Պարթևստան
Պարթևական թագավորություն կամ Պարթևական տերություն, պետություն Իրանական բարձրավանդակում մ․թ․ա․ մոտ 250-ից մինչև մ․թ․ 224 թվական։ Սկիզբ է առել Իրանի Պարթևք կամ Պարթևստան նահանգում՝ Կասպից ծովի հարավային և հարավարևելյան շրջաններում, որտեղ մ․թ․ա․ 3-րդ դարի կեսերին սկյութական պարն ցեղը իշխանություն է հաստատել Սելևկյան տերության թուլացման պայմաններում։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Տիզբոն (և այլք) | |||
Լեզու | պարթևերեն | |||
Կրոն | Զրադաշտականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Պարթև Արշակունիներ | |||
Պետության գլուխ | Թագավոր |
Պատմություն
խմբագրելԱրևելյան իրանական պարն կամ ապարն ցեղը, որն Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ բնակվում էր Սիրդարյա և Ամուդարյա գետերի միջագետում, գաղթել է Սելևկյան տերության Պարթևստան նահանգ մ․թ․ա․ 3-րդ դարում։ Մ.թ.ա. մոտ 245 թ. Պարթևստանի կառավարիչ Անդրագորասը հռչակում է իր անկախությունը Սելևկյաններից։ Պարներն իրենց առաջնորդ Արշակի գլխավորությամբ, օգտվելով այս հնարավորությունից, մ․թ․ա․ մոտ 238 թվականին հարձակվում են Պարթևստանի վրա։ Անդրագորասը սպանվում է մարտում, ինչը թույլ է տալիս պարներին գրավել ամբողջ Պարթևստանը և քիչ ժամանակ անց նաև հարևան Վրկանաց աշխարը (Հյուրկանիա)։ Սելևկյան տերության փորձերը վերահսկողություն վերահաստատել Պարթևստանի նկատմամբ ձախողվում են։ Պարներն աստիճանաբար ձուլվել են տեղացի պարթևների հետ, ընդունելով նրանց լեզուն (պարթևերեն), ցեղանունը, մշակույթը և կրոնը (զրադաշտականություն)։ Տերության հիմնադիր Արշակի անվամբ Պարթևստանի իշխող հարստությունը կոչվել է Արշակունի։
Պարթևական թագավորությունը զգալիապես ընդարձակվել է Միհրդատ Ա-ի և նրա ժառանգների օրոք, դառնալով Արևելքի գլխավոր տերություններից մեկը։ Մ․թ․ա․ 148 թվականին պարթևները գրավել են Ատրպատականը, իսկ մ․թ․ա․ 141 թվականին՝ Բաբելոնը և Սելևկիան (Տիրգիս գետի ձախ ափին)։ Հնարավոր է՝ հենց Միհրդատ Ա-ի ժամանակ էր, որ հիմնադրվեց և թագավորության մայրաքաղաք դարձավ Տիզբոնը՝ Սելևկիայի մոտերքում։ Միհրդատի ժառանգի՝ Հրահատ Բ-ի գահակալության ժամանակ պարթևները նորից պարտության են մատնել Սելևկյան տերությունը, ինչից հետո վերջինս դադարել է պարթևների համար լուրջ մրցակից լինելուց։ Կարճ ժամանակ անց Պարթևստանի վրա հարձակվում են տարբեր քոչվոր ժողովուրդներ (քուշաններ, սականեր, մասքութներ), որոնց հետ պատերազմի ժամանակ զոհվում են Հրահատ արքան ու իր հաջորդ Արտավանը։ Միաժամանակ թագավորությունը տարածքներ է կորցնում Միջագետքում։ Այսպիսի ծանր պայմաններում գահ է բարձրանում Միհրդատ Բ-ը, որը վերահաստատել է պարթևների գերիշխանությունը Միջագետքում և հարաբերություններ հաստատել Հայոց թագավորության հետ, թագավորեցնելով Տիգրան Բ-ին՝ Ատրպատականում որոշ կալվածքների դիմաց։ Այսուհետ Պարթևստանն ու Հայաստանն անընդհատ հարաբերվել են իրար հետ՝ երբեմն բարեկամաբար, երբեմն էլ՝ թշնամաբար։
