Փառանձեմ Սյունի

Մեծ Հայքի թագուհի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառանձեմ (այլ կիրառումներ)

Փառանձեմ Սյունի (նաև Փառանձեմ թագուհի, 4-րդ դար, Սյունիք - 369), Մեծ Հայքի թագուհի, Տիկնանց Տիկին, Գնել Արշակունու, ապա Մեծ Հայքի Արշակ Բ արքայի երրորդ կինը, Սյունյաց նահապետ և հայոց սպարապետ Անդովկ Սյունու դուստրը, մորական կողմից Մամիկոնյանների նախարարական տոհմից, Պապ թագավորի մայրը, Սյունիների նախարարական տոհմից։

Փառանձեմ Սյունի
Փառանձեմ Թագուհի
Մեծ Հայքի թագուհի
Փառանձեմ թագուհու վերջին ճակատամարտը, հեղինակ՝ Ռուբեն Քոչարյան
Իշխանություն359 - 369
Թագադրում359
Հանձնում369
ՏիտղոսներՏիկնանց Տիկին
Ծնվել է՝327(0327)
ԾննդավայրՍյունիք
Մահացել է՝369
ԱզգությունՀայ
ՀաջորդողԶարմանդուխտ
ԱմուսինԱրշակ Բ
ՏոհմՍյունիներ
գերիշխան
ՀայրԱնդովկ Սյունի
ՄայրԱնանուն Մամիկոնյան
ԵրեխաներՊապ Արշակունի
ՀավատքՔրիստոնեություն

Կենսագրություն

խմբագրել

Նախքան Արշակ Բ-ի հետ ամուսնանալը, Փառանձեմ Սյունին կնության էր տրվել վերջինիս եղբորորդուն՝ Գնել Արշակունուն։ Արշակ Բ-ի մյուս եղբոր՝ Արտաշեսի որդին՝ Տիրիթը սիրահարվել էր իր հորեղբորորդի Գնելի կնոջը, գեղեցկուհի Փառանձեմին։ Որպեսզի իրենով անի Փառանձեմին, գրգռում է Արշակ Բ-ին, որ իբր թե Գնելը ուզում է նրան սպանել և գահը հափշտակել։ Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու և այստեղ՝ 359 թվականի օգոստոսի 29-ին, Արշակ Բ-ի հրամանով դահճապետը սպանում է Գնելին։ Բայց հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան[1]։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ Սյունուն։ Փառանձեմը հռչակվել է «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»։ Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը։

Հայոց պատմիչ Փավստոս Բյուզանդի հաղորդմամբ՝ հետագայում, երբ Արշակը քաղաքական նկատառումով ամուսնացել է Բյուզանդիաից ուղարկված Ողիմպիայի հետ, վերջինիս դարձել է իր առաջին տիկինը։ Փառանձեմ թագուհին դրդել է արքունական պալատի երեց ոմն Մրջյունիկին թունավորել թագուհուն։ Որոշ ուսումնասիրողներ կասկածելի են համարում այս տեղեկությունը։

«Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում դեղերով նրան սպանելու. բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, նամանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրը և խմում էր նրանց մեկնած գինին։ ...Անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին..., որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ ...Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն՝ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց»[2]։

368 թվականին, Արշակ Բ-ի՝ Տիզբոն մեկնելուց և ձերբակալվելուց հետո, երբ Մեծ Հայքի վրա ծանրացել է պարսկական ներխուժման վտանգը, Փառանձեմ թագուհին իր ձեռքն է վերցրել երկրի կառավարումը։ Ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում պահվող որդուն՝ Պապին Հայոց թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն է ուղարկել Կոստանդնուպոլիս, իսկ ինքը 11 հազարանոց ընտիր զորքով ու արքունի գանձերով ապաստանել է Արտագերս ամրոցում։ Ըստ հույն պատմիչ Ամմիանուս Մարցելինուսի, Պապը նույնպես սկզբում Արտագերսում է եղել և հետո նրա պաշարումից հետո է հեռացել Բյուզանդիա։ Շապուհ Բ-ի մեծաքանակ պարսկական զորքերի դեմ 14-ամսյա հերոսական պաշտպանությունից հետո Փառանձեմը ստիպված է եղել անձնատուր լինել։ Գերեվարվել է Պարսկաստան, որտեղ անարգվել և սպանվել է Շապուհ Բ-ի հրամանով։

Փավստոս Բուզանդը հետևյալ կերպ է նկարագրում տեղի ունեցածը.

«Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհ... և թագավորի առաջը հանեցին...Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին... և այդ բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին»[3]։

Փառանձեմ թագուհին, որպես գեղեցիկ, հպարտ և հայրենասեր հայուհու կերպար, մարմնավորվել է գեղարվեստական գրականության մեջ (Րաֆֆու «Սամվել», Ս․ Զորյանի «Հայոց բերդը», Պ․ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպերը) և երաժշտության (Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան) մեջ։

Գրականություն

խմբագրել
  • Հրանտ Արմեն, Փառանձեմ թագուհի, Վնտ., 1962:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», Երկեր, հատոր Բ, Երևան, 1978, էջ 167
  2. Փավստոս Բյուզաանդ, Հայոց պատմություն, Երևան, 1968, էջ 174։
  3. Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, գիրք Ե, գլուխ Ծե։

Աղբյուրներ

խմբագրել
  • «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդ, Երևան, 1968
  • «Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի, Երևան, 1968
  • «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», Երկեր, հատոր Բ, Երևան, 1978, էջ 167
  • «Փառանձեմ թագուհի», Հրանտ Արմեն, Վենետիկ, 1962
  • «История», Аммиан Марцелли, в․ 3, Киев, 1908