ |

Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր Կագովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։ Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճարի մայր և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ 337–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Հայաստան։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։
Արշակունիների հարստությունԽմբագրել
Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։
Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։
Անունը | Իշխել է | Նշումներ |
---|---|---|
Տրդատ Ա | 66 - 88 | պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը |
Սանատրուկ | 88 - 110 | Տրդատ Ա-ի որդին |
Աշխադար | 110 - 113 | Բակուր Բ Պարթևի որդին |
Պարթամասիր | 113 - 114 | Բակուր Բ Պարթևի որդին |
հռոմեական բռնազավթում | 114 - 116 | |
Վաղարշ Ա | 117 - 144 | Սանատրուկի որդին |
Սոհեմոս | 144 - 161, 164-186 | Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր |
Բակուր Ա | 161 - 163 | |
Վաղարշ Բ | 186 - 198 | Վաղարշ Ա-ի հարազատներից |
Խոսրով Ա | 198 - 217 | Վաղարշ Բ-ի որդի |
Տրդատ Բ | 217 - 252 | Խոսրով Ա-ի որդի |
Արտավազդ Ե | 252 - 272 | Տրդատ Բ-ի որդի |
Խոսրով Բ | 272 - 287 | Արտավազդ Ե-ի որդի |
Տրդատ Գ Մեծ | 287 - 330 | Խոսրով Բ-ի որդի |
Խոսրով Գ Կոտակ | 330 - 338 | Տրդատ Գ-ի որդի |
Տիրան Բ | 338 - 350 | Խոսրով Գ-ի որդի |
Արշակ Բ | 350 - 368 | Տիրան Բ-ի որդի |
Պապ թագավոր | 368 - 374 | Արշակ Բ-ի որդի |
Վարազդատ | 374 - 378 | Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ |
Արշակ Գ | 378 - 389 | Պապի որդի |
Խոսրով Դ | 387 - 389, 415-416 | |
Վռամշապուհ | 389 - 415 | Խոսրով Դ-ի եղբայր |
Շապուհ պարսիկ | 416 - 420 | |
թափուր | 420 - 422 | |
Արտաշես Գ | 423 - 428 | Վռամշապուհի որդի |
ԳրականությունԽմբագրել
- Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904
- Փավստոս Բյուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968
- Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 2, մաս 1, Ե., 1957
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 78)։ |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 5. — էջ 78—79.