Միհրդատը վերականգնել է պարթևների իշխանությունը նաև արևելքում և հաշտություն կնքնել սակերի հետ, ստեղծելով պարթևական Սակաստան սատրապությունը (հետագայի Սիստան)։ Աքեմենյանների օրինակով Միհրդատ Բ Մեծն ընդունել է արքայից արքա տիտղոսը մ․թ․ա․ մոտ 109/8 թվականին։ Մ․թ․ա․ մոտ 115 թվականին նա պատվիրակություն է ընդունել Չինաստանի կայսրից և առևտրի մասին համաձայնություն կնքել, ինչի արդյունքում զարգացել է Մետաքսի ճանապարհը։ Միհրդատն ընդհարվել է պարթևական ազնվականության հետ, որի սանձարձակ ազդեցությունը հետագայում Պարթևական թագավորության անկման պատճառներից մեկն է հանդիսացել։ Պարթևստանում քաոսային իրավիճակ է տիրել Միհրդատ Բ-ի մահից հետո (մ․թ․ա 88/7 թ․)։ Օգտվելով Պարթևստանի թուլացած վիճակից, Հայոց արքա Տիգրան Բ-ը հետ խլեց Ատրպատականում նախկինում հանձնված տարածքները, ինչպես նաև պարթևական Միջագետքի մի մասը։ Այս ժամանակահատվածի պարթևաց արքաների մասին մանրամասները սակավ են։
Մ․թ․ա․ 69 թվականին պարթևաց արքա Հրահատ Գ-ը հրաժարվել է օգնություն ցուցաբերել հռոմեացիների հետ պատերազմող Տիգրան Մեծին, ինչի հետևանքով Եփրատ գետը դարձավ Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորթության միջև սահմանը։ Այնուհետ Հրահատ անհաջող փորձ է կատարել Հայոց գահին դնել Տիգրան Կրտսերին և հռոմեացիներից խլել Կորդուքը։ Հրահատ Գ-ը սպանվել է իր որդիների կողմից, որոնք այնուհետ սկսեցին պայքարել միմյանց դեմ գահի համար։ Այս պայքարի արդյունքում գահ է բարձրացել Որոդես Բ-ը։ Մ․թ․ա․ 53 թվականին հռոմեացի զորավար Մարկոս Կրասսոսը արշավանք է սկսել Պարթևստանի դեմ և ջախջախից պարտություն կրել Խառանի ճակատամարտում։ Այս հաղթանակից հետո պարթևներն առաջացել են և գրավել հռոմեական ընդարձակ տարածքներ Փոքր Ասիայում, Սիրիայում և Պաղեստինում, որոնք, սակայն, հռոմեացիները վերստին գրավել են մ․թ․ա․ 39 թվականին։
Որոդեսին հաջորդել է որդին՝ Հրահատ Դ-ը, որ սպանել է իր հորը, եղբայրներին և որդուն և հալածել ազնվականությանը։ Մ․թ․ա․ 36 թվականին Մարկոս Անտոնիոսը 100.000-անոց զորքով արշավել է պարթևների դեմ։ Թեև հռոմեացիների այս արշավանքն էլ ձախողությամբ ավարտվեց, բայց Պարթևական թագավորությունը թույլ վիճակում մնաց շարունակական ներքին խժդժությունների հետևանքով։ Երբ մ․թ․ա․ 20 թվականին Հռոմը զորք ուղարկեց Հայաստան, Հրահատ Դ-ը հաշտություն կնքեց հռոմեացիների հետ, համաձայն որի Եփրատը ճանաչվեց իբրև երկու տերությունների միջև սահմանը և Հայաստանն անցավ հռոմեական ազդեցության տակ։ Այնուամենայնիվ, Պարթևստանն ու Հռոմը հետագայում բազմիցս բախվեցին Հայաստանի նկատմամբ գերիշխանության հարցի կապակցությամբ։ Մ․թ․ առաջին դարում շարունակվեց ներքին անկայունությունը Պարթևական թագավորությունում, որը թույլ էր տալիս հռոմեացիներին ազդել Պարթևստանի ներքին գործերի վրա։ 62 թվականին պարթևաց արքա Վաղարշ Ա-ը հռոմեական զորք օղակի մեջ առավ Հռանդեայի մոտ։ Բանակցությունների արդյունքում կնքվեց Հռանդեայի պայմանագիրը․ հռոմեացիները նահանջեցին Հայաստանից և Վաղարշի եղբայր Տրդատը հաստատվեց Մեծ Հայքի գահին, հիմնադրելով Հայոց Արշակունիների հարստությունը, որն իշխեց Հայաստանում (որոշ ընդհատումներով) մինչև Հայոց թագավորության անկումը 428 թվականին։
