Լեզու

կամայական ազդանշանների՝ օրինակ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշերի, համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու հ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեզու (այլ կիրառումներ)

Լեզու, կամայական ազդանշանների, օրինակ, ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշերի, համակարգ է, որն օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։

Լեզու
ՏեսակԸնդունակություններ
Ենթադասլանգոիդ
Մասն էշփում[1]
ՎիքիքաղվածքԼեզու
 Language Վիքիպահեստում
Երկիր մոլորակի լեզվային քարտեզը, որտեղ ներկայում գոյություն ունի ավելի քան 5.000 լեզու

Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց։ Ինչպես ամեն մի գիտություն, այնպես էլ լեզուն ունի մակարդակներ։ Մենք մեր մտքերը հաղորդում ենք խոսքի միջոցով, որը լինում է բանավոր և գրավոր։ Բանավոր խոսքը մենք ասում և լսում ենք, իսկ գրավոր խոսքի միջոցով մենք գրում և կարդում ենք։ Խոսքը կազմված է մտքերից, այսինքն՝ նախադասություններից, նախադասությունները՝ բառակապակցություններից և բառերից, իսկ բառերը՝ հնչյուններից։ Հետևաբար ամենացածր մակարդակը լեզուն ուսումնասիրող առարկայի մեջ հնչյունաբանությունն է, հաջորդ մակարդակը բառագիտությունն է, որն ուսումնասիրում է բառերի կազմությունը, իմաստը և ծագումնաբանությունը։ Հաջորդ մակարդակը քերականությունն է իր երկու բաժիններով՝ ձևաբանություն և շարահյուսություն։ Ձևաբանությունը ուսումնասիրում է բառերի ձևերն ու ձևափոխությունները, իսկ շարահյուսությունը բառակապակցություններն ու նախադասություննրը։ Ոճաբանությունը լեզվի մի բաժին է, որն ուսումնասիրում է խոսքի դրսևորման տարբեր ձևերը։

Լեզուն իբրև հաղորդակցության միջոց

խմբագրել

Լեզուն բնության և հասարակության զարգացման պատմության ամենանշանակալից երևույթներից մեկն է, մարդու ամենակարևոր նվաճումը կենդանական աշխարհից անջատվելու ճանապարհին։ Հայերենում, օրինակ, բոլոր կենդանիները կոչվում են անասուն, այսինքն չխոսող՝ (ան - ասուն), ի տարբերություն մարդու, որ միակ ասուն, բանական արարածն է բնության մեջ։

Հսկայական է լեզվի դերը մարդկային հասարակության կյանքում։ Ի՞նչ կլիներ, եթե մի օր հանկարծ մարդիկ դադարեին խոսելուց։ Նրանք այլևս չէին կարողանա մտքեր փոխանակել, հասկանալ միմյանց, և փոխըմբռնման բացակայության պատճառով կդադարեր արտադրությունը, կանգ կառներ հասարակական կյանքը, քանի որ լեզուն է այն միջոցը, որով մարդիկ մտքեր են փոխանակում, հասնում փոխադարձ ըմբռնման։ Լեզուն մարդկային հասարակության հաղորդակցման միջոցն է։ Նա ծառայում է ոչ միայն առանձին անհատներին, այլև ողջ հասարակությանը։ Լեզվի գոյությունը պայմանավորված է հասարակության գոյությամբ։ Հասարակությունից դուրս լեզու լինել չի կարող։ Բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ երեխաները, գազանների որջեր ընկնելով և այնտեղ մեծանալով, կորցրել են խոսելու ունակությունը։

