Հուլիանոս Ուրացող
Հուլիանոս Ուրացող (լատին․՝ Iulianus Apostata, պաշտոնական անունը՝ Ֆլավիոս Կլավդիոս Հուլիանոս (լատին․՝ Flavius Claudius Iulianus), 331 - 363 թ. հունիսի 26 ), Հռոմի կայսր 361 - 363 թթ. Կոստանդիանոսի հարստությունից, հռետոր և հույն փիլիսոփա։ Անտիկ գիտության և մշակույթի երկրպագու, նորպլատոնականության փիլիսոփայական դպրոցի հետևորդ։ Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը։ Նրա գրական ստեղծագործություններից պահպանվել է 8 ճառ, 2 երգիծական երկ և նամակների հավաքածու։
Հուլիանոս Ուրացող | |
---|---|
Ծնվել է՝ | նոյեմբերի 17, 331[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Հին Հռոմ |
Մահացել է՝ | հունիսի 26, 363[2] (31 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Միջագետք, Իրաք |
Տարսոն | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Կոստանդիանոսի արքայատոհմ |
քաղաքական գործիչ և փիլիսոփա | |
Հայր | Julius Constantius? |
Մայր | Basilina? |
Երեխաներ | Flavius? |
Ծնվել է Կոստանդնուպոլիսում, Կոստանդիանոս Մեծ կայսեր եղբոր՝ Հուլիոս Կոստանցիոսի որդին է։ Հոր մահից հետո դաստիարակվել է եպիսկոպոս Եվսեբիոս Նիկոմեդացու կողմից։ 339 թվականից ուսումնասիրել է հունական փիլիսոփայություն Մարդոնիոսի ղեկավարությամբ, որը արթնացրել է նրա մեջ սերն առ հելլենական աշխարհայացքը։ 344-45 թթ. ապրել է Նիկոմեդիայում, որտեղ ծանոթացել է նշանավոր հռետոր Լիբանիոսի հետ, որը հեթանոսական կրոնի և ավանդույթների ջերմեռանդ ջատագով էր։ 351-52 թթ. Պերգամոսում և Եփեսոսում բնակվելու ժամանակ ուսումնասիրել է նորպլատոնականություն փիլիսոփա Մաքսիմոս Եփեսացու մոտ։ 352-54 թթ. Հուլիանոսը կրկին անցկացրել է Նիկոմեդիայում՝ խորացնելով իր գիտելիքները նորպլատոնական ուսմունքի մեջ։ 355 թ. մեկնել է ուսանելու Աթենք նույն հռետորական դպրոց, որտեղ այդ ժամանակ սովորում էին Գրիգոր Աստվածաբանը և Բարսեղ Կեսարացին։
355 թ. Կոստանցիոս Բ կայսրը հռչակում է Հուլիանոսին իր աթոռակից՝ կնության տալով նրան իր քրոջը։ Հուլիանոսն ուղարկվում է պաշտպանելու Գերմանիայի հետ սահմանակից հռոմեական նահանգները։ Մինչև 360 թ. վարած մի շարք պատերազմներում Հուլիանոսին հաջողվում է հետ մղել գերմանական ցեղերի բոլոր հարձակումները և առժամանակ խաղաղեցնել սահմանը։ Կոստանցիոսը, երկյուղելով Հուլիանոսի հաջողություններից, 361 թ. պահանջում է նրանից իրեն ուղարկել իր ենթակայության տակ գտնվող զորքերի մի մասը։ Սակայն Հուլիանոսի լեգեոնները հրաժարվում են ենթարկվել այդ հրամանին և հռչակում են նրան կայսր։ Քաղաքացիական պատերազմը կասեցվում է միայն Կոստանցիոսի անսպասելի մահով (361 թ. նոյեմբերի 3)։
Ստանձնելով միանձնյա կառավարումը՝ Հուլիանոսը մի շարք հրովարտակներով հայտարարել է կրոնական հանդուրժողականություն և վերականգնել հեթանոսական ծեսերը։ Չեղյալ են հայտարարվել հեթանոսական կրոնի և ծեսերի դեմ նախորդ կայսրերի կողմից ընդունված բոլոր հրովարտակները։ Հուլիանոսը չի հալածել քրիստոնյաներին, սակայն պայքարել է քրիստոնեության դեմ՝ արգելելով կրոնավորներին դասավանդել և ձգտելով ստեղծել ուժեղ հեթանոսական եկեղեցի քրիստոնյա եկեղեցու օրինակով։
Իր իշխանության առաջին իսկ օրվանից ստիպված է եղել շարունակել Սասանյան Պարսկաստանի դեմ պատերազմի պատրաստությունները։ Արշավանքը մեկնարկել է 363 թ. գարնանը։ Հուլիանոսի գլխավորությամբ հռոմեական զորքն անցել է Եփրատը և մի շարք ճակատամարտերում ջախջախել պարսիկներին՝ հասնելով մինչև Տիզբոն։ Ոգևորված լինելով այդ հաջողություններից՝ Հուլիանոսը զորքով անցել է Տիգրիսը և հրամայել հրկիզել գետի վրա կանգնած հռոմեական նավատորմը, որպեսզի զորքի մեջ առավել ուժեղացնի հաղթելու ձգտումը։ Սակայն քանի որ հռոմեացիները ծանոթ չէին տեղանքին, պարսիկներին հաջողվել է կտրել Հուլիանոսին սննդի և ջրի պաշարներից, ինչի հետևանքով Հուլիանոսը ստիպված է եղել նահանջել հյուսիս։ Պարսկական զորքերը հետապնդել են նահանջող հռոմեական զորքին՝ հյուծելով նրան անսպասելի գիշերային հարձակումներով։ 363 թ. հունիսի 26-ին Մարանգայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Հուլիանոսը վերքեր է ստացել, որոնցից և նույն օրը մահացել է։ Ըստ ավանդության մահից առաջ նա բացականչել է. «Դու հաղթեցիր, Հալիլեացի»՝ այդ խոսքերով ակնարկելով քրիստոնեության դեմ իր պայքարի պարտությունը։
Թաղվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, հետագայում վերաթաղվել Կոստանդնուպոլսում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Гревс И. М. Юлиан, Флавий Клавдий (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 333—341.
- ↑ Юлиан // Большая энциклопедия / S. Yuzhakov — SPb: Editorial Illustration, 1905. — Vol. 20. — P. 700.
Աղբյուրներ
խմբագրել- Античные писатели, словарь, СПб, 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլիանոս Ուրացող» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 636)։ |