Հռոմեա-պարթևական պատերազմները, ինչպես նաև քաղաքացիական կռիվները Պարթևստանում, պարբերաբար բռնկեցին նաև Հռանդեայի պայմանագրի կնքումից ի վեր։ Թուլանալով այս պատերազմների ընթացքում՝ Պարթևական թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց մ.թ. 220-ական թթ.՝ ընկնելով իրենց հպատակ պարսիկների ապստամբության արդյունքում։ Արտաշիր Ա-ի գլխավորությամբ ապստամբները սպանեցին պարթևաց վերջին թագավոր Արտավան Գ-ին և հիմնադրեցին Սասանյան կայսրությունը։
Արքաներ
խմբագրելԳահակալության տարիները վեճի առարկա են և մոտավոր։ Շեղագրով են նշված այն թագավորները, որոնց պատմականությունը կասկածելի է։
- Արշակ Ա, մ․թ․ա․ 247–217/211
- Տրդատ Ա, մ․թ․ա․ 246–217/211
- Արշակ Բ (երբեմն Արտավան Ա), մ․թ․ա․ 217/211–191/185
- Պրիապատիուս, մ․թ․ա․ 191/185–176/170
- Անհայտ որդի Պրիապատիուսի, մ․թ․ա․ 170–168
- Հրահատ Ա, մ․թ․ա․ 176–171 կամ 168–164
- Միհրդատ Ա, մ․թ․ա․ 171/164–138/132
- Հրահատ Բ, մ․թ․ա․ 138/132–127/126
- Արտավան Ա (կամ Բ), մ․թ․ա․ 127–126 կամ 127–124
- Արտավան (Բ) որդի Արտավանի, մ․թ․ա․ 126–122
- Անհայտ որդի Արտավան (Բ)-ի, մ․թ․ա․ 122–121
- Միհրդատ Բ, մ․թ․ա․ 124/122/121–91 կամ 123–88
- Գոդերձ Ա (հավակնո՞րդ), մ․թ․ա․ 95–90 կամ 91–87
- Միհրդատ Գ, մ․թ․ա․ 87–80
- Որոդես Ա, մ․թ․ա․ 90–80 կամ 80–75
- Անհայտ թագավոր, մ․թ․ա․ 80
- Անհայտ թագավոր, մ․թ․ա․ 80–70 կամ 78/77–62/61
- Սանատրուկ Ա (հավակնո՞րդ), մ․թ․ա․ 93/92–70/69 (ընդհատումներով)
- Հրահատ Գ, մ․թ․ա․ 70–57
- Միհրդատ Դ, մ․թ․ա․ 57–54
- Որոդես Բ, մ․թ․ա․ 57–38
- Բակուր Ա, մ․թ․ա․ 39
- Հրահատ Դ, մ․թ․ա․ 38–2
- Տրդատ Բ (կամ Ա, հավակնորդ), մ․թ․ա․ 29–27
- Հրահատ Ե և Մուսա, մ․թ․ա․ 2 – մ․թ․ 4
- Որոդես Գ, մ․թ․ 6 կամ 6–8
- Վոնոն Ա, մ․թ․ 8–12
- Արտավան Բ (կամ Գ), մ․թ․ 10–38
- Տրդատ Գ (կամ Բ, հավակնորդ), մ․թ․ 35–36
- Վարդան Ա, մ․թ․ 40–47
- Գոդերձ Բ, մ․թ․ 40–51 (նախապես Վարդանի հետ գահակից)
- Միհրդատ որդի Վոնոն Ա-ի (հավակնորդ), մ․թ․ 49–50
- Վոնոն Բ, մ․թ․ 51
- Վաղարշ Ա, մ․թ․ 50–79
- Վարդան Բ (հավակնորդ), մ․թ․ 55–58
- Բակուր Բ, մ․թ․ 75–110
- Վաղարշ Բ (հավակնորդ), մ․թ․ 77–80
- Արտավան Գ (կամ Դ, հավակնորդ), մ․թ․ 80–82 կամ 80–90
- Վաղարշ Գ (կամ Բ), մ․թ․ 105–147
- Խոսրով Ա (հավակնորդ), մ․թ․ 109–129
- Պարթամասպատ (հռոմեացիների դրածո), մ․թ․ 116
- Սանատրուկ Բ (հավակնորդ), մ․թ․ 116
- Անհայտ թագավոր (հավակնորդ), մ․թ․ 140
- Միհրդատ Ե (հավակնորդ), մ․թ․ 129–140
- Վաղարշ Դ (կամ Գ), մ․թ․ 147–191
- Խոսրով Բ (հավակնորդ), մ․թ․ 190 կամ 190–208
- Վաղարշ Ե (կամ Դ), մ․թ․ 191–208
- Վաղարշ Զ (կամ Ե), մ․թ․ 208–216 (իշխել է թագավորության մի մասում մինչև 228 )
- Արտավան Դ (կամ Ե), մ․թ․ 216–224
- Տրդատ Դ (հավակնո՞րդ), մ․թ․ 216–224
Աղբյուրներ
խմբագրել- Shahbazi, A. Sh. (2016). «ARSACIDS i. Origins». Encyclopædia Iranica.
- Schippmann, K. (2016). «ARSACIDS ii. The Arsacid dynasty». Encyclopædia Iranica.
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 197)։ |