<<Հասարակությամբ>> (խմբերով) կարող են ապրել նաև կենդանիները, օրինակ՝ մեղուները, մրջյունները։ Վերջիններս կենդանական աշխարհի <<ամենագիտակից>> ներկայացուցիչներից են համարվում։ Ըստ որոշ գիտնականների, մրջյուներն ապրում են <<կանոնավոր հասարակական կյանքով>>, գիտեն պատերազմ վարել, ունեն <<հիվանդանոց>>, վիրավորներին փոխադրողներ։ Թվում է, թե <<մրջնային հանրապետությունում>> ամեն ինչ գիտակցված է, ամեն արարք՝ տրամաբանված, հետևաբար մրջյունները պետք է ունենան նաև իրենց <<լեզուն>>: Բայց այդպես միայն թվում է։ Մարկ Տվենն իր ճամփորդական նոթթերում պատմում է այսպիսի մի դեպք։ Ահա, մրջյունների մի խումբ համատեղ ջանքերով դեպի իրենց բույնն է քաշում սատկած ճպուռին։ Մի քանի մրջյուններ քաշում են առջևից, մյուսները հետևից հրում են, իսկ մնացածներն օգնում են աջ ու ձախ կողմերից։ Առանց լեզվի դժվար է նման համագործակցական աշխատանք կատարել։ Բայց փորձենք անջատել մի կողմից կպած մրջյուններին, և մյուսներն ավելի արագ քարշ կտան ավարը։ Պարզվում է, որ ախշատանքային համագործակցության փոխարեն մրջյունները գործում են կարապի, խեցգետնի ու գայլաձկան նման՝ ամեն մեկն իր կողմն է քաշում։ Եվ որ կողմն ավելի ուժեղ է, նա է տանում ավարը ու նրա հետ էլ՝ մնացած բոլոր մրջյուններին։ Իհարկե, կենդանիներն էլ ունեն հաղորդակցման ինչ-որ միջոցներ, բայց դրանք լեզու չեն։ Ոչ մի կենդանի, մարդուց բացի, չունի և չի կարող ունենալ լեզու, քանի որ կենդանիները, ընդունված կարծիքի համաձայն, չունեն բանականություն։ Լեզուն և մտածողությունը գոյացել են փոխադարձ միասնության մեջ և պայմանավորված են միմյանցով։ Հաղորդակցման միջոց լինելուց առաջ լեզուն նախ մտածողության միջոց է։ Մեր ուղեղում մտքերն ու գաղափարները ձևավորվում են բառերի ու նախադասությունների միջոցով։ Եթե նույնիսկ լուռ մտածելիս լինենք, միևնույն է՝ այդ մտքերը կձևավորվեն ու կկազմակերպվեն լեզվական նյութի հիման վրա։

Լեզուն նաև շրջապատի իրականության ճանաչման միջոց է։ Ճանաչելով ու յուրացնելով բնության առարկաները, երևույթներն ու հարաբերությունները՝ մենք դրանք անվանում ենք բառերով՝ դրանով իսկ հեշտացնելով նրանց մտապահման և մտածողության մեջ օգտագործման խնդիրը։

Լեզվի միջոցով մտքեր ու գաղափարներ հաղորդելուց բացի, մենք արտահայտում ենք նաև մեր տրամադրությունը և վերաբերմունքը մտքի առարկայի նկատմամբ։ Դա է պատճառը, որ որևէ խոսք լսելիս մենք ոչ միայն հասկանում ենք նրա բովանդակությունը, այլև ոգևորվում կամ վիրավորվում, հուզվում կամ լրջանում, վշտանում կամ ուրախանում։ Հետևաբար լեզուն նաև խոսողի վերաբերմունքի արտահայտման միջոց է։

Լեզվի միջոցով է ժողովուրդն ստեղծում իր մշակույթը, կուտակում և սերունդներին փոխանցում դարերով ստեղծված մտավոր և հոգևոր գանձերը։ Հետևաբար լեզուն տվյալ ժողովրդի մտավոր մշակույթի ձևն է, նրա բաղկացուցիչ մասը։ Նրանում արտացոլվում են իր կրող ժողովրդի կենցաղի, հոգևոր կերտվածքի ու բարքերի տարրերը։ Շատ ժողովուրդներ անհետացել են, չքացել պատմության ասպարեզից առանց իրենց մասին որևէ տեղեկություն թողնելու։ Եվ նրանց լեզուն է դառնում այդպիսի տեղեկությունների միակ աղբյուրը։ Հետևաբար լեզուն ունի նաև տեղեկատվության կուտակիչ դեր:

Ժողովրդի կյանքում լեզվի խաղացած կարևոր դերը հիանալի է արտահայտել Պարույր Սևակը <<Մայրենի լեզու>> բանաստեղծության մեջ.

Դու մեր մեծ երթի գավազանակիր

Եվ մեր պատմության մեծագույն դիվան,

Մեր ազնվության գովասանագիր,

Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։

Անցյալին ուղղված դու մեր լսափող,

Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։

Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,

Նարեկացիով օծված ու յուղված։

Մարդկային գործունեության տարբեր բնագավառներում հաղորդակցման նպատակով օգտագործվում են պայմանական նշանների զանազան համակարգեր (Մորզեի հեռագիր, ծովային նշանախոսությունը ձեռքերի շարժումներով և դրոշակներով), համրերը խոսում են շարժումների լեզվով, կույրերը կարդում են շոշափելով, ունեն հատուկ այբուբեն։ Աֆրիկայի որոշ ցեղերի մոտ ընդունված է մեծ հեռավորության վրա լուրեր հաղորդել թմբուկների հարվածների միջոցով և այլն։ Բայց այդ բոլորի հիմքում ընկած է մարդկային հնչյունային լեզուն։

Ամեն մի լեզու լեզվական տարբեր տարրերի մի ամբողջական կուռ և մշակված համակարգ է։ Այդ տարրերն են՝ հնչյուները, բառերը, բառափոխության և կապակցման օրինաչափությունները։ Գրավոր լեզուների համար նման տարրեր են նաև գրերը։

/տես՝ Ֆ. Հ. Խլղաթյան <<Ժամանակակից հայոց լեզու>>, Մաս Ա, Եր., Զանգակ-97, 2009թ./[2]

