Պապ թագավոր

հայ Արշակունի արքա
(Վերահղված է Պապ Արշակունիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պապ թագավոր (այլ կիրառումներ)

Պապ (մոտ 353- 374), Մեծ Հայքի արքա (370-374)։ Արշակ Բ-ի և Փառանձեմ թագուհու որդին, Արշակ Գ-ի և Վաղարշակ Բ-ի հայրը, Արշակունիների արքայական հարստությունից։ Հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին (350-368)։

Պապ Արշակունի
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայքի արքա
370 - 374
Նախորդող Արշակ Բ
Հաջորդող Վարազդատ
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն հայ
Ծննդյան օր 353(0353)
Վախճանի օր 374
Դինաստիա Արշակունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Արշակ Բ
Մայր Փառանձեմ Սյունի
Ամուսին Զարմանդուխտ
Զավակներ Վաղարշակ և Արշակ Գ

Կենսագրություն խմբագրել

Պապը Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 100 հազարի[1]։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին[2]։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ Տերենտիոսին հաջորդած Տրայանոսին հաջողվում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն սպանում է։

Արտագերսի պաշտպանություն խմբագրել

 
371 թվականին, Ձիրավի ճակատամարտում Պարսից Շապուհ Բ-ին հաղթանակած Հայոց արքա Պապ Արշակունին (ձախից), սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը (աջից) և հայոց այրուձին. 16-րդ դարի մանրանկար:

Արշակ Բ արքայի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի ձերբակալությունից հետո Մեծ Հայքում սկսվեց թշվառ իրավիճակ։ Չնայած իր մեծ տարիքին՝ Շապուհ Բ Երկարակյացը շարունակում էր իր ծավալապաշտական քաղաքականությունը[3]։ Նա փորձում էր Մեծ Հայքը և Վիրքը հանել Հռոմեական կայսրության ազդեցության գոտուց։ Այդ պատճառով նա 368 թվականի ձմռանը զորք է ուղարկում Մեծ Հայք, որոնք, ըստ Ամմիանոս Մարկելինոսի, ղեկավարվում էին երկու հայ դավաճաններ ներքինի Կիրալի և զորավար Արտավանի կողմից։ Հայոց զոքրը Փառանձեմ թագուհու և Պապ թագավորի հետ միասին ամրանում է անառիկ Արտագերս ամրոցում, որը Արշակունիները խլել էին Կամսարականներից։ Անհնար էր գրոհով վերցնել բերդը, այդ պատճառով պարսիկները բերդը պաշարում են։ Ըստ Լեոյի՝ հայոց զորքի թիվը հասնում էր շուրջ 11 հազարի։

Թագուհին որոշում է, որ Մուշեղ Մամիկոնյանը պետք է դուրս գա ամրոցից և ճեղքելով պարսկական պաշարումը՝ անցնի Հռոմեական կայսրություն, ներկայանա Վաղես կայսրին և նրանից օգնություն խնդրի։ Պապը կատարում է նրա պատվերը։ Տարբեր մարդկանց միջոցով նա հաճախ լուր է ուղարկում թագուհուն, որ շուտով կգա հռոմեական կայազորի հետ օգնությամբ, սակայն Վաղես կայսրը մտորումների մեջ էր և չէր կարողանում որոշում ընդունել։

Շուտով բանակցություններ են սկսվում պաշարվածների և պարսիկների միջև։ Հայր Մարդպետը մտնում է բերդ և պահանջում դադարեցնել պաշտպանությունը, քանի որ այն անիմաստ է, սակայն Փառանձեմը անդրդվելի էր[4]։

Իմանալով այս ամենի մասին՝ Վաղես կայսրը օգնական զորք է ուղարկում Մեծ Հայք։ Երբ պարսից Շապուհ արքան իմանում է այս մասին, ինչպես Ամմիանոսն է նշել, ընկնում է «գազանային կատաղության մեջ»[5]։ Նա հսկայական զորք է հավաքում և անձամբ արշավում դեպի Մեծ Հայք։Շապուհը միանգամից գնում է Արտագերսի վրա պաշարում այն և գրավում։Գերի է ընկնում նաև Փառանձեմ թագուհին, ամբողջ արշակունյաց գանձերի հետ միասին, սակայն Շապուհին դա չի բավարարում։ Նա ավերում է Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարիշատը և Զարեհավանը։

Փառանձեմը գերեվարվում է և տարվում է Պարսկաստան[6]

Գահակալական շրջան խմբագրել

 
Ներսես Մեծ կաթողիկոս

Պապ թագավորը սկսում է իր գահակալությունը շատ դժվարին ժամանակաշրջանում։ Իր հոր նման նա փորձում էր արշակունյաց խարխուլ գահը նորոգել երկու կարևորագույն սյուների օգնությամբ՝ սպարապետություն և կաթողիկոսություն։ Սպարապետ է դառնում Վասակ Մամիկոնյանի որդին՝ Մուշեղ Մամիկոնյանը։ Պապ թագավորը, դիմելով Ներսես Մեծին, կարողանում է վերացնել Արշակունյաց և Լուսավորչական տոհմերի միջև գտնվող ատելությունը և Ներսես Մեծը նորից սկսում է երևալ արքունիքում։ Մյուս կարևոր ձեռքբերումը, որը պետք է կատարեր Պապ թագավորը՝ ռազմական ուժը մեծացնելն էր։ Իր գահակալման սկզբում հայոց զորքի թիվը հասնում էր ընդամենը 10֊11 հազարի։ Այդպիսի ուժերով անհնար էր դիմագրավել պարսից հսկայական ռազմական ուժին, այդ պատճառով Վաղես կայսրը ուղարկում է մի հռոմեական կայազոր, որը ապահովում էր հայոց խաղաղությունը որպեսզի պարսիկները նորից չավիրեն Մեծ Հայքը։

Այս պատճառով Շապուհը դիմում է խորամանկ քայլի և փորձում է դիվանագիտական ուղիներով հպատակեցնել Պապին[7], սակայն Պապը հասկանում է, որ Շապուհի հետ դաշինքը Մեծ Հայքի շահերից չի բխում և մերժում է Շապուհի առաջարկը։ Ի պատասխան պարսից շահին Պապը սպանել է տալիս երկու հայ դավաճաններ Կիրալին և Արտավանին,ովքեր առաջնորդել էին պարսկական բանակը դեպի Հայոց երկիրը և ուղարկում է Շահուպին։

Շուտով Շապուհը ցանկանում է արշավել Մեծ Հայք, սակայն հայ-պարսկական սահմանում հերթապահում էր Արինթեոսի հռոմեական կայազորը։ Շապուհը պատվիրակություն է ուղարկում Վաղեսի մոտ և խնդրում հավատարիմ մնալ 363 թվականին կնքված հռոմեա-պարսկական պայմանագրին,որը Ամմիանոսը անվանել էր «ամոթալի պայմանագիր», սակայն Վաղեսը մերժում է նրան և նույնիսկ զգուշացնում, որ արշավելու է Վիրք և դուրս քշի Վիրքի պարսից դրածո թագավորին։ Շապուհը կատաղում է այս պատասախանից և 371 թվականին սկսում է արշավանքը ընդդեմ հայ-հռոմեականան ուժերի[8]։

Ձիրավի ճակատամարտ խմբագրել

Իմանալով պարսից ներխուժման մասին՝ Վաղես կայսրը Մեծ Հայք է ուղարկում Տրայանոս կոմսին։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում, որը գտնվում էր Նպատ լեռան հյուսիսային ստորոտին, Արածանիի գետահովտում։ Պարսիկներին օժանդակում էին աղվանները և լեզգիները, որոնց թագավորներն էին Ուռնայրը և Շերգիրը։ Պարսիկներին օգնում էր նաև Մերուժան Արծրունին, որը հավակնում էր հայոց գահին[8]։

Պապը ցանկանում էր անձամբ մասնակցել ճակատամարտին, սակայն կոմս Տրայանոսը պնդում է, որ նա բարձրանա Նպատ լեռ և Ներսես Մեծի հետ միասին այնտեղից հետևի ճակատամարտին։ Ճակատամարտի ժամանակ Սպանդարատ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախում և փախուստի է մատնում նրան։ Լեզգիների արքա Շերգիր թագավորը մարտում զոհվում է, իսկ աղվանների արքա Ուռնայրը՝ վիրավորվում։ Սմբատ Բագրատունին հետապնդում է ճակատամարտից ճողոպրած Մերուժան Արծրունուն բռնում Կոգովիտ գավառում և մահապատժի ենթարկում նրան։ Նա Մերուժանին ասում է, որ թագադիր ասպետությունը Բագրատունիների ժառանգական արտոնությունն է և շիկացրած երկաթը որպես թագ դնելով Մերուժանի գլխին՝ սպանում է նրան։ Ի վերջո պարսիկները չեն դիմանում հայ-հռոմեական զորքի գրոհներին և փախուստի են դիմում։ Հայոց զորքերը հակառակորդին հալածում են մինչև Ատրպատականի սահման։ Հաղթությունը հայոց կողմն էր[8]։

Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ Բ Երկարակյացը ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն և Պապի գահը[8]։

Բարեփոխումների շրջան խմբագրել

Պապի գահակալման շրջանում, երբ Ներսես Մեծը նորից սկսում է արքունիք անցուդարձ անել, կաթողիկոսը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև պարսիկների կատարած ավերածությունները։ Այդպիսի կառույցներ էին բորոտների խնամքի վայրերը, աղքատանոցները, միաբանությունները, կուսանոցները։

Արտաքին գործերը ավարտելուց հետո՝ Պապ թագավորը սկսեց անդրադառնալ ներքին խնդիրներին։ Նա հասկանում էր, որ 70 տարվա ընթացքում ժողովրդի մեջ դեռևս չէր արմատավորվել բուն քրիստոնեությունը, այլ ուղղակի արտաքնապես այն ընդունվել էր։ Ուրեմն այդ կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլությունը, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը[9]։

Պապը սկսում է կրճատել Տրդատ Գ-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։ Այդ պատճառով հակասություններ են սկսվում Պապի և Ներսես Մեծի միջև։ 372 թվականին Պապը հրավիրում է Ներսես Մեծին խնջույքի, որից փոքր անց Ներսես Մեծը սկսում է արյուն թքել և ի վերջո մահանում է։ Եկեղեցականությունը սկսում է քարկոծել Պապ թագավորին, կարծելով, որ նա է թունավորել Ներսես Մեծին։ Մի շարք բացասական առասպելներ է ձուլվում Պապի անվան շուրջ, որ տարածվում է նաև Հայքի սահմաններից դուրս[10]։

Ներսես Մեծի մահից հետո Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Նա վերացնում է նաև տասանորդի և պտղի հարկերը, որոնք ռամիկներից տրվում էին եկեղեցուն։ Զուգահեռ կրճատվեց նաև հոգևորականների թիվը։ Ներսես Մեծին հաջորդում է Շահակ Ա Մանազկերտցին, որը Պապի հրամանով այլևս չի մեկնում Կեսարիա, որպեսզի կաթողիկոս ձեռնադրվի, նա հայրենի հողում եպիսկոպոսների կողմից ձեռնադրվում է Հայքի կաթողիկոս, ումից հետո այլևս բոլոր կաթողիկոսները սկսում են ձեռնադրվել Հայաստանում։ Շահակի կաթողիկոս նշանակվելը նույնպես վատ է ընդունվում հոգևորականության կողմից, քանի որ դրանով վերջ էր տրվում Լուսավորչի տոհմին և կաթողիկոսական աթոռը անցնում է հին քրմական Աղբիանոսի տոհմին։ Սպանդարատ Կամսարականին է վերադարձնում հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները, որոնք նրանցից խլվել էին նախորդ Արշակունիների ժամանակաշրջանում։

Պապը հստակ արձանագրում է, որ Հռոմից անկախ քաղաքականություն է վարելու, այդ պատճառով սկսվում է հալածվել Վաղես կայսրի կողմից[11]։

Տարածքային բարեփոխում խմբագրել

Արշակ Բ-ի գերեվարությունից հետո մի շարք հայկական իշխանություններ սկսեցին անջատողական քաղաքականություն վարել և ապստամբել։ Այդ պատճառով մի շարք տարածքներ առանձնացան։ Պապն իր առջև նպատակ էր դրել վերագրավել և միացնել իր պետությանը այն տարածքները, որոնք գրավված էին Տիգրան Մեծի և Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջաններից՝ Ուտիքը, Գուգարքը, Կորճայքը, Աղձնիքը և այլ նահանգներ։ Նա հանձնարարում է այդ գերկարևոր առաջադրանքը Մուշեղ Մամիկոնյանին։ Դրա համար նախ հարկավոր էր վերակազմել հզոր բանակ։ Արհեստավարժ զորքի թիվը հասցվում է շուրջ 100 հազարի[12]։

Մուշեղն ամենայն պատասխանատվությամբ սկսում է հայկական նահանգների վերամիավորումը։ Կային նահանգներ, որոնք առանց արյունահեղության հանձնվեցին, իսկ չհանձնվողները ամենայն կատաղությամբ ջաղջախվեցին Մուշեղի կողմից։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ նույնիսկ մի քանիսին նա խաչ է բարձրացրել։

Երբ նա մի անգամ պատերազմում է Շապուհի հետ և նրան փախուստի մատնում, պարսիկ կանանոցը գերի է մնում Մուշեղի մոտ։ Նա ամենայն հարգանքով է վարվում հարեմի հետ և նրանց հետ է ուղարկում Շապուհի մոտ։ Այս քայլը բարձր է գնահատվում շահի կողմից,ով իր գինու բաժակի վրա պատկերել է տալիս սպիտակ ձիու վրա նստած Մուշեղին և ամեն անգամ գինի խմելիս ի պատիվ Մուշեղի ասում էր՝ «Ճերմակաձին գինի խմե»։

Մուշեղ Մամիկոնյանը ազատագրում է նաև Ատրպատականի հայկական մասը[13]։

Ի վերջո ամբողջ Մեծ Հայքի նահանգները նորից միավորվում են, ինչպես եղել էր Տիգրան Մեծի և Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջանում։

Սպանություն խմբագրել

Պապի վարած անկախ քաղաքականության պատճառով Հռոմը հալածանքներ է սկսում նրա հանդեպ։ Դրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամմիանոսի, «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակություններ»[11]։ Հայաստանում գործող հունասեր կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։

Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է Տարսոն, որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Հայք։ Այստեղ տեղի էր ունեցել հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար էր նշանակվել Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։ 374 թվականն էր, երբ նա Պապին հրավիրում է խնջույքի, և որի ժամանակ Պապին դավադրաբար սպանում է[14]։

Հռոմեացի պատմիչ Ամմիանուս Մարցելինուսը Պապի սպանության մասին
 
 
Այս անազնիվ գործով խաբված եղավ վստահությունը․ օտարականի արյունը, որ ցայտում էր փառահեղ սփռոցի վրա հյուրընկալության աստծո աչքի առաջ, հյուսրասիրության միջոցին, հյուրասիրության, որ հարգանք վայելում նույնիսկ Եվքսինյան Պոնտոսի կողմերում, այդ արյունը եկավ ավելանալու խնջույքի մասնակիցների հագեցման, որոնք և փախան մեծ սարսափով բռնված։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայ ռազմական արվեստի պատմությու». armenianhouse.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  2. Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975
  3. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 471.
  4. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 472.
  5. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 473.
  6. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 474.
  7. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 476.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 477.
  9. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 479.
  10. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 482.
  11. 11,0 11,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 483.
  12. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 478.
  13. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 480.
  14. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 486.

Գրականություն խմբագրել

  • Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984 թ., էջ 102-106։
  • Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.։
  • Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001 թ.։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, Երևան, 1947 թ.։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1977 թ.։
  • Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900 թ.։
  • Ստեփան Զորյան, Պապ թագավոր, ակադեմիկոս Սուրեն Երեմյանի պատմական ակնարկ-հոդվածով, Երևան, 1944 թ.։
  • Գևորգ Հովհաննիսյան, Հայոց Տերերը, Երևան, 2012 թ.։
  • Հակոբ Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր Բ, մասն Ա, Հայպետհրատ, Երևան, 1957 թ․, էջ 189-221։
  • Մանանդյան, Հակոբ (1957). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր Բ, մասն Ա. Երևան: Հայպետհրատ. էջեր 189–222.։

Արտաքին հղումներ խմբագրել