Արշակ Բ

Մեծ Հայքի արքա (350-368թթ.)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակ Բ (այլ կիրառումներ)

Արշակ Բ Արշակունի (անհայտ[1] - մոտ 368[1]), Մեծ Հայքի արքա (350-368)։ Տիրան Բ-ի որդին[2], Արտաշեսի և Տրդատի եղբայրը, Անոբի և Պապի[2] հայրը, Արշակունիների արքայական հարստությունից։ Հաջորդել է հորը՝ Տիրան Բ-ին (339-350), ամուսնացել Փառանձեմ Սյունու հետ;

Արշակ Բ Արշակունի
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայքի արքա
350 - 368
Նախորդող Տիրան Բ
Հաջորդող Պապ Արշակունի
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր մոտ 368[1]
Դինաստիա Արշակունիներ[1]
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Տիրան Բ[1]
Ամուսին Օլիմպիա և Փառանձեմ Սյունի[1]
Զավակներ Պապ Արշակունի, Անոբ և Տրդատ Արշակունի

Գահակալման սկիզբ

խմբագրել

350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրան Բ-ին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։

Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ երբ Արշակը գահ է բարձրացել, սկսել է վարել հավասարակշռման քաղաքականություն, ուստի տասը հոգուց բաղկացած պատգամավորություն է ուղարկել Հռոմեական կայսրություն, որոնք դաշինք են կնքել և Հայաստան բերել Արշակի հարսնացու Օլիմպիային։ Վերջինս Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մահացած եղբոր Կոստասի նշանածն էր, պրետորյաների պրեֆեկտ Ֆլավիուս Աբլաբիուսի աղջիկը։ Համարվում է, որ այս պատգամավորության մեջ եղել է նաև Ներսեսը, ով այդ ժամանակ արքունի սենեկապետն էր։ Վերջինս մինչ այդ զինվորական էր։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Նա կաթողիկոս է ձեռնադրվել 353 թվականին, հետևաբար այս դեպքերը տեղի են ունեցել մինչ այդ։ Սա վկայում է այն մասին, որ Արշակը գահակալելուց անմիջապես հետո պատգամավորություն է ուղարկել Հռոմ։

Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը, թե՛ եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ իշխանին։ Շատ չանցած՝ ծնվում է թագաժառանգ Պապը։

Ներքին դրություն

խմբագրել

Նախարարական դաս

խմբագրել
 
Մեծ Հայքի թագավորությունը Արշակունյաց օրոք՝ 66-385 թվականների սահմաններով

Արշակ Բ-ի գահակալության առաջին տարիներն անցնում են խաղաղությամբ։ Հարաբերական այս խաղաղությունը հետևանք էր, առաջին հերթին, պարսից արքունիքի և Հռոմի կայսրության միջև տեղի ունեցած պատերազմների ժամանակավոր դադարի, իսկ Հայաստանը, որ կռվախնձոր էր այդ երկու պետությունների միջև, օգտվում է ստեղծված խաղաղությունից։ Կարճատև այդ խաղաղ շրջանն օգտակար էր երկրի ռազմական ուժերը հավաքելու, տնտեսությունը վերականգնելու և շինարարական նոր աշխատանքներ ծավալելու համար։

  ...և եղավ խաղաղութին մեծ ի ժամանակին յայնմիկ. ժողովեցան ամենայն թագուցեալքն, փախուցեալք և կորուցեալք երկիրն հայոց...  

Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ավատատիրական շրջանը՝ պաշտոններ տալով և սիրաշահելով իր հոր օրոք՝ արքունիքից դժգոհ և պաշտոններից հեռացած նախարարներին։ Նա պաշտոնի է կանչում Տայքի և Սպերի Մամիկոնյաններին, որոնք իր դայակներն էին եղել. Վասակ Մամիկոնյանին նշանակում է զորքի սպարապետ, իսկ նրա ավագ եղբորը՝ Վարդանին, նահապետ։ Գնունյաց նախարարական տանն է հանձնում հազարապետությունը։ Արքունիքի մյուս կարևոր պաշտոններում ևս նշանակում է աչքի ընկնող նախարարների։ Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե բոլոր դժգոհ իշխաններին։

Պայքար սկսվեց նախարարական տների ներսում։ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը։ Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում)։

Արշակը կազմակերպում և ուժեղացնում է բանակը՝ համալրելով այն թարմ ուժերով։ Նա ուշադրություն է դարձնում հատկապես ծանր զրահավոր հեծելազորի վրա, որը հայկական բանակի մարտական ուժեղագույն զորամասերից մեկն էր։

Հոգևորականություն

խմբագրել

353 թվականին կաթողիկոս ձեռնադրված Ներսեսը Հարավային Հայաստանի՝ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը։ Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ։ Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ։ Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ։

Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին։ Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել։

Արշակավան

խմբագրել

350–ական թվականներին Հռոմը և Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Մեծ Հայքի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Մեծ Հայքն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կետրոնախույս հակումները սանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Արշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրություններին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։

Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Դա Արշակի համար օգտակար էր երկու տեսակետից. իր հիմնած քաղաքը կդառնար առևտրական խոշոր կենտրոն և մեծ շահույթ կբերեր իրեն և ապա՝ հարևան նախարարություններից այնտեղ կհավաքեր մեծ թվով բնակիչներ։ Իհարկե Արշակի համար դժվար էր, միանգամից մեծ թվով բնակիչներ հավաքել այնտեղ ուստի նա հրովարտակ է գրում և ազդարարում, որ քաղաքի մուտքն ազատ է բոլոր տեսակի եկվորների համար։

 
Արշակավան քաղաքի մոտ գտնվող Բայազետ քաղաքը (Թուրքիա)

Արշակավան փախչող տասնյակ հազարավոր բնակչության մեջ եղել են գողեր, մարդասպաններ և այլ տեսակի հանցագործներ, սակայն նրանց մեծ մասը եղել են անազատ գյուղացիներ, որոնք փորձել են ազատվել իրենց տերերի ծանր շահագործումից։

Գյուղական բնակչության մասսայական այս փախուստը չէր կարող չառաջացնել նախարաների և եկեղեցականների զայրույթը։ Այդ ժամանակ Ներսես կաթողիկոսը ներկայանում է թագավորին և կշտամբում նրան, որ այդպիսի «անմիտ գործ» է ձեռնարկել և պահանջում է քանդել քաղաքը։ Սակայն Արշակը կտրականպես մերժում է նրան։

Դրանից հետո հայ դժգոհ նախարարները, Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ դիմում են ռազմական ուժի։ Օգտվելով Արշակ թագավորի բացակայությունից նրանք հարձակվում և սրի են մատնում Արշակավանի անզեն բնակչությանը։ Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին։ Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին։ Արշակավանի կոտորված բնակչության թիվը եղել է մոտ 30-40 հազար։ Արշակավանի տեղում, որն այժմ կոչվում է Խարաբաբազար, մինչ այժմ կարելի է տեսնել քաղաքի հին ավերակները։

Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց նախարարներին։ Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց։ Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել։ Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար։ Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց։

Արտաքին քաղաքականություն

խմբագրել

Արշակ թագավորի կառավարման սկզբում արտաքին խաղաղություն էր տիրում Բյուզանդիան և Պարսկաստանը զբաղված էին իրենց սահմանների անվտանգության ապահովմամբ։ Այս պատերազմների ավարտից հետո երկու կողմերն էլ զորքեր տեղակայեցին Միջագետքում և Հայաստանի սահմանում։ Արշակ թագավորը, վարելով հավասարակշռման քաղաքականություն, դաշն կնքեց և Բյուզանդիայի և Պարսկաստանի հետ։ Մինչ ռազմական գործողությունների սկսելը երկու կողմերի զորքերի միջև բախումներ տեղի ունեցան։

Երկու ուժերը ձգտում էին իրենց կողմը գրավել հայոց թագավորին, ով ուներ զգալի թվով զինական ուժ։ Ամիանոս Մարկելիանոս պատմիչը վկայում է, որ Շապուհը և Կոստանդիանոս կայսրը նամակագրություն են ունեցել։ Շապուհը ամեն կերպ ձգտել է համոզել և սպառնալ Կոստանդիանոսին, որպեսզի վերջինս հեռու մնա պատերազմական գործողություններից և իրեն զիջի Հայաստանն ու Միջագետքը։

Հռոմեա-պարսկական պատերազմ (359-363)

խմբագրել

Արշակ թագավորը զբաղված էր երկրի տնտեսության աշխուժացմամբ և բանակի համլրումով։ Պատերազմը բռնկվեց 359 թվականին, երբ Շապուհի 100 հազարանոց բանակը մտավ Միջագետք և պաշարեց Ամիդ (Դիարբեքիր) քաղաքը։ Այս քաղաքի գրավման ժամանակ զոհվեց շուրջ 30 հազար պարսիկ զինվոր։ Կոստանդիանոս կայսրը տեղեկանալով Շապուհի ներխուժման մասին եկավ Կեսարիա և կանգնեցրեց վերջինիս առաջխաղացումը։ Նա 360 թվականի գարնանը ինչպես վկայում Ամիանոսը հանդիպեց Արշակի հետ, ով հավաստիացրեց, որ հավատարիմ է մնում Հռոմին։