Լեզուների տեսակներ

խմբագրել

Ըստ գործածության կարգավիճակի լեզուները բաժանվում են հետևյալ տեսակների․

  • Կենդանի լեզու ― ներկա ժամանակաշրջանում որոշակի խմբի կողմից որպես մայրենի լեզու գործածվող լեզու, ինչպես օրինակ հայերենը և անգլերենը։
  • Մեռած լեզու ― նախկինում կենդանի լեզու հանդիսացած, իսկ այժմ որևէ խմբի համար մայրենի լեզու չհանդիսացող լեզու։ Որոշ դեպքերում կարող է դեռևս գործածվել որոշ (գիտական կամ կրոնածիսական) բնագավառներում։ Մեռած լեզվի օրինակներ են գրաբարը, լատիներենը և պրուսերենը
  • Պատմական լեզու ― Ժամանակակից որևէ լեզվի նախորդած լեզուները, օրինակ՝ միջին հայերենը կամ հին անգլերենը։ Ըստ էության մեռած լեզուներ են։
  • Հին լեզու ― լեզուներ, որոնք մահացել են առանց որևէ գրավոր հետք թողնելու, հետևաբար չեն կարող ներառվել ISO 639 ստանդարտում։ Սովորաբար այս լեզուները վերականգնվում են համեմատական հետազոտությունների հիման վրա։ Օրինակներ են նախահնդեվրոպական լեզուն կամ հին ճապոներենը։
  • Արհեստական լեզու ― ի տարբերություն բնական լեզուների, արհեստական եղանակով ստեղծված լեզու։ Հանրահայտ օրինակներ են էսպերանտոն և ինտերլինգվան։

Այն լեզուն, որը իր պատմական զարգացման ընթացքում համեմատաբար քիչ ազդեցության է ենթարկվել այլ լեզուների կողմից և ավելի շատ է պահպանվել իր հիմք-լեզվի հնչյունային, բառային, քերականական նյութը և հատկանիշները պայմանականորեն անվանվում է անխառն լեզու[3]։

Լեզուների տիպեր

խմբագրել
  • Միավանկ լեզուներ ― բառերը հիմնականում բաղկացած են մեկ վանկից և ածանցներ չեն ստանում, օրինակ՝ չինարենը
  • Կցական լեզուներ ― բառերի մեծ մասը բազմավանկ են, հիմնականում կազմված բառարմատից և ածանցներից
  • Թեքական լեզուներ ― նման են նախորդներին, վերջնածանցները հաճախ են փոփոխվում և թեքվում՝ կախված թե որ արմատին են միանում
  • Համադրական լեզուներ ― Նախադասության հիմնական անդամները, սովորաբար ստորոգյալը, ենթական և ուղիղ խնդիրը միանում են որպես մեկ բառ (օրինակ՝ էսկիմո լեզուն

Գրականություն

խմբագրել
  • Бурлак С. А., Старостин С. А.  Сравнительно-историческое языкознание. — М.: Издат. центр «Академия», 2005. — 432 с. — ISBN 5-7695-1445-0
  • Кибрик А. Е.  Язык // Лингвистический энциклопедический словарь. — М.: Сов. энциклопедия, 1990. — 685 с. — ISBN 5-85270-031-2 — С. 604—606.
  • Кузнецов С. Н.  Краткий словарь интерлингвистических терминов // Проблемы международного вспомогательного языка. — М.: Наука, 1991. — 263 с. — ISBN 5-02-016810-6 — С. 171—228.
  • Норман Б. Ю.  Теория языка. Вводный курс. 3-е изд. — М.: Флинта; Наука, 2009. — 296 с. — ISBN 978-5-89349-498-3
  • «Язык и языки». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ulbaek, Ib.  The Origin of Language and Cognition // Approaches to the Evolution of Language: Social and Cognitive Bases / Ed. by J. R. Hurford, M. Studdert-Kennedy, C. Knight. — Cambridge: Cambridge University Press, 1998. — 456 p. — ISBN 0-521-63964-6 — P. 30—43.
  • Chomsky, Noam The Architecture of Language. — New Delhi, Oxford & New York: Oxford University Press, 2000. — xv + 89 p. — ISBN 0-19-564834-X
  • Fitch, W. Tecumseh.  The Evolution of Language. — New York: Cambridge University Press, 2010. — xii + 611 p. — ISBN 978-0-521-85993-6
  • Foley, William A.  Anthropological Linguistics: An Introduction. — Malden, MA: Blackwell Publishers, 1997. — xvii + 495 p. — ISBN 978-0-631-15122-2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Язык, средство общения (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  2. Խլղաթյան, Ֆրիդրիխ (2009). Ժամանակակից հայոց լեզու. Երևան: Զանգակ-97. էջեր 3–5. ISBN 978-99941-1-642-3.
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 14։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 517