 
Արշակ Բ և Շապուհ II Երկարակյաց

361 թվականի գարնանը կայսրը հրամայում է Հուլիանոս զորավարին իր լեգեոններով տեղափոխվել արևելք, սակայն վերջինս ապստամբություն է բարձրացնում, սակայն ռազմական որևէ ընդհարում նրա և Կոստանդիանոսի միջև տեղի չի ունենում։ Կոստանդիանոսը մահանում է 361 թվականի նոյեմբերի 3-ին Կիլիկիայում։ Հուլիանոսը շարունակում է պատերազմը։ Հայաստան է ուղարկված Պրոկոպիոս զորավարն և Սեբաստիանոս կոմսը հայկական զորքերի հետ պետք է հարձակվեին Մարաստանի վրա և դժվար վիճակի մեջ դնեն Շապուհին։ Միևնույն ժամանակ կայսրը հարձակվում է Միջագետքում Տիզբոնի ուղղությամբ, սակայն մարտերից մեկի ժամանակ զոհվում է։

Կայսր է հռչակվում Հովիանոսը, ով պայմանագիր է կնքում 363 թվականին, որը պատմությանը հայտնի է «Ամոթալի հաշտություն» անվամբ։ Նա հրաժարվում է Հայաստանին օգնելուց և Շապուհին զիջում մի շարք տարածքներ Միջագետքում և Արևմտյան Հայաստանում։ Այս հաշտությունից հետո հայկական ուժերը միայնակ են մնում իրենց թվով մի քանի անգամ գերազանցող պարսիկների դեմ։ Վասակ Մամիկոնյանը 60 հազարանոց զորքով գնում է Ատրպատական, սակայն հարձակումը Հայաստանի վրա տեղի է ունենում Աղձնիքից։ Պարսկական զորքերը Մերուժան Արծրունու գլխավորությամբ պաշարում են Տիգրանակերտը, սակայն բնակչությունը դիմադրություն է ցույց տալիս։ Տիգրանակերտի գրավումից հետո նրանք գրավում են Դարանաղյաց գավառի Անի ամրոցը, թալանում են հայոց արքաների դամաբարանները, վերցնում վերջիններիս աճյունները Պարսկաստան տեղափոխելու նպատակով։ Նրանք մոտենում են Այրարատյան աշխարհին։ Վասակ Մամիկոնյանը, իմանալով այս մասին, իր բանակով գալիս է Այրարատ այստեղ ճակատամարտում պարտության է մատնում պարսկական զորքերին։

Հայ-պարսկական պատերազմ (364-368)

խմբագրել

Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի։ Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր։ Աստիճանաբար մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները չեզոք մնացին կամ անցան պարսիկների կողմը։ Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն՝ հաշտություն կնքելու։ Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը։ Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ։ Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց։

Արշակունիների հարստություն

խմբագրել
 
Արշակունիների դրոշ

Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։

Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։

Անունը Իշխել է Նշումներ
Տրդատ Ա 66 - 88 պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ 88 - 110 Տրդատ Ա-ի որդին
Աշխադար 110 - 113 Բակուր Բ Պարթևի որդին
Պարթամասիր 113 - 114 Բակուր Բ Պարթևի որդին
հռոմեական բռնազավթում 114 - 116
Վաղարշ Ա 117 - 144 Սանատրուկի որդին
Սոհեմոս 144 - 161, 164-186 Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա 161 - 163
Վաղարշ Բ 186 - 198 Վաղարշ Ա-ի հարազատներից
Խոսրով Ա 198 - 217 Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ 217 - 252 Խոսրով Ա-ի որդի
Արտավազդ Ե 252 - 272 Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ 272 - 287 Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ 287 - 330 Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ 330 - 338 Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ 338 - 350 Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ 350 - 368 Տիրան Բ-ի որդի
Պապ թագավոր 368 - 374 Արշակ Բ-ի որդի
Վարազդատ 374 - 378 Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ 378 - 389 Պապի որդի
Խոսրով Դ 387 - 389, 415-416
Վռամշապուհ 389 - 415 Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ 416 - 420
թափուր 420 - 422
Արտաշես Գ 423 - 428 Վռամշապուհի որդի

Արշակ Բ-ն արվեստի և գրականության մեջ

խմբագրել
 
Արշակ Երկրորդ օպերայի պարտիտուրայից մեկ էջ։ Օպերան հեղինակել է Տիգրան Չուխաճեանը, 1868

Պատմական ուսումնասիրություններ

խմբագրել
  • Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958։
  • Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900։
  • Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984, էջ 102-106։
  • Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, Երևան, 1947։

Գրականություն Արշակ Բ-ի մասին

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի, Երևան, 1968։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 «Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին», Ղազար Փարպեցի, աշխ. թարգմ.՝ Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 6-7.
Նախորդող
Տիրան Բ Արշակունի 339 - 350
Մեծ Հայքի արքա
Արշակ Բ

350 - 368
Հաջորդող
Պապ Արշակունի 368 - 374